ԵԱՏՄ «խորթ զավակը»․ Սերժ Սարգսյանի «ռացիոնալ» որոշումը և Հայաստանի շահը
Քաղաքականություն
07.01.2025 | 22:00Վճարովի բովանդակություն
Հայաստանը 2013 թ-ին հրաժարվեց ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրից՝ փոխարենը անդամակցելով Մաքսային միությանը և հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Այս որոշումը հիմնավորված էր անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ հակամարտությունը և Ռուսաստանի ռազմական աջակցության կարևորությունը։ «Սա ռացիոնալ որոշում է, որը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ», – հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նախագահ Սարգսյանի հաշվարկները սխալ էին և հղի ցուգցվանգային իրավիճակով։
Լուկաշենկոյի, Նազարբաևի, Ատամբաևի և Պուտինի հետ մեկ սեղանի շուրջ
2015 թ-ին Հայաստանը դարձավ ԵԱՏՄ «ակումբի» անդամ, այնպիսի երկրների հետ ինչպիսիք են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Ինչպես ամեն «էլիտար ակումբ» նա իր անդամներին խոստացավ հավասար իրավունքներ, տվյալ դեպքում՝ ընդհանուր մաքսային սակագներ, ինչպես նաև Միության տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։
Նախաձեռնությունը, ինչպես վստահեցնում էին «չարակամները», սոսկ գեղեցիկ «փաթեթավորումն» էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկության վերադարձնելու նախկին Խորհրդային Միության ազդեցությունն ու կառուցվածքը: Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ի տրամաբանությամբ, ծառայում է ոչ միայն որպես տնտեսական միավոր, այլ նաև որպես ռազմավարական քաղաքական գործիք՝ Ռուսաստանի ազդեցությունը իր հարևան երկրների վրա տարածելու համար։
«Երկու աթոռին» միաժամանակ նստելու սովորությունը
Ակնհայտ պրոռուսական վեկտորն որդեգրելուց հետո էլ, սակայն, Սերժ Սարգսյանը չդադարեց փորձերը համատեղել եվրոպական և ռուսական ուղղությունները («և՛-և՛» քաղաքականություն)։ 2017 թ-ի փետրվարին Բելգիայում նա բավականին ներկայացուցչական հանդիպումներ անցկացրեց եվրոպական բոլոր կառույցների, այդ թվում նաև՝ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, իսկ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին:
Փորձագետնորը նշում են, որ չնայած այս նոր համաձայնագիրը լիովին չի փոխարինում 2013 թ-ի Ռուսաստանի անմիջական ճնշմամբ ձախողված ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրին, քանի որ դրանից բացակայում է ամենակարևոր՝ տնտեսական ինտեգրման բաղադրիչը, սակայն դա կարևոր քայլ էր Հայաստանի կառավարման, տնտեսական ենթակառուցվածքային համակարգերը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելուն ուղղված բարեփոխումների հանձնառություն ստանձնելու առումով: Իր անմիջական շահերի գոտին ընդգրկող հետխորհրդային երկրների կողմից դեպի Արևմուտք ուղղված բոլոր ինտեգրացիոն նախաձեռնություններին չափազանց մեծ խանդով վերաբերվող Կրեմլը «թեթև շունչ» քաշեց միայն Սարգսյանին Մոսկվա հրավիրելուց և նրանից «լոյալության երդում» ստանալուց հետո միայն։ Կրեմլը փաստացի հաստատեց, որ ճանաչում է Սերժ Սարգսյանի հռչակած «և՛-և՛»-ի՝ այսպես կոչված փոխլրացնող քաղաքականությունը, եթե եվրոպական «և»-ը չի հավասարակշռում ռուսականին:
Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում
2018 թ-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխությունը, որը բերեց սահմանադրական փոփոխությունների հետևանքով իր իշխանությունը երկարաձգելու փորձ ձեռնարկած նախագահ (այդ պահին արդեն վարչապետ) Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 2018 թ-ի մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընտրվեց վարչապետ։
Հետահայաց հայացքով, կարող ենք փաստել, որ այս իրադարձությունը շրջադարձային էր ՀՀ քաղաքականության մեջ։ Փաշինյանի իշխանության գալը դիտվում էր որպես երկրի ներսում ժողովրդավարական շարժումների հաղթանակ և նախկինում արմատացած քաղաքական էլիտաների հեռացում: Արտահերթ ընտրություններում նրա գլխավորած քաղաքական դաշինքը ապահովեց Ազգային ժողովի մանդատների մեծամասնությունը։ Փաշինյանը սահմանեց «խաղի նոր կանոններ»՝ հիմնված օրենքի գերակայության վրա, նվազեցրեց երկրում ստվերային տնտեսության ծավալը, հռչակեց կոռուպցիայի դեմ պայքարը որպես առաջնահերթություն։ Կարծես թե ճիշտ ժամանակն էր նման խոշոր լեգիտիմության ռեսուրս ունեցող ղեկավարի համար գնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանը՝ որպես ռազմավարական այլընտրանքի։
Ներքին բարեփոխումները, սակայն, չբերեցին աշխարհաքաղաքական էական փոփոխությունների։ Փոխարենը Փաշինյանը կարծես փորձեց հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Պահպանելով ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ՝ մասնավորապես ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, նա ձգտում էր ամրապնդել կապերը արևմտյան երկրների և կառույցների հետ՝ ընդգծելով նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին։
Համավարակ և ․․․ պատերազմ
2020 թ-ին Հայաստանը բախվեց համավարակի և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետևանքներին, որոնք զգալի հարված հասցրին երկրի տնտեսությանը և սոցիալական կայունությանը։ Չնայաց դրան 2021 թ-ի հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ, վերահաստատեց իր մեծամասնությունը խորհրդարանում։
44-օրյա պատերազմի հետևանքները, սահմանի վրա բախումները և ՀԱՊԿ-ի անգործությունը զգալիորեն փոխեցին Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը: Այս դիրքորոշման փոփոխությունը ավելի ակնհայտ դարձավ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, որը դրդեց Երևանին «թեքվել» դեպի Արևմուտք։ ՀՀ-ն ակտիվացրեց իր երկխոսությունը արևմտյան երկրների և կառույցների հետ, ինչը արտաքին հարաբերությունները հավասարակշռելուն ուղղված ռազմավարական քայլ է։
Պատերազմ և տնտեսություն
Ռուս-ուկրաինական պատերազմը նոր ազդեցություններ ունեցավ Հայաստանի վրա.
- Ռուսական կապիտալի և մասնագետների ներհոսքը խթանեց տնտեսությունը, սակայն խորացրեց կախվածությունը Մոսկվայից։
- Հայաստանի արտահանումը դեպի ՌԴ զգալիորեն աճեց՝ ռուսական շուկայի կարիքները բավարարելու համար։
- Արևմտյան պատժամիջոցները Կրեմլի նկատմամբ նոր հնարավորություններ բացեցին հայկական բիզնեսի համար, սակայն մեծացրին նաև ռիսկերն ու խոցելիությունը։
Այսպես, եթե 2013 թ-ին Հայաստանի արտահանման հիմնական շուկան ԵՄ-ն էր՝ 33.6% մասնաբաժնով, իսկ Ռուսաստանն ուներ ընդամենը 22.6% մասնաբաժին, ապա 2023-ին Եվրամիությունն իր առաջատարի դիրքերը զիջեց ՌԴ-ին՝ բավարարվելով ՀՀ ամբողջ արտահանման 8.5%-ով։ 2023 թ-ի արդյունքներով Հայաստանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է 40.4% մասնաբաժնով։ Նման «կողմնորոշման» վրա ազդեցություն ունեցավ այդ թվում նաև Հայաստանի՝ 2022 թ-ին ԵՄ Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից (Generalised Scheme of Preferences Plus կամ GSP+) դուրս մնալը, որը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6,200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։
Պատերազմը նպաստեց ՀՀ տնտեսության նշանակալի աճին․ 2022 թ-ին ՀՆԱ-ի հավելաճը կազմել է 12․6%, 2020-ի 7․6% անկման և 2021-ի 5․8% աճից հետո: Կարճաժամկետ այս դիվիդենդները, սակայն, խորացրեցին ՀՀ տնտեսական կախվածությունը ՌԴ-ից՝ այն դարձնելով ավելի խոցելի արտաքին բացասական շոկերի համար։
Արդյունքում, 2023 թ-ին, երբ ռուս-ուկրաինական պատերազմի անմիջական ազդեցությունը սկսեց թուլանալ, ՀՀ տնտեսական աճի տեմպը դանդաղեց։ Օրերս Ֆիննախը սրբագրեց իր իսկ սպասումները 2024 թ-ի ՀՆԱ աճի մասով՝ պետբյուջեով ամրագրված 5.6%-ի փոխարեն ակնկալելով 5-5․5%: Սպասվում է, որ այս միտումը կպահպանվի միջնաժամկետ հեռանկարում։ Արդեն իսկ 2025 թ-ի ՀՆԱ աճի կանխատեսումը ֆիքսվել է 5․1% մակարդակի վրա, այնինչ Կառավարությունը իր 2021-2026 թվականների գործունեության ծրագրով ակնկալում էր տարեկան առնվազն 7% աճի ապահովում։
Որպես Հ․Գ․
Հայաստանի երկակի քաղաքականությունը՝ «և՛-և՛» մոտեցումը, կարճաժամկետ առումով որոշակի արդյունքներ է ապահովում, սակայն երկարաժամկետ հեռանկարում չի լուծում տնտեսական և աշխարհաքաղաքական կախվածության հիմնախնդիրը։ Ապագա ռազմավարական քաղաքականության հաջողությունը կախված կլինի Հայաստանի կարողությունից՝ համարձակ քայլերով նոր բալանսավորող մոդել գտնելու, որը կվերահաստատի երկրի ինքնիշխանությունը և տնտեսական կայունությունը։