Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ հետաքննությունը կշարունակվի. փողերի լվացման ու 7 մլրդ դոլարի ակտիվների սառեցման որոշումը չի չեղարկվել
Քաղաքականություն
24.11.2025 | 13:26
Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի փաստաբանները ձախողվել են փողերի լվացման կասկածանքով հարուցված քրեական գործի քննությունը կարճելու և ավելի քան 7 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվների սառեցման որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ դատական վեճում։ Այս մասին են վկայում հրապարակված դատարանի որոշումները։
Մեծ Բրիտանիայի ինքնակառավարվող Ջերսի կղզում անցկացված հետաքննությունը կշարունակվի, և ակտիվների սառեցումը կմնա ուժի մեջ, OCCRP-ին հայտնել է գլխավոր դատախազի խոսնակը։
Աբրամովիչին Ջերսիում որևէ հանցագործության մեղադրանք չի առաջադրվել։ Նրա փաստաբանները նշել են, որ նա հերքում է «որևէ հանցավոր գործունեության մեջ ներգրավվածությունը», և որ հետաքննություն սկսելու որոշումը «կայացվել է քաղաքական նպատակներով և Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունից հետո Ջերսիի հեղինակությունը բարձրացնելու համար»։
Հետաքննության և դրան առնչվող դատական գործընթացների մանրամասները մեծ մասամբ գաղտնի էին մինչև այս շաբաթ, երբ Ջերսիի դատարանները հրապարակել են տասնյակից ավելի որոշումներ, որոնցից մի քանիսը կայացվել են ավելի քան մեկ տարի առաջ։ Դատական փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես Աբրամովիչը և նրա չորս ամենամտերիմ գործընկերները 2016 և 2017 թվականներին ստացել են «բարձր զուտ կարողություն ունեցող ռեզիդենտի» կարգավիճակ՝ Ջերսիի կառավարության ծրագրի շրջանակում, որը նպատակ ուներ ներգրավել «գերբարձր զուտ կարողություն ունեցող անձանց»՝ իրենց հարստությունը Ջերսի տեղափոխելու համար։
Ըստ դատարանի որոշումների՝ ռուսաստանցի միլիարդատերը երբեք չի բնակվել Ջերսիում, սակայն այնտեղ են տեղափոխվել երկու տրաստներում պահվող ակտիվները, որոնք ապահովել են նրա եկամուտը, այդ թվում՝ 2021 թվականին ավելի քան 7 միլիարդ դոլարի ակտիվներ։
Հաջորդ տարվա ապրիլին, Ջերսիի կողմից Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց մեկ ամիս անց, գլխավոր դատախազը ստացել է այդ ակտիվները սառեցնելու մասին որոշում։ Նշվում է, որ այն տրվել է փողերի լվացման ենթադրյալ հանցագործությունների և պատժամիջոցների խախտումների վերաբերյալ ընթացիկ հետաքննություններին աջակցելու համար։ Ջերսիի կառավարությունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։
Համաձայն վերջերս հրապարակված դատարանի որոշումների՝ Ջերսիի քննիչները սկսել են հետաքննությունը՝ իմանալով Աբրամովիչի կողմից ավելի քան տասը տարի առաջ անգլիական առանձին դատական գործի ընթացքում արված հայտարարությունների մասին, որոնք ենթադրում էին, որ նա կոռուպցիայի միջոցով ձեռք է բերել նավթային ընկերության բաժնետոմսեր։ Այդ գործում, որն ավարտվել է 2012 թվականին, Բարձրագույն դատարանի դատավորը նշել է, որ Աբրամովիչը խոստովանել է, որ 1990-ականներին կատարել է «մեծ կանխիկ վճարումներ»՝ անփոխարինելի քաղաքական հովանավորություն և ազդեցություն ստանալու համար, ինչը նրան թույլ է տվել պահպանել ռուսական «Սիբնեֆտ» նավթային ընկերության նկատմամբ վերահսկողությունը: Աբրամովիչը 2005 թվականին վաճառել է «Սիբնեֆտ»-ի բաժնետոմսերը 13 միլիարդ դոլարով, ստացված միջոցները հետագայում տեղափոխվել են Ջերսի։
Աբրամովիչի փաստաբանները նշել են, որ իրենց պաշտպանյալը «հերքում է ցանկացած ենթադրություն, որ իր հարստությունը ձեռք է բերվել կոռուպցիայի միջոցով»: Նրանք նշել են, որ Անգլիայի Բարձրագույն դատարանի 2012 թվականի որոշումը չպետք է այդպես մեկնաբանվի, և որ այն «չի եզրակացնում, որ մեր հաճախորդը խախտել է որևէ օրենք իր գործարար գործարքների վերաբերյալ, և մեր հաճախորդի կողմից կոռուպցիայի որևէ դեպք չի հայտնաբերվել»:
2023 թվականի վերջին Աբրամովիչը դիմել է գլխավոր դատախազի կողմից իրեն հետաքննելու որոշման դատական վերանայման համար: Նա պնդել է, որ 2017 թվականին իրեն բնակության թույլտվություն տրամադրած պաշտոնյաներն այդ պահին տեղյակ էին «Սիբնեֆտ»-ի գործով իր հայտարարությունների մասին, և որ Ջերսիի՝ 2017 թվականին իրեն բնակության թույլտվություն տրամադրելու որոշումը միանշանակ երաշխիքներ է տվել, որ իր ակտիվները ողջունելի են և չեն հետաքննվի:
Սակայն Ջերսիի թագավորական դատարանն անցյալ տարի մերժել է Աբրամովիչի գործը՝ պարզելով, որ Աբրամովիչի դիմումի ստուգմանը մասնակցած նախկին գլխավոր դատախազը տեղյակ չէր Աբրամովիչի՝ «Սիբնեֆտ»-ի վերաբերյալ մեկնաբանություններից: Աբրամովիչի փաստաբանները, սակայն, նշել են, որ նախկին գլխավոր դատախազը «պետք է… լիովին տեղյակ լիներ» 2012 թվականի Անգլիայի Բարձրագույն դատարանի գործից, քանի որ այն հրապարակայնորեն հասանելի էր առցանց:
Դատարանը նաև որոշել է, որ Ջերսիի գլխավոր նախարարը, որը հաստատել էր Աբրամովիչի բնակության դիմումը, իրավասություն չուներ երաշխավորելու դիմորդներին, որ նրանք ապագայում չեն ենթարկվի հետաքննության, և որ կառավարությունն ու գլխավոր դատախազի գրասենյակը գործում են միմյանցից անկախ։ Ջերսիի վերաքննիչ դատարան ներկայացված հետագա բողոքը մերժվել է այս տարվա հունիսին։
Առանձին դատավարություններում Ջերսիի դատարանը հուլիսին կառավարությանը «վերջին հնարավորություն է տվել՝ բավարարելու» Աբրամովիչի փաստաբանների կողմից 2023 թվականի ապրիլին ներկայացված տվյալների սուբյեկտների մուտքի հարցումները, որոնք փորձում էին պարզել, թե կառավարությունն ինչ տեղեկություններ է պահում նրա մասին։
Աբրամովիչի փաստաբանները մեղադրել են Ջերսիի կառավարության պաշտոնյաներին դավադրության և անբարեխղճության մեջ՝ կապված հարցումներին իրենց պատասխանների հետ, այն բանից հետո, երբ պաշտոնյաները խուզարկել են էլեկտրոնային փոստի արխիվը: Փաստաբանները OCCRP-ին ասել են, որ Ջերսիի պաշտոնյաները «հրաժարվել են պարոն Աբրամովիչին տրամադրել նրա անձնական տվյալները 2016-2020 թվականների համար՝ Ջերսիի տվյալների պաշտպանության օրենքների անօրինական խախտմամբ»:
Ջերսիի թագավորական դատարանի դատավորը որոշել է, որ կառավարության կողմից մուտքի հարցումների կատարման մեջ եղել են «թերություններ» և կառավարության դատական գործընթացը որակել է որպես «լիովին անհիմն» և «անսովոր ցանկացած դատավարողի, առավել ևս՝ պաշտոնատար անձի համար»:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի