«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ

Լուրեր

19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

«ՌԴ-ից քաղաքական էմիգրանտները  Հայաստանում անվտանգության մե՞ջ են»,- փետրվարի 15-ին հարցրեց «Դոժդ» հեռուստաընկերության լրագրողն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Ես  երաշխավորում եմ. ոչ մի մարդ քաղաքական հայացքների համար չի լինի ո՛չ ձերբակալված, ո՛չ արտաքսված որևէ այլ՝ երրորդ երկիր: Ես սա Ձեզ պաշտոնապես երաշխավորում եմ»,- եղավ պատասխանը:

Հենց այդ ընթացքում  ՀՀ արդարադատության նախարարն արդեն ստորագրել էր Ռուսաստանի Դաշնության երեք քաղաքացիների արտահանձնման որոշումը:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի  գրասենյակի ( ՀՔԱՎ)  փաստաբան Անի Չատինյանի`  այս պահին ՀՀ-ի կողմից ՌԴ արտահանձնվելու վտանգի տակ են քաղաքական հետապնդման հիմքով քրեական հետապնդման ենթարկվող երեք քաղաքացիներ՝ Վլադիմիր Ուխալովը, Պավել Դանիլովը, Դմիտրի Շիգաևը:

ՌԴ այս երեք քաղաքացիները սպասում են իրենց ճակատագրի որոշակիացմանը:

Ինչո՞ւ են արտահանձնման ենթակա քաղաքացիներ ապաստան հայցող երկրում՝ Հայաստանում, կալանավորվում և գործի ընթացքին  հետևելու հնարավորություն ունենում միայն ճաղերի ետևից: Փաստաբանների պալատի անդամ Արսեն Սարդարյանը մատնացույց է անում  օրենսդրական բացը: ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը փոփոխվեց 2022-ին, և որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց  մտավ տնային կալանքը, որն ավելի մարդասիրական է: Արտահանձնման  գործերով, սակայն, տնային կալանք գործիքը չի նախատեսվում, և անձը բոլոր դեպքերում կալանավորվում է.

«ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է անձնական ազատության իրավունքը և պահանջում է, որ այդ իրավունքի ցանկացած սահմանափակում լինի անհրաժեշտ, համաչափ և անհատականացված։ Գործող արտահանձնման կալանքը հաճախ չի համապատասխանում այդ չափանիշներին դատարանը չի գնահատում, կարելի՞ է արդյոք արտահանձնման նպատակը ապահովել ավելի մեղմ միջոցներով։ Ազատությունից զրկումը դառնում է կանոն, ոչ թե բացառություն»։

ՌԴ այս քաղաքացիները Հայաստան են եկել 2023-2024 թթ. միջակայքում

Հայաստան գալու որոշման հիմքում մտավախությունն էր, որ ՌԴ-ում իրենց սպառնում է ապօրինի դատապարտում: Տեղեկանալով, որ իրենց դեմ ապացույցներ են հավաքվում,  և որ հաջորդ քայլն արդեն  կարգավիճակի փոփոխությունն է,  նրանք  շտապել են հեռանալ երկրից:  ՌԴ-ից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Բելառուսից քաղաքացիները՝ որպես ապաստան հայցելու երկիր, դիտարկում են Հայաստանը՝ համարելով, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից այստեղ ապահով է:

Երեք քաղաքացիներն էլ ՌԴ-ում  սոցցանցերում ակտիվ են եղել, չեն թաքցրել իրենց քաղաքական հայացքները։

«Այսպիսի մարդիկ թիրախավորվում են, եթե պատերազմի դեմ ինչ-որ բան են ասում։ Երեք քաղաքացիների մասով այդպիսի դրվագներ եղել են, ապա հայտնվել են շինծու հոդվածները: Օրինակ՝ խուզարկել են Վլադիմիր Ուխալովի տունը՝ իմանալով, որ նրա հայրը որսորդական կազմակերպության անդամ էր, և կարող են առարկաներ հայտնաբերվել՝ կապված որսորդական զենքի հետ»,- պատմում է փաստաբանը:

Դմիտրի Շիգաևը բլոգեր-լրագրող է Պետերբուրգում: Նա  իր  հետապնդումը կապում է սոցցանցում  կատարած գրառումների  հետ: Իրավապահները նրան կանչել են ու հայտնել, թե կեղծ ահազանգ է տվել ահաբեկչական նյութերի վերաբերյալ:

Պավել Դանիլովին էլ վերագրել են ԶԼՄ-ով, համացանցով, իբր, պետության անվտանգության դեմ գործողությունների հրապարակային  կոչեր:

ՌԴ-ն հինգ ամսից ավելի է՝ դիմել է ՀՀ-ին՝ այս երեք քաղաքացիների արտահանձնման պահանջով: Արտահանձնման  որոշումները ՀՔԱՎ իրավաբանները բողոքարկում են:

ՀՀ արդարադատության նախարարության որոշման հիմքում՝ թույլատրել ՌԴ այս երեք քաղաքացիների արտահանձնումը, ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) մերժումն է՝ վերջիններիս ապաստան տրամադրել ՀՀ-ում:

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով ապաստանը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին ՀՀ-ում շնորհված ՀՀ օրենքով սահմանված պաշտպանությունն է, ինչպես նաև ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով, ՀՀ օրենքով և ՀՀ այլ իրավական ակտերով շնորհված բոլոր իրավունքները: Ապաստան հայցողն այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն է, ով օրենքով սահմանված կարգով ՀՀ-ում ապաստանի հայց է ներկայացրել: Ապաստան հայցող է համարվում նաև կոնվենցիան ստորագրած որևէ պետության կողմից փախստական ճանաչված անձը, ով օրենքով սահմանված կարգով, ՀՀ-ում ապաստանի հայց է ներկայացրել: 

Քաղաքակա՞ն է ՌԴ այս  քաղաքացիների հետապնդումը, թե՞ քաղաքական չէ, գնահատում է ՄՔԾ-ն՝ իր լիազորությունների շրջանակում, ապաստան տրամադրելու հարցը քննելիս:

ՄՔԾ-ն այս երեք քաղաքացիներին չի տվել  ապաստան Հայաստանում, և Արդարադատության նախարարությունն անմիջապես կայացրել է արտահանձնման որոշումը:

«Շատ կարևոր մի նյուանս. ՄՔԾ  որոշումը՝ տրամադրել կամ չտրամադրել ապաստան, բողոքարկելի  է. անձն իրավունք ունի  դատական կարգով բողոքարկել այն: Հետևաբար, ԱՆ-ն պետք է առնվազն սպասեր բողոքարկման ժամկետը լրանալուն: Եթե անձը չէր բողոքարկի, նոր կայացներ արտահանձնման որոշում»,-ասում է Անի Չատինյանը:

Լուսանկարում՝ Անի Չատինյան

Ստացվում է, որ փաստաբանն այս երկու վարույթներով  զուգահեռ բողոքարկում է թե՛ ՄՔԾ ապաստան չտրամադրելու որոշումը, թե՛ ԱՆ արտահանձնման որոշումը:

Արդարադատության նախարարությանը նամակ էինք ուղարկել՝ խնդրելով պատասխանել՝  այս երեք քաղաքացիների արտահանձնման  որոշումն ընդունելիս  հաշվի առնվե՞լ է  հանգամանքը, որ ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վերոնշյալ անձանց ապաստան չտրամադրելու վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման։ Եթե այո, խնդրել էինք  տեղեկացնել՝ ինչո՞ւ նախարարությունը չի սպասել  բողոքարկման ժամկետի լրանալուն:

Խնդրել էինք նաև հայտնել,  թե ներկայումս ՀՀ-ում արտահանձնման քանի՞ գործ է քննվում կամ  ընթացքի մեջ:

ԱՆ-ից, սակայն, օրենքով սահմանված ժամկետում պատասխան չենք ստացել: ՀՀ արդարադատության նախարարությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները՝ չպատասխանելով մեր հարցմանը:

Ավելին, նախարարությունը չի էլ փորձել պահպանել օրենքի նվազագույն ընթացակարգերը․ չի ծանուցել դիմողին  պատասխան տրամադրելու ժամկետի երկարացման մասին և չի օգտվել օրենքով նախատեսված մինչև 30-օրյա լրացուցիչ ժամկետից՝ փաստացի անտեսելով օրենքի պահանջները:

Եթե ՀՔԱՎ փաստաբանին հաջողվի Վարչական դատարանում հիմնավորել, որ ՄՔԾ որոշումը սխալ է, ԱՆ-ի արտահանձնման որոշումը կհամարվի առ ոչինչ:

Մարդու ճակատագրի և  հիմնարար իրավունքի խախտման առավել քան ակնհայտ դեպք է. բացարձակ ճշմարտություն է, որ մարդու իրավունքների տեսանկյունից ՌԴ-ն այն երկիրը չէ, որին պիտի ապավինել ու հավատալ, որ, եթե ՌԴ իրավապահները գրում են, թե երաշխավորված են քաղաքացու իրավունքները և դրանք չեն խախտվելու արտահանձնման դեպքում, պետք է վստահել»,- ասում է Անի Չատինյանը։

Միգրացիայի և քաղաքացիության  ծառայությունը յուրաքանչյուրի  դեպքում մերժման տարբեր հիմքեր է ներկայացրել: Ըստ Անի Չատինյանի՝ մի դեպքում նշվում է, օրինակ, որ վստահ չեն, թե քաղաքացին խուսափում է ոչ թե քրեական պատասխանատվությունից, այլ քաղաքական հետապնդումից: Այսինքն՝ ՄՔԾ-ն պիտի համոզվի ամբողջ վարույթի ընթացքում, որ անձի նպատակը ոչ թե  իր դեմ հարուցված քրեական գործից խուսափելը չէ, այլ իրավունքի խախտումից խուսափելը: Այս երեք քաղաքացիների դեպքում, այնինչ, փաստաբան Անի Չատինյանն ուղղակի ռիսկային է համարում ՄՔԾ-ի՝ ապաստան չտրամադրելու որոշումը:

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով՝ փախստական է համարվում`  այն օտարերկրյա քաղաքացին, ով ռասսայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ:

Փաստաբանը հուսով  է,  որ ՄՔԾ-ն  կվերանայի  այս  անձանց դեպքերը և կեզրակացնի, որ արտահանձնման դեպքում  կխախտվի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, մասնավորապես՝ կյանքի իրավունքը և խոշտանգումից զերծ մնալու իրավունքը: Հակառակ դեպքում՝ մարդիկ ուղղակի  կուղարկվեն պատերազմ։

«Դեպքեր ունենք, երբ անձը դիմել է մեզ և ասել, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ՌԴ-ում՝  պայմանագիր ստորագրելու պայմանով, որ պիտի գնա պատերազմ»,- նշում է նա:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ժողովրդագրական ժողովածուի՝ 2024 թվականին ՀՀ-ում ապաստան է հայցել 660 քաղաքացի:

  1. 150- Ուկրաինա
  2. 147- Իրաք
  3. 91- Իրան
  4. 78- Եգիպտոս
  5. 55- ՌԴ
  6. 19- Սիրիա
  7. 5- Թուրքիա
  8. 5- Բելառուս
  9. մեկական՝ այլ երկրներից

 Փախստական ճանաչված անձինք  203-ն են:

  1. 109- Ուկրաինա
  2. 35- Իրաք
  3. 12- Իրան
  4. 10- Սիրիա
  5. 6- ՌԴ
  6. 3- Բելառուս
  7. 1- Թուրքիա
  8. 1- Թուրքմենստան
  9. մեկական՝ այլ երկրներից։

 

ՀՀ ՄԻՊ քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանի փոխանցմամբ՝  2025 թ.-ին օտարերկրացիների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 592 գրավոր և բանավոր դիմում-բողոք, որոնցից 28 բողոքը՝  35 անձի դեպքում, վերաբերել է հանձնման  (արտահանձնման ) գործընթացին, իսկ  2026 թ.-ի մարտի 10-ի դրությամբ՝ ստացվել է  114 գրավոր և բանավոր բողոք, որոնցից հանձնման  (արտահանձնման) գործընթացին վերաբերել է  9-ը:

Մինչ հոդվածի վրա էինք աշխատում, փաստաբան Անի Չատինյանը փոխանցեց, որ ՌԴ երեք քաղաքացիներից մեկը՝ Վլադիմիր Ուխալովը, ազատ է արձակվել՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի համաձայն՝ հանձնման նպատակով կալանքի տակ պահելու ժամկետը՝ 11 ամիս 10 օր, լրանալու հիմքով:

Ուխալովն ազատ է արձակվել, բայց նրա արտահանձնման վտանգը դեռ կա, քանի որ դեռևս չկա հակառակ որոշումը: Փաստաբանի միջոցով  մի քանի հարց  ուղղեցինք Վլադիմիր Ուխալովին. մեր հացերին նա արձագանքեց  գրավոր:

– Որքանո՞վ  էր իրական  քաղաքական հայացքների համար քրեական գործի հարուցումը։

Լուսանկարում՝ Վլադիմիր Ուխալով

-Կար  ՖՍԲ-ի ( ՌԴ Դաշնային անվտանգության ծառայություն) աշխատակցի կողմից շանտաժի վտանգ․ նա սպառնում էր օգտագործել իմ WhatsApp-ից ստացված նյութերը, որոնք գտնվում էին նրա մոտ՝  կրիչի վրա։ Խոսքն այն նյութերի մասին էր, որոնք ես ուղարկել էի ընկերներիս և ծանոթներիս՝ մասնավորապես YouTube-ից վերցված տեսանյութեր ընդդիմադիր աղբյուրներից։ Նա սպառնում էր, որ այս նյութերի հիման վրա իմ նկատմամբ հարուցված վարչական գործը ցանկացած պահի կարող է վերածվել քրեական գործի, հատկապես հաշվի առնելով, որ ես հրաժարվում էի համագործակցել նրանց հետ։

Ըստ Ուխալովի՝ իրեն  հետապնդում էին դատարան չներկայանալու հիմքով՝ վառոդի վերաբերյալ գործով, «որն ամբողջությամբ կեղծված էր»։ Դա նրանց կողմից մեկնաբանվում էր որպես ՖՍԲ-ի հետ համագործակցելուց  հրաժարում. «Նրանք նաև զանգահարում էին Ուկրաինայում բնակվող իմ հարազատներին։ Իմ փախուստը  հաստատեց, որ իմ քաղաքական համոզմունքները չեն փոխվել․ WhatsApp-ում ես գրել էի, որ դեմ եմ պատերազմին»:

Այս ամենը ներառված էր Ուխալովի դեմ հարուցած վարչական գործում, սակայն ՀՀ դատախազությանը ներկայացվել էր միայն վառոդի պահման վերաբերյալ գործը, որը մնացել էր նրա որսորդ հայրիկի մահից հետո։ Իսկ Ուխալովի  քաղաքական հայտարարությունների և ընդդիմադիր աղբյուրներից տեսանյութերի տարածման վերաբերյալ վարչական գործը ռուսաստանցի իրավապահները  ոչնչացրել էին։

Ուխալովը պահվում էր  Նուբարաշեն ՔԿՀ-ում։

«Նուբարաշենի կալանավայրում պայմանները ծանր էին․ ընդհանուր առմամբ, դրանք նման էին բանտային պայմանների, սակայն, ըստ այլ քրեական գործերով կալանավորվածների, որոնց հետ ես ստիպված էի գտնվել նույն խցում օրական 24 ժամ, որոշ առումներով նույնիսկ ավելի վատ էին, քան Ռուսաստանում։ Ես չեմ ճանաչում Պավել Դանիլովին և Դմիտրի Շիգաևին․ նրանց հետ անձամբ ծանոթ չեմ և ենթադրում եմ, որ նրանք  այլ խցերում էին։ Սակայն այնտեղ մշտապես հայտնվում էին Ռուսաստանից բերված կալանավորվածներ, որոնց ձերբակալությունը պայմանավորված էր քաղաքական պատճառներով, և Հայաստանը շարունակում էր նրանց երկար ժամանակ պահել կալանքի տակ»,- փոխանցեց  Ուխալովը:

Ինչպե՞ս էին անցնում օրերը Նուբարաշենում. ի՞նչ է զգում մարդը, որին կարող են արտահանձնել. «Այդ ժամանակահատվածում ես գտնվում էի ուժեղ հոգեբանական լարվածության մեջ, շատ էի մտածում․ թվում էր, թե կյանքս կախված է մազից։ Այդ իրավիճակը ստիպեց ինձ վերաիմաստավորել շատ բաներ, սակայն ոչ իմ համոզմունքները։ Հոգեբանորեն դա չափազանց բարդ էր։ Այնուամենայնիվ, ինչ-որ ներքին վստահություն կար, որ ինձ կօգնեն այն մարդիկ, որոնք կանգնած են ճշմարտության կողմում։ Մարդը կարող է դա լիովին հասկանալ միայն այն դեպքում, երբ ինքն էլ հայտնվի նման իրավիճակում։ Բայց պատերազմ, միևնույն է, չէի գնա…»:

Թեև ազատության մեջ, սակայն արտահանձնման վտանգը դեռ կա Ուխալովի և ՌԴ-ից քաղաքական պատճառներով հեռացած և արտահանձնման վտանգի տակ գտնվող մյուս քաղաքացիների համար: Այդուհանդերձ, «Հայաստանում իրեն ապահով զգու՞մ է»՝ հարցին Ուխալովի պատասխանը բացասական է․ «Ո՛չ: Ես վստահ չեմ Հայաստանում կյանքի անվտանգության հարցում և այստեղ ինձ լիովին հանգիստ չեմ զգում՝ մարդու իրավունքների լիարժեք ապահովման տեսակետից»:

Լիլիթ Ավագյան