ՀՀ-ն չի չափում Գազպրոմի վաճառած գազի կալորիականությունը․ ռուսական գազի «50 երանգները»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 10:45
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից ստացված տեղեկության հիման վրա, ոստիկանները անօրինական միգրացիայի դեպք են բացահայտել
05.12.2025 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
05.12.2025 | 10:20
Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի ու այլ գերիների փաստաբանները Բաքվի դատարանին խնդրել են արդարացնել նրանց
05.12.2025 | 10:11
Նավթի գներն աճել են
05.12.2025 | 09:56
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն
05.12.2025 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.12.2025 | 09:26
Դատարանը քննում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ
04.12.2025 | 23:29
Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով
04.12.2025 | 23:18
Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg
04.12.2025 | 23:10
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 
04.12.2025 | 23:04
Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
04.12.2025 | 22:59
Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel
04.12.2025 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
04.12.2025 | 22:35
The New York Times-ը դատի կտա Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների համար
04.12.2025 | 22:24
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին
Բոլորը

Առօրյա առևտուր անելիս ինչի՞ն ենք ուշադրություն դարձնում․ ապրանքի գնին-որակին, հետևում ենք, որ ճիշտ կշռեն, հաշվում ենք փողը և հետո միայն վճարում։ Մինչդեռ Հայաստան պետությունը, առանց վերահսկողության տարեկան շուրջ 400 միլիոն դոլարի ապրանք է գնում՝ հիմնվելով վաճառողի «ազնիվ խոսք»-ի վրա։ Խոսքը Ռուսաստանից ներկրվող գազի մասին է։

Ինչքա՞ն գազ է ներկրում Հայաստանը Ռուսաստանից, ի՞նչ պայմաններով, ի՞նչ են հայտարարում պաշտոնյաներն ու ո՞վ չի կատարում իր պարտավորությունները․ այս հարցերի պատասխանները՝ Factor TV-ի ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ։

Ռուսական գազի «50 երանգները»

2018 թվականից ի վեր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի ծավալներն  ավելացել են շուրջ 18 %-ով, իսկ դրա դիմաց վճարվող գումարները՝ 37%-ով։ Եթե 2018-ին ներկրվել է 1․9 մլրդ խմ գազ, որի համար վճարվել է 291 մլն դոլար, ապա 2024-ին ներկրվել է 2․3 մլրդ խմ գազ, որի համար վճարվել է 398 մլն դոլար։

Թե ինչքան պետք է քաղաքացին վճարի գազի դիմաց՝ սակագինը սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ 2022 թվականից հետո հիմքում դնելով նաև Ռուսաստանից ներկրվող կապույտ վառելիքի գինը։

2013-ին կնքված հայ-ռուսական գազային համաձայնագրով ամրագրվել էր, որ մինչև 2019 թվականը ներկրվող ռուսական գազի գինը հաշվարկվում էր Ռուսաստանի Օրենբուրգի մարզում գազի գնի հիման վրա։ 2019-ին բանակցությունների արդյունքում որոշվեց կիրառել հատուկ բանաձև։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկել, ՀՀ-ի գազի գինը 165 դոլար 1000 խմ-ի համար, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, պահպանելու համար: Այստեղ ավելացել է պարզապես կալորիականության գործակից»,- 2022 թվականի մարտի 3-ի կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կալորիականությամբ վերահաշվարկելու դրույթն ամրագրվել է դեռ 2013-ի գազային համաձայնագրի մեջ, սակայն մինչև 2018 ժամանակավոր չի կիրառվել։ 

Կալորիականությունը գազի որակի առաջնային ցուցիչն է, ինչքան բարձր է կալորիականությունը, այնքան միավոր գազի այրումից ավելի շատ ջերմություն է ստացվում։

2018-ին Ռուսաստանը Հայաստանին 1000 խմ գազը վաճառում էր 150 դոլարով։ 2019-ին այն թանկացավ 15 դոլարով՝ սահմանին դառնալով 165 դոլար, բայց բնակչության համար պահպանվեց նախկին սակագինը, իսկ տարբերությունը փոխհատուցեց «Գազպրոմ-Արմենիան»։ 2022-ի մարտին ՀՀ կառավարությունը հայտարարեց, թե առաջիկա 10 տարիների համար այդ 165 դոլար գինը պահպանվելու է, փոխարենը՝ պարտավորվելով ապահովել «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող «Հրազդան-5» ՋԷԿ-ի շահութաբերությունը։ Խնդիրն այն է, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել վերադարձնել «Գազպրոմ»-ի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում կատարված ներդրումները և ապահովել ներքին եկամտաբերությունը։ Բայց ներդրումները չեն վերադարձվել, իսկ կայանի վերակառուցման համար գոյացած վարկային պարտավորություններն ավելացել են։

Եվ ահա, ինչպես երևում է նաև «Գազպրոմ-Արմենիայի» ֆինանսական հաշվետվություններից, 2022-ից սկսած կառավարությունն ամեն տարի ընկերությանը վճարում է 31,79 մլն դոլար՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայուն շահագործումն ապահովելու համար ։

2022-ի ապրիլի 1-ից արդեն կիրառվեց կալորիականությամբ ճշգրտելու բանաձևը և, փաստացի, Հայաստանն իր սպառած գազի դիմաց սկսեց ավելի շատ վճարել Ռուսաստանին։ Այսպես․ 165 դոլար/հազ.խմ գինը 7900 կկալ/խմ համար է, իսկ ռուսական գազի կալորիականությունը թե՛ մինչև 2022 թվականը, թե՛ դրանից հետո շատ ավելի բարձր է և տատանվում է 8300-8400 Կկալ-ի սահմաններում, հետևաբար՝ այդ 165 դոլար գինը՝ գազի փաստացի ջերմատվությամբ պայմանավորված, վերահաշվարկվում է և ստացվում է, որ 2022-ին 1000 խմ գազի համար վճարվել է 170․4 դոլար, 2023-ին՝ 173․4 դոլար, իսկ 2024-ին՝ 173․86 դոլար։ Կրկնենք՝ այս հավելյալ գումարի վճարումը նախատեսված է պայմանագրով՝ 7900-ից ավելի բարձր կալորիականության համար։ «Գազպրոմ Արմենիայի» հավաստմամբ՝ 2022-ին այն եղել է մոտ 8160 կկալ, 2023-ին՝ 8303 Կկալ, 2024-ին՝ 8324։

Ո՞վ և ինչպե՞ս է չափում կալորիականությունը և արդյո՞ք պետությունը վերահսկում է այդ գործընթացը։

Պարզվում է՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի կալորիկանությունը չափում է միայն ռուսական «Գազպրոմի» դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան»՝ առանց Հայաստանի պետական կառույցների մասնակցության։ Չափումները տեղի են ունենում Հայաստան-Վրաստան սահմանին՝ վրացական տարածքում տեղակայված «Կարմիր կամուրջ» գազի չափիչ հանգույցում․ «Գազպրոմ Արմենիան» բնական գազը գնում է հենց այդ կետում։

Այսպիսով՝ ինչ է ստացվում․ 2022-ից հետո սակագնի հաշվարկի հիմքում դրվում է նաև կալորիականության ցուցանիշը, սակայն Հայաստանի պետական որևէ կառույց այդ չափումներին չի մասնակցում։ Այսինքն՝ մենք վճարում ենք մի ապրանքի համար, որի որակի համապատասխանությունը ստուգում է վաճառող կողմը։   

Factor TV-ն Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից խնդրել էր տրամադրել սահմանի վրա Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի կալորիականության ցուցանիշները։ Մեզ ուղարկված պատասխանում էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող մարմինը տրամադրել է «Գազպրոմ Արմենիայի» կայքի հղումը, որտեղ միայն երկրի ներսում գազի կալորիականության տվյալներն են։ Դրանք ավելի ցածր են, քան սահմանին։ Մեր կրկնակի հարցմանը, թե Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինն ինքն իր սարքավորումներով չափո՞ւմ է Ռուսաստանից Հայաստան մատակարավող գազի կալորիականությունը, ստացել ենք պատասխան․ «Գազի ֆիզիկաքիմիական բաղադրիչների որոշումն իրականացվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ամեն օր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լաբորատորիայի տարածքում իրենց սարքավորումների միջոցով»։

Խոսքը «Գազպրոմ Արմենիա»-ի «Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի «Միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների լաբորատորիա»-ի մասին է, որի գործունեության հասցեն Երևանն է։ Այսինքն՝ հայ-վրացական սահմանին կատարվող չափումներին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը չի մասնակցում։  

Այդ գործընթացին չի մասնակցում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Factor TV-ն ՀԾԿՀ-ից պարզել է, որ նման գործառույթ Հանձնաժողովը չունի։

«Հանձնաժողովն իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ, այդ թվում՝ ներկրվող բնական գազի այրման ստորին ջերմությանն առնչվող տեղեկատվությունն իր սահմանած ձևերին համապատասխան յուրաքանչյուր ամիս ստանում է գազամատակարարման համակարգի լիցենզավորված ընկերություններից, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։ Ընդ որում, լիցենզավորված անձինք, իրենց լիցենզիայի պայմանների համաձայն, պատասխանատվություն են կրում հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների և այլ տեղեկատվության հավաստիության համար»,- Factor TV-ին հայտնել են ՀԾԿՀ-ից։

Գազի կալորիականություն չափող լիցենզավորված ընկերություններ են խոշոր սպառողները, օրինակ՝ Երևանի ՋԷԿ-ը, ջերմատներ, և այլն, սակայն դրանք չափում են իրենց ծախսած գազի ջերմատվությունը, իսկ սակագնի հիմքում, ինչպես արդեն նշել ենք, դրվում են «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած տվյալները։

Ամեն դեպքում՝ պատասխանատվության ենթարկելու համար նախ անհրաժեշտ է վերահսկողություն, ինչը, փաստացի, չկա։ Մինչդեռ, գազային բանակցությունների հայկական կողմի ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է․ «Սահմանին գազի գինը չի փոխվելու»:

ՏԿԵՆ-ից Factor TV-ն պարզել է, որ ռուսական գազի գնորդը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ «Գազպրոմ Արմենիան»՝ ռուսական «Գազպրոմի» դուստր ընկերությունը, վաճառողն էլ «Գազպրոմի» մեկ այլ դուստր է՝ «Գազպրոմ Էքսպորտը»։ Այս 2 ընկերությունների միջև 2014-ին կնքված պայմանագրում գազի գինն ամրագրված է ԱՄՆ դոլարով, սակայն 2022 թվականից սկսած, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ նախաձեռնությամբ, վճարումն իրականացվում է ռուսական ռուբլով, որի փոխարժեք պայմանագրում ամրագրված չէ: 

«Գազպրոմ-Արմենիայից» պարզել ենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ հաշվարկվում է փոխանցման օրվա դրությամբ Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքով: 

Այսինքն՝ Հայաստանը վճարում է Ռուսաստանի և ոչ թե Հայաստանի Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով։ Մինչդեռ, եթե 2022-24 թվականներին դրամ-դոլար փոխարժեքը համեմամատաբար կայուն է եղել՝ տարբերությունը՝ 0․8%, ապա ռուբլի-դոլար փոխարժեքը զգալի տատանվել է՝ 2022-ի համեմատ 2024-ի տարեվերջի դրությամբ թանկանալով 45 %-ով։ 

Այս մեխանիզմը լուրջ ռիսկերի հետ է կապված․ մենք 1 անգամ չէ, որ ականատես ենք եղել, որ մասնավորապես, Հայաստանում արտարժույթի փոխարժեքի չպատճառաբանված կտրուկ տատանումներ են եղել, և որևէ ձևով չի պարզաբանվել, թե օրինակ՝ դա միջազգային ինչ պրոցեսի արդյունքում է։ Այս գործելաոճը նկատի ունենալով՝ կարող ենք նշել, որ սա ֆինանսական մանիպուլյացիների լայն հնարավորություն է ստեղծում։ Եվ Հայաստանը, բնականաբար, որևէ ազդեցություն, ասել է թե՝ վերահսկողություն չի կարող ունենալ նաև այս գործոնի վրա։  

Հավելենք, որ Հայաստանին մատակարարվող բնական գազի հաշվարկները և վճարումները կատարվում են ամսական պարբերականությամբ: Ինչպես հավաստիացրել է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ մատակարարված բնական գազի դիմաց կուտակված պարտք ներկայում չկա։

Իշխանության «մոլորությունը»

2022-ին գազի գնի մեջ կալորիականությունը ներառելու մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ռուսական գազի ջերմատվությունը բարձրացել է։

«Դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է, և ըստ էության, ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել: Այսինքն՝ միավոր ջերմատվությունն ավելացել է»,- Factor TV-ին հայտնել են ՀԾԿՀ-ից:

Ավաղ, ոչ․ կալորիականությունը քիչ թե շատ այնպիսին է, ինչպիսին նախկինում էր։ Դիտարկել ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալները Ա1 տարածքի համար։ Սա Տավուշի հատվածն է, որն առավել մոտ է հայ-վրացական սահմանին։ Ըստ այդմ՝ ռուսական գազի կալորիականությունը 2021 թվականին մի փոքր բարձրացել է, սակայն հաջորդ՝ 2022-24 թվականներին այն նվազել է և ավելի ցածր է եղել, քան, օրինակ, 2020, 19 և 18 թվականներին։ Ավելին՝ 2014-ին պատահել է, որ կալորիականությունը գերազանցել է նույնիսկ 8600 նիշը։  

Այսինքն՝ բերել հիմնավորում, թե ջերմատվությունն ավելացել է և այդ պատճառով է պետք ավել վճարել, ճիշտ չէ։

Ուշագրավ է, որ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչները տարբեր կալորիականության գազ են սպառում։ Բացի Ռուսաստանից, ինչպես գիտենք, Հայաստանը գազ է ստանում նաև Իրանից՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։ Ըստ այդմ՝ իրանական գազը պետք է օգտագործվի էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Այնուամենայնիվ, Հայաստանում գազամատակարարման համակարգը մեկն է, և հյուսիսից Հայաստան մտնող ռուսական գազն ու հարավից Հայաստան մտնող իրանական գազը համակարգի որոշակի կետերում ֆիզիկապես խառնվում են։ Իսկ քանի որ իրանական գազի կալորիականությունը ռուսականի համեմատ ցածր է, ապա այդ խառնվելու հետևանքով ընդհանուր բնակչությունն ավելի ցածր կալորիականության գազ է ստանում։ Ավելին՝ Սյունիքի սպառողներին առավելապես իրանական գազ է մատակարարվում, այսինքն՝ սյունեցիներն ավելի ցածր՝ 8000 Կկալ-ից էլ պակաս ջերմատվությամբ գազ են օգտագործում, քան, օրինակ, տավուշցիները։ 

Սակագինը, հիշեցնենք, հաշվարկվում է հայ-վրացական սահմանի բարձր կալորիականության տվյալով։ Իսկ բնակիչների գազի հաշվիչները միայն սպառված գազի ծավալ են հաշվում։ 

Factor TV-ն ՀԾԿՀ-ից հետաքրքրվել է՝ չի՞ ստացվում, որ բնակչությունը վճարում է բարձր ջերմատվությամբ գազի համար, բայց ստանում ավելի  պակաս ջերմատվությամբ, այսինքն՝ ցածր որակի ապրանք։ Հանձնաժողովից պատասխանել են․ «Սակագների հաշվարկման մեթոդիկայի հիմքում ընկած է միջազգային պրակտիկայում կիրառվող անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքը։ Համաձայն նշված սկզբունքի՝ անհրաժեշտ հասույթը պետք է ապահովի ներկրվող (գնվող) գազի արժեքը, բնական գազի փոխադրման և օպերատիվ տեխնոլոգիական կարգավարման արժեքը, լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ծախսերը, լիցենզավորված գործունեության իրականացման համար ներգրավված հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվների) մաշվածության (ամորտիզացիայի) արժեքը և ողջամիտ շահույթը։ Բնական գազի այրման ստորին ջերմության՝ ներկրման կետում և համակարգի տարբեր կետերում ձևավորվող ցուցանիշների տարբերությունը նույնպես համակարգի գործունեության տեխնոլոգիական պրոցեսներով պայմանավորված բնական երևույթ է և հիմնավորված է նաև դրանով պայմանավորված ծախսերի ներառումը սակագներում»։

Այսպիսով՝ ի՞նչ պարզեց մեր փաստաքննությունը․ 

  • 2022 թվականից հետո կալորիականությամբ պայմանավորված Ռուսաստանին ավելի շատ ենք վճարում գազի դիմաց,
  • կալորիկանությունն ազդում է գնի վրա, բայց սահմանին դրա չափման գործում պետական վերահսկողություն չկա,
  • գազի դիմաց վճարում ենք ռուբլով՝ Ռուսաստանի ԿԲ-ի սահմանած փոխարժեքով, ինչը ֆինանսական մանիպուլյացիաների լայն հնարավորություն է բացում,
  • սակագնի հիմքում դրվում է գազի կալորիականության բարձր տվյալ, սակայն բնակչությունը ստանում է ավելի ցածր ջերմատվությամբ գազ, առավել ևս տարբեր մարզերում բնակիչները ստանում են տարբեր որակի ապրանք, բայց վճարում են նույն սակագնով։

Գայանե Խաչատրյան