Աշխարհաքաղաքականությունից այն կողմ․ ԵՄ առաքելության մարդկային դեմքը

Լուրեր

04.12.2025 | 23:29
Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով
04.12.2025 | 23:18
Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg
04.12.2025 | 23:10
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 
04.12.2025 | 23:04
Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
04.12.2025 | 22:59
Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel
04.12.2025 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
04.12.2025 | 22:35
The New York Times-ը դատի կտա Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների համար
04.12.2025 | 22:24
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին
04.12.2025 | 22:12
Միրզոյանը Հադադի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները
04.12.2025 | 22:07
«88» սուպերմարկետների ցանցը չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. ընկերությունը՝ Աննա Հակոբյանի շուրջ աղմուկի մասին
04.12.2025 | 22:00
UFC-ն շարունակում է «պատժել» Արման Ծառուկյանին․ Հակոբ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2025 | 21:51
Ռուսաստանում արգելափակվել է FaceTime-ը
04.12.2025 | 21:40
Բացարձակ մերժելի ու դատապարտելի է․ Լևոն Բարսեղյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
04.12.2025 | 21:33
Բաքուն ակնկալում է Երևանից քաղաքական պատասխանատվություն խաղաղության օրակարգի իրականացման գործում. Բայրամովը խոսել է TRIPP-ից 
04.12.2025 | 21:22
Երաշտի ֆոնին` Իրանը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից
Բոլորը

«Պոնչիկները» պատրաստ են։ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի հացի փռի կանայք լավ գիտեն, որ Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներ Միկան և Սվանտյեն սիրում են իրենց պատրաստած քաղցրավենիքը։ Արդեն գրեթե երկու տարի է՝ այդպես է։

Միկա Կուրին և Սվանտյե Մեյնկեն Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ԵՄԱ) դիտորդներ են։ Սա անզեն քաղաքացիական առաքելություն է, որը տեղակայվել է 2023-ի փետրվարին։ ԵՄԱ-ի դիտորդներն ու մյուս փորձագետները ԵՄ 25 անդամ պետություններից և Կանադայից են՝ բազմազան մասնագիտական փորձառությամբ, բայց մեկ ընդհանուր խնդրով։ ԵՄ առաքելությունը բաղկացած է Եղեգնաձորում գտնվող գլխավոր գրասենյակից, Երևանի կապի և աջակցության գրասենյակից և վեց առաջնային օպերատիվ բազաներից (ԱՕԲ)՝ տեղակայված Իջևանում, Մարտունիում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում և Եղեգնաձորում։ Մարտունիում տեղակայված թիմը պատասխանատու է ամբողջ Գեղարքունիքի մարզի համար։

Նրանց աշխատանքը տեղում՝ այս գյուղերում ու քաղաքներում, ԵՄ «աչքերն ու ականջները» լինելն է՝ Ադրբեջանի հետ սահմանին անվտանգային իրավիճակը դիտարկելու, միջադեպերի մասին զեկուցելու և հակամարտության ստվերում ապրող համայնքներում վստահություն կառուցելու համար։

Այս առաքելությունը բարդ աշխարհաքաղաքական հանգրվանի կիզակետում է։ Հայաստանի համար այն դեպի Արևմուտք ռազմավարական շրջադարձի շոշափելի խորհրդանիշ է՝ Ռուսաստանի հետ անվտանգային դաշինքի ձախողումից հետո, որը չկարողացավ կանխել ներխուժումները Հայաստանի տարածք, հատկապես 2022-ի սեպտեմբերին։ Ադրբեջանի և Ռուսաստանի համար սա վիճարկելի աշխարհաքաղաքական ներկայություն է։ Մինչդեռ տեղում՝ Միկա Կուրիի և Սվանտյե Մեյնկեի համար, առաքելությունը մարդկանց մասին է։

Միկայի և Սվանտյեի նման դիտորդների օրը սովորաբար սկսվում է իրենց առաջնային օպերատիվ բազայում (ԱՕԲ) մանրակրկիտ պլանավորմամբ։

Թիմի ղեկավար Միկան իր թիմին հավաքում է քարտեզների շուրջ՝ որոշելու օրվա պարեկային երթուղին, նշելու հիմնական դիտակետերը և գնահատելու  ռիսկերը՝ հիմնվելով վերջին տվյալների վրա։ Այս «անտեսանելի» պլանավորման փուլը վճռորոշ է նրանց աշխատանքի անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու համար։

Միկան ասում է, որ իր թիմը նախատեսում է այցելել գյուղեր՝ պարեկություն իրականացնելու, հակամարտությունից տուժած բնակիչների հետ զրուցելու և անվտանգային իրավիճակի ու նրանց առջև ծառացած մարտահրավերների մասին տեղեկանալու համար։

Պլանավորումն ավարտելուց հետո դիտորդները դուրս են գալիս իրենց տարբերակիչ՝ ԵՄԱ նշանով մեքենաներով։ Այդ օրվա կանգառները մարզի երեք գյուղերն են՝ Սոթք, Կութ և Նորաբակ։

Հայաստանի Գեղարքունիքի մարզի բարձր լեռներում օդը նոսր է ու մաքուր։ Սպիտակ ամենագնացով ֆինն սահմանապահ սպա Միկա Կուրին և գերմանացի ոստիկան Սվանտյե Մեյնկեն շարժվում են ոլորապտույտ հողոտ ճանապարհով։ Նրանցից ներքև ձգվում է Սևանա լճի ընդարձակ, մուգ կապույտ տարածությունը։ Առջևում երևացող լեռնաշղթաները ոչ միայն ցնցող բնապատկեր են, այլև լարված ու անկայուն միջազգային սահման։

«Այստեղ՝ Հայաստանում, լեռներն ավելի բարձր են», – ասում է 54-ամյա վետերան Միկան՝ Լապլանդիայից,32-ամյա Սվանտյեի համար, որը Գերմանիայի հյուսիսային հարթավայրերից է, մասշտաբներն էլ ավելի տպավորիչ են․ «Ես այնքան զարմացած եմ այս ամենով։ Այնքան երախտապարտ եմ, որ այստեղ լինելու հնարավորություն ունեմ», – նշում է նա։Տեղացիները հաճախ ողջունում են նրանց իրենց մեքենաներից։ Սա սովորական երևույթ է, քանի որ տարածքում շատերն են ճանաչում առաքելության անդամներին։ Սվանտյեն ասում է, որ այդ ջերմ արձագանքներն իր տրամադրությունը միշտ բարձրացնում են, երբեմն էլ այդ ողջույնները վերածվում են ընկերական զրույցների։

Հայաստանի սահմանից մինչև Բրյուսել․ ԵՄ առաքելության՝ որպես «զեկուցող գործիք»

Միկան հետաքրքրությամբ էր սպասում Հայաստանում Եվրոպական միության առաքելությունում աշխատելու հնարավորությանը։ Մարտունիի ԱՕԲ-ի թիմի ղեկավարը 1994 թվականից ի վեր կառավարել է ֆինն-ռուսական զգայուն սահմանը։ Նա գործուղվել է Ֆինլանդիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի (CMC Finland) կողմից, որը Ֆինլանդիայի քաղաքացիական ճգնաժամային կառավարման փորձագիտական կենտրոնն է։

CMC Finland-ը պատասխանատու է միջազգային գործուղումների բոլոր փորձագետների վերապատրաստման և հավաքագրման համար՝ հանդես գալով որպես գործատու ինչպես քաղաքացիական ճգնաժամային կառավարման մասնագետների, այնպես էլ ԵԱՀԿ ընտրությունների դիտորդների համար։ Ֆինլանդիան CMC Finland-ի միջոցով փորձագետներ է ուղարկում ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ղեկավարվող առաքելություններ։ Փորձագետները ներգրավված են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ոստիկանություն, դատական կառավարում, սահմանային անվտանգություն, մաքսային գործ, միջազգային քաղաքականություն, մարդու իրավունքներ, զեկուցում և հաղորդակցություն։

Միկան Հայաստանում զգում է, որ կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը՝ առաջարկելով իր անձնական ներդրումը՝ որպես կայունացնող տարր։ Երկու տարի Գեղարքունիքի մարզում թիմը ղեկավարելուց հետո նրան մնացել է իր եռամյա առաքելության մեկ տարին։

«Կցանկանայի տեսնել, որ մարդիկ այլևս չեն տուժում հակամարտությունից։ Նման գոտիներում աշխատանքի համար անհրաժեշտ է անձնական հետաքրքրություն ունենալ՝ դառնալու խաղաղության ամրապնդման այս կարևոր գործի և կայունացման գործընթացի մասը։ Այս ամենը չես կարող անել միայն աշխատանքի համար։ Ինձ համար կարևոր է լինել մի կառույցի անդամ, որը ցանկանում է կայունացնող գործոն լինել և աշխատում է երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սա ինձ անձնական բավարարվածություն է տալիս»,- ասում է Միկան։

Միկայի և Սվանտյեի դիտարկումները հիմնված են փաստերի և չեզոքության վրա։ Նրանք հետևում են տարածքում ռազմական բնույթի բոլոր փոփոխություններին։ Նրանց դիտորդության արդյունքները այնուհետև զեկուցվում են Բրյուսել, որն իր հերթին տեղեկացնում է ԵՄ անդամ պետություններին։

«Ինչպես հաճախ ասում է առաքելության ղեկավարը, մենք կցանկանայինք աշխատել սահմանի երկու կողմերում, բայց, ցավոք, ներկայումս չենք կարող, – ընդգծում է Միկան և հավելում․- Մենք հասկանում ենք, որ մեր ներկայությունը կարող է հարցեր առաջացնել, քանի որ սահմանի միայն այս կողմում ենք։ Փորձում ենք շատ բաց և թափանցիկ լինել մեր մանդատի հարցում։ Այն շատ հստակ է․ մենք դիտարկում ենք, մշտադիտարկում, զրուցում հակամարտությունից տուժած մարդկանց հետ, և այս բացահայտումները զեկուցում ուղղակիորեն Բրյուսել։ Մենք ԵՄ-ի «գործիքն» ենք՝ երկրում տիրող իրավիճակի մասին իրազեկվածությունը պահպանելու համար, հատկապես եթե ռազմական բախում լինի»։

Այդուհանդերձ, նրանք պետք է հասկանան տեղի բնակչության ակնկալիքներն ու հարկ եղած դեպքում բացատրեն իրենց մանդատը։ Այս գյուղերի որոշ բնակիչներ, զգալով իրենց լքված ավանդական դաշնակիցների կողմից, սկզբում հույս ունեին տեսնել զինված խաղաղապահների, բայց ԵՄ առաքելությունը քաղաքացիական է։

«Երբեմն նրանք ցանկանում են, որ մենք այստեղ լինենք՝ իրենց զենքով աջակցելու համար, – ասում է Սվանտյե Մեյնկեն, – այդ դեպքում մենք պետք է բացատրենք, թե իրականում ինչ ենք անում, որ մենք քաղաքացիական առաքելություն ենք՝ իրավիճակը կայունացնելու համար»,- հավելում է նա։

Տեղի բնակիչների վկայությամբ՝ 2022-ի սեպտեմբերյան հայ-ադրբեջանական բախումների ժամանակ Գեղարքունիքի մարզում տեղակայված ռուս սահմանապահները լքել են իրենց դիրքերը։ «Լարված իրավիճակում դուք կմնայի՞ք դիտարկելու, թե՞ կհեռանայիք» ,- հետաքրքրվում ենք Միկայից։

«Դա կախված է իրավիճակից, իհարկե, – պատասխանում է նա, – Եթե անմիջական վտանգի տակ ենք, մենք հեռանում ենք այդ վայրից, բայց շարունակում ենք աշխատանքը հեռավորությունից։ Կարևոր է, որ հոգ տանենք մեր անվտանգության մասին, բայց երբ իրավիճակը սրվում է, մենք որոշակի հեռավորություն ենք պահպանում և շարունակում մեր աշխատանքը։ Այսպիսով, կրակոցներն ինքնին չեն դադարեցնում մեր գործունեությունը, բայց, հասկանալի է, մենք պետք է հարմարվենք և գնահատենք իրավիճակը՝ համոզվելու համար, որ պայմաններն անվտանգ են թիմի անդամների համար»։

Առաքելությունը բախվում է համակարգված ապատեղեկատվական արշավի հետ, հիմնականում՝ Ադրբեջանից կամ Ռուսաստանից, որոնք նրանց լրտեսներ են անվանում։ Միկան կարծում է, որ այս արշավներին դիմակայելու բանալին թափանցիկությունն է։

«Հայերի իրազեկվածության բարձրացումն այն մասին, թե ինչ է անում ԵՄ առաքելությունը, այս ապատեղեկատվական արշավներին դիմակայելու հիմնական միջոցն է։ Եթե հայերը հստակ իմանան և լիովին տեղյակ լինեն, թե ինչու ենք մենք այստեղ և ինչ ենք անում, ապա այս ապատեղեկատվությունն արդյունավետ չի լինի։ Երբ ապատեղեկատվությունն արմատավորվում է բնակչության շրջանում, նշանակում է, որ նրանց հետ բավարար տեղեկատվություն չի կիսվել առաքելության գործունեության մասին»,- ընդգծում է նա։

Միկայի համար աշխատանքի ամենամեծ պարգևատրումն այն է, երբ տեսնում է, որ առաքելության ներկայությունը դրական է ընդունվում։

«Հաճախ, երբ պարեկություն ենք իրականացնում և զրուցում սահմանամերձ համայնքների բնակիչների հետ, նրանք շեշտում են, որ ԵՄ առաքելության ներկայությունն իրենց ավելի մեծ անվտանգության զգացում է տալիս, և որ մեր ներկայությունը հանգեցրել է կրակոցների դեպքերի նվազմանը։ Դա մեր աշխատանքի և դրա արդյունավետության շատ գործնական օրինակ է։ Դրանք ամենապարգևատրող պահերն են, երբ իսկապես հասկանում ենք, որ մեր կատարած աշխատանքը արդյունավետ է»,- ասում է մեր զրուցակիցը։

Ամեն օր Միկայի և Սվանտյեի նման դիտորդները հանդիպում են տեղացիների հետ։ Նրանք հանբերատար բացատրում են, թե ինչ է անում առաքելությունը։ Միկան ասում է, որ իրենց առաքելությունը Հայաստանում լավ է ընդունվել, և մարդիկ պատրաստ են կիսվել իրենց մտահոգություններով, զգացմունքներով և ակնկալիքներով։

«Դուք՝ հայերդ, շատ բաց ու ընկերասեր եք։ Դուք պատրաստ եք բացել ձեր դռները, ձեր անձնական տարածքը՝ մեզ հրավիրելով սուրճի ձեր ընտանիքների հետ, քննարկումներ ունենալու և մտքերով ու փորձով կիսվելու։ Սա իսկապես անհավանականորեն հաճելի փորձառություն է եղել անձամբ ինձ համար»,- կիսվում է դիտորդը։

Առաքելության աշխատանքային մեխանիզմը շատ հստակ է։ Նրանց խնդիրը սահմանամերձ գյուղերում և քաղաքներում անաչառ և չեզոք տեղեկատվություն հավաքելն է։

«Նախ ուզում եմ շեշտել, որ մենք քաղաքացիական, չզինված առաքելություն ենք։ Մենք զենք չունենք։ Մենք դիտարկում ենք իրավիճակը։ Եթե հակամարտության էսկալացիա տեղի ունենա, շատ կարևոր է շեշտել, որ առաքելությունը չի հեռանում Հայաստանից։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ շարունակելու դիտարկման գործունեությունը։ Այսպիսով, մենք զեկուցող գործիք ենք, որը տեղեկատվություն է տրամադրում դաշտից որոշում կայացնողներին»,- ամփոփում է նա։

Հարցին, թե արդյոք առաքելությունը կարող է փոխել իր ձևաչափը՝ դիտորդականից անցում կատարելով փորձագիտական աջակցության վերը նշված ոլորտներում, Միկան բացատրում է․

«Առաքելության մանդատը և կառուցվածքը հստակ սահմանված են Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև երկկողմ համաձայնագրով։ Հետևաբար, մեր խնդիրների անմիջական փոփոխությունը հնարավոր չէ։ Ցանկացած նման փոփոխություն կպահանջի լայնածավալ քննարկումներ և սովորաբար կարող է տեղի ունենալ միայն մանդատի երկարաձգման դեպքում։ Սա նշանակում է, որ առաքելությունը կշարունակի գործել իր ներկայիս տեսքով մինչև 2027 թվականը։ Դրանից հետո ձևաչափը կարող է վերանայվել՝ հիմնվելով ԵՄ-ի և Հայաստանի միջև ապագա համաձայնությունների վրա։ Առայժմ մենք հետևում ենք աշխատանքի համաձայնեցված ձևաչափերին»։

«Մի տեսակ հույս կա, որ իրավիճակը կլուծվի, և խաղաղություն կգա»

Պարեկության մեկ օրը մանրակրկիտ դիտարկման և խորապես մարդկային փոխազդեցության խառնուրդ է։ Գյուղացիների բարձրաձայնած հիմնական մտահոգությունը հաճախ ոչ թե ռազմական սպառնալիքն է, այլ ջրի խնդիրը։

Սոթք գյուղում բնակիչները բացատրում են, որ անձրևի բացակայությունը չորացրել է աղբյուրները, և գյուղը բաժանված է․ մի մասը ջուր ստանում է 24/7 ռեժիմով, մյուսը՝ օրական ընդամենը երկու ժամով։ Նորաբակում 88-ամյա մի տղամարդ ասում է, որ լեռներում գտնվող ջրհորներն այլևս հնարավոր չէ օգտագործել։ Թեև այս հարցերը հրատապ են, անվտանգության զգացումը մշտական մտահոգություն է։

 

«Ձեր ներկայությունը ինչ-որ կերպ կայունություն և խաղաղություն է բերում»,- ասում է մի տարեց մարդ՝ պատմելով, թե ինչպես է իր գյուղն ավերվել 1991 թվականին։ Մեծ Մասրիկի գյուղի խանութներից մեկի մի վաճառողուհի վճռական է։ «Մենք ոչնչից չենք վախենում։ Տեսնում ենք մեր զինվորներին իրենց դիրքերում։ Մենք նրանց հետ ենք։ Մեզ անվտանգ ենք զգում»,- հավելում է նա։

Սոթքում էլ ուժեղ քամու պայմաններում դիտորդները հասցնում են երկար զրուցել հավաքված տղամարդկանց հետ։ Նրանցից մեկը գերմաներեն էր խոսել դպրոցական տարիներին ու մի քանի բառ փոխանակեց Սվանտյեի հետ, մյուսն էլ վերահաստատեց, որ գյուղում անվտանգային իրավիճակը զգալիորեն բարելավվել է ԵՄ դիտորդների ժամանելուց հետո։

Այս արձագանքն այն է, ինչ դիտորդներն իրենց հետ տանում են։ Նրանք հույսի նշաններ են տեսնում համայնքների լուռ դիմացկունության մեջ։

«Շատ դրական է,- նշում է Կուրին՝ մատնացույց անելով նորակառույց տները,- Երբ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել, նոր տներ կառուցել, նշանակում է՝ հույս կա, որ իրավիճակը կլուծվի, և խաղաղություն կգա»,- ամփոփում է նա։

«Մենք բոլորս փորձում ենք լրացնել խաղաղության փազլը»

ԵՄ դիտորդները լիցքաթափվելու իրենց սեփական ուղիներն ունեն։ Միկայի համար Մարտունի քաղաքի մերձակա անտառներում վազելն է՝ աշխատանքի սթրեսի «հակակշիռը»։ Սվանտյեի համար՝ յոգան, սպորտը և այգեգործությունը։

Առաջնային օպերատիվ բազայի փոքրիկ այգում աճում են արևածաղիկներ և այլ բույսեր։ Դրանք տնկել է Սվանտյեն մեկ այլ գործընկերոջ հետ։

«Տեղի խանութից մի քանի ծաղիկ գնեցինք ու տնկեցինք։ Սկզբում այնքան էլ խանդավառված չէի, բայց պարզվեց, որ շատ գեղեցիկ է, այնպես որ մենք իրականում շատ հպարտ ենք մեր այգով»,- ասում է Սվանտյեն։

Սվանտյե Մեյնկեն գերմանական ոստիկանությունում հարուստ փորձառություն ունի։ 2014-ին ուսումն ավարտելուց ի վեր նա աշխատել է տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես առաջին արձագանքող, քրեագիտական ստորաբաժանումում և աջ ծայրահեղական ահաբեկչությամբ զբաղվող հետաքննչական խմբում։ Գերմանիայում աշխատանքին նախորդել է առաքելությունն Աֆղանստանում՝ մի փորձառություն, որը նա խորապես իմաստալից է համարել։ Սվանտյեն առաքելության հետ է անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից։

«Աֆղանստանում ունեցած իմ փորձի շնորհիվ ես ավելի երախտապարտ եմ դարձել,- ասում է Սվանտյեն,- Այնտեղ անվտանգային իրավիճակն իսկապես լարված էր։ Իմ տեղացի օգնականը՝ մի կին, ինձ ասաց, որ երբ առավոտյան հրաժեշտ է տալիս իր ընտանիքին, նրանք հրաժեշտ են տալիս այնպես, կարծես այլևս երբեք չեն հանդիպելու, քանի որ չգիտեն՝ կզոհվե՞ն արդյոք օրվա ընթացքում Քաբուլում տեղի ունեցող հարձակումներից»,- պատմում է նա։

Նա գտնում է, որ հայկական հասարակությունը տարբերվում է և՛ աֆղանականից, և՛ իր հայրենի Գերմանիայից։

«Սովորաբար փողոցներում ավելի շատ տղամարդկանց ես տեսնում, բայց ես այստեղ նաև շատ ուժեղ կանանց եմ հանդիպել։ Տպավորությունս այն է, որ նրանք ավելի համեստ են, հակված են մի քայլ հետ կանգնելու և, գուցե, թույլ տալու տղամարդկանց առաջնորդել զրույցները։ Ես միշտ շատ ուրախ եմ, երբ այստեղ կանանց եմ հանդիպում, հատկապես, երբ նրանք միայնակ են, քանի որ այդ դեպքում նրանք էլ ավելի բաց են և ավելի շատ են խոսում»,- նկատում է նա։

Արտերկրում իր աշխատանքի միջոցով Սվանտյեն հասկացել է, որ մեկ մարդ չի կարող փրկել աշխարհը, սակայն մեկ մարդու ներդրումը, կարող է ամբողջ աշխարհ նշանակել այդ նույն անձի կամ մյուսերի համար։

«Կարծում եմ՝ սա մի բան է, որ պետք է գիտակցել։ Ի վերջո, միայն իմ ներդրումը չէ, որ կփոխի ամեն ինչ, բայց շատ լավ, բարի գործերի հանրագումարը կարող է ինչ-որ բան փոխելու հնարավորություն ստեղծել։ Հետևաբար, այն, ինչ ես անում եմ այստեղ, ընդամենը փոքրիկ կտոր է։ Մենք բոլորս փորձում ենք ի վերջո լրացնել խաղաղության փազլը»,- եզրափակում է Սվանտյեն։

Առաքելության ընտանիքը

Տնից հեռու Մարտունիի առաջնային օպերատիվ բազայի թիմը դարձել է «առաքելության ընտանիք», ինչպես Միկան է այն անվանում։ Կուրին, որպես թիմի ղեկավար, բարոյական ոգին պահպանելը համարում է իր աշխատանքի հիմնական մասը։

«Ես հավատում եմ, որ եթե մարդիկ զգում են, որ իրենց հետ լավ են վարվում, նրանք մոտիվացված են լինում, իսկ մոտիվացիան հանգեցնում է աշխատանքին նվիրվածության»,- ասում է նա։ Նրանք կազմակերպում են «նրբաբլիթի հինգշաբթիներ» կամ միմյանց համար ուտեստներ պատրաստում՝ ջերմ միջավայր ստեղծելու համար։

Ընտանիքի հետ կապը պահպանելը չափազանց կարևոր է։ Կուրին, որն ամուսին է և երեք չափահաս երեխաների հայր, ասում է, որ աշխատանքն անհնար կլիներ առանց նրանց լիակատար աջակցության։ Նա ամեն օր խոսում է ընտանիքի անդամների հետ և նույնիսկ նրանց բերել է Հայաստան՝ իր հետ երկրով մեկ ճանապարհորդելու։ «Նրանք իսկապես ցանկանում են շատ բան իմանալ հայկական մշակույթի մասին»,- ասում է նա ժպիտով։

Երբ պարեկային օրն ավարտվում է, և դիտորդները պատրաստում են իրենց զեկույցները Բրյուսելի համար, առաքելության նպատակը բյուրեղանում է։ Այն գոյություն ունի բարձր խաղադրույքներով աշխարհաքաղաքականության և իր ջրամատակարարման համար անհանգստացող գյուղացու առօրյա կյանքի խաչմերուկում։ Առաքելության հաջողությունը չափվում է ոչ թե ռազմական հաղթանակներով, այլ սահմանամերձ խանութպանի հանգիստ վստահությամբ և նոր տան հիմքերում դրված խաղաղության հույսով։

Հասկանալով ԵՄ քաղաքացիական և ռազմական գործողությունները

Եվրոպական միության արտաքին քաղաքականության առաքելություններն իրականացվում են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) կողմից՝ ԵՄ դիվանագիտական ծառայությունը, որը ստեղծվել է 2011 թվականին։ Հիմնական նպատակը խաղաղության, անվտանգության և եվրոպական շահերի խթանումն է ամբողջ աշխարհում՝ գործելով այն սկզբունքով, որ Եվրոպայի անվտանգությունը սկսվում է նրա սահմաններից դուրս։

Այս ջանքերի հիմնական գործիքը Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունն է (ԱՊԸՔ), որը ճգնաժամերը կառավարելու համար տեղակայում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական առաքելություններ։ 2003 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 40 նման գործողություն է սկսել Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիայում։ Ներկայումս ընթացքի մեջ են  21 նմանատիպ առաքելություններ, որոնցում ներգրավված են ԵՄ անդամ պետությունների կողմից գործուղված շուրջ 4000 աշխատակիցներ։

Այս առաքելությունները լայնորեն դասակարգվում են որպես քաղաքացիական կամ ռազմական։

Քաղաքացիական առաքելությունները, ինչպիսին է ԵՄ առաքելությունը Հայաստանում (ԵՄԱ), կենտրոնանում են տեղում իրավիճակի դիտարկման և զեկուցման, հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը նպաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն աջակցելու վրա։

Ռազմական առաքելությունները ներգրավված են ուսուցման, ռազմական օգնության և խաղաղապահ գործողություններում, ինչպիսին է EUFOR ALTHEA-ն Բոսնիա և Հերցեգովինայում։

Այս առաքելությունների տեղակայումը և կառավարումը համակարգված ջանքեր են։ Որոշումներն ընդունվում են ԵՄ երկրների կողմից՝ Արտաքին գործերի խորհրդի միջոցով։ Անձնակազմը տրամադրվում է անդամ պետությունների կողմից, իսկ գործառնական հրամանատարությունն իրականացվում է քաղաքացիական (CPCC) և ռազմական (MPCC) առաքելությունների համար նախատեսված հատուկ շտաբների կողմից։

 

Գևորգ Թոսունյան

Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։