Ոստիկանապետի աթոռից՝ մեղադրյալի աթոռին․ «Մարտի 1»-ի գործով շրջադարձ 18 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
Բոլորը

Վալերիյ Օսիպյանը և «Բազազ» մականունով հայտնի Ռոբերտ Մելքոնյանը մեղադրյալի աթոռին են․ «Մարտի 1»-ի քրեական վարույթով են հետապնդումներ հարուցվել բարձրաստիճան նախկին ոստիկանների նկատմամբ։

«2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Factor TV-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ինչպես Վալերիյ Օսիպյանի, այնպես էլ Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Օսիպյանը հանրությանը լայնորեն հայտնի էր դարձել որպես ընդդիմության հանրահավաքների ժամանակ ոստիկանական ուժերը ղեկավարած պաշտոնյա։ Պնդում էր՝ թեև հարյուրավոր ոստիկանների հետ եղել է «Ազատության» հրապարակում, սակայն ցուցարարների վրա կրակ բացելու հրաման չի ստացել, միայն հասարակական կարգը պահպանելու խնդիր է դրված եղել։  

«2008 թվականին, մարտի 1-ի լուսաբացին ես եղել եմ պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալը։ Իմ առնչությունն այնքանով էր, ինչքանով այդ օրը բոլոր ոստիկանների առնչությունն է եղել»,- 2018-ին լրագրողների հետ զրույցում ասել էր նա։

Հեղափոխությունից ընդամենը մի քանի ամիս անց ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Օսիպյանն այսպես էր արձագանքում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցադրումներին․ «Զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր, տենց բաներ, բոլորս էլ տեսել ենք»։

Քաղհասարակությունը դեմ էր ոստիկանապետի պաշտոնում Օսիպյանի նշանակմանը․  իրավապաշտպանները  քննադատում էին իշխանության որոշումը՝ կարևոր պաշտոնը վստահել մեկին, ով առնչություն ունի Մարտի 1-ի գործողությունների հետ։ Օսիպյանը պաշտոնավարեց մեկ տարուց մի փոքր ավելի, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց և նշանակեց իր գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում նա մնաց 21 օր։ 

«-Դուք ապօրինի հրամաններ ստացե՞լ եք, կատարե՞լ եք։

-Ստացել եմ, բայց չեմ կատարել։ Ստացել եմ, չեմ կատարել»,- պատասխանել էր նա։

2020-ից Օսիպյանն ակտիվորեն մասնակցում էր ընդդիմության նախաձեռնած հավաքներին։ Այս հայտարարությունն արել է դրանցից մեկի ժամանակ։

2022-ին «Ազատության» հրապարակում Արթուր Վանեցյանի նստացույցի ժամանակ վերջինիս մի շարք նախկին պաշտոնյաներ էին աջակցում, Օսիպյանը նրանցից մեկն էր։ 

Ժամանակին բերման ենթարկող Օսիպյանն ընդդիմության ցույցերի ժամանակ մի քանի անգամ ինքն է բերման ենթարկվել։ 

10 անձի կյանք խլած իրադարձություններին առնչվող գործը վերաբացվեց 2018-ին, բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրվեցին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Ավելի ուշ Քրեական օրենսգրքի 301 հոդվածը հակասահմանադրական և անվավեր ճանաչվեց։ ՍԴ որոշումը գործի համար դարձավ բեկումնային։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ 

Ամիսներ առաջ Գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ ներկայացրեց գործով անցնող բարձրաստիճան պաշտոնյաներին։ Անցած ամիս էլ Հակակոռուպցիոն դատարանը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները․ «Ներկայացված փամփուշտներ կան լրացուցիչ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Մինչև օրս քաղաքացիների մոտ փամփուշտներ են պահպանվել, որոնք համեմատական փորձաքննության են ենթարկվում»։

Գործով անցնող  բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ՝ Գևորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, շարունակում են մնալ հետախուզման մեջ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ավելի վաղ հայտնել էր՝ «Մարտի 1»-ի գործով խոշտանգումների դրվագ կա, որն առանձնացվել և ուղարկվել է Քննչական կոմիտե։ Նա նշել է՝ «Մարտի 1»-ի գործն ավարտված չէ, նոր փամփուշտներ են հայտնաբերվել և ուղարկվել փորձաքննության։   

Սեպտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը: Դատարանն արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։

«Բացահայտված է, քրվարույթը կա, որ բանակում․․․ այդ թվում՝ մարդկանց աշխատավարձեր են բաժանվել, խմբեր են ձևավորել։ Ո՞վ է հրամանը տվել։ Էս ֆարսն ինչքա՞ն կարելի է ձգել»,- ՄԻԵԴ վճռի մասին խոսելիս նշել էր վարչապետը։

Փաշինյանը, որը 2018-ին գործն ամբողջ ծավալով բացահայտված էր համարում, 7 տարի անց արդեն խոսում էր այն մասին, որ գործում իրավական գնահատականի արժանացնելու և քննելու, հետաքննելու ենթակա հանգամանքներ կան։ Փաստն այն է, որ արյունոտ իրադարձություններից 18 տարի է անցել, բայց առայսօր մեղադրական վերդիկտներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան