Գաղտնի գործարքներ 44-օրյա պատերազմից առաջ․ ինչպես է բելառուսական զենքն օգնել Ադրբեջանին կռվել Արցախում հայերի դեմ․ հետաքննություն

Լուրեր

05.12.2025 | 12:34
Սերժ Սարգսյանի նամակին Պուտինի պատասխանը հույժ գաղտնի է․ ՀՀԿ-ականներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 12:22
Շիրակի թեմից ոչ մի քահանա Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կիրակի պատարագ չի մատուցելու․ Նարեկ եպիսկոպոս Ավագյան
05.12.2025 | 12:10
Չեմ կարծում՝ Վեհափառին կալանավորելու դեպքում եկեղեցու հետևորդների համար որևէ բան կփոխվի․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 12:02
Արշակ արքեպիսկոպոսը 2 ամսով կալանավորվեց // Փաշինյանը Գյումրիում պատարագի կմասնակցի. ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 11:53
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
05.12.2025 | 11:44
«Հանրապետական» ստադիոնի հյուրերի սեկտորի պատնեշները վերանորոգվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 11:38
Գրպանը «պլան» գցելն այլ հաստատություններին հատուկ գործընթաց է․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 11:26
ԱԱԾ-ն ոչ մի տեղ չի գնում․ ՔՊ-ականը՝ կաթողիկոսի անունը զեղչելու «հորդորների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 11:18
ԱԱ․ 3 հայ բռնցքամարտիկ անցել է հաջորդ փուլ
05.12.2025 | 11:10
Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և նրանց վերադարձի իրավունքի մասին
05.12.2025 | 10:59
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
05.12.2025 | 10:45
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից ստացված տեղեկության հիման վրա, ոստիկանները անօրինական միգրացիայի դեպք են բացահայտել
05.12.2025 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
05.12.2025 | 10:20
Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի ու այլ գերիների փաստաբանները Բաքվի դատարանին խնդրել են արդարացնել նրանց
05.12.2025 | 10:11
Նավթի գներն աճել են
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը բելառուսական զենք է օգտագործել հայկական կողմի դեմ։ Հակաօդային հրթիռային համակարգերն արյունալի մարտերի ժամանակ ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին են վկայում «Բյուրո»-ի տրամադրության տակ գտնվող բացառիկ փաստաթղթերը։

Դրանք նաև ցույց են տալիս, թե ինչպես է հաստատվել հետխորհրդային երկրների միջև ռազմական համագործակցությունը: Բելառուսական զենքն Ադրբեջան է մատակարարվել օֆշորային ընկերության միջոցով, որի հետևում կանգնած են ազդեցիկ գործարարներ: Մասնագետները զգուշացնում են՝ նման սխեման մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը։

Լրատվամիջոցի տրամադրության տակ են հայտնվել ավելի քան 200 գիգաբայթ էլեկտրոնային նամակներ բելառուսական զենք արտադրող «Տետրաէդր» ընկերությունից: Ֆայլերը տարածվել են Anonymous Liberland-ի և Pwn-Bär Hack Team-ի հաքերների կողմից: «Բյուրո»-ն և գործընկերները հետաքննել են արտահոսքը և պարզել Ադրբեջանի ու Բելառուսի միջև Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին իրականացված գաղտնի գործարքների մանրամասները։

Լրատվամիջոցներն արդեն հաղորդել են բելառուսական զենքի՝ թեժ կետ մատակարարման մասին, սակայն փաստաթղթերն առաջին անգամ բացահայտում են, թե ինչպես են այդ զենքերը հայտնվել և օգտագործվել պատերազմում։

Հրթիռներով՝ ԱԹՍ-ների դեմ

Մինսկի «Տետրաէդր» ընկերությունը բելառուսական պաշտպանական արդյունաբերության հպարտությունն է: Այս ոչ կառավարական ձեռնարկությունը հիմնականում զբաղվում է հին ռազմական տեխնիկայի արդիականացմամբ: Մասնավոր պաշտպանական ձեռնարկություններ հազվադեպ են հանդիպում Բելառուսում: Դրանք սովորաբար հիմնադրվում են պետական ​​հատվածի նախկին աշխատակիցների կողմից, ովքեր օգտագործում են ռազմական և արդյունաբերական շրջանակներում հաստատված կապերը։

Նշվում է, որ «Տետրաէդր»-ի հիմնադիր և անփոփոխ ​​սեփականատեր Անդրեյ Վախովսկին ռազմական գիտությունների ոլորտից է: Նրա ընկերության հաջողված նախագծերից մեկը բարելավված C-125-2TM «Պեչորա-2TM» զենիթահրթիռային համակարգն է: Մոդիֆիկացիայից հետո այս ՀՕՊ համակարգը համարվում է արդյունավետ ցածր թռչող և փոքր չափի թիրախների՝ մարտական ​​անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում: «Պեչորա-2TM»-ն այնպիսի երկրների զինանոցում է, ինչպիսիք են Վիետնամը, Լաոսը, Ղազախստանը և Ադրբեջանը, ասվում է բելառուսական ձեռնարկության կողմից իր պոտենցիալ հաճախորդներից մեկին ուղղված նամակում:

Արտահոսած փաստաթղթերը ցույց են տվել, որ Մինսկում գտնվող «Տետրաէդր» ձեռնարկությունը ակտիվորեն օգնել է ադրբեջանական բանակին արդիականացնել իր ՀՕՊ համակարգը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի նախօրեին:

Արտահոսած փաստաթղթերում լրատվամիջոցը հայտնաբերել է առնվազն 16 պայմանագրի մասին հիշատակում, որոնք  ընկերությունը կնքել է 2006-ից 2020 թվականներին ադրբեջանական գործընկերների հետ։ Մասնավորապես, 2017 թվականին Մինսկի ձեռնարկությունը միանգամից երկու պայմանագիր է կնքել «Պեչորա-2TM» զենիթահրթիռային համակարգերի վերանորոգման, սպասարկման և աջակցության համար՝ ավելի քան 12 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Հաջող գործարքը կնքվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Մինսկ կատարած այցից կարճ ժամանակ անց, որն այցելել էր ձեռնարկություն և գոհ մնացել բելառուսական զենքից։

C-125-2TM «Պեչորա-2TM» զենիթահրթիռային համակարգերը նախ մասնակցել են զորավարժությունների Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին, ապա «ակտիվորեն օգտագործվել» մարտական ​​գործողությունների ժամանակ: 2020 թվականի զեկույցի նախագծում ընկերությունը բացահայտել է մանրամասները։

«C-125-2TM ՀՕՊ համակարգի մարտական ​​​​անձնակազմերը ՀՕՊ համակարգը մարտական ​​​​դիրքից տեղափոխել են շարժման դիրք և հետ՝ օրական մինչև 12 անգամ, շարժվել դեպի նոր մեկնարկային դիրք և մարտական ​​​​գործողություններ իրականացրել։ Մարտական ​​​​գործողությունների արդյունքում նրանք ոչնչացրել են հակառակորդի 11 անօդաչու թռչող սարք»,- ասվում է փաստաթղթում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ նրանք ոչնչացրել են 22 հայկական անօդաչու թռչող սարք։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, պետական ​​գաղտնիքին հղում անելով, չի մեկնաբանել 11 անօդաչու ԱԹՍ-ների  կորստի մասին տեղեկատվությունը: Գերատեսչությունը նաև չի տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե վերջին տարիներին հայ-ադրբեջանական բախման ընթացքում հայկական կողմը քանի C-125-2TM է ոչնչացրել: Բելառուսական  ընկերությունը և Անդրեյ Վախովսկին չեն արձագանքել հարցմանը:

Գաղտնի միջնորդներ

«Տետրաէդրը» գաղտնի գործարքներ է կնքել ադրբեջանական զինվորականների հետ։ «Բյուրո»-ն և գործընկերները պարզել են, որ բելառուսական զենքը վաճառվել է Բրիտանական Վիրջինյան կղզիների միջնորդի միջոցով։ Ընկերությունը կոչվում է N.P.O. Navigation Systems։

ՄԱԿ-ի զինաթափման հետազոտությունների ինստիտուտի, հակամարտությունների զինամթերքի հետազոտությունների և Սթիմսոն կենտրոնի համատեղ զեկույցի համաձայն՝ միջնորդությունը հազվադեպ երևույթ չէ միջազգային զենքի առևտրում և պարտադիր չէ, որ ներառի անօրինական գործունեություն։ Սակայն երբ նման գործարքներում ներգրավված են օֆշորային ընկերություններ, դա թույլ է տալիս թաքցնել իրական շահառուների մասին տեղեկատվությունը։

«Նման գաղտնիությունը կարող է քողարկել իրական սեփականատերերի անունը կամ զենքի արտահանման կամ վերբեռնման իրական երկիրը»,- այս մասին «Հետք»-ին ասել է «Transparency International»-ի ավագ գիտաշխատող Քոլբի Գուդմանը, որն ուսումնասիրում է պաշտպանության ոլորտում կոռուպցիան։

Pandora Papers-ից արտասահմանյան տվյալների զանգվածային արտահոսքի շնորհիվ լրատվամիջոցը պարզել է, թե ում շահերն են թաքնված N.P.O. Navigation Systems-ի հետևում։

«Տետրաէդր»-ի հետ համագործակցության ընթացքում օֆշորային ընկերությունը պատկանել է երկու ադրբեջանցու՝ Ֆուադ Սեիդալիևին և Արիֆ Ռահիմովին: Նրանք ունեն գինու բիզնես՝ «Սավալան Ասպի» գինեգործարանը, և երկուսն էլ նշված են որպես Aspi Consulting Engineers խորհրդատվական ընկերության գլխավոր մենեջերներ: Վերջինը մասնակցել է Ադրբեջանում պետական ​​գույքի մասնավորեցման գործընթացին: Մասնավորապես, այն խորհրդատվություն է տրամադրել տեղական տնտեսական զարգացման նախարարությանը փոքր հիդրոէլեկտրակայանների վաճառքի վերաբերյալ:

Գործարարների համար ոչ պակաս կարևոր զբաղմունք է զենքի առևտուրը: Արտահոսած փաստաթղթերում Սեիդալիևը և Ռահիմովը ներկայացված են որպես ադրբեջանական Azairtechservice ընկերության թոփ մենեջերներ: Այն այժմ կոչվում է Esis Technologies: Այն նորեկ չէ ռազմական արդյունաբերության մեջ:

2011 թվականին Azairtechservice-ը համատեղ ձեռնարկություն է ստեղծել բելառուսական «Տետրաէդր»-ի հետ՝ հին զենիթահրթիռային համակարգերի արդիականացման համար: Երեք տարի անց հարավաֆրիկյան «Պարամաունթ Գրուպ» ընկերության հետ ստեղծվել է մարտական ​​ուղղաթիռների արդիականացման համատեղ ձեռնարկություն:

2016 թվականին ադրբեջանական ընկերությունը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է կնքել թուրքական «Հավելսան» ընկերության հետ, որը մասնագիտացած է կառավարման, մոդելավորման, անվտանգության և հետախուզության համակարգերի ոլորտում: Azairtechservice-ն ինտերնետում անվանում էին «պաշտպանական արդյունաբերության երկրորդ նախարարություն»:

Լրատվամիջոցը հարցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, թե ինչո՞ւ են նրանք N.P.O. Navigation Systems-ն ընտրել որպես միջնորդ Բելառուսի ընկերության հետ գործարքներում և ի՞նչ միջնորդավճար է ստացել օֆշորային ընկերությունն իր աշխատանքի համար, բայց պատասխան չի ստացել։

Սեիդալիևը հեռախոսով ասել է, որ ինքը որևէ կապ չունի N.P.O. Navigation Systems-ի հետ, սակայն Pandora Papers-ի արտահոսքի փաստաթղթերն այլ բան են ասում։ Նրա գործընկեր Ռահիմովը չի արձագանքել։

Անարդար խաղ 

Բարձր մակարդակով Բելառուսն ու Ադրբեջանը չեն թաքցնում իրենց ռազմական համագործակցությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է ստուգել բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը, որոնք համալրել են ադրբեջանական բանակի զինանոցը։

«Արտադրանքի որակն ամենաբարձրն է, դրանք արդյունավետ են։ Հետևաբար, պատահական չէ, որ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն արդեն իսկ ունի լավ պատմություն, բավականին մեծ ծավալներ և ընդլայնման լավ միտում»,- ասել է Ալիևը 2018 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոյին այցի ժամանակ։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Բաքվին բելառուսական զենքի մատակարարումը վաղուց սրել է լարվածությունը Երևանի և Մինսկի միջև։ Բելառուսը և Հայաստանը դաշնակիցներ են ռազմական դաշինքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Ադրբեջանն անդամ չէ։ Երևանը վախենում էր Բաքվի կողմից ռազմական ագրեսիայից, ուստի անընդունելի էր համարում իր հակառակորդին բելառուսական զենքի մատակարարումը, ասվում է հրապարակման մեջ։

Լուկաշենկոն Արցախյան երկրորդ պատերազմն անվանել է «ազատագրական» Ադրբեջանի համար՝ հավելելով, որ ինքն ու Ալիևը հավատում էին հաղթանակին։ Դրանից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այլևս երբեք չի գնա Բելառուս, քանի դեռ այն ղեկավարում է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի