Գաղտնի որոշումներով տրված 550 հազար դոլար. ինչի համար են բյուջեից վճարել Ազատյանի ՀԿ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.11.2025 | 21:00207 մլն դրամի դրամաշնորհ՝ «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին․ կառավարությունը 2020 թվականից հենց այդքան, այսինքն՝ շուրջ 550 հազար դոլար է տրամադրել կազմակերպությանը։
«Դա շատ կարևոր հետազոտություն է եղել կառավարության համար քաղաքականություններ մշակելու տեսակետից»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի կառավարությունը պետբյուջեից պատկառելի չափի գումարը տրամադրել է հինգ տարիների ընթացքում՝ գաղտնի որոշումներով և առանց մրցույթի։ Նշենք, որ ՀԿ-ի հիմնադիր Վարդան Ազատյանը 2024 թվականի մայիսի 24-ից մինչ այժմ զբաղեցնում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։
«Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, սա կարևոր պահ է ինձ համար»,- կառավարության նիստում հայտարարել էր Ազատյանը, երբ գործադիր մարմինը հաստատում էր ռեկտորի ընտրության արդյունքները։
Ազատյանի համար ևս մեկ կարևոր պահ, հավանաբար, 2025 թվականի հունվարի 30-ի նիստն էր, որտեղ նա նշանակվեց Հանրային խորհրդի անդամ։ Վարդան Ազատյանը հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ, երբ 2019 թվականին՝ հեղափոխության մեկամյակի առթիվ, հեղինակեց «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը։
«Մեր ակադեմիայում սովորող Էլենը, Ալիսան, Դավիթը վաղը պետք է դառնան Սարյանը, Ֆերմանյանը։ Ես հանձն եմ առնում մեծ պատասխանատվությամբ»,- ասել էր Ազատյանը։
Իսկ ի՞նչ հանձնառություն է ստանձնել Ազատյանը 2020–2025 թվականներին հարկատուների գրպանից ստացած միլիոնների դիմաց․ նրա հիմնադրած ՀԿ-ն Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հստակ պատասխաններ չի տրամադրել։ Փոխարենը առաջարկել են ուսումնասիրել modernities.am կայքէջում հրապարակված բովանդակությունը։ Այս ընդհանրական պատասխանից ենթադրելի է, որ կայքում տեղ գտած բոլոր հրապարակումներն են ստեղծվել պետական ֆինանսավորմամբ։
Factor TV-ն ուսումնասիրել է «Պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» հայեցակարգը։ Աշխատությունում կոչ է արվում վերանայել պետության մասին ավանդական ընկալումը՝ պետությունը դիտել ոչ թե որպես կորսվածը վերականգնելու իդեալական, սենտիմենտալ նպատակի, այլ որպես իր սահմանների մեջ ապրող մարդկանց կյանքի գործնական պայման, արդիականացման գործիք և մշակույթ ձևավորող իրականություն։
«Հարկ կա վերանայելու պետության՝ որպես կորսվածը վերականգնելու բաղձանքի մեր ավանդական ըմբռնումը և վերագնահատելու մեր քաղաքական արդիականացման պատմությունը պետության՝ որպես գործնականում ապրվող կյանքի արդիական պայմանի տեսակետից։ Այսպես պետությունը նախևառաջ ըմբռնվում է որպես իր սահմանների ներսում ապրող ժողովրդի՝ կյանքը գործնականում ապրելի դարձնելու եղանակների, նույնն է՝ մշակույթի արդիական պայման, այլ ոչ թե բաղձալի ինքնանպատակ»,- գրված է պետության կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում ստեղծված աշխատությունում։
Այս թեզը ավելի խոսակցական բառապաշարով «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանրությանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իրական Հայաստան» բանախոսության ընթացքում։
«Մի մարդ չորս զավակ ուներ, որոնցից Սասունը սպանության զոհ դարձավ, Վանը մահացավ հիվանդությունից, Արարատը՝ դժբախտ պատահարից։ Տունը, որտեղ ապրում էր չորրորդ որդու՝ Սևանի հետ, պարուրված էր այն երեքի բազմաթիվ նկարներով։ Սգից դառնացած մարդն ապրում էր իր կորուսյալ զավակների կարոտով և հաճախ չէր էլ նկատում Սևանի գոյությունը»,- «Իրական Հայաստան» բանախոսության ընթացքում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Թե՛ Ազատյանի հայեցակարգում, թե՛ Փաշինյանի ելույթում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ պետք չէ գնալ կորսված հայրենիքի հետևից։ Չնայած դրան՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Factor TV-ի հետ զրույցում վստահեցրել է, որ գումարները Ազատյանի ՀԿ-ին չեն տրվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ստեղծման և տարածման համար։
Թողնելով մասնագետների ուսումնասիրությանը, թե որքանով են Փաշինյանի և Ազատյանի մտքերն օգնում քաղաքացու և պետության կապի ամրապնդմանը՝ անդրադառնանք գումարների հատկացումների մեխանիզմներին։
550 հազար դոլարը Ազատյանի ՀԿ-ին տրվել է կառավարության գաղտնի որոշումներով, առանց մրցույթի։ Այս որոշումները գաղտնազերծվեցին այն բանից հետո, երբ Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ կառավարությանը և խնդրեց տրամադրել պետական բյուջեից հասարակական կազմակերպություններին տրվող գումարների չափն ու բաշխվածությունը։ Վարչապետի աշխատակազմը Factor TV-ին հայտնեց, որ որոշումների գաղտնազերծումը հնարավոր է դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։
«Որովհետև դա մի ժամանակաշրջան էր, որ մենք, ես կարևոր էի համարում, որ գաղտնի լինի, որպեսզի այդ թվում արտաքին ուժերը չտիրապետեն, թե ՀՀ-ն ինչ մտքերի վրա է աշխատում»,- պարզաբանել է Փաշինյանը։
Փաշինյանը մի ինքնատիպ պատասխան էլ ունի այն հարցին, թե ինչու այդօրինակ նախագծերի համար մրցույթներ չեն հայտարարվում։
«Այդ մրցույթների մասին օրինակը ես բերում եմ. օրինակ՝ քաղաքական որոշումը կայացնում եմ, որ պետք է ձեռք բերել Վան Գոգի նկարը, և մրցույթ է հայտարարվում, մեկ ուրիշը էժան այդ նկարը բերում է։ Մրցույթը կայացավ, բայց նպատակը՝ ոչ»,- ասել է ՀՀ վարչապետը։
Մինչ Փաշինյանը կարծում է, որ ուսումնասիրված չեն քաղաքացու և պետության հարաբերությունները և պետք է դեռ այդ նախագծերը բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնել․ հենց այսօրինակ գաղտնի որոշումներով են խզվում քաղաքացիների և պետության կապերը։
«Այսպիսով աղճատել են քաղաքացի-պետություն հարաբերությունները, որովհետև քաղաքացին պետք է իմանա, թե իր գումարներն ինչի վրա են ծախսվել։ Սա ՀՀ ներքին հարցերն են, հասարակությունը պետք է իմանար»,- կարծում է Արթուր Խաչատրյանը։
Ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վերջին տարիներին պետական համակարգում առանց մրցույթի գործարքները սկսել են էական կշիռ կազմել։ Ըստ նրա՝ բազմաթիվ դեպքերում կառավարությունը գնումներ է կատարում կամ դրամաշնորհ է տալիս առանց մրցույթի։ Փորձագետը հարց է հնչեցնում՝ ինչպես են որոշում, որ այդ կազմակերպությունը կարող է կատարել այդ աշխատանքը և ամենալավը կարող է անել։
Այս ֆոնին հիշարժան է նաև այն փաստը, որ Փաշինյանը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին դասախոսությունները իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպած «Կրթվելը նորաձև է» նախագծի շրջանակներում վարում է դարձյալ պետական ֆինանսավորմամբ։
Այս թեմայի առնչությամբ Factor TV-ի գրավոր հարցման շուրջ վարչապետի աշխատակազմը հրաժարվել է տեղեկություն տրամադրել։
Մանրամասները՝ ռեպորտաժում։
Նարեկ Կիրակոսյան