Գաղտնի պայմանագիրը, «փողի վրա նստած» համակարգն ու երկու Տիգրանները․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքականություն
24.07.2025 | 20:30«Փողի վրա նստած՝ մեզանից փո՞ղ ես ուզում»․ այս խոսքերը 25 տարի առաջ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։
Ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանին ոչ ոք նման բան չի ասում, քաղաքապետարանն էլ դժգոհում է՝ փող չկա, որ տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսները գնեն։ Մինչդեռ, Երևանի քաղաքապետարանը ոչ թե 45, այլ 62 հատ տրոլեյբուս կարող է գնել այն գումարով, որ հավաքվել է 2025 թվականի առաջին 5 ամիսներին տրանսպորտի ուղևորատոմսերի վաճառքից։
Ինչքա՞ն հասույթ է ապահովել միասնական տոմսային համակարգը, որտե՞ղ են այդ փողերը, ո՞վ և ինչպե՞ս է հավելյալ եկամուտ ստանում դրանից և ի՞նչ են փորձում հանրությունից թաքցնել մայրաքաղաքի ղեկավարները․ այս հարցերի պատասխանները՝ Factor TV-ի փաստաքննությունում։
Խոստումն ու գործը
2025 թվականի սկզբին քաղաքային իշխանությունը խոստացել է գնել 45 տրոլեյբուս։ Ամիսներ անց՝ հունիսի սկզբին հայտարարվեց, թե դրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, հնարավոր չի լինի ձեռք բերել, քանի որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը հանգեցրել է թերհավաքագրումների և ակնկալված գումարը չկա։
Factor TV-ն քաղաքապետարանից պարզել է, որ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին վաճառվել է 6 մլրդ 28 մլն դրամի ուղևորատոմս, այսինքն՝ ամսական 1 միլիարդից ավելի։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր պաշտոնավարման ժամանակ գնված 1 տրոլեյբուսի համար վճարվել է 96 մլն դրամ։ Մաթեմատիկական պարզ հաշվարկով ստացվում է, որ հավաքագրված 6 մլրդ դրամով կարելի է գնել 62 հատ տրոլեյբուս։
Հասարակական տրանսպորտի ֆինանսական միակ օպերատորը «Թել-Սել» ընկերությունն է։ 2021, ապա 2022 թվականներին 2 անգամ է մրցույթ կազմակերպվել, և այս ընկերությունը 2 անգամ էլ հաղթել է (2-րդ անգամը միակ մասնակիցն էր)՝ դառնալով մենաշնորհատեր։ Սա էլ այն դեպքում, երբ մրցութային հանձնաժողովը բացասական գնահատական է տվել ընկերությանը։
Թեև 2024-ի սեպտեմբերին «Թել-Սել»-ը վաճառքի է հանել իր բաժնետոմսերը և դարձել բաց բաժնետիրական ընկերություն, սակայն նշանակալից բաժնետերերի կազմը չի փոխվել։ «Թել-Սել»-ի հիմնական բաժնետերերը, հիշեցնենք, օֆշորային ընկերություն, նախկին պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված անձինք են՝ Կիպրոսում գրանցված «Lendasy Trading» (51.33%), Տիգրան Սարգսյան (16%)՝ ՀՀ նախկին վարչապետ, Արամայիս Բադալյան (14%), Արամ Սարգսյան (4․36%)՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա, Տաթևիկ Ավետիսյան (5․42%)՝ 2007-2009-ին Կենտրոնական բանկում Տիգրան Սարգսյանի խորհրդական, ապա տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ, ներկայում «Թել-Սել»-ի խորհրդի նախագահ Արտաշես Ավետիսյանի դուստր։

Factor TV-ի տեղեկություններով՝ «Թել-Սել»-ը, հավաքագրելով ուղևորատոմսերի դիմաց գումարները, դրանք անմիջապես չի փոխանցում տրանսպորտային օպերատորներին («Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ) կամ համայնքային բյուջե, այլ որոշակի պարբերականությամբ՝ 15 օրը մեկ է փոխանցում, իսկ այդ ընթացքում մեր և ձեր փողերը չեն «քնում», ակտիվ աշխատում են ու նոր եկամուտ ստեղծում շահագրգիռ անձանց համար։
Օրինակ՝ ֆինանսական աշխարհում հայտնի ներդրումային գործիք է օվերնայթը (overnight), երբ կուտակված փողն աշխատանքային օրվա ավարտին կամ հանգստյան և տոն օրերին տրվում է տոկոսով՝ 1 գիշերով, նաև տարածված է ցպահանջ ավանդը։ Այսինքն՝ հաջորդ օրը կամ երբ հաճախորդը պահանջի, գումարը տոկոսներով վերադարձվում է նրա հաշվին:
Հավաքագրված գումարը «Թել-Սելի» տնօրինմանը թողնելու վերաբերյալ փաստաթղթային ապացույցները գտնելու ակնկալիքով Factor TV-ն մայիսի 29-ին գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել քաղաքապետարանի և «Թել-Սել»-ի միջև կնքված պայմանագրի օրինակը։ Քաղաքապետարանից մեզ ուղարկել են մի հղում, որտեղ հրապարակված է ընդամենը պայմանագրի օրինակելի ձևը։
2 կողմի ստորագրությամբ վավեր, իրավական ուժ ունեցող փաստաթուղթը տրամադրելու մեր բազմաթիվ՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր դիմումներին ի պատասխան՝ քաղաքապետարանի պաշտոնյաները նախ խոստացել են ուղարկել 1-2 օրից, ապա 1 շաբաթից՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիրներ կան, իսկ հարցումից 35 օր անց, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, մերժել են բոլորովին անհեթեթ հիմնավորմամբ․ «Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ընկերության միջև կնքված պայմանագրի և դրա հավելվածների վերաբերյալ նախկինում ևս հարցումներ են ստացվել լրատվամիջոցների կողմից, որոնց պատասխանել ենք՝ տրամադրելով նույն բաց հասանելիությամբ հղումը, որն ուղարկվել է նաև Ձեզ։ Ինչ վերաբերում է ստորագրված տարբերակներին, դրանց տրամադրումն այս փուլում հնարավոր չէ»։
Այսինքն՝ վավեր փաստաթղթի փոխարեն՝ քաղաքապետարանը հորդորում է բավարարվել դրա նախատիպով։ Կրկնենք՝ քաղաքապետարանի կայքում բաց հասանելիությամբ ստորագրված փաստաթուղթն առկա չէ։
Պարզվում է՝ ստորագրելուց առաջ պայմանագրում լրացումներ են արվել։ Factor TV-ն սա պարզել է օրինակելի ձևի և արդեն ստորագրված պայմանագրի ուսումնասիրությամբ․ փաստաթուղթը բարի մարդկանց աջակցությամբ հայտնվել է մեր տրամադրության տակ։
Պայմանագրում ավելացվել է մի քանի կետ՝
- Երևանի մետրոպոլիտենի տարածքում անհատույց տեղադրել մինչև 100 քմ մակերեսով գովազդ,
- մետրոպոլիտենի տարածքում անհատույց տեղադրել 10 բանկոմատներ,
- «Թել-Սել»-ն իրավունք ունի սույն պայմանագրի գործողության ժամկետում QR code և Mifare տոմսերի ձեռքբերումից մինչև մարում ընկած ժամանակահատվածում պահպանել գումարը իր տարանցիկ հաշվում,
- հավաքագրված տոմսային հասույթից կատարել փոխանցումներ՝ մարված տոմսերի մասով՝ տոմսերը մարվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում։

Տոմսերի «մարում» նշանակում է դրանց օգտագործում կամ վալիդացում, իսկ դա փաթեթների դեպքում կարող է ամիսներ և տարի տևել։ Այսինքն, ըստ պայմանագրի՝ այդ գումարն ամիսներ շարունակ կարող է տնօրինել «Թել-Սել»-ը, շրջանառել այն և օգուտ ստանալ։
«Թել-Սել»-ը վճարահաշվարկային կազմակերպություն է, որ վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ ԿԲ-ի կարգավորումներով՝ դրամական փոխանցումները շահառուն պետք է ստանա կա՛մ նույն աշխատանքային օրը, կա՛մ հաջորդ օրը, կա՛մ կողմերի միջև պայմանագրում նշված ժամկետներում։ Քաղաքապետարանի և «Թել-Սել»-ի կնքած պայմանագիրը վկայում է, որ քաղաքային իշխանությունները գիտակցված են նման ժամկետներ նշել պայմանագրում՝ այդպիսով հնարավորություն տալով ընկերությանն աշխատացնել փողերն ու եկամուտ ստանալ։ Հարց է առաջանում՝ այս իրավիճակում ո՞րն է քաղաքի ղեկավարների շահը։
Միայն 2025-ի առաջին 5 ամիսներին վաճառվել է ընդհանուր 417,575 ուղևորատոմսերի փաթեթ, որից 77%-ը 7 օրից 1 տարի ժամկետով է։ Այսինքն՝ այս երկարաժամկետ փաթեթներից ստացված փողերը, ըստ պայմանագրի, մնում են «Թել-Սել»-ի հաշվին՝ մինչև դրանք կօգտագործվեն։ Թե դրանից ինչքան շահույթ կգեներացվի, օրինակ՝ նույն օվերնայթի կամ ցպահանջ ավանդի միջոցով, դժվար է ճշգրիտ հաշվարկել․ նման գործարքի պայմանները համաձայնեցվում են հաճախորդի և բանկի միջև, հրապարակային չեն։ Դրանց տոկոսադրույքը տատանվում է 5-ից մինչև 10,5%-ի միջակայքում։
Factor TV-ի հետ զրույցում «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը, ըստ էության, չհերքեց նման ձևով փողերի շրջանառումը, սակայն վստահեցրեց, թե 2025-ի հունվարից իրավիճակը փոխվել է։
«Հունվարի 1-ից վաճառված տոմսերի ամբողջ հավաքագրված գումարները 7 աշխատանքային օր հետո փոխանցում ենք քաղաքապետարանի միասնական հաշվին, ոչ թե օպերատորներին։ Դա ի վնաս «Թել-Սել»-ի է տեղի ունեցել։ Այսինքն՝ ասել, որ «Թել-Սել» ընկերությունն այդ գումարներն օգտագործում է և օգուտ է ստանում դրա շրջանառելուց, այդպես չէ»,- նշեց նա։
Տարօրինակ է, որ 2022-ին կնքված պայմանագիրը 3 տարի անց նման փոփոխության է ենթարկվել ու դարձյալ չի հրապարակվել, առավել ևս, որ Երևանի քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգի ներդրման համար «Թել-Սել»-ին չի վճարում, ընկերությունը նաև միջնորդավճար չունի։
«Քաղաքապետարանը 0 դրամ է հատկացրել միասնական տոմսային համակարգ ներդնելու համար»,- 2024-ի հուլիսի 24-ին ասուլիսում ասել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մինչդեռ, «Թել-Սել» ընկերությունն արդեն մոտ 1,5 մլրդ դրամ է ծախսել համակարգի ներդրման համար, սպասարկումն էլ փող արժե։
«Թել-Սել»-ի օգուտը, որի մասին բարձրաձայն խոսում են կողմերը, պետք է լիներ պայմանագրի գործողության 5 տարիների ընթացքում ընկերության հավելվածի՝ Telcell Wallet-ի օգտատերերի թվի ավելացումը։ Հավելվածով շատ գործարքների իրականացման համար միջնորդավճարը 0% է (մինչև 100 հազար դրամի դեպքում), բայց, օրինակ, ՃՈ տուգանք վճարելու դեպքում 300 դրամ է, բանկի վարկի մարման կամ հաշվի համալրման դեպքում՝ 200 դրամ, Էկենգի թվային ստորագրության ակտիվացման միջնորդավճարը 300 դրամ է և այլն։
«Այն շահը, որ ներդրել էինք այս ծրագրի մեջ, հետապնդելով մեր դրամապանակի մասնակիցների քանակի ավելացումը, այդպես չէ և չարդարացավ։ Շուրջ 100 հազարի հավելվածի բաժանորդներ են ավելացել, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենք օգտվում են մեր մյուս ծառայություններից»,- Factor TV-ին ասաց Լիանա Հունանյանը։
Նկատենք, որ ընկերության 2024-ի հաշվետվության համաձայն՝ Telcell Wallet հավելվածի ակտիվ օգտատերերի քանակը գրեթե կրկնապատկվել է, իսկ դեռևս 2022-ին, ինչպես ընկերությունն է հայտարարել, նրանց թիվն արդեն 600 հազարից ավելի է եղել։
Բայց արդյո՞ք համարժեք են 1,5 մլրդ դրամ ներդրումն ու 100 հազար բաժանորդի ավելացումը։
«Թել-Սել»-ի հաշվետվությունների ուսումնասիրությամբ Factor TV-ն պարզել է, որ 2023 և 2024 թվականներին զգալի աճ է գրանցվել ընկերության դրամական միջոցների և դրանց համարժեքների գծով․ եթե 2022-ին դա 5,5 մլրդ դրամ էր, ապա 2023-ին՝ 7,9 մլրդ, 2024-ին՝ 7,92 մլրդ, 2025-ի առաջին եռամսյակում՝ մոտ 4,7 մլրդ դրամ։ Օգտագործման սահմանափակումով հաշիվների մնացորդները 2022-23-ին նույնպես ավելացել են՝ 5,7 մլրդ և 5,9 մլրդ, ու թեև 2024-ին որոշ նվազում է եղել՝ 4,3 մլրդ դրամ, սակայն 2025-ի միայն առաջին եռամսյակում դրանք գերազանցել են ամբողջ 2024-ը՝ կազմելով՝ 4,6 մլրդ դրամ։
Այսինքն՝ տարեցտարի հիմնականում ավելացող այս թվերն այն փողերն են, որ ընկերությունը կարող է նույն օվերնայթի կամ ցպահանջ ավանդի միջոցով շրջանառել և եկամուտ ստանալ։
Պատահական չէ, որ 2024 թվականին «Թել-Սել»-ի անուղղակի եկամուտները գրեթե կիսով չափ աճել են՝ հասնելով մոտ 1,6 մլրդ դրամի, 2025-ի առաջին եռամսյակում այդ աճը գրեթե նույն տեմպով շարունակվել է։
Ստացվում է՝ քաղաքային գործող իշխանությունների շնորհիվ նախկին պաշտոնյաների ընկերությունը ոչ միայն մենաշնորհատեր է դարձել, այլև ստանում է եկամուտներ, որոնց վերաբերյալ պաշտոնյաները լռում են, թեև հայտարարում են բաց ու թափանցիկ աշխատելու մասին։
Գայանե Խաչատրյան