Կոչ ենք անում քաղաքական ուժերին հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից․ Գարեգին Բ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքները։ Այս մասին նշվում է Արարատյան շաբաթվա առիթով Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձում։

Դրանում նշվում է․ «Հունիսի 7-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը, մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը՝ «դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն»,- ինչպես պատգամում է առաքյալը (Ա Պետ. 2.1)։

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար»։

Ուղերձի մյուս մասը՝ ստորև․

«Փառաբանական աղոթքով առ Բարձրյալն Աստված հունիսի 1-ին մուտք ենք գործում Արարատյան տոների շաբաթ, որն առանձնահատուկ կարևորություն ունի ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Հանդիսավոր թափորներով և Սուրբ Պատարագների արարողություններով, երկրպագության նպատակով սրբերի մասունքների դուրս բերմամբ հիշատակելու ենք Սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի մարտիրոսությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից, Հայոց մեծ դարձը և Տրդատ արքայի հրովարտակով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը։ Արարատյան շաբաթվա ավարտին՝ հունիսի 7-ին, նշելու ենք տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի, որը վեր խոյացավ հայոց հողի վրա 1725 տարի առաջ Աստվածորդու լուսավոր էջքով։

Պատմական այս իրադարձություններով, Սուրբ Էջմիածնով հայոց ազգը արժանացավ Աստծո ընտրյալ ժողովուրդ լինելու երկնային շնորհին, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ ամրակուռ հիմքն ու առանցքը մեր լինելության ու հարատևության՝ համապատասխան սուրբգրային վկայության. «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2.9)։ Սուրբ Էջմիածինը հավերժական խորհրդով եղել է աշխարհասփյուռ իր զավակների հավատքը զորացնողը, հույսն առատացնողը, Քրիստոսանվեր ու հայրենանվեր կյանքի երաշխիքը, օրհասական պահերին հանձնառու եղել ամեն զոհողության՝ հանուն իր խնամքին հանձնված հոտի։ Սուրբ Էջմիածինը կրթական, մշակութային, հոգեմտավոր մեծագույն նվաճումների ներշնչարանն ու գրավականն է, անխորտակելի ամրոցը մեր ազգային ու հոգևոր ինքնության և առհավատչյան հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անխաթար պահպանության։ Սուրբ Էջմիածինը, ծանր փորձությունների միջով անցնելով, մնացել է աննկուն ու անխորտակելի՝ մշտապես լինելով անլռելի ու բարձրահունչ կոչնակը ազգի ու հայրենյաց շահերի և մեր ժողովրդի միաբանության։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնակատարումը, սիրելիներ, ամենքիս համար առիթ է վերստին վկայելու մեր սերն ու անդավաճան հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և Քրիստոսահաստատ հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը՝ համաձայն սաղմոսերգուի խոսքի.

«Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)։

Սուրբ Էջմիածնի տոնն այս օրերին, ցավոք, նշելու ենք մի իրավիճակում, երբ ծանր կորուստները խռովել են մեր ժողովրդի անդորրը, երբ հարվածներ են հասցվում մեր ժողովրդի ինքնության հիմքերին, աղճատվում հոգևոր և ազգային սրբազան խորհրդանիշերը։ Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում՝ պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողություն ու անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են Եկեղեցու դարավոր կանոնակարգերը, հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ Եկեղեցին և եկեղեցասեր անձինք։ Այս դժվարին իրադրության մեջ Սուրբ Էջմիածնի լուսեղեն խորհուրդը մշտաբարբառ հրավեր է մեզ՝ ամուր կառչած մնալու քրիստոնեական մեր հավատքին, վերագտնելու ազգային ոգու տոկունությունը, հաղթահարելու ներազգային բաժանումները, բժշկելու վերքերը և վերականգնելու մեր ժողովրդի ներքին խաղաղությունն ու անդորրը։

Հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար։ Աղոթում ենք, որ Տիրոջ անբավ ողորմությամբ հայրենաբնակ մեր զավակների նոր ընտրությունը ծառայի միմիայն ի բարին, ի սեր ազգիս ապահով, խաղաղ և առաջընթաց կյանքի»,-նշվում է ուղերձում։