ՌԴ-ի «խլուրդ»-ը՝ ՀՀ կառավարությունում․ նա զեկուցել է Փաշինյանի բոլոր տեղաշարժերի մասին․ The Insider
Քաղաքականություն
11.09.2025 | 13:09
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով փակվել է արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի նախագահական վարչությունը՝ «նախագահի աշխատակազմի աշխատանքը օպտիմալացնելու նպատակով»։ Դրա փոխարեն, աշխատակազմում կստեղծվի ռազմավարական գործընկերության և համագործակցության բաժին։
The Insider-ն իր անդրադարձում արձանագրում է, որ Կրեմլին չի հաջողվել խթանել այսպես կոչված «մեղմ ուժը» նախկին ԽՍՀՄ երկրներում, և դա զարմանալի չէ. կառույցի գումարը վատնվել է անիմաստ միջոցառումների վրա։
Ստորև ներկայացնում ենք The Insider-ի հոդվածի թարգմանությունն՝ ամբողջությամբ։
Տանիք ՌԴ արտաքին հետախուզության ծառայության համար
Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը ստեղծվել է 2005 թվականին՝ Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» հաղթանակից մեկ տարի անց։
Այդ իրադարձությունները խիստ վախեցրել էին Պուտինին, և նա հրաման էր տվել ստեղծել նախագահի աշխատակազմում մի վարչություն, որը կարող էր հակազդել հարևան երկրներում «թավշյա» հեղափոխություններին և նպաստել Կրեմլին հավատարիմ քաղաքական գործիչների և քաղաքական կուսակցությունների առաջխաղացմանը։
Ուկրաինայից բացի՝ գերատեսչության գործառնական շահերի շրջանակներում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Ղազախստանը, ինչպես նաև՝ Բալթյան երկրները, ինքնահռչակ Աբխազիան և Հարավային Օսիան։ Այս կառույցի առաջին ղեկավարը իշխանամետ քաղտեխնոլոգ Մոդեստ Կոլերովն էր, սակայն երկու տարի անց նրան ազատել էին աշխատանքից, ինչպես ասվել էր, «հարևան պետությունների հետ հարաբերություններում չափազանց արմատականության համար»։
Հարևանների քաղաքական էլիտաների վրա ազդեցության և ներթափանցման ավելի նուրբ մեթոդներ էին անհրաժեշտ, և Պուտինը, ինչպես միշտ, հույսը դրել էր հատուկ ծառայությունների մարդկանց վրա։
Վարչության ղեկավարի աթոռը զբաղեցրեց արտաքին հետախուզության սպա Նիկոլայ Ցվետկովը, որը նախկինում լրտեսել էր Ճապոնիայում «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողի անձնագրով և կես դրույքով աշխատել է ճապոնական ամենամեծ տպաքանակ ունեցող թերթում՝ «Յոմիուրի շիմբուն»-ում։
Երկու տարի անց Ցվետկովին փոխարինել էր արտաքին հետախուզական ծառայության գնդապետ Սերգեյ Վինոկուրովը։ 2012 թվականի հունիսին՝ Հարավային Օսիայում և Մերձդնեստրում տեղի ունեցած սկանդալային նախագահական ընտրություններից հետո, Վինոկուրովը հեռացվել է իր պաշտոնից և վերադարձել արտաքին հետախուզական ծառայություն։
Այնուհետև մերձավոր արտասահմանյան երկրների հետ «մշակութային կապեր» զարգացնելու համար նշանակվել է մեկ այլ կարիերային հետախույզ Վլադիմիր Չեռնովը՝ Պուտինի ընկեր Սերգեյ Իվանովի կլանից։ Չեռնովը իր լրտեսական կարիերան սկսել է Լոնդոնում՝ Ցորենի միջազգային խորհրդի հովանու ներքո։ Ձախողման սպառնալիքի պատճառով նրան տեղափոխել են ծառայության ֆիննական նստավայր, որտեղ հանդիպել է Իվանովի հետ։ Իր բազմաթիվ ելույթներում Չեռնովը հարևան երկրներին վախեցրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ից եկող սպառնալիքների մասին պատումներով, մինչդեռ ինքը արձակուրդներն անցկացրել է եվրոպական հանգստավայրերում, իսկ թոռնուհուն ուղարկել է ԱՄՆ՝ սովորելու։
Նշվում է, որ վարչության պլանավորման դեպարտամենտը գլխավորում էր Վալերի Մաքսիմովը՝ նախկին ԱԴԾ սպա, որի հիմնական խնդիրն էր հետևել ընտրություններին: Գնդապետ Մաքսիմովը վերահսկում էր կրեմլամետ քարոզիչ Սերգեյ Միխեևին, որն այժմ պարբերաբար մասնակցում է Վլադիմիր Սոլովյովի թոք-շոուում: Միխեևը բազմաթիվ զեկույցներ ունի Ղազախստանում, Ղրղզստանում և Բալթյան երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ թվում՝ բողոքներ այն մասին, որ նախագահի աշխատակազմը նրան պատռված դոլարներ է տալիս, որոնք չեն ընդունվում փոխանակման կետերում:
Նախկին ԽՍՀՄ երկրներում Միխեևը զբաղվում էր Մոսկվայի դրածոների համար ընտրարշավների կազմակերպմամբ, և նրանք ակնհայտորեն չէին անցնում։ Այսպիսով, 2020 թվականին, Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Չերնովը և Մաքսիմովը համոզել էին բաժնի կուրատոր Դմիտրի Կոզակին խաղադրույք կատարել Վրաստանի հայրենասերների դաշինքի վրա, որը նույնիսկ լավագույն ժամանակներում ստանում էր ձայների առավելագույնը 5%-ը։ Հիմնադրումից ի վեր վրացական կուսակցությունը Մոսկվայի հետ մերձեցման և ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների հետ համագործակցությունից հրաժարվելու ուղի է ընտրել, իսկ կուսակցության առաջնորդներ Իրմա Անաշվիլին և Դավիթ Թարխան-Մոուրավին հաճախակի այցելել են Պետդումա, որտեղ նրանց ներկայացրել են որպես ազդեցիկ ընդդիմադիրներ։
Ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը, այդ կուսակցության առաջխաղացման համար Ռուսաստանի բյուջեից ծախսվել է ավելի քան 10 միլիոն դոլար, իսկ Միխեևը գաղտնի ղեկավարել է նախընտրական շտաբը Մոսկվայից։ Սակայն, ի վերջո, «ընդդիմադիրները» հավաքել են ձայների ընդամենը 3.14%-ը. թե որքան են գրպանել չեկիստ Մաքսիմովը, Միխեևը և կուսակցության ղեկավարությունը, ըստ The Insider-ի, միայն կարելի է կռահել։
Գերատեսչության Մերձբալթյան բաժինը ղեկավարում էր հետախուզության գնդապետ Եվգենի Ումերենկովը: Նախկինում, որպես «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից, նա լրտեսել է ԱՄՆ-ում և Մեքսիկայում, իսկ հետո Բալթյան երկրներում ստեղծել է Կրեմլի շահերը առաջ մղող լրագրողների և բլոգերների մի ամբողջ ցանց: Այժմ նա աշխատում է որպես սյունակագիր «ԿՊ»-ում և գրեթե յուրաքանչյուր համարում գովաբանում է Պուտինին և նրա իմաստուն քաղաքականությունը։
Մոլդովական ուղղությունը վերահսկում էր Բալկաններում արտաքին հետախուզական ծառայության նախկին տեղակալ, գնդապետ Իգոր Մասլովը։ 2020 թվականին Մոլդովայում խոշոր սկանդալ էր բռնկվել. այն ժամանակվա նախագահ Իգոր Դոդոնը կորցրել էր իր բջջային հեռախոսը, որը հայտնվել էր լրագրողների ձեռքում։ Դոդոնի հեռախոսում ռուսական հատուկ ծառայությունների բազմաթիվ աշխատակիցների և օլիգարխների շարքում կային նաև գնդապետ Մասլովի կոնտակտները, և նրան ավելի հաճախ էր զանգահարում, քան մյուսներին։
Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից Վալերի Չերնիշովը պատասխանատու էր Ադրբեջանի համար, և նա ստանում էր այսպես կոչված օպերատիվ «օբյեկտիվ» հանրապետության հայտնի անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների, զինվորականների և հասարակական գործիչների վերաբերյալ։
Գլխավոր հետախուզական վարչության մեկ այլ աշխտակից՝ Դմիտրի Ավանեսովը, հետևել է Հայաստանում տիրող իրավիճակին: The Insider-ը զեկույցներ ունի Հայաստանի կառավարության «խլուրդից», որը Ավանեսովին զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր տեղաշարժերի մասին (զեկույցներում Փաշինյանը հիշատակվում էր Բորոդա (մորուք) օպերատիվ կեղծանվամբ): (ընդգծումը՝ Factor. am-ինն է)
Փափուկ ուժ
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչությունում Կոզակի համար պատրաստվել են նաև գաղտնի զեկույցներ հարևան երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնք նա այնուհետև ներկայացրել է Պուտինին: Օրինակ՝ Կրեմլը խիստ մտահոգված էր Ադրբեջանում այնպիսի կազմակերպությունների գրեթե լիակատար բացակայությամբ, որոնք, ի տարբերություն Թուրքիայի, կխթանեին Ռուսաստանի շահերը: Ահա մի հատված «ադրբեջանական» վարչության կողմից Կոզակին ուղղված գաղտնի զեկույցից.
«Նպատակահարմար է ամրապնդել ռուսական ՀԿ-ների ներկայությունը Ադրբեջանում։ Ակնհայտ է, որ բացակայում են իրական հասարակական կազմակերպություններ, որոնք կխթանեին ռուսական դիրքորոշումը։ Ադրբեջանում գործող ՀԿ-ների վերակենդանացումը կամ նորերի ստեղծումը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի ռուսական ազդեցության իրականացման համար «մեղմ՝ փափուկ ուժի» գործիքի ստեղծմանը։ ՀԿ-ների աշխատանքի հիմնական ուղղվածությունը կարող են լինել սահմանամերձ շրջանները, երիտասարդական, ուսանողական կազմակերպությունները, կրթությունը, ռուսաց լեզուն, մշակութային նախագծերը և լրագրողական ֆորումները։ ՀԿ-ների նախագծերը չպետք է ավարտվեն միայն խոշոր միջոցառումներով, այլ պետք է անընդհատ «թափանցեն» ադրբեջանական հասարակություն ներսից և լսելի լինեն զանգվածային լրատվամիջոցներում»։
Պատվիրակները սկսել էին հաճախ այցելել Ադրբեջան, կազմակերպվել էին բազմաթիվ սեմինարներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ և լրագրության դասընթացներ, իսկ Բաքվում, Ռուսաստանի բյուջեի միջոցներով, կազմակերպվել էր ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հանգուցյալ հորը նվիրված շքեղ ցուցահանդես՝«Հեյդար Ալիև։ Անձ։ Առաքելություն։ Ժառանգություն»։ «Իմ հաշվարկներով՝ Ադրբեջանի հետ բարեկամության մեջ ներդրվել է ավելի քան հարյուր միլիոն դոլար, բայց ամեն ինչ ապարդյուն անցավ։ Կրկին, շատ բան արվեց ցուցադրական կամ բալալայկայի դիվանագիտության ոգով։ Եվ նրանք խմում էին, խմում և խմում անընդհատ», – The Insider-ին ասել է վարչության նախկին աշխատակիցը։
Մոսկվայի և Բաքվի միջև «սիրային կապը» ավարտվեց 2025 թվականի սկզբին: Սկզբում Ռուսաստանի իշխանությունները համառորեն թաքցնում էին «Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված ողբերգության մանրամասները, ապա ստում էին Եկատերինբուրգում սրտի անբավարարությունից մահացած Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրների մասին, որոնց հարցաքննությունների ժամանակ իրականում խոշտանգել էին։ Ադրբեջանի իշխանությունների արձագանքը չուշացավ. Բաքուն խստորեն փակել է Կրեմլի քարոզչական խոսափող «Սպուտնիկը» և նվազագույնի հասցրել ռուսական կողմի հետ պաշտոնական միջոցառումները։
Ազդեցության գործակալներ
Այլ գերատեսչություններից ստացված գաղտնի հաղորդագրությունները ցույց են տվել, որ ոչ ոք չի ցանկանում անվճար բարեկամանալ Ռուսաստանի հետ: «Ռուսամետ նարատիվները հիմնականում խթանում են թոշակառու տարիքի քաղաքական գործիչները, և երիտասարդները չեն հետաքրքրվում դրանցով: Երիտասարդ և թարմ դեմքերի համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն», – Կոզակին ազդանշան է տվել «հայկական» գերատեսչությունը:
Զուգահեռաբար ակտիվ աշխատանք է տարվել հարևան երկրների լրագրողների հետ, որոնք հետաքննվում էին ազդեցության գործակալների դերի համար: Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության լրատվամիջոցին հասանելի ցուցակներում ընդգրկված են 136 լրատվամիջոցների ներկայացուցիչներ և բլոգերներ: «Թեկնածուներից» մի քանիսի անունների դիմաց գրված են նշումներ՝ «հետաքրքիր», «աշխատել», «մերոնք», «հիմար խաղացին», «շրջել», «միայն փողով հետաքրքրված, աշխատել», «բռնի, կարող է կռիվ սկսել հանրահավաքների ժամանակ»։
Լրատվամիջոցը կապ է հաստատել թվարկված լրագրողներից մի քանիսի հետ. ոմանք ասել են, որ իրենց հրավիրել են Ռուսաստան, և դրանով ամեն ինչ ավարտվել է, մյուսները կասկածել են, որ զանգահարողները ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ են, իսկ մյուսները կտրականապես հրաժարվել են քննարկել այդ հարցը։
Հետաքրքիր է, որ ցուցակներում ներառված է եղել լրագրող Ալեքսեյ Պիվովարովի կինը՝ Աննա Շնայդերը։ Աննան նշված է որպես «Մոսկվա-24»-ի թղթակից, իսկ դիմացը գրված է եղել. «Աշխատել։ Ամուսնալուծվել է հաղորդավար Պիվովարովից»։ Զույգը The Insider-ին ասել է, որ երբեք չեն ամուսնալուծվել: Բաց աղբյուրների համաձայն՝ 2014 թվականից ի վեր Շնայդերը չի աշխատել «Ռոսիա-24»-ում: Հնարավոր է, որ Պիվովարովի կնոջը շփոթել են Լատվիայից լրագրող Աննա Շնայդերի հետ, որն աշխատել է ռուսալեզու լրատվամիջոցներում:
2021 թվականի փետրվարին, գաղտնի փաստաթղթերի բաժնից զանգվածային արտահոսքերից հետո, գեներալ Չեռնովը ազատվել է աշխատանքից, և վերոնշյալ «Մոլդովական» բաժնի ղեկավար Իգոր Մասլովը ստանձնել է ԱՊՀ երկրների վերահսկողությունը։
«Գեներալ Մասլովը ամբողջությամբ պայթեցրեց մոլդովական ուղղությունը, և նրանք նրան տարան ու նշանակեցին ամբողջ բաժնի ղեկավար։ Եվ ի՞նչ է նա արել վերջին երեք տարիների ընթացքում։ Նա ելույթ է ունեցել Հայաստանում Ռուսական գրքի տան բացման ժամանակ, մի քանի անգամ այցելել է Հարավային Օսիա և Ղրղզստան։ Եվ տեսե՞լ եք նրա առցանց հրապարակած լուսանկարները։ Ինչպե՞ս է այս մարդը ընդհանրապես հայտնվել հետախուզության մեջ», – վրդովվել է արտաքին հետախուզական ծառայության վետերանը՝ խնդրելով չհրապարակել իր անունը։
Այժմ, արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վերացված վարչության հիման վրա, կստեղծվի ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչություն, որը լրացուցիչ կներառի ևս մեկ լուծարված կառույց՝ միջսահմանային համագործակցության վարչությունը: Պուտինը կազմակերպչական գործունեության համար երեք ամիս ժամանակ է տվել Կոզակի փոխարեն՝ Սերգեյ Կիրիենկոն կհսկի նոր ստորաբաժանումը։ Ըստ երևույթին, դրա մեջ չեն ներառվի Մասլովի, Մաքսիմովի, Ավանեսովի կամ Չեռնիշովի նման «բացահայտված» դեմքեր, իսկ հարևանների հետ բարեկամությունը կկառավարեն ավելի երիտասարդ հետախուզության աշխատակիցներն ու կառավարամետ քաղաքական քաղտեխնոլոգները։
Լրտվամիջոցն ընդգծում է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, և հարևան երկրները քիչ են հավատում Կրեմլի անկեղծ մտադրությանը՝ զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը: Օրինակ՝ Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը 2.6%-ով ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը և աստիճանաբար կրճատում են Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի