Դատավորը հաղթել է դատարանում․ Կարինե Դավթյանը կստանա իր աշխատավարձի  60%-ի չափով հավելում

Լուրեր

17.03.2026 | 18:41
Իսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանին. ՄԱԿ-ը զգուշացնում է՝ որոշ հարվածներ ռազմական հանցագործություն են
17.03.2026 | 18:32
Լապորտան հաստատել է Հանսի Ֆլիկի նոր պայմանագիրը
17.03.2026 | 18:28
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդել Հայաստանի գնաճի վրա․ ԿԲ նախագահ
17.03.2026 | 18:22
Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը․ ՆԳՆ
17.03.2026 | 18:15
Մկրտիչ եպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // 2 ամսում Ադրբեջանից ՀՀ 4,2 մլն դոլարի ներմուծում է արվել․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 18:10
ՌԴ-ի ոչ մի շրջան չի կարող իրեն անվտանգ զգալ. Շոյգուն՝ չորս տարվա պատերազմից հետո
17.03.2026 | 18:03
Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը
17.03.2026 | 17:54
Արտավազդ Քարամյանը հյուրընկալվել է «Փյունիկին»․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
17.03.2026 | 17:45
Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում. վարչապետն աշխատանքային քննարկում է ունեցել ԱՍՀ նախարարի հետ
17.03.2026 | 17:40
Իսրայելը պաշտոնապես հայտարարել է՝ Իրանի «փաստացի առաջնորդ» Ալի Լարիջանին սպանվել է
17.03.2026 | 17:36
Հայաստանը կընդունի Davis Cup-ի 4-րդ ենթախմբի խաղերը
17.03.2026 | 17:25
Դատավորը հաղթել է դատարանում․ Կարինե Դավթյանը կստանա իր աշխատավարձի  60%-ի չափով հավելում
17.03.2026 | 17:13
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի ԱԳՆ ներկայացուցիչներին
17.03.2026 | 17:02
Մոսկվայում Իրանի դեսպանը հերքել է, որ նոր գերագույն առաջնորդը Ռուսաստանում է
17.03.2026 | 16:55
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվեց․ նա չի կարող շփվել Արագածոտնի թեմի հոգևորականների հետ
Բոլորը

Ուժի մեջ է մտել դատավոր Կարինե Դավթյանին առնչվող դատական ակտը․ Դատական դեպարտամենտը պետք է նրան աշխատավարձի 60 %-ի չափով հավելում վճարի՝ սկսած այն պահից, երբ նա, գործուղվելով Արմավիրի մարզ, մյուս դատավորներին հավասար աշխատել, բայց նրանցից անհամեմատ ցածր է վարձատրվել:

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան օրենսդրական փոփոխությունները, համաձայն որոնց՝  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները սկսեցին ստանալ իրենց աշխատավարձի 60%-ի չափով հավելում: Աշխատավարձի հավելում չստացան մի խումբ դատավորներ, որոնք իրենց կամքից անկախ հանգամանքներում պետության կատարած օրենսդրական փոփոխությունների հետևանքով ռեզերվային կարգավիճակ էին ստացել, գործուղվել էին մարզերի կամ Երևանի դատարաններ, թեև աշխատում էին մյուս դատավորներին հավասար։  Կարինե Դավթյանը հենց այդ դատավորներից մեկն էր:  Նա դիմել էր դատարան՝ հայցելով, որ դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցնի  իրեն ևս վճարել աշխատավարձի 60%-ի չափով հավելումը:

Քանի՞ դատավոր է նույն խնդրին բախվել, ինչպե՞ս են անհավասար պայմաններում հայտնվել արդարադատություն իրականացնողները․ Factor.am-ը փորձել է պարզել այս իրավիճակի պատճառները։

Ինչպես դատավորները հայտնվեցին ռեզերվում

Այսպես՝  2021-ին ուժի մեջ մտան «Դատական օրենսգրքում» փոփոխությունները, համաձայն որոնց՝  մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննելու էին առանձին, մասնագիտացված դատավորներ։ Այս փոփոխություններից հետո դատական համակարգը համալրվեց 16 նոր դատավորով, որոնք 2022 թվականի հունվարից սկսեցին աշխատել։ Այս դատավորներից մեկը Կարինե Դավթյանն էր։ Այս դատարանը պայմանականորեն ստացավ «կալանքի դատարան» անվանումը:

2022 թվականի դեկտեմբերին, սակայն, Դատական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որոնց համաձայն, առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտը  վերացվեց։ Բայց պետությունը նրանց դատական համակարգից հեռացնել չէր կարող: 16 դատավորից մեկը հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մեկի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց, և նրա լիազորությունները կասեցվեցին:

Հայաստանի Հանրապետությունում դատավորն անփոփոխելի է, պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը։ Եթե կրճատվում է դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորների թիվը կամ նույնիսկ  վերացվում է դատարանը, ապա այդ դատարանի դատավորները համարվում են ռեզերվային, այսինքն՝ որպես այդպիսին շարունակում են համարվել դատավոր: Դատավորներն ունեն նաև սահմանադրորեն ամրագրված սոցիալական երաշխիքներ: Եթե անգամ դատավորը ռեզերվային է, նա շարունակում է ստանալ աշխատավարձ։ Այս դեպքում ստեղծվեց հենց այդպիսի իրավիճակ․ ռեզերվային դատավորները շարունակեցին աշխատավարձ ստանալ՝ չնայած չէին աշխատում:

2023-ի սկզբին ռեզերվային կարգավիճակ ստացած 14 դատավորից 6-ը կարճ ժամանակ անց վերադարձավ աշխատանքի․ նրանք պաշտոններ ստացան տարբեր դատարաններում: Մյուս 8 դատավորը մեկ տարի և ավելի երկար ժամկետով շարունակեց մնալ ռեզերվում:

Իսկ 2024-ի հունվարին ուժի մեջ մտան փոփոխություններ, համաձայն որոնց, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները սկսեցին ամեն ամիս իրենց աշխատավարձի 60 %-ի չափով  հավելում ստանալ: Արդեն մեկ տարի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող և  առանց աշխատելու իրենց աշխատավարձի մի մասը ստացած ռեզերվային դատավորներին շուտով հրավիրեցին Բարձրագույն դատական խորհուրդ: Նրանց  առաջարկեցին գործուղվել Հայաստանի տարբեր մարզերի դատարաններ ու աշխատել, սակայն ոչ թե մյուս դատավորներին հավասար պայմաններով, այսինքն՝  աշխատավարձի  60%-ի չափով հավելումով, այլ իրենց նախկին աշխատավարձով:

Ընդ որում՝ ռեզերվային դատավորների դեպքում օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ եթե նրանք հրաժարվեին գործուղումից, ապա կդադարեր նրանց դատավորի կարգավիճակը:

Այսպիսով՝ ստեղծվեց մի իրավիճակ, երբ դատավորները ստիպված եղան համաձայնել աշխատել անհավասար պայմաններով։

Կարինե Դավթյանը դիմեց դատարան

Թեև գործուղված ռեզերվային դատավորներից մեկը՝ Կարինե Դավթյանը, ստիպված էր համաձայնել ԲԴԽ-ի պայմաններին, սակայն դիմեց դատարան՝ պահանջելով իրեն վճարել աշխատավարձի 60%-ի չափով հավելում:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորի աշխատավարձը պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և դատավորի պաշտոնի համար սահմանված գործակցի արտադրյալն է: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց  բազային աշխատավարձը 83 200 դրամ է, իսկ առաջին ատյանի դատարանի դատավորի համար սահմանված գործակիցը՝ 10, այսինքն՝ այս դատավորների աշխատավարձը եղել է 832 000դրամ + այս աշխատավարձի 60%-ի չափով հավելում: 832000 դրամի 60 %-ը կազմում է 499 200 դրամ: Այսինքն՝ միայն աշխատավարձի 60%-ի չափով հավելումը կազմում է շուրջ 500 հազ․ դրամ յուրաքանչյուր ամսվա համար: Բացի այդ, յուրաքանչյուր տարվա աշխատանքային փորձի համար դատավորները ստանում են աշխատավարձի որոշակի տոկոսի չափով  ավելի գումար:

Հայցադիմումի մեջ Կարինե Դավթյանը նշել է, որ 2024-ի հունվարի 23-ից սկսած՝  իրականացրել է և շարունակում է իրականացնել նույն աշխատանքը, որն իրականացրել են և իրականացնում են մյուս դատավորները, նրա նկատմամբ սահմանված չի եղել բաշխվելիք գործերի սահմանաչափից որևէ նվազեցում: Դավթյանի ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյանը նշել է, որ  նույն ատյանում նույն ծանրաբեռնվածությամբ աշխատող և նույն աշխատանքը կատարող դատավորներին տարբեր վարձատրություն տրամադրելն ուղղակի կերպով հակասում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում ամրագրված սկզբունքներին, մասնավորապես՝ համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալու, նույն աշխատանքն իրականացնող անձանց վարձատրության խտրականության բացառման, տարբերակված մոտեցում ցուցաբերելու արգելքի սկզբունքներին: Այսպիսով՝ դատավորի ներկայացուցիչը պնդել է, որ խախտվել է և շարունակվում է խախտվել նրա՝ աշխատավարձ ստանալու իրավունքը:

Պատասխանող Դատական դեպարտամենտը դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով հայտնել է․ հաշվի առնելով, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակն է, գրություն են ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ հայցելով պաշտոնական պարզաբանում, ի թիվս այլնի, այն հարցի վերաբերյալ, թե արդյոք դատավորի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը համարվում է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժ, թե՝ ոչ, և արդյոք ռեզերվային դատավորի գործուղվելու դեպքում գործուղման ժամանակահատվածը համարվում է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժ, թե՝ ոչ:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը  գրությամբ հայտնել է, որ ռեզերվային դատավորը, գործուղվելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու և դատավորի պաշտոնից բխող պարտականություններ կատարելու նպատակով, այդ ժամանակահատվածում չի համարվում դատավորի պաշտոնը զբաղեցնող անձ: Միաժամանակ նշվել է, որ դատավորների համար սահմանվել է ռեզերվային դատավորի կարգավիճակ, և այդ կարգավիճակով պայմանավորված երաշխիքներ, սակայն ռեզերվային դատավորի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկելու երաշխիք օրենքով նախատեսված չէ:

Այս պաշտոնական պարզաբանմամբ, ըստ Դատական դեպարտամենտի,  հերքվում է հայցվոր Կարինե Դավթյանի այն պնդումը, որ Դատական դեպարտամենտի կողմից խախտվել է և շարունակում է խախտվել հայցվորի աշխատավարձ ստանալու իրավունքը: Կարինե Դավթյանը ինչպես ռեզերվային դատավորի կարգավիճակ ստանալուց, այնպես էլ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելուց հետո վճարվել է սահմանված կարգով, իսկ վերջինիս հավելում վճարելու իրավական հիմք ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում:

Ինչ դիրքորոշում է հայտնել դատարանը

Դատական իշխանության մարմինների սոցիալական երաշխիքների և վարձատրության, ինչպես նաև դրանց տարբերակվածության վերաբերյալ միջազգային կառույցների դիրքորոշումների համադրության արդյունքում դատավորը դուրս է բերել դատավորների վարձատրության համակարգի մի քանի կարևոր չափանիշներ․

1) դատավորների վարձատրության համակարգը պետք է ամրագրվի օրենքով՝ բացառելու համար հնարավոր հայեցողության դրսևորումը,

2) դատավորների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց մասնագիտությանը, մասնագիտությունից բխող պարտականություններին և պետք է չեզոքացնի մասնագիտական պարտականություններին խոչընդոտ հանդիսացող հնարավոր ազդեցությունները,

3) դատավորների վարձատրությունը կարող է տարբերակվել դատավորների ավագությամբ, դատարանի աստիճանով, դատավորների վրա դրված առաջադրանքների կարևորությամբ, դատավորի կողմից կատարվող պարտականությունների բնույթով և օրենքով հստակ սահմանված այլ չափանիշներով:

Տարբերակված վարձատրության հարցին առնչվող ՍԴ որոշումներին հղում կատարելով՝ դատավորը նշել է, որ Սահմանադրական դատարանը միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում թույլատրելի է համարում տարբերակված մոտեցումը, եթե այն համապատասխանում է  երկու չափանիշներին, այն է՝ ունի օբյեկտիվ հիմք և հետապնդում է իրավաչափ նպատակ: Մինչդեռ այս դեպքում Կարինե Դավթյանի և նրան հավասար այլ աշխատանք կատարող այլ դատավորների միջև տարբերակված վարձատրությունը օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ չի հետապնդել։

«Նույն ատյանում նույն ծանրաբեռնվածությամբ աշխատող և նույն աշխատանքը կատարող դատավորներին տարբեր վարձատրություն տրամադրելն ուղղակի կերպով հակասում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում ամրագրված սկզբունքներին, մասնավորապես՝ համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալու, նույն աշխատանքն իրականացնող անձանց վարձատրության խտրականության բացառման, տարբերակված մոտեցում ցուցաբերելու արգելքի սկզբունքներին»,- նշել է դատավորը։

Այսպիսով՝ դատարանը որոշել է բավարարել Կարինե Դավթյանի հայցադիմումը և Դատական դեպարտամենտին պարտավորեցնել վճարել Կարինե Դավթյանի աշխատավարձի 60%-ի չափով հավելումը՝ սկսած 2024-ի հունվարի 23-ից, այսինքն՝ այն ժամանակից, երբ նա գործուղվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մյուս դատավորներին հավասար աշխատանք կատարել՝ անհամեմատ ցածր վարձատրությամբ: Վերադաս ատյաններում այս դատական ակտը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանում դատավորները եղել են Ռուստամ Մախմուդյանը, Հրաչ Այվազյանը և Կարեն Ավետիսյանը:

Վճռաբեկ դատարանում դատավոր, ԲԴԽ անդամ Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկ է հայտնել: Դատավորը նշել է, որ«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը  հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները, ինչպես նաև  բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները: Վերոգրյալից հետևում է, որ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի մասնակցությունը, ի թիվս այլնի, ֆինանսատնտեսական իրավահարաբերություններին, միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդն իր հերթին օժտված է Դատական դեպարտամենտի կողմից ներկայացվող ֆինանսական նախագծերը հաստատելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությամբ։

«Այսինքն՝ Դատական դեպարտամենտի ֆինանսական լիազորությունների իրականացումն անմիջականորեն կապված է Բարձրագույն դատական խորհրդի գործողություններով։ Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ սույն վարչական գործի լուծումը կարող է պայմանավորել Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշակի գործառույթների իրականացում, իսկ ես, որպես դատավոր-անդամ, պաշտոնավարում եմ Բարձրագույն դատական խորհրդում, ինչն անկախ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջացնել՝ այս վարչական գործով կանխակալ վերաբերմունք ունենալու վերաբերյալ, գտնում եմ, որ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պարտավոր եմ հայտնել ինքնաբացարկ»,- նշել է Քրիստինե Մկոյանը:

Դատավորի ինքնբացարկի տեքստից կարելի է ենթադրել, որ դատավոր Կարինե Դավթյանի գործով դատարանի դատական ակտը կատարելու համար պետք է ԲԴԽ-ի պահուստային ֆոնդից գումար հատկացվի, իսկ պահուստային ֆոնդից գումար հատկացվում է ԲԴԽ որոշմամբ:

Ինչ հետևանք կարող է առաջացնել այս դատական ակտը ռեզերվային կարգավիճակ ունեցած այլ դատավորների համար

Ինչպես արդեն նշել ենք, դատավոր Կարինե Դավթյանը միակ դատավորը չէ, որ 1 տարի հարկադիր պարապուրդի մեջ մնալուց հետո գործուղվել է ու մյուս դատավորներին անհավասար պայմաններով, ցածր աշխատավարձով աշխատել: Նույն կարգավիճակով աշխատել են նաև դատավորներ Գևորգ Պողոսյանը, Տաթևիկ Մուրադյանը, Վարդան Սուղյանը, Կարեն Հակոբյանը, Արմեն Վարոսյանը։

Հաշվել ենք, թե նույն կարգավիճակում գտնվող դատավորները որքան պետք է ավելի վճարվեին, որ չեն վճարվել։

Այսպես՝ դատավոր Կարինե Դավթյանը 2024-ի հունվարի 23-ից ռեզերվային կարգավիճակով գործուղվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մինչև 2024-ի նոյեմբերի 5-ը, այսինքն՝ մոտ 9 ամիս աշխատել մյուս դատավորների համեմատ անհավասար պայմաններով։ Եթե նկատի ունենանք, որ դատավորի 1 ամսվա աշխատավարձի 60%-ի չափով հավելումը կազմում է մոտ 500 հազ․ դրամ, ստացվում է, որ Կարինե Դավթյանի 9 ամսվա աշխատավարձի 60 %-ի չափով հավելումը կազմում է մոտ 4 մլն 500 հազ․ դրամ։

Դատավոր Տաթևիկ Մուրադյանը 2024 թվականի հունվարի 23-ից մինչև 2024-ի ապրիլի 23-ն է աշխատել որպես ռեզերվային գործուղված դատավոր, այսինքն՝ 3 ամիս չի ստացել աշխատավարձի 60%-ի չափով հավելում, որը կազմում է մոտ 1․5 մլն դրամ։

Դատավոր Գևորգ Պողոսյանը 2024-ի հունվարի 23-ից մինչև 2024-ի հուլիսի 16-ն է աշխատել որպես ռեզերվային գործուղված դատավոր, այսինքն՝ մոտ 6 ամիս չի ստացել աշխատավարձի 60 %-ի չափով հավելում, որը կազմում է մոտ 3 մլն դրամ։

Վարդան Սուղյանը 2024-ի հունվարի 23-ից մինչև 2024-ի հոկտեմբերի 19-ը չի ստացել աշխատավարձի 60 %-ի չափով հավելում, այսինքն՝ մոտ 9 ամիս, որը կազմում է մոտ 4․5 մլն դրամ։

Դատավոր Կարեն Հակոբյանը ռեզերվային կարգավիճակով աշխատել ու 60 %-ի չափով հավելում չի ստացել 2024-ի հունվարի 23-ից մինչև 2024-ի ապրիլի 11-ը, այսինքն՝ մոտ երեք ամիս։ Նրան չվճարված աշխատավարձի հավելումը կազմում է մոտ 1․5 մլն դրամ։

Դատավոր Արմեն Վարոսյանը 2024-ի հունվարից մինչև 2024 թվականի հոկտեմբերն է ռեզերվային կարգավիճակով աշխատել, այսինքն՝ մոտ 9 ամիս, որի համար նրան չվճարված հավելումը կազմում է մոտ 4․5 մլն դրամ։

Նշենք, որ այս հաշվարկը կատարվել է հարկերը ներառյալ։

Արդյոք արդեն օրինական ուժի մեջ մտած, Կարինե Դավթյանի վերաբերյալ դատական ակտը ենթադրում է, որ նրա կարգավիճակում գտնվող մյուս դատավորները ևս պետք է ստանան աշխատավարձի 60%-ի չափով հավելում:

Փաստաբան Ռոբերտ Դավթյանի համոզմամբ՝ Կարինե Դավթյանի գործով որոշումը վերաբերել է նաև նրա կարգավիճակում եղած մյուս դատավորներին: Փաստաբանի խոսքով՝  դատարանում իրենց ներկայացրած փաստերը չեն վիճարկվել, դատարանի վճիռը անհատական վեճի շուրջ չէ, դատարանի առջև բարձրացվել է իրավական խնդիր այն մասին, թե արդյոք ռեզերվում գտնվող և գործուղված դատավորն իրավունք ունի շարունակել ստանալ մյուս դատավորներին հավասար վարձատրություն։ Դատարանը համարել է, որ իրավունք ունի:

Այսպիսով՝ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, համաձայն որի՝ Դատական դեպարտամենտի գործողությունը՝  գործուղված  դատավորներին հավասար ծանրաբեռնելու և նրանց անհավասար վարձատրելու վերաբերյալ ոչ իրավաչափ  է եղել, և Դեպարտամենտը պարտավոր է ռեզերվային դատավոր Կարինե Դավթյանին վճարել աշխատավարձի 60%-ի չափով հավելում՝ սկսած 2024 թվականի հունվարի 23-ից: Այս որոշումը կտարածվի նաև մյուս դատավորների նկատմամբ, թե ոչ պարզ կլինի առաջիկայում:

 

Արաքս Մամուլյան