«Թրամփի ուղին» առևտրի ու հնարավորությունների նոր դարաշրջան է բացում Հայաստանի և տարածաշրջանի համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Քաղաքականություն
09.12.2025 | 12:01
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում հանդես է եկել ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին ելույթով։
«Նա ընդգծեց օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումները, մասնավորապես՝ խաղաղության ճանապարհին գրանցած առաջընթացը և «Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը, որը կապուղիների, առևտրի ու հնարավորությունների նոր դարաշրջան է բացում Հայաստանի և տարածաշրջանի համար։
Վերահաստատելով Հայաստանի հետ ամուր երկկողմ հարաբերությունների մեր տեսլականը և Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առաջատար՝ մենք էներգետիկ անվտանգության, առաջադեմ տեխնոլոգիաների, սահմանների արդիականացման նոր նախաձեռնությունների և ներդրումների միջոցով զարկ կտանք ընդհանուր բարեկեցությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Դեսպան Քվինի ելույթի սղագրությունը՝ ստորև․
Օգոստոսի 8-ի գագաթնաժողովի դերակատարումը Հայաստանի ներուժի բացահայտման հարցում
Բարև ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել այսօր։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ հանդես գալ ձեր առաջ և ներկայացնել վերջին տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված պատմական առաջընթացը։
Թույլ տվեք սկսեմ մի կարևոր դիտարկմամբ․ հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խորն ու ամուր են, քան երբևէ։
Սկսեմ 2025թ․ հունվարից, երբ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը մեկնարկեցին ռազմավարական գործընկերություն, որը երկկողմ հարաբերությունների շրջանակի ու հավակնությունների նշանակալի վերընթաց էր նախանշում։
Ամերիկյան դիվանագիտական շրջանակներում ռազմավարական գործընկերության կարգավիճակը վերապահված է այն երկրներին, որոնց հետ ունենք սերտ բարեկամություն և գործընկերություն։ Այս կարգավիճակով սահմանվում են երկկողմ հարաբերությունների շրջանակային տիրույթն ու մեխանիզմները և սա ի ցույց է դնում, որ մենք այդ երկրի հետ աշխատում ենք որպես հավասար՝ խթանելով երկուստեք շահեկան հարաբերություններ։
Ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր։
Նախագահ Թրամփի հեռատես ղեկավարության ներքո մենք մեծ քայլեր ենք կատարել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային խաղաղության և կայունության ասպարեզում, որն ընդամենը մի տարի առաջ կարող էր անհնար թվալ։
Օգոստոսի 8-ի գագաթնաժողովում նախագահ Թրամփը հյուրընկալեց վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, և դա դարձավ մեր հարաբերություններում բեկումնային կետ, որտեղից հետդարձ այլևս չկա։
Համարձակ ու ստեղծարար դիվանագիտության շնորհիվ կողմերի վարչակազմերը հաջողության է հասել այնպիսի մարտահրավերների կարգավորման հարցում, որոնք տասնամյակներ շարունակ կանխել են առաջընթացը։ Այս առաջընթացը շահեկան կլինի Կենտրոնական Ասիայի երկրներից սկսած մինչև Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Սակայն ոչ մի երկրի համար դա այնքան շահեկան չէ, որքան Հայաստանի համար։
Օգոստոսի 8-ի պատմական գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապես համաձայնեցված տեքստը։ Միացյալ Նահանգները եռանդուն աջակցում է համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը և մենք կշարունակենք աշխատել այս նպատակին հասնելու ուղղությամբ։
Կարևոր է հիշատակել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը, որտեղ որպես վկա իր ստորագրությունը դրեց նաև նախագահ Թրամփը․ այն հաստատում է միջազգային սահմանների անխախտելիությունը՝ համաձայն Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագրի և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անընդունելիությունը։ Այս հանձնառությունը ոչ միայն թեթևացնում է վախի բեռը ՀՀ քաղաքացիների համար, այլ հավաստիացում է միջազգային ներդրողների համար՝ Հայաստանի կայուն ու ընդլայնվող գործարար միջավայրի վերաբերյալ։
Համատեղ հռչակագրով նաև ձևավորվեց «Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման և խաղաղության» նախագիծը։ «Թրամփի ուղու» ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ և նորից կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ։ «Թրամփի ուղին» ոչ միայն նպաստում է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը, այլ նաև տալիս է Հայաստանին հնարավորություն ընտրելու գործընկերներ արտահանման, ներմուծման ու համատեղ նախաձեռնությունների համար։ Ընտրության այս ազատությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է բանակցել ամենանպաստավոր պայմաններով կոմերցիոն պայմանավորվածությունները, ինչը շահեկան կլինի Հայաստանի բիզնեսի և սպառողների համար։
Ավելին, օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը Հայաստանի հետ ստորագրեց փոխըմբռնման 3 հուշագիր, որոնցից յուրաքանչյուրը նախանշում էր մեր երկկողմ հարաբերությունների տեսլականը և Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առաջատար։
Փոխըմբռնման հուշագրերը երկու հիմնական ուղղվածություն ունեն՝ բիզնես և անվտանգություն, որոնք շատ առումներով միմյանց փոխլրացնում են։ Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ հուշագրերի իրականացման ուղղությամբ արդեն իսկ առկա է նշանակալի առաջընթաց։
Առաջին փոխըմբռնման հուշագիրը միտված է էներգետիկ անվտանգության շուրջ համապարփակ երկկողմ գործընկերությանը։
Այն նպատակ ունի մեծացնել Հայաստանի էներգետիկ դիմակայունությունը՝ արդիականացնելով ու ընդլայնելով արտադրությունը։
Հայաստանի էներգետիկ անվտանգության առանցքային գործոններից են քաղաքացիական միջուկային էներգետիկայի մասով կարողությունները։ Այս նպատակով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բանակցություններ են վարում այսպես կոչված «123 համաձայնագրի» շուրջ, որը Միացյալ Նահանգներին թույլ կտա Հայաստան արտահանել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։
Այս համաձայնագիրը կնպաստի համագործակցությանը, քանի որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի միջուկային ռեակտորից ժամանակակից, ճկուն համակարգերի անցում կատարելու հեռանկարը։
Միացյալ Նահանգները, լինելով միջուկային էներգիայի ժամանակից արդյունաբերության ոլորտի առաջատար, Հայաստանին առաջարկում է միջուկային էներգիայի ապահով և անվտանգ շահագործման ապահովման և էներգետիկ անկախության բազմաթիվ հնարավորություններ ապագայի համար։
Էներգետիկ անվտանգության շուրջ մեր գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, ցանցի արդիականացմանը և բիզնեսի ու համայնքների համար հուսալի էներգիայի մատակարարումներին։
Երկրորդ փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է կիսահաղորդիչների մատակարարման շղթային և արհեստական բանականության զարգացմանը։
Այս ջանքերը կօգնեն ստեղծել բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր և թափ կհաղորդեն Հայաստանի աշխույժ նորարարական էկոհամակարգին։ Դրանց շնորհիվ Հայաստանը կհաստատվի որպես տարածաշրջանային առաջատար առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում։
Ապահովելով մատակարարման շղթաները՝ մենք գլոբալ խափանումներից կապահովագրենք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը և կապահովենք նրա աճն ու հուսալիությունը։
Այս հուշագրի ներքո գրանցված ուշագրավ զարգացումներից մեկը ԱՄՆ առևտրի դեպարտամենտի վերջերս արած հայտարարությունն էր արհեստական բանականության ոլորտի Firebird ամերիկյան ընկերությանն անհրաժեշտ ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տալու մասին։ Firebird-ը հայտարարել է Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարելու մասին, որի շրջանակում գործակցելու է ամերիկյան Dell և NVIDIA ընկերությունների հետ։
Այս նախագծով Հայաստանը կդառնա առաջադեմ հաշվարկային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար և կաջակցի փոքր տեխնոլոգիաների ինտեգրմանը արտադրության մեջ, լոգիստիկ և հանրային ծառայությունների ոլորտում՝ դառնալով թվային նորարարությունների տարածաշրջանային կենտրոն։
Փոխըմբռնման 3-րդ հուշագիրն առնչվում է Հայաստանի սահմանների անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը ՝ աջակցելով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Իրականացման ուղղությամբ առաջին քայլը եղել է ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության փորձագետների վերջերս կատարած այցը, որի ընթացքում կատարվել է Հայաստանի մաքսային և սահմանային հսկողության նախնական գնահատում, որը կհուշի հետագա համագործակցության ընթացքը։
Բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի արդիականացումն ու ժամանակակից ենթակառուցվածքներն ուղղակիորեն նշանակում է ավելի քիչ ծախսեր և ձգձգումների նվազեցում։
Մենք նաև հանձնառու ենք աշխատել միասին՝ ամրապնդելու Հայաստանի կիբերանվտանգությունն ու կիբերպաշտպանությունը, և արդեն իսկ այստեղ ընդունել ենք մի քանի փորձագիտական խմբերի՝ լավագույն փորձը և կարողությունները ներկայացնելու համար։
Տրանսպորտային ենթակառուցվածքների շուրջ մեր աշխատանքը սկսվում է «Թրամփի ուղու» շրջանակում, սակայն այն սոսկ դրանով չի սահմանափակվում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը Արևելք-Արևմուտք կոմերցիոն օղակներում։
Իրականացման ուղղությամբ մեկ այլ ձեռքբերում էր վերջերս արված հայտարարությունը Միացյալ Նահանգների կողմից 145 միլիոն ԱՄՆ դոլար նոր ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այս միջոցների գերակշիռ մասը կուղղվի «Թրամփի ուղու» աշխատանքներին և սահմանների անվտանգության և կառավարման բարելավմանը։
Այժմ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ ձևավորելու «Թրամփի ուղու» և հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցներ։
Առաջինը՝ ձևավորվում են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի ու «Թրամփի ուղու» իրականացումը։ Աշխատանքային խմբերն արդեն ստեղծվել են, և մինչև տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։
Երկրորդը՝ «Թրամփի ուղու» պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույցի ձևավորումն է։ Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ և սպասում ենք առաջընթացի մասին լուրերի։
Գործարար համայնքին ուզում եմ ասել, որ մեր ջանքերն ու դրանց շրջանակը չի սահմանափակվում սոսկ վերջին համաձայնությունների շրջանակում ձևավորված հնարավորություններով։
Ուզում եմ ՀԱԱՊ-ի անդամներին հորդորել, որ ուշադրության կենտրոնում պահեք ու դիտարկեք մեր նոր գործընկերության շրջանակում ձևավորված հնարավորությունները, և կիսվեք մեզ հետ նոր գաղափարներով։
Որպես գործարար համայնքի անդամ դուք կարևորագույն դերակատարում ունեք մեր ընդհանուր տեսլականի իրագործման և Հայաստանի՝ որպես Արևելք-Արևմուտք կոմերցիոն կենտրոնի կայացման հարցում։
ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ձեզ հետ աշխատել՝ լիարժեք իրացնելու այն ներուժը, որ ի հայտ է եկել 2025 շրջադարձային առաջընթացի տարում։
Նախորդ տարում բացված հնարավորությունները օգտագործելու պահն հենց հիմա է։ Ես սիրով կաշխատեմ ձեզնից յուրաքանչյուրի հետ, որպեսզի 2026-ը լինի նույնիսկ ավելի ազդեցիկ։
Շնորհակալություն։