Հայրենիքի համար զոհված անձանց հիշատակի օրը՝ առանց զոհերի անունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.01.2026 | 19:30
Զրահաբաճկոնները, որոնց վաճառքի մասին Ադրբեջանին հայտարարեց Թրամփը, կարելի է գնել ցանկացած զենքի խանութում․ Լեոնիդ Ներսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.01.2026 | 19:21
ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել Փարիզի կլիմայական համաձայնագրից
27.01.2026 | 19:12
Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացիների կալանքի ժամկետը երկարաձգվել է
27.01.2026 | 19:00
Վենսի այցը փայլուն շանս է գերիների խնդիրը մեկընդմիշտ լուծելու․ Ալիևի գլխացավանքը պետք է այն դառնա․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.01.2026 | 18:45
Ինչու չեն մաքրվում Երևանի բակերը․ քաղաքացիները վճարում, բայց չեն պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.01.2026 | 18:44
Ալեքսանդր Ուսիկը մասնակցել է ֆուտբոլային հանդիպման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.01.2026 | 18:37
Վահան Բիչախչյանն ու ևս երեք ֆուտբոլիստներ կազատվեն զինծառայությունից
27.01.2026 | 18:27
Մենք կանգնած ենք Հայաստանի և նրա ժողովրդի կողքին. Մայա Սանդու
27.01.2026 | 18:15
Հայրենիքի համար զոհված անձանց հիշատակի օրը՝ առանց զոհերի անունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.01.2026 | 18:09
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
27.01.2026 | 18:00
Հայտնի է վթարից տուժածների թիվը // Ֆրանսիայում դեռահասների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել․ ԼՈՒՐԵՐ
27.01.2026 | 17:49
Մեկ «Եռաբլուր», երկու մոտեցում․ հիշատակի օր՝ քաղաքական երանգներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.01.2026 | 17:41
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ
27.01.2026 | 17:29
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ
27.01.2026 | 17:17
Ձեր պատերազմը հեռու պահեք մեր երկնքից. Թուրքիան զգուշացրել է ՌԴ-ին և Ուկրաինային
Բոլորը

Հայաստանում այսօր՝ հունվարի 27-ին, առաջին անգամ նշվում է Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը։ Ազգային ժողովն ընդամենը մի քանի օր առաջ է որոշում կայացրել այս օրն ավելացնել հիշատակի օրերի ցանկում։ Հունվարի 19-ին ընդունված օրենքը ուժի մեջ մտավ ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։ Ամենայն հավանականությամբ,  նպատակն այն էր, որ այս տարի արդեն նշվի հիշատակի օրը։

«Մենք հունվարի 27-ին կհիշատակենք, կհիշենք ու կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին, որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենք Բանակի օրը: Ինձ դուր է գալիս՝ ինչպես է պարոն Գեղամ Նազարյանը դա ձևակերպում, որ առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, իսկ հաջորդ օրը՝ մեր երկրային բանակը։ Մենք ուզում ենք սահմանել օր, երբ ՔՊ-ականը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի շիրիմի առաջ, դաշնակցականը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված ՔՊ-ականի շիրիմի առաջ»,- նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։

Զոհերի հիշատակի օր սահմանած իշխանությունը, սակայն, արդեն 5 տարուց ավելի է՝ չի հրապարակում այդ զոհերի անվանական ցանկը։

Իշխանությունն ու ընդդիմությունն ավելի քան 5 տարի վիճում են նաև զոհերի թվի մասին։ Եվ մինչ ընդդիմությունը հայտարարում է, թե 2020 թվականի պատերազմի ժամանակ 5000 անձ է զոհվել, իշխանությունը վստահեցնում է, թե զոհերի թիվը 4000-ի չի հասնում։

Factor TV-ն 2025-ի նոյեմբերին՝ 44-օրյա  պատերազմից 5 տարի անց, փորձել էր պարզել զոհերի թիվը, որի համար Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն և Քննչական կոմիտե ուղարկել էինք գրավոր հարցումներ՝ խնդրելով տրամադրել 44-օրյա պատերազմում զոհված անձանց թիվն ու նրանց անվանական ցանկը:

Պաշտպանության նախարարությունը, որը պատերազմի օրերին պարբերաբար հրապարակում էր զոհերի թիվը, տվյալներ չի տրամադրել՝ առաջարկելով դիմել Քննչական կոմիտե։ ՔԿ է ուղղորդել նաև Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ Քննչական կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, թե զոհերի թիվը 3,833 է։ Ինչ վերաբերում է զոհերի անվանական ցանկին, այն մեզ չի տրամադրվել՝ պատճառաբանությամբ, թե օրենքով պաշտպանվող գաղտնիք է։

Այս հրապարակումից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում առաջին անգամ հայտնել է զոհերի թիվը՝ 3,833, ապա կարճ ժամանակ անց տեսանյութ հրապարակել։

«Մի կարճ բան ասեմ» վերնագրով տեսանյութում Ալեն Սիմոնյանը հայտնում էր, որ զոհերի թվի հրապարակումից հետո իր աշխատակազմ են զանգահարում մեծ թվով լրագրողներ ու հարցնում, թե դա ինչ թիվ է։ 

«Սա այն դեպքում, երբ այս թիվը պաշտոնապես վաղուց  հրապարակված է։ Խնդիրն այն է, որ այնքան են փորձել այլ թվերով մեր հանրութանը ցավեցնել, նրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել այդ սրիկա քաղաքական գործիչները, որ մեր իրականության մեջ այս թիվը, կարծես, նորություն լինի՝ վատ, բայց նորություն»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ զոհերի անվանական ցանկը պատերազմից 5 տարի անց գաղտնիք համարվել չի կարող։ Այս մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ ՊՆ-ն պատերազմի օրերին հրապարակել է զոհերի անունները։

Նշենք նաև, որ 2025-ի տարեվերջին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացվել է վճիռ՝ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու համար։

«Ապահով զինվոր՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակում, նպատակ ունենալով փաստագրել և վերլուծել ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն 2014 թվականին դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել պաշտոնական տեղեկատվություն 1994-2014 թվականներին զինված ուժերում արձանագրված ոչ մարտական մահվան դեպքերի վերաբերյալ։ 

Պաշտպանության նախարարությունը չի տրամադրել պահանջված տեղեկատվությունը՝ մերժումը հիմնավորելով ազգային անվտանգության նկատառումներով։ Կազմակերպությունը դիմել է Վարչական դատարան, սակայն ներպետական դատական ատյանները, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանը, հաստատել են մերժումը՝ առանց համաչափության և հիմնավորվածության պատշաճ գնահատման։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործը քննել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում և եզրակացրել, որ՝

  • Պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման մերժումը հանդիսացել է միջամտություն կազմակերպության արտահայտման ազատության իրավունքին։
  • Պահանջված տեղեկատվությունը վերաբերում էր բարձր հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի, քանի որ առնչվում էր զինված ուժերում ոչ մարտական մահվան դեպքերին և զոհվածների ընտանիքների իրավունքներին։
  • Ներպետական մարմինները չեն ներկայացրել համապատասխան և բավարար հիմնավորումներ, ինչպես նաև չեն իրականացրել ազգային անվտանգության և տեղեկատվություն ստանալու իրավունքի միջև համաչափության պատշաճ գնահատում։

Այս հիմքերով Դատարանը միաձայն արձանագրել է, որ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը։

Արաքս Մամուլյան