«Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման անհնար է խուսափել նոր ոճրագործություններից». Էդուարդ Շարմազանովը` Թուրքիային

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 9-ին Անթալիայում տեղի է ունեցել  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է.

«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների խոսնակներին`այս միջոցառումը նախաձեռնելու եւ ամենամեծ մայրցամաքի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների միջեւ երկխոսության հարթակ ստեղծելու ուղղված ջանքերի համար: Միջխորհրդարանական համագործակցության այս ձեւաչափը կարճ ժամանակում ապացուցեց իր արդիականությունն ու կարեւորությունը:

Լինելով հնագույն մշակույթների եւ քաղաքակրթությունների ծննդավայր` եվրասիական տարածաշրջանը մեծ տնտեսական ներուժ ունի: Անհրաժեշտ է մեծացնել մայրցամաքի երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Հարգելի գործընկերներ, Հայաստանը, գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, հազարավոր տարիների ընթացքում կապող օղակ է հանդիսացել աշխարհի երկու մասերի միջեւ: Այսօր Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է: Մենք մեծապես կարեւորում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության զարգացումը շահագրգիռ երկրների եւ հիմնական ինտեգրացիոն միավորումների հետ: Այսպիսով, անցյալ տարի Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք հիմք ենք ընդունում, որ մեկ ինտեգրացիոն համայնքում անդամակցությունը չպետք է սահմանափակի անդամների` այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորությունը` հաշվի առնելով բոլոր պարտավորությունների կատարումը:

Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս առումով շրջափակումը եւ փակ սահմանները անբնական եւ անընդունելի խոչընդոտներ են երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին:

Ցավոք, Թուրքիան, երկիր, որը կազմակերպել է նման կարեւոր եւ ներկայացուցչական միջոցառում, 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է:

Ցավոք, այսօր մեր տարածաշրջանը այնպիսի մարտահրավերների առջեւ է, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունն ու այլատյացությունը:

Այս տարի աշխարհը նշում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ ամեն տարի աճում է այդ երկրների ու կազմակերպությունների թիվը: Ես` որպես Ցեղասպանությունից փրկված ժողովրդի ժառանգորդ, այս ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից:

Հարգելի գործընկերներ, Եվրասիայի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում գոյություն ունեն շրջաններ, որոնք ներգրավված են հակամարտություններում եւ երկարատեւ խաղաղության վերականգնումը մեծ ջանքեր ու կամք է պահանջում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի կարեւորագույն հարցերից մեկը: Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունը եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության եւ կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ մայրցամաքում:

Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային հակամարտություն չէ, քանի որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է: Հակամարտության լուծումն առանց այդ իրավունքի լիարժեք իրացման անհնար է:

Անդրադառնալով համաժողովի օրակարգին` կցանկանայի նշել, որ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը:

Վերջում, մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հանդիպումը կազմակերպելու համար եւ հաստատում 2020 թվականին համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր երկրի պատրաստակամությունը»