Նախագահ ու միլիարդատեր, քաղաքապետ ու եպիսկոպոս․ ովքեր 2025-ին հայտնվեցին մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.12.2025 | 21:30Սերժ Սարգսյան, Դիանա Գասպարյան, Սեյրան Օհանյան, Հովիկ Աբրահամյան, Սամվել Կարապետյան և այլք․ բոլորը 2025 թվականին հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում, հրապարակվեցին աղմկահարույց տեսագրություններ և ձայնագրություններ, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ սկանդալների կենտրոնում հայտնվեցին հոգևորականներ։ Factor TV-ն ներկայացնում է 2025 թվականին քրեական քրոնիկոնում հայտնված դեպքերն ու դեմքերը։
Դիզվառելիքի գործով 2024 թվականին արդարացված Սերժ Սարգսյանը 2025-ին ներգրավվեց երկու նոր գործով։ Մարտին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց միանգամից 23 դրվագով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով:
«Էն իշխանությունը, էն կառավարիչները, ովքեր երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ փորձում են մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ»,- մեղադրանքը մեկնաբանեց Սարգսյանը։
Արդեն նոյեմբերին նոր մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով։ Սերժ Սարգսյանն այս պահին ազատության մեջ է։
Հունիսին քրեական հետապնդում սկսվեց միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ։
«Ես միշտ եղել եմ հայ ժողովրդի, հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ ասել էր Սամվել Կարապետյանը։
Վերջին արտահայտության համար Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով։ Նա մնում է կալանքի տակ, զուգահեռաբար, նոր մեղադրանքներ են առաջադրվում փողերի լվացման, հարկեր չվճարելու հոդվածների հատկանիշներով։ Գործը նախաքննության փուլում է։
Փաշինյան-Մայր Աթոռ՝ գնալով թեժացող հեռակա հակամարտությանը զուգահեռ՝ բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող մի շարք ձայնագրություններ և տեսագրություններ հրապարակվեցին։ Ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրյալի աթոռին հայտնվեցին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու ևս 17 անձ։
Գալստանյանի շուրջ աղմուկը չէր հանդարտվել, երբ ևս մեկ հոգևորական մեղադրյալի աթոռին հայտնվեց․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածի հատկանիշով։ Ընդամենը 10 նիստով դատավորը վճռեց Աջապահյանին 2 տարով ազատազրկել։
Օրինական հավաքներին խոչընդոտելու կամ հարկադրելու և ընտրական իրավունքը խոչընդոտելու հոդվածի հատկանիշներով կալանքի տակ է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը․ կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը հարցազրույցի ժամանակ ասել էր, թե իրեն պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին։
Իսկ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութեր հայտնվեցին սոցցանցերում։ Եվ մինչ փորձաքննություն էր ընթանում՝ պարզելու, թե ով է տեսագրություններով երևացող անձը, ով է տեսախցիկ դրել և համացանց ներբեռնել, զուգահեռ, հոգևորականին մեղադրանք առաջադրվեց․ հիմքում 7 տարի առաջ կաթողիկոսի հեռացման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նրան վերագրվող դրվագն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում։ Այս գործով հոգևորականը կալանավորվեց։
Հունիսին ձերբակալվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը․ նրան վերագրվեց փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մի քանի դրվագ։ Աբրահամյանի նկատմամբ սկզբում կիրառվեց տնային կալանք, հետո այն փոխվեց վարչական վերահսկողություն խափանման միջոցով։
Մայիսի 15-ին հրաժարական ներկայացրեց Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը․ ասաց՝ ցանկանում է իրեն նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին։ Այս հայտարարությունից երկու ամիս անց հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել։ Գործն առնչվում է ապօրինի շինարարության շուրջ նրա ընտանիքի հետ կապվող սկանդալին։
Տևական ժամանակ լռությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն տարեվերջին մանրամասներ հայտնեց գործից։ Ըստ իրավապահների՝ Գասպարյանը, ամուսինը, սկեսրայրի ու սկեսուրի օգնությամբ չարաշահել է իշխանական և ծառայողական լիազորությունները՝ վնաս հասցնելով պետության ու համայնքի շահերին, իսկ նրա և մերձավորների գործողություններում արձանագրվել էր առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Գործն ուղարկվել է դատարան։
2025-ին հինգ պատգամավոր զրկվեց անձեռնխելիությունից։ Մարտին ընդդիմադիր երկու պատգամավորի հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եկավ Ազգային ժողով։ Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին վերաբերող միջնորդության հիմքում դատախազը դրել էր ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջին, ինչպես նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացմանը վերաբերող մեղադրանքը։ Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տարոն Մարգարյանին առնչվող քրեական գործը վերաբերում է 2 դպրոցի և 1 մանկապարտեզի տարածքներն ապօրինաբար օտարելուն, պաշտոնեական դիրքը չարաշահելուն և փողերի լվացմանը։
Չորս ամիս անց Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ-ում էր, այս անգամ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի հարցով, միջնորդությունները վերաբերում էին նույն գործին։ Ըստ դատախազի՝ Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ Մինասյանը՝ պաշտոնական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելու համար՝ կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես, նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է՝ ըստ Դատախազության։
Մեկ օր անց Աննա Վարդապետյանի միջնորդության հետևանքով մանդատից զրկվեց նույն խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Նրան մեղադրանք առաջադրվեց ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու հոդվածներով: Մեղադրանքը վերաբերում է Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի գործին։
Սարգսյանը զրկվեց ինչպես անձեռնմխելիությունից, այնպես էլ՝ ազատությունից։ Գործն այսօր դատարանում է։
Տարին բավական լարված անցավ Գյումրիում․ ապրիլին համայնքի ղեկավար ընտրված Վարդան Ղուկասյանն իրավապահների տեսադաշտում հայտնվեց հոկտեմբերին ու մեկ ամսվա ընթացքում միանգամից երեք մեղադրանք «վաստակեց»։ Հոկտեմբերին համայնքապետարանը շրջափակվեց ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ ժամեր անց Ղուկասյանը ձերբակալվեց։ Գաղտնալսման ձայնագրություն հրապարակվեց, և նա մեղադրվեց 4 մլն դրամի չափով կաշառք պահանջելու համար։
Օրեր անց նրան նոր մեղադրանք առաջադրվեց, այս անգամ՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ անելու հոդվածով։ 3-րդ մեղադրանքը դատական նիստերի դահլիճում Ղուկասյանի և նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի հայհոյախառն արտահայտություններին է առնչվում։ Երկուսն էլ այսօր կալանավորված են։
Անցնող տարում երկրորդ անգամ մեղադրյալի աթոռին հայտնվեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող գործով։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով դատարանի առջև կանգնած նախկին նախարարն այսօր նաև մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հոդվածների հատկանիշներով։ Քերոբյանն ազատության մեջ է, դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։
2025-ին ևս բարձրաստիճան մի քանի զինվորականներ հայտնվեցին իրավապահների թիրախում․ ապրիլին ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք։ Գործը վերաբերում է Ռուսաստանից 4 մլրդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարմանը։
Տարեսկզբին ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության մեղադրանք առաջադրվեց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Նա սկզբում կալանավորվեց, ապա գրավի դիմաց ազատ արձակվեց։
Արդեն տարեվերջին կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով նոր մեղադրանք առաջադրվեց Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ Նրա մասով հայտարարվեց միջպետական հետախուզում։
Ապրիլի վերջին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնվեց սկանդալի կենտրոնում․ նա հենց տեսախցիկների առաջ բռունցքներով հարվածեց ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ավելի ուշ Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում գրեց, գործի նախաքննությունն այս պահին ավարտված է։
2025 թվականին հրաժարական ներկայացրեց նաև Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Մկրտչյանն իշխող կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին խմբով ծեծի է ենթարկել։ Նա կալանքի տակ մնաց երկու ամիս, ինչից հետո խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։
Քրեական այս գործերով հիմնական զարգացումները սպասվում են 2026-ին․ գործերի մեծ մասը կարող է հասնել դատարան, իսկ մեղադրյալները կնստեն արդեն ամբաստանյալի աթոռին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան