Կռվախնձոր՝ «նախկինների» ու «ներկաների»․ ինչո՞ւ քաղաքապետարանը չի ապամոնտաժում ինքնակամ կառույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.06.2026 | 18:10
ԵՄ-ում քննարկել են ՀՀ-ին աջակցության հարցը // Թրամփն ու Զելենսկին հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 18:02
Տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հեռախոսազրույցը
16.06.2026 | 17:52
Դիլիջանում գտնվող 12.4 մլն դոլար արժեքով 67 հա հողատարածքը վերադարձվել է ՀՀ տիրապետությանը
16.06.2026 | 17:44
Ընտրելու համար նոր պահանջ․ վերջին 1 տարում 183 օր Հայաստանում գտնվելը կարող է պարտադիր դառնալ
16.06.2026 | 17:42
«Մենք խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու
16.06.2026 | 17:34
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
16.06.2026 | 17:25
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 17:17
Ովքեր են խախտել «լռության օրը»․ սոցցանցերի թանկարժեք ընտրարշավը
16.06.2026 | 17:08
Ֆիդանն ու Լավրովը Հարավային Կովկասում իրավիճակն են քննարկել
16.06.2026 | 17:01
Ծնողական ժամ․ ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:50
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչպես է պատրաստվում հաղթել Ջասթին Գեյջիին
16.06.2026 | 16:48
Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ 125 քրեական վարույթ է նախաձեռնվել
16.06.2026 | 16:43
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման համակարգի բարեփոխումները
16.06.2026 | 16:39
Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական հուշագրի իրագործումը
16.06.2026 | 16:33
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների պահման պայմանները մտահոգիչ են․ դիտորդական խումբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Երևանի Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկի մոտ նախկինում գործող բենզալցակայանի կառույցը վեճերի առարկա է դարձել։

«Սա ինքնակամ շինություն է, բայց քաղաքապետարանը չի շտապում ամանոտաժման որոշում կայացնել»,- Factor TV-ին ասել է «ՌԻՈ» ՓԲԸ-ի փաստաբան Մերի Գևորգյանը։

Բենզալցակայանը շահագործում էր «Տիտան Օիլ» ընկերությունը՝ ամսական ունենալով շուրջ 60 մլն դրամի շրջանառություն։ Ստուգումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ խախտումների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերին որոշել է դադարեցնել բենզալցակայանի գործունեությունը, ամիսներ անց՝ 2023-ի մայիսին, այն կապարակնքվել է, հեռացվել բենզինի պահման տարաները։

2 տարի անց կառույցը դեռևս չի ապամոնտաժվել, թեև այն համայնքային տարածքում է։ Կառույցը պատկանում է «Սիվաս» ընկերությանը, «Տիտան Օիլ»-ն այն միայն վարձակալում էր։ Factor TV-ն Երևանի քաղաքապետարանից 2025-ի մարտի 4-ին գրավոր հարցմամբ հետաքրքրվել է՝ կառույցն ինչո՞ւ չի ապամոնտաժվել, դրա հստակ հասցեն ո՞րն է, եղե՞լ է շինթույլտվություն, արդյո՞ք նմանատիպ բենզալցակայաններ մայրաքաղաքի այլ վայրերում նույնպես կան։ Այս հարցերին քաղաքապետարանը դեռևս չի պատասխանել, հայտնել են, թե 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ։

Մինչ այդ, Կադաստրի փաստաթղթերի ու Երևանի քաղաքապետի որոշումների ուսումնասիրությամբ պարզել ենք, որ 2002 թվականին «Սիվաս» ՍՊԸ-ի հետ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքապետարանը կնքել է տարածքի վարձակալության 2 պայմանագիր՝ 15 տարի և 20 տարի ժամկետով։ Այսինքն՝ պայմանագրերի գործողության ժամկետներն ավարտվել են 2017 և 2022 թվականներին։

Քաղաքացիական օրենսգրքի 208 հոդվածի համաձայն՝ հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա հողօգտագործողի կառուցած շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է հողամասի սեփականատիրոջը, տվյալ պարագայում՝ Երևան համայնքին։ Ըստ այդմ՝ քաղաքապետարանը պետք է քանդեր ինքնակամ կառույցն ու ազատեր համայնքային հողը։

«ՏԻՄ օրենքի 42 հոդվածով քանդման լիազորությունը տրված է համայնքի ղեկավարին։ Երբ շինությունը դառնում է ինքնակամ, պետք է անմիջապես ապամոնտաժվի և հեռացվի։ Մեր դեպքում այդ օրենքը չի գործում, կամայական մոտեցում է։ Այսինքն՝ եթե ինքնակամ կառույց է, ինչպես մնացած դեպքերում են ապամոնտաժել, այս դեպքում էլ սա պետք է անմիջապես քանդվեր և ապամոնտաժվեր»,- նշել է Գևորգյանը։

Մինչդեռ, Երևանի քաղաքապետարանը, համայնքային հողի վրա գտնվող ինքնակամ կառույցն ապամոնտաժելու փոխարեն, 2023-ի դեկտեմբերին դիմել է դատարան՝ պահանջելով պայմանագրերը դադարած ճանաչել, նաև ճանաչել շինության նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը: Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է, որ եթե վարձակալության պայմանները չեն փոխվում, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն շարունակում է գործել անորոշ ժամկետով։ Որպեսզի նման պայմանագիրը լուծվի, անշարժ գույքի դեպքում 3 ամիս առաջ կողմը պետք է այդ մասին ծանուցի մյուս կողմին։ 2023 թվականին Երևան համայնքը «Սիվաս» ընկերությանը ծանուցել է պայմանագիրը լուծելու մասին։ Ժամկետը լրացել է 2023-ի նոյեմբերի 8-ին: Այսքանից հետո Երևան համայնքը դատարանից է պահանջում պայմանագրերը դադարեցնել: 2024-ի դեկտեմբերին դատարանը հայցը մերժել է՝ արձանագրելով, որ պայմանագրերն արդեն իսկ դադարած են, հետևաբար, հայցն առարկայազուրկ է։

Եվ ի՞նչ է անում Երևանի քաղաքապետարանը։ Ճիշտ է, բողոքարկում է դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանն էլ այն ընդունում է վարույթ․ հաջորդ դատական նիստը 2025-ի հոկտեմբերի 7-ին է։

Այս գործում ևս մի ուշագրավ հանգամանք կա․ վարձակալական պայմանագրում և դատական գործերում նշված է, որ «Սիվաս» ընկերությանը բենզալցակայանի տաղավարի համար հատկացվել է Հրաչյա Քոչար 32 հասցեի շենքին հարող տարածքը։ Այդ հասցեն ընկերության փաստացի գործունեության հասցեից, կոպիտ հաշվարկով, մոտ 220 մ հեռավորության վրա է։ Այս հանգամանքը Երևանի քաղաքապետարանը որևէ կերպ չի մատնանշում, դատարանը ևս անտեսել է։

«Սիվաս» ընկերության փաստաբան Նարինե Աբելյանը Factor TV-ի հետ զրույցում վստահեցրել է՝ բենզալցակայանն իր տեղում է․ «Բենզալցակայանը կառուցված է հենց այն վայրում, որտեղ տրված է շինարարական թույլտվությունը։ Սեփականության վկայականը տրված է այն բենզալցակայանի համար, որտեղ վերջինս կառուցված է։ Դրա համար սեփականության վկայականում նշված է ոչ թե հստակ հասցե, այլ նշված է խաչմերուկի մոտ տարածք։ Թե դա որտեղ է, որևէ քաղաքաշինական փաստաթղթում հստակ նշում չկա դրա վերաբերյալ։ 2 տասնյակից ավելի գործ է այս պահին գտնվում դատարաններում։ Բենզալցակայանի գործունեության դադարեցման պայքարը զուտ որոշակի հստակ անձանց, ոչ թե իրավունքի ոլորտում է տեղի ունեցել, և բենզալցակայանը փակվել է ոստիկանության բացարձակ ապօրինի գործողությունների արդյունքում։ Դրա վերաբերյալ ևս դատական գործ է քննվում»։

Ի դեպ, դատարանում «Սիվասը» մեղադրել է Երևանի քաղաքապետարանին «ՌԻՈ» ՓԲԸ-ի հետ փոխհամաձայնեցված գործելու մեջ, որի նպատակը «Սիվաս» ՍՊԸ-ին Քոչարի փողոցին հարող տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից զրկելն է: Ըստ ընկերության՝ «Արաբկիր» կարի ֆաբրիկայի, հետագայում՝ «ՌԻՈ» ՓԲԸ-ի բաժնետերերից մեկը տևական ժամանակ եղել է Երևանի քաղաքապետը։

Խոսքը Գագիկ Բեգլարյանի մասին է․ Երևանի նախկին քաղաքապետը «ՌԻՈ» ՓԲԸ-ի 50%-ի բաժնետերն է։ Ընկերության մյուս 50%-ը «Տաշիր կապիտալի» հիմնադիր Սամվել Կարապետյանի և նրա կնոջ՝ Էթերի Կարապետյանի սեփականությունն է։ Բեգլարյանը, հիշեցնենք, անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի գործով: Դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել 3 մլրդ դրամ, 33 բնակարան Երևանում, տարածքներ, շինություններ, ավտոհանգրվաններ։ Ցանկում նաև «ՌԻՈ» ՓԲԸ-ի բաժնեմասն է։ Հակակոռուպցիոն դատարանն արդեն դատաքննության փուլում է, հաջորդ նիստը մայիսի 19-ին է։

«Սիվասն» իր հերթին նույնպես փոխկապակցված է նախկին իշխանավորների հետ․ ընկերության 90% բաժնետերը Տիգրան Դարբինյանն է՝ ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի (Սլավոնական) նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի եղբայրը։ Նրա գործընկերը Առաքել Հարությունյանն է։

Ստացվում է՝ նախկին վարչապետի եղբայրը մայրաքաղաքի գործող իշխանություններին մեղադրում է նախկին քաղաքապետին աջակցելու մեջ, երբ այդ նախկին քաղաքապետը գործող իշխանությունների կողմից մեղադրվում է կոռուպցիայի և ապօրինի հարստանալու մեջ։

Մինչ դատարանները գլուխ կհանեն փակված բենզալցակայանի շուրջ բազմակողմ հայցերից, Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ին հայտնել են, որ վարույթ է հարուցված և նախաքննություն է իրականացվում։

Գայանե Խաչատրյան