Ինչպես է պատերազմն ազդել Իրանից ՀՀ մուտք գործողների թվի վրա
Հասարակություն
30.03.2026 | 18:45
ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից ռազմական գործողության մեկնարկից հետո ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում մտահոգություններ էին հնչում, որ Իրանում պատերազմը կարող է դեպի ՀՀ միգրացիոն անկառավարելի հոսքի պատճառ դառնալ։ Հաշվի առնելով այդ մտահոգությունները՝ Factor.am-ը դիմել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու՝ ինչպես է 2 շաբաթվա կտրվածքով փոխվել հարավային սահմանով Հայաստան մուտք գործողների թիվը։
ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք, թե քանի անձ է Իրանից Հայաստան մուտք գործել «Ագարակ»-ի անցակետով՝
- 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 17-ը ընկած ժամանակահատվածում,
- ինչպես նաև 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում։
Ըստ պաշտոնական պատասխանի՝ վեց շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 7-ից մինչև մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում «Ագարակ» պետական սահմանային անցակետով Իրանից Հայաստան է մտել 32,438 անձ։
Իրանի ուղղությամբ հարվածներին նախորդող ժամանակահատվածում՝ փետրվարի 7-ից մինչև փետրվարի 28-ը Հայաստան է մուտք գործել 19,620 անձ։ Իսկ ահա պատերազմի մեկնարկին ժամանակահատվածում՝ փետրվարի 28-ից մինչև մարտի 17-ը, մուտքերի թիվը նվազել է՝ կազմելով 12,818 անձ։
Այսինքն, հարվածների մեկնարկին հաջորդած երեք շաբաթների ընթացքում նախորդ համարժեք ժամանակահատվածի համեմատ Իրանից Հայաստան եկողների հոսքը նվազել է շուրջ 35%-ով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ, որին ի պատասխան Թեհրանը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան 1 ամիս։
Անի Թամրազյան