Այսօրվա այցն ունի պատմական կարևորություն, և մենք քննարկումների ընթացքում անդրադառնում ենք մեր բոլոր նպատակներին․ Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Քաղաքականություն
21.11.2025 | 17:13
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարության սղագրությունը՝ ստորև․
Մեծարգո վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ընդունել է իմ հրավերը և պաշտոնական այցով այցելել է Ղազախստան։ Այսօրվա այցն ունի առանձնահատուկ կարևորություն, պատմական կարևորություն, և մենք այսօրվա այցի քննարկումների ընթացքում անդրադառնում ենք մեր բոլոր նպատակներին։ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հուսալի և վստահելի գործընկեր, և մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանի և հայ ժողովրդի համար Ղազախստանը միշտ սերտ և մոտ երկիր է եղել, և մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը և ավանդույթները։ Այդ արժեքների վրա մենք կառուցում ենք մեր բազմակողմ համագործակցությունը։
Մենք մտադիր ենք շարունակել զարգացնել փոխադարձ շահավետ համագործակցությունը։ Իմ պաշտոնական այցն անցած տարի Հայաստանի Հանրապետություն, դրա արդյունքները, ինչպես նաև այսօրվա այցի շրջանակներում բանակցությունների արդյունքները վկայում են այդ հարաբերությունների մասին։ Հայաստան-Ղազախստան հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն: Դրա շրջանակներում մենք համատեղ հայտարարություն ենք ստորագրել, և այս այցի շրջանակներում էլ ավելի են լավարկվել երկու երկրների միջև հարաբերությունները, նոր ճանապարհներ են բացվել, նոր փուլեր են բացվել համագործակցության համար:
Այդ առիթով թույլ տվեք ընդգծել մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի դերակատարումը՝ հանուն Հայաստան-Ղազախստան հարաբերությունների զարգացման:
Մեծարգո պարոն վարչապետ, Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ, հեռատես առաջնորդ և քաղաքական գործիչ: Հաշվի առնելով Ձեր դերը՝ այսօր ես մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով եմ պարգևատրել։ Այս քայլը հանդիսանում է նշան մեր երկրների միջև բարեկամության, ինչպես նաև վկայում է այն մասին, որ մենք ձգտում ենք հետագայում նույնպես խորացնել մեր փոխադարձ կապերը։
Ես բարձր եմ գնահատում այսօրվա բովանդակալի բանակցությունների արդյունքները: Մենք կիսվեցինք և առանձնահատուկ կարևորություն տվեցինք տարբեր հարցերի, փոխադարձ առևտրատնտեսության և ներդրումային համագործակցության թեմաներին, ինչպես նաև պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել, որպեսզի ընդլայնվի առևտրաշրջանառությունը: Անցած տարի ղազախական արտահանումը Հայաստան գերազանցել է 350 մլն դոլարը: Մենք էլ, իհարկե, ցանկանում ենք աջակցել Հայաստանի տնտեսությանը, և համաձայնել ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացնենք ներդրումային համատեղ ծրագրեր, կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի ընդլայնվեն և լավարկվեն բիզնես համայնքների միջև հարաբերությունները: Ինչպես գիտեք, ղազախա-հայկական աշխատանքային խումբը պետք է նպաստի այդպիսի փոխադարձ շահավետ ծրագրերի իրականացմանը։
Մենք կարող ենք զարգացնել մեր գործընկերությունը արդյունաբերության, տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, թվայնացման, տրանսպորտի և այլ ոլորտներում: Այդ թվում՝ մենք առանձնահատուկ կարևորություն ենք տվել տրանսպորտային և տրանզիտ հնարավորություններին: Նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություն է ստեղծում, որպեսզի ամրապնդվի երկկողմ տարածաշրջանային համագործակցությունը։ Ղազախստանն աջակցում է Հայաստանի Հանրապետության նախաձեռնությանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Եվ մենք նաև ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIPP՝ խաղաղության և բարգավաճման միջազգային «Թրամփի ուղի» նախագծին։ Այսպիսի նախագծերը, հյուսիս-հարավ նախագիծը, ինչպես նաև «Միջին միջանցքի» նախագիծը համապատասխանում են երկու երկրների շահերին: Հետևաբար՝ տրանսպորտային համագործակցությունը կբացի մեծ հնարավորություններ երկու երկրների համար։
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև Ադրբեջանի ղեկավարությանը, որ հնարավորություն է տվել Հայաստանին ուղիղ առևտուր իրականացնել՝ օգտվելով Ադրբեջանի տարածքից: Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարվել ղազախական հացահատիկը, հացահատիկի առաջին տոննան։ Սա շատ կարևոր քաղաքական և տնտեսական նշանակություն ունի։ Մենք պայմանավորվել ենք ամրապնդել նաև մեր փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և ապահովել կայուն մատակարարումներ։ Այս ուղղությամբ աշխատելով՝ մենք համաձայնել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել: Հիմնական առաջադրանքներից մեկն էլ այն է, որպեսզի ուղիղ չվերթներ հաստատվեն Երևանի և Աստանայի միջև: Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ, և հուսով եմ, որ մոտակա ժամանակներում արդեն համապատասխան քայլեր կձեռնարկվեն:
Ինչ վերաբերում է արհեստական բանականության թեմային, դա նույնպես շատ կարևոր է Ղազախստանի համար, որովհետև Ղազախստանում թվայնացումը շատ արագ և դինամիկ է զարգանում: Այդ առումով, Հայաստանը նույնպես էական հաջողությունների է հասել: Այս ոլորտը հանդիսանում է նոր լոկոմոտիվ, որը հնարավորություն կտա խթանել երկու երկրների տնտեսության զարգացմանը: Մենք համաձայնության ենք եկել փոխանակել մեր փորձը, երբ խոսքը գնում է արհեստական բանականության, տեխնոլոգիաների և թվայնացման մասին։ Մենք նաև խոսել ենք համատեղ ծրագրերի իրականացման մասին: Մեծարգո պարոն Փաշինյանի հետ միասին ուրախ կլինենք ծանոթանալ տարածաշրջանում մի մեծ ՏՏ ոլորտի հանգույցին: Մյուս տարի կստեղծվի «Թումո Աստանա» կազմակերպությունը:
Նաև կրթության ոլորտում քննարկել ենք զարգացման հիմնական ուղղությունները: Ուսանողների փոխանակման համար միջկառավարական համաձայնագրեր ենք ստորագրել, որոնք շատ կարևոր են նույնպես: Երկու երկրների միջև մեծ է պոտենցիալը նաև համագործակցելու առողջապահության ոլորտում: Մենք համաձայնեցրել ենք անցկացնել Հայաստանում` Ղազախստանի, Ղազախստանում` հայկական բժշկության օրեր:
Նաև, իհարկե, քննարկել ենք հարցեր, երբ խոսքը գնում է մշակութային, մարդասիրական հարցերի մասին։ Անցած տարի Աստանայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: Այս տարի նույնը կազմակերպվել է նաև Երևանում: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում բացվել է պուրակ մեծն մտածող Աբայի անունով: Իսկ այսօր Աստանայում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը: Այսպիսով՝ մենք արտահայտում ենք մեր երկու ժողովրդների հոգևոր սերտությունը: Սա արտահայտում է հարգանք մեր երկու երկրների ազգային գործիչների նկատմամբ:
Հարգելի տիկնայք և պարոնայք, այսօր կարծիքներ ենք փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Մենք ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումները տարբեր բարդ հարցերի շուրջ համընկնում են: Մենք ձգտում ենք ամրապնդել այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերը, նախագահ Դոնալդ Թրամփի դերը նույնպես հաշվի առնելով և նրա պլանը հաշվի առնելով, որը ես նույնպես աջակցում եմ, այն քայլերը, որոնք ձեռնարկվում են հանուն արդյունքների հասնելու: Այդ իսկ իմաստով Ղազախստանը նաև բարձր է գնահատում Հայաստան-Ադրբեջան ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը միայն լավ շարունակություն ունենա և մենք միշտ ուրախ կլինենք աջակցել այդ գործընթացին։ Եվս մեկ անգամ այսօրվա բանակցությունների ընթացքում դա հաստատեցի և այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել մեծարգո պարոն վարչապետի պատմական դերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանուն կայուն խաղաղության ։
Մեծարգո պարոն վարչապետ, Ձեր հեռատես քայլերը, Ձեր խիզախ քայլերը՝ հանուն կայունության և խաղաղության Հարավային Կովկասում, արժանի են գովասանքի: Ձեզ հաջողություն եմ մաղթում այս շատ պատասխանատու աշխատանքում՝ հանուն Հայաստանի զարգացման, հանուն ձեր երկրի միջազգային հարթակներում հեղինակության բարձրացման: Ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում: Ղազախստանը պատրաստ է աջակցել Ձեզ, հայ ժողովրդին այս ճանապարհին: Թող Հայաստան-Ղազախստան հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեն: