ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տվել Nvidia-ին՝ ՀՀ-ում ԱԲ գործարանի ներդրման համար. Արթուր Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Բոլորը

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Factor TV-ի հետ զրույցում վերլուծել է ամերիկյան Nvidia և Firebird ընկերությունների կողմից Հայաստանում 4 միլիարդ դոլար արժեքով արհեստական բանականության գործարան ստեղծելու նախագիծը, դրա աշխատանքի սկզբունքները, աշխարհաքաղաքական նշանակությունը և անդրադարձել ԱԲ ոլորտի ապագային ու ներքաղաքական կյանքին միջամտող օտարերկրյա մեդիաների սահմանափակման օրինագծին։

Պարզաբանելով, թե ինչ է իրենից ներկայացնելու նախատեսվող ներդրումը, Պապյանը նշեց, որ խոսքը ոչ թե ֆիզիկական արտադրանքի, այլ հաշվողական հզորությունների մասին է։

«Մեծ հաշվով դա նշանակում է մեծ տվյալների կենտրոն։ Իսկ որ ավելի պարզեցնենք, դա հսկայական մի շենք է լինելու, որտեղ, այսպես ասած, պահարաններով համակարգիչներ են դրած, որոնց մեջ աշխատում են հատուկ տիպի քարտեր, որոնք կարող են մեծ քանակի, շատ արդյունավետ կերպով անել այնպիսի տրամաբանական օպերացիաներ, որոնք օգտագործվում են հատկապես արհեստական բանականության մոդելների աշխատանքի համար», – պարզաբանեց փորձագետը։

Նրա խոսքով, այս հզորությունները, ամենայն հավանականությամբ, Հայաստանում չեն օգտագործվելու, քանի որ տեղական շուկայում չկան ընկերություններ, որոնք կարող են նույնիսկ դրա չնչին ծավալն օգտագործել։ Փաստացի, Հայաստանը դառնալու է հաշվողական հզորություն արտահանող երկիր։

«Տվյալը եկավ, մտավ Հայաստան, որպես տվյալ դուրս գնաց։ Այսինքն՝ իր մեջ արվելու են այդ տրամաբանական օպերացիաները, որոնց արդյունքում գեներացվում են պատասխաններ, լուսանկարներ, վիդեոներ», – ավելացրեց նա՝ նշելով, որ այս գործարանը սպառելու է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա և, հավանաբար ջուր՝ հովացման համար։

Այն փաստը, որ ԱՄՆ-ն վստահում է Հայաստանին նման բացառիկ տեխնոլոգիաների տեղակայումը, Պապյանը համարում է քաղաքական որոշում և վստահության նշան։

«Ես, իրականում, չգիտեմ՝ ինչու են վստահում, որովհետև ակնհայտ է, որ սա փաթեթային լուծում է, ակնհայտ է, որ սա քաղաքական որոշում է։ Nvidia-ին փաստորեն վստահեցրել է ամերիկյան վարչակազմը, որ Հայաստանում իր դատա-կենտրոնին չի սպառնալու պատերազմ կամ ինչ-որ մի բան։ Այսինքն, ես սա էլի, ուղղակի տեխնոլոգիական չի, բայց, իմանալով, թե ինչպիսի խանդով է Միացյալ Նահանգները վերաբերվում իր տեխնոլոգիաներին, դրանց անվտանգությանը, նաև այս առումով որոշակի պոզիտիվ ազդակ եմ տեսնում», – ընդգծեց նա։

Պապյանը զգուշավոր լավատեսություն հայտնեց այն հարցում, թե որքանով Հայաստանի տեխնոլոգիական համայնքը կկարողանա օգտվել այս հնարավորությունից։

«Ես այդքան էլ լավատես չեմ այս առումով, որովհետև, որպեսզի քո գիտական համայնքը կարողանա, օրինակ, հինգ տարուց պատրաստ լինի նման կարողությունների հետ աշխատել, այդ աշխատանքը պիտի մենք սկսած լինեինք, ասենք, 15 տարի առաջ՝ դպրոցից», – նշեց նա՝ որպես օրինակ բերելով մի ընկերության դեպք, որը չի կարողացել Հայաստանում գտնել անհրաժեշտ 150 տվյալագետների։

Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ըստ նախագծի՝ տարողությունների որոշակի տոկոս (մինչև 10%) կարող է հատկացվել Հայաստանի տեխնոլոգիական համայնքին, ինչը կարող է խթանել տեղական ստարտափների զարգացումը։

Անդրադառնալով օտարերկրյա աուդիովիզուալ ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտությունն արգելող օրինագծին՝ Պապյանը նշեց, որ թեև խնդիրը գոյություն ունի, առաջարկվող լուծումը «կացնային է և ոչ հստակ»․ «Ինձ համար ակնհայտ է, որ սա ընտրություններին ուղղված քայլ է։ Ինձ համար նաև ակնհայտ է, որ հայաստանյան մեդիադաշտի վրա ազդում են մեծ քանակի օտար լրատվամիջոցներ։ Ես կարծում եմ, որ այո՛, այսպիսի օրենքի կարիք ընդհանրապես կար, քանի որ երբ որ մենք ոչ թե լրատվամիջոցների հետ ենք շփվում, այլ հաճախ պրոպագանդիստական միջոցների հետ ենք շփվում, դրանց դեմն առնել, իհարկե, պետք է»։

Սակայն, ըստ նրա, օրենքը չի տարանջատում «լրատվամիջոցը» «պրոպագանդայի միջոցից», և դրա ձևակերպումները կարող են կամայական մեկնաբանությունների տեղիք տալ։ «Այս օրենքը մի տեսակ ավելի կացնային տպավորություն է թողնում ինձ վրա, քան թե մտածված, հաշվարկված։ […] Եթե վաղը BBC-ն գա Հայաստանի փողոցներում վոքս-փոփ անի մարդկանց հարցնի՝ ի՞նչ կարծիքի եք ընտրությունների մասին, դա կարող է համարվել միջամտություն», – մտահոգություն հայտնեց նա՝ ընդգծելով, որ օրենքը պետք է լինի որոշակի, այլ ոչ թե ազատ մեկնաբանության հնարավորություն տա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան