Կեղծ վարորդական վկայականով վարչապետը․ ինչ հետևանք է առաջացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Լուրեր

09.03.2026 | 16:56
Լիբանանում խորհրդարանական ընտրությունները երկու տարով հետաձգվել են Իսրայելի հարձակման պատճառով
09.03.2026 | 16:43
Արման Ծառուկյանը նոր մրցակից ունի գրեփլինգի մենամարտում
09.03.2026 | 16:31
Իրանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ երկրի զինված ուժերը չեն հարձակվել Ադրբեջանի, Թուրքիայի և Կիպրոսի վրա
09.03.2026 | 16:20
Թուրքիան F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում
09.03.2026 | 16:11
Փաշինյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով
09.03.2026 | 16:03
Նախիջևանի օդանավակայանը վերսկսել է գործունեությունը
09.03.2026 | 15:55
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին
09.03.2026 | 15:44
41-ամյա Ուեսլի Սնեյդերը վերսկսել է կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 15:34
Նախօրեին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի․ ՀՀ ԱԳՆ
09.03.2026 | 15:28
Իսրայելի կենտրոնում իրանական կասետային ռումբի պայթյունից մեկ մարդ զոհվել է, վիրավորներ կան
09.03.2026 | 15:19
Հովիկ Աբրահամյանի եղբայրը և նրա ընտանիքը հրավիրվել են Դատախազություն
09.03.2026 | 15:10
Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում // Պայթյուն Բելգիայում սինագոգի մոտ․ ԼՈՒՐԵՐ
09.03.2026 | 15:00
Կեղծ վարորդական վկայականով վարչապետը․ ինչ հետևանք է առաջացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
09.03.2026 | 14:57
Կրակել են Լոս Անջելեսում Ռիհաննայի առանձնատան ուղղությամբ․ երգչուհին չի տուժել
09.03.2026 | 14:53
UFC-ն հաստատել է Սպիտակ տանը կայանալիք մենամարտերը
Բոլորը

«Երբ ես վարորդական իրավունք էի հանում, հայտնի լրագրող էի, ծնկաչոք աղաչեի էլ՝ չէին թողնի քննություն տալ: 300 մետրի վրա բերին տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»,-  Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Կառավարության նիստի ժամանակ՝ իրավապահ կառույցների ղեկավարների ներկայությամբ։ Վարչապետն այսպես բարձրացնում էր այն հարցը, որ ժամանակին քաղաքացիները համատարած կեղծ վարորդական վկայական են ստացել՝ թեմային անդրադառնալով իր իսկ օրինակով։

Քաղաքացուն կեղծ վարորդական վկայական տրամադրելը հանցագործություն է։ Ենթադրվում է, որ իրավապահների ներկայությամբ արված այս հայտարարությանը պետք է հաջորդեր իրավական գործընթաց՝ առնվազն պարզելու համար, թե Փաշինյանը երբ է ստացել վարորդական վկայական, ով է նրան առանց քննություն հանձնելու 300 մետրի վրա բերել ու տվել վկայականը։

Factor TV-ն փորձել է պարզել, թե ինչ է հաջորդել իրավապահ մարմինների ղեկավարների ներկայությամբ արված այս հայտարարությանը։

Կեղծ վարորդական վկայական ստանալու դեպքերը պրակտիկայում անհետևանք չեն մնում

Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե պրակտիկայում քրեական օրենսգրքի որ հոդվածներով են նախաձեռնվում կեղծ վարորդական վկայականին վերաբերող գործերը։

Ի պատասխան մեր հարցման Կոմիտեից հայտնում են, որ ապօրինի եղանակով վարորդական վկայական ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում  հիմնականում վարույթներ են նախաձեռնվել  ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ, 436-րդ, 437-րդ, 440-րդ, 441-րդ և 445-րդ հոդվածների հատկանիշներով:

Խոսքը  հետևյալ հանցատեսակների մասին է․

  • Կաշառք ստանալը,
  • Կաշառք տալը,
  • Կաշառքի միջնորդությունը,
  • Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ իրական, կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից, կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն, կամ որևէ այլ առավելություն ստանալը,
  • Պաշտոնատար անձի կողմից իշխանական, կամ ծառայողական լիազորությունները, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, կամ լիազորություններն անցնելը,
  • Պաշտոնեական կեղծիքը։

Այսինքն՝ կախված գործի փաստական հանգամանքներից՝ կեղծ վարորդական վկայական ստանալը, տալը պրակտիկայում կարող է որակվել վերը նշված հանցատեսակներով։

Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնել են․

«Կոմիտեում առկա վիճակագրական տվյալների համաձայն՝ կոմիտեի կազմավորման օրվանից՝ 2021 թվականի հոկտեմբերի 23-ից 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի եղանակով վարորդական վկայական ստանալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվել է 59 քրեական վարույթ»։

Ինչ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեղծ վկայական է ստացել

Պարզվում է՝ իրավապահ մարմինների ղեկավարների ներկայությամբ արված այս հայտարարությունը հետևանք չի առաջացրել։ Գլխավոր դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել․

1.Դատախազությունը ուսումնասիրե՞լ է արդյոք վարչապետի այս հայտարարությունը։

2.Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել՝ ի՞նչ որոշում է կայացվել ուսումնասիրության արդյունքում և ի՞նչ հիմնավորմամբ։

3.Բացասական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել՝ ինչո՞ւ չի ուսումնասիրվել առերևույթ հանցագործության դեպքի մասին վարչապետի արած հայտարարությունը։

Դատախազության պատասխանը հակիրճ է և վերաբերում է մեր հարցադրումներից միայն մեկին։

«Տեղեկացնում ենք, որ Դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»,- հայտնել են Դատախազությունից։

Նշենք, որ Դատախազությունը չի կարող տեղյակ չլինել քրեական վարույյթի առկայության մասին, քանի որ քրեական վարույթի նկատմամբ հսկողությունն իրականացնում է հենց այս կառույցը, ուստի՝ պատասխանից բխում է, որ վարույթ առկա չէ։

Դատախազությունը, մեր գրավոր հարցմանը կիսատ պատասխանելով, խախտել է նաև Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի  N 1204-Ն որոշումը։

Ըստ այս որոշման՝  հարցման պատասխանը պետք է լինի հավաստի և լրիվ` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում պետական մարմինը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները:

Ով պետք է սկսեր վարույթ նախաձեռնելու գործընթացը

Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածով սահմանվում է, թե որ դեպքերում է պարտավոր քննիչը վարույթ նախաձեռնել։

Մասնավորապես՝ քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը, ի թիվս այլ սուբյեկտների, ստացվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ։

Փաշինյանը հայտարարություններն արել է Կառավարության նիստի ընթացքում, այն ժամանակ, երբ պետական պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս ներկա են եղել նիստին։ Ենթադրվում է, որ նրանք պետք է իրենց լիազորությունների իրականացման ընթացքում առերույթ հանցանքի մասին հաղորդումն անհետևանք չթողնեին։

Բայց եթե անգամ վրիպել և անհետևանք են թողել, ապա պետք է ընդգծել, որ Փաշինյանի այս հայտարարության տեսագրությունները լայնորեն տարածվել են համացանցում, դրանց անդրադարձել են նաև մի շարք լրատվամիջոցներ։ Հետևաբար՝ Դատախազությունը, ինչպես շատ այլ դեպքերում, ԶԼՄ հրապարակումը ևս կարող էր դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում։ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ ԶԼՄ-ների հաղորդումները ևս կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել։

Դիտարկենք նաև, որ քրեական վարույթ նախաձեռնելու շեմը ներկա Քրեական դատավարության օրենսգրքով էականորեն ցածր է։ Մասնավորապես՝  սահմանվում է, որ համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։

Այսինքն՝ պրակտիկայում բոլոր այն դեպքերում, երբ հաղորդումը պատշաճ է, և դրանում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն է նկարագրվում, որը առերևույթ համապատասխանում է Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի, պետք է վարույթ նախաձեռնել։

Ինչու վարույթ նախաձեռնել, երբ անցել է վաղեմության ժամկետը

Արդյոք Փաշինյանի նկարագրած իրավիճակում որևէ անձ կամ անձինք այսօր կարող են պատասխանատվության ենթարկվել՝ հաշվի առնելով վաղեմության ժամկետները։ Խոսքը, ընդ որում, այս դեպքում առաջին հերթին ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ նրան անօրինական վարորդական վկայական տվողին պատասխանատվության ենթարկելու մասին է, եթե առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ վարչապետը ճիշտ տեղեկություն է հայտնել Կառավարության նիստի ժամանակ։

Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից։

Քրեական օրենսգրքի ընդհանուր մասում ընդգրկված  83-րդ հոդվածով սահմանվում է, որ վաղեմության ժամկետն անցած լինելը քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմք է։

Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում է, որ 12-րդ  հոդվածի 1-ին մաuի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Վերը նշված կարգավորումների վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ բոլոր այն դեպքերում, երբ անցել է անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը,  քրեական հետապնդում չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, բայց այս ընդհանուր կանոնից բացառություն է կազմում այն դեպքը, երբ անձն առարկում է իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեմ, ընդ որում՝ միայն այն հիմքով, որ չի կատարել իրեն վերագրվող արարքը։ Օրենքով նախատեսվում է նաև, որ այս իրավիճակում  քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում»։

Դատախազությունն այլ պրակտիկա է ձևավորել

Այսպես՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ժամանակ անցել էր նրան պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Օհանյանը լռել և որևէ դիրքորոշում չէր հայտնել վաղեմության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ, այսինքն՝ նա, փաստացի չէր առարկել, որպեսզի իր նկատմամբ հետապնդումը դադարեցվի և պնդում չէր կատարել այն մասին, որ չի կատարել իրեն վերագրվող արարքը։ Նրա պաշտպան Կարեն Մեջլումյանը, առաջնորդվելով ընդհանուր կանոնով,  բաձրացրել էր այն հարցը, որ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, քանի որ անցել է նրան պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։

Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Դատախազություն՝ պարզելու համար, թե նման պայմաններում ինչո՞ւ է հետապնդում հարուցվել Սեյրան Օհանյանի նկատմամբ, ինչին ի պատասխան Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ եթե անձը դիրքորոշում չի հայտնում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ապա նրա նկատմամբ հետապնդումը պետք է շարունակվի ընդհանուր կարգով։

Այսինքն՝ տվյալ դեպքում, ըստ Դատախազության արդեն իսկ ձևավորած պրակտիկայի՝ անկախ այն հանգամանքից, որ անցել է Նիկոլ Փաշինյանին կեղծ վարորդական վկայական տալու համար ենթադրյալ հանցավոր արարքի վաղեմության ժամկետը, պետք է այդ արարքին տրվեր նախնական իրավական գնահատական՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, բացահայտվեր այդ արարքը կատարած անձը, և նրա նկատմամբ ընդհանուր կարգով պետք է քրեական հետապնդում հարուցվեր։

Այս դեպքում, սակայն, ինչպես արդեն նշեցինք, առհասարակ վարույթ չի նախաձեռնվել։

Ինչ հետևանք կարող էր առաջացնել օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը

Հիմք ընդունելով ապօրինի վարորդական վկայական տալու/ստանալու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը՝ իրավապահները կարող են անվավեր ճանաչել անձի վարորդական վկայականը։

Այս մասին Գլխավոր դատախազությունը ևս նախկինում հայտնել է։ Այսպես՝ Դատախազության 2022-ի հաղորդագրություններից մեկի համաձայն՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար, և Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով դիմել է Ներքին գործերի նախարարություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ:

Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը և Դատախազության միջնորդությունը՝ ՆԳՆ-ն ուժը կորցրած է ճանաչել մեղադրյալների վարորդական վկայականները։

ՆԳՆ Ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2025-ի ընթացքում ընդհանուր առմամբ Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան արդյունքը մինչ այդ եղել է 764 դեպք։

ՆԳՆ ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել․

  • Փաշինյանի կեղծ վարորդական վկայական ստանալու մասին հայտարարությունից հետո սկսվե՞լ է արդյոք Փաշինյանին վարորդական վկայականից զրկելու գործընթաց։
  • Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե ինչ գործընթաց է սկսվել։
  • Բացասական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե վարչապետի նման հայտարարությունից հետո ինչ գործընթաց է սկսվել։

Ոստիկանությունից այս հարցմանը պատասխանելու համար 30 օր են պահանջել, ապա նշել են «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով վարորդական իրավունքից զրկելու հիմնական դեպքերը։ ՆԳՆ-ն չի պարզաբանել, թե այս դեպքերն ինչու չեն համապատասխանում Փաշինյանի վարորդական վկայականի հետ կապված իրավիճակին, ինչպես նաև անտեսել է մեր հարցման երրորդ կետում նշված հարցադրումը, համաձայն որի՝ խնդրել էինք հայտնել՝ եթե ոչ վարորդական վկայականից զրկելու, ապա ինչ այլ իրավական գործընթաց է հաջորդել վարչապետի կեղծ վարորդական վկայական ստանալու հայտարարությանը։

Այսպիսով՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իսկ հայտարարության համաձայն՝ կեղծ վարորդական վկայական ունի, բայց, քանի որ նախկինում քաղաքացիները համատարած կեղծ վկայականներ էին ստանում, իրավապահների ղեկավարների ներկայությամբ արված հայտարարությունը որևէ հետևանք չի առաջացրել։ Սա այն դեպքում, երբ բազմաթիվ քաղաքացիներ այսօր քրեական հետապնդման են ենթարկվում նույն արարքը կատարելու համար։

 

Արաքս Մամուլյան