Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

– Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ ՀՀ-ն որոշում կայացրեց Իրանի անցակետից դուրս բերել ռուս սահմանապահներին, և այնտեղ ստանձնել վերահսկողություն։ Նիկոլ Փաշինյան – Վլադիմիր Պուտին հանդիպման արդյունքում որոշվեց նաև՝ ՀՀ սահմանապահները մասնակցեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանությանը։

– Այս գործընթացը նոր չի սկսվել, «Զվարթնոց» օդանավակայանում, Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք նաև Ռուսաստանի Դաշնության ներկայություն։ Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածություններն այնպիսին են եղել, որ եթե Հայաստանը ձեռք է բերում կարողություններ իր սահմանների անվտանգությունն ապահովելու, ապա ՀՀ-ն ամբողջական կամ մասամբ իր վերահսկողության տակ է վերցնում սահմանների պահպանությունը։ Ռուսաստանի հետ համաձայնությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից։ Եվ քանի որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը ձեռք են բերել բավարար կարողություններ, մենք առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հունվարի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետում ամբողջությամբ ՀՀ սահմանապահ զորքերը ծառայություն իրականացնեն, ինչպես նաև՝ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին համատեղ ծառայություն իրականացնենք։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Հունվարի 1-ից կանցնենք այս՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։

-Անձնակազմ, տեխնիկական պատրաստություն․․․ Հայաստանը տիրապետո՞ւմ է այդ ծավալի կարողություններին։

-Կարողությունները շարունակաբար զարգացնում ենք, և, այո՛, ՀՀ Սահմանապահ զորքերն ունեն բավարար կարողություններ՝ այդ ծառայությունն իրականացնելու համար։

-1992-ին կնքված հայ – ռուսական պայմանագրում նշված է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ունենա սեփական սահմանապահ ուժեր, ռեսուրսներ՝ ինքնուրույն Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պահպանությունն իրականացնելու, կսկսի դա իրականացնել։ Մո՞տ է Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ ամբողջական սահմանը վերահսկելու փուլին։

-Այս պահին մենք ունենք պայմանավորվածություններ՝ համատեղ ծառայություն իրականացնելու և մենք քննարկել ենք այս տարբերակը, և հունվարի 1-ից կանցնենք այս տարբերակով ծառայության իրականացմանը։

-Իսկ ամբողջական վերահսկողության մտադրություն կա՞։

-Մենք այդպիսի բան չենք քննարկել։

-Իսկ նման ձգտում կա՞ ՀՀ-ի կողմից։

-Ինչպես պայմանագրում է, և ընդհանուր քաղաքական պայմանավորվածությունն է, ՀՀ-ն շարունակական կարողություններ է ձեռք բերում, ՀՀ-ն զարգացնում է իր կարողությունները, որպեսզի սահմանի անվտանգության ապահովման համար իրականացնի պատասխանատվություն։ Կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։

-Հայաստանի և Իրանի սահմանի, Արաքս գետի երկայնքով գտնվող ճանապարհին ևս կանգնած են ռուս զինծառայողներ, որոնք ոչ միայն սահմանապահ ֆունկցիա ունեն, այլև՝ որոշում են կայացնում՝ անձանց թողնե՞լ Նռնաձոր կամ Շվանիձոր գյուղեր, թե ոչ։ Համենայնդեպս, ես նման փորձ ունեցել եմ 2021 թվականին՝ Նռնաձոր գյուղ գնալիս, անձնագիր էին ստուգում, կարիք կար Մեղրիի քաղաքապետարանից թույլտվություն ստանալ։

Եթե ՀՀ-ն և Ադրբեջանը ապաշրջափակման գնան, և այդ ճանապարհը գործի, արդյո՞ք այն մեխանիկորեն միջանցք չի դառնում․ օտար ռազմական ուժեր են կանգնած, Հայաստանը չէ այսօրվա փաստացի վերահսկողը։ Իրանի սահմանը 40-50 կիլոմետր է, երկար սահման չէ, հնարավո՞ր չէր, որ Հայաստանը վերցներ այդ սահմանի վերահսկողությունը։

-Ցանկանում եմ նշել, որ ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Ապաշրջափակման սկզբունքները ՀՀ-ի համար հայտնի են, դրանք՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներն են։ Եվ գիտեք, որ ապաշրջափակում կարող է տեղի ունենալ միայն, եթե ենթակառուցվածքները գտնվում են տվյալ պետության վերահսկողության տակ․ Հայաստանի դեպքում դա Հայաստանի իրավազորության շրջանակներում ապաշրջափակում իրագործելն է։ Սրանք են այն շրջանակը, որ հնարավոր է՝ ապաշրջափակում տեղի ունենա։ Մնացյալ այլ դեպքերում, բնականաբար, ապաշրջափակում տեղի չի ունենա։

-Իսկ գետնի վրա փոփոխություն կլինի՞ իմ նկարագրած հարցի համատեքստում։

-Ապաշրջափակումը տեղի կունենա միայն իմ նշած սկզբունքների շրջանակներում։

-ՌԴ նախագահ Պուտինը լռում էր, երբ ՀՀ վարչապետը օրերս ԵՏՄ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ասում էր, որ որևէ երրորդ երկրի ՀՀ-ն միջանցք չի խոստացել, որ ՀՀ-ն պետք է իր տարածքում անվտանգություն ապահովի։ Սակայն վարչապետի խոսքից հետո խոսեց Օվերչուկը, հիշեցնելով ձեզ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ՀՀ-ն հետ չի կանչել ստորագրությունը, և ասաց, որ միայն ՌԴ մասնակցությամբ կարող է լինել ապաշրջափակում։ Սա ՌԴ կողմից տարածքային պահա՞նջ է ՀՀ-ին, քանի որ չկա իրավական հիմք, թե ինչու պիտի ՀՀ-ում միջանցք ստեղծեն։

-Ես արդեն նշեցի ապաշրջափակման սկզբունքները, և ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման՝ միայն այդ սկզբունքների շրջանակներում։ Մենք առաջնորդվում ենք վարչապետի հայտարարած սկզբունքների շրջանակներում՝ ապաշրջափակման և այլ տեսակի բոլոր սկզբունքներում։ Մենք առաջնորդվում ենք միայն այդ հայտարարություններով, և Հայաստանը շարունակելու է պնդել սա։ Այսինքն, այլ տարբերակ հնարավոր չէ ապաշրջափակման համար։ Հնարավոր է միայն վարչապետի նշած, ինչպես նաև՝ մեր կողմից բազմիցս նշած ապաշրջափակման սկզբունքների շրջանակներում։

-Իսկ Ադրբեջանն այդպես էլ չի՞ համաձայնվում միջազգային պահնորդական կազմակերպության ներգրավմանը ապաշրջափակման հարցում՝ փոխադարձության սկզբունքով, որպեսզի նրանք ներկա գտնվեն ոչ միայն ՀՀ-ով տեղաշարժվելիս, այլև՝ Նախիջևանի տարածքում։

-Ապաշրջափակումն այն մասին է, որ և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի տարածքներում պետք է անվտանգության երաշխիքներ լինեն։ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է իր ուժերով այդ երաշխիքները տրամադրվեն։ Հայաստանը պատրաստ է ներգրավել այլ ինստիտուտներ՝ միայն փոխադարձության սկզբունքով։ Այսինքն, փոխադարձությունը և հավասարությունը ևս կարևոր սկզբունքներ են։ Այս հարցում դեռևս չենք կարողացել համաձայնության հասնել։

-Այսինքն, Ադրբեջանը միակողմանիությա՞ն է ձգտում։

-Մենք շարունակում ենք առաջ մղել մեր սկզբունքները, և բանակցություններում սա ենք առաջ տանում։

-Ադրբեջանի հետ բանակցային գործընթացն այս պահին փակուղային չէ՞ արդյոք․ չնայած՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ անկախության հռչակագրի՝ Սահմանադրությունում չմեկնաբանված դրույթները չունեն իրավական ուժ, որոնցից է ՀՀ և ԼՂ վերամիավորման դրույթը, Ադրբեջանը դա բավարար չի համարում, և պահանջում է փոխել Սահմանադրությունը։ Սա փակուղային իրավիճակ չէ՞։

-Ես կարող եմ ասել, թե մենք ինչ նպատակներ ունենք և մենք ինչ ենք փորձում անել։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիր, և դուք գիտեք, որ ՀՀ-ի կողմից առաջարկություն է եղել համաձայնեցված հոդվածներով կնքվի խաղաղության պայմանագիրը։ Մենք կարծում ենք՝ խնդիրները, որ գոյություն ունեն, մի մասը համաձայնեցված հոդվածներով մենք լուծում ենք, մյուս մասը հաջորդ փուլերում կքննարկենք։ Խաղաղության պայմանագիրը պետք է դիտարկել նաև գործընթացի մաս։ Այս պահին մենք լուծում ենք խնդիրների մի մասը, այն խնդիրները, որոնք չենք կարողացել մինչև այս պահը լուծել, հաջորդ փուլում ենք բանակցությունների միջոցով լուծելու։ Եվ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև պատրաստ է ինտենսիվ ներգրավվելու բարձր և բարձրագույն մակարդակներում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելուն և հնարավորինս շուտ ստորագրելուն։

-Ամեն դեպքում, ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ 2027 թվականին է մտադիր Սահմանադրության փոփոխության հարցն առաջարկել ՀՀ քաղաքացիներին։

-Սահմանադրության հարցը, և ընդհանրապես՝ Սահմանադրության փոփոխության հարցը ՀՀ-ի ներքին հարցն է, և այս հարցը քննարկվում է դեռևս 2020 թվականից։ Այսինքն, օրակարգում է 2020 թվականից, և վարչապետը հրապարակային ձևով սրա մասին հայտարարել է։ Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ներքին գործերն են, և ՀՀ-ն կորոշի, թե իր ներքին գործերի կոնտեքստում երբ կլինի դրա անհրաժեշտությունը և դա կկատարի։

-Ադրբեջանի պահանջը՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ է դա ասվում։

-Պատճառ է նշվում, որը մենք համարում ենք՝ հիմնավոր չէ, մանավանդ՝ ՍԴ-ի կողմից վերջերս կայացրած որոշումը հաշվի առնելով։

-Ադրբեջանը պահանջում է փոխել Սահմանադրությունը միայն այդ դեպքում պայմանագրի կնքում խոստանալով, ՀՀ կառավարությունն ասում է՝ 13+3 կետերով ստորագրենք, նրանք մերժում են դա։ Դուք ասել եք, որ 2027-ին Սահմանադրության փոփոխության կգնաք՝ այն էլ ՀՀ օրակարգով։ Նշանակո՞ւմ է, որ, իրոք, պայմանագիր չի կնքվի, քանի որ կարծես դիրքորոշումների մոտարկման տեղ չի մնում։

-Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի փորձենք խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրել՝ մանավանդ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի վերջին որոշումը։

-Այն, որ Ադրբեջանի նախագահը մեղադրում է ՀՀ իշխանություններին ռևանշիստական գաղափարներ ունենալու և զինվելու մեջ, այն, որ Ադրբեջանը ինտենսիվ զորավարժություններ է անում և զինվում է, այն, որ Ադրբեջանը արհեստածին պահանջներով ձախողում է պայմանագրի կնքումը, այն, որ Ադրբեջանը պահանջում է Արևմուտքից սահմանափակումներ մտցնել ՀՀ Զինուժի նկատմամբ՝ չզինել, այն, որ Ադրբեջանը պահանջում է, որ ԵՄ դիտորդները դուրս գան, Ձեզ չի՞ հուշում այն մասին, որ Ադրբեջանի սցենարը պատերազմական է։

-Նախ, շատ կարևոր մի քանի հանգամանք նշեմ։ Ադրբեջանի ռազմական բյուջեն շատ տարիներ Հայաստանի ռազմական բյուջեից ավելին է եղել և շարունակում է ավելին մնալ։ Զինման կոնտեքստում՝ Ադրբեջանն ավելի ինտենսիվ է զինվում։ Հաջորդը՝ ՀՀ-ն իր ամբողջ զինանոցը և ձեռք բերվող զենքը ցանկանում է օգտագործել միայն ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Եվ որևէ այլ նպատակով Հայաստանը որևէ այլ պլան չունի այդ զենքը օգտագործելու։ Բացի դրանից, մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ստեղծենք սպառազինության վերաբերյալ։

Բացի դրանից, խաղաղության պայմանագիրը, մենք համոզված ենք, որ երկարաժամկետ երաշխիքներ է ստեղծում երկու երկրների միջև երկարատև կայունություն հաստատելու համար։ Կարծում ենք, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումը, փոխադարձ սպառազինության վերահսկողության մեխանիզմը, որը մենք առաջարկել ենք ադրբեջանական կողմին, հնարավորություն են տալիս փարատելու բոլոր մտահոգությունները։ Եվ նաև՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ստեղծելով՝ ինչպես նաև տնտեսական հարաբերություններ․․․ նկատի ունեմ ապաշրջափակումը, տարածաշրջանի երկրների համար կստեղծի տնտեսական փոխկախվածություն, դրանք երաշխիքներ են, որ տարածաշրջանը կշարժվի դեպի խաղաղության ուղղությամբ, և մեր ջանքերը շարունակելու են մնալ դեպի այս ուղղությամբ աշխատանքները։

-Բայց Ձեր այս գնահատականն ավելի լավատեսական ֆոն ունի, որ կլինի համագործակցություն, խաղաղություն․․․

-Ես ասում եմ մեր մտադրությունների մասին։

-Հիմնավոր փորձագիտական վերլուծություններ կան, որ Ադրբեջանի իշխանության համար կա անհրաժեշտություն ՀՀ-ի հետ կոնֆլիկտը և թշնամական մթնոլորտը պահպանել, չկնքել պայմանագիր, զինվել, սահմանային բախումներ հրահրել, ասել՝ «Արևմտյան Ադրբեջան» և այլն։

-Բայց դուք ասում եք բաներ, որ Ադրբեջանի կողմից մեզ են մեղադրում։

-Միգուցե Ադրբեջանի ներքին աուրան այն մասի՞ն է, որ նրանք չունեն որևէ մոտիվացիա խաղաղության պայմանագիր կնքելու։

-Իսկ մենք ունենք այդ մոտիվացիան և փորձում ենք առաջ մղել, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագիրը, և մենք տեսնում ենք բազմաթիվ գործընկերներ, որոնք ուզում են տեսնել այս խաղաղության պայմանագիրը վերջնականացվի։

-Բայց տանգոն միայնակ չեն պարում․․․

-Մեր ունեցած մտահոգությունները, որպեսզի փարատվեն, դա խաղաղության պայմանագիրն է։

-Գիտեմ, հիմա չեք հրապարակի ՀՀ-ի գնած զինատեսակների ցանկերը, տեխնիկական բնութագրերը, գները, չափաքանակները։ Սակայն կարո՞ղ եք ասել՝ Հայաստանը պատրա՞ստ է պաշտպանել իր տարածքը Ադրբեջանի ռազմական լայնածավալ հարձակման պարագայում։

-Ես կարող եմ ասել, որ Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար։ Եվ սա շարունակական աշխատանք է։ ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու։

-Վերջերս ՀՀ իրավապահները հայտնեցին, որ զինված հեղաշրջման փորձ են կանխել։ Նախկինում կրկին հայտնի էին դարձել նման դեպքերի մասին, բայց այս մեկն առանձնահատուկ էր նրանով, որ ըստ ՀՀ իրավապահների՝ այդ անձինք պատրաստվել են ՌԴ-ի տարածքում, և կարևորագույն հարց է, թե արդյո՞ք ՌԴ հատուկ ծառայությունները կարող էին չիմանալ, որ իրենց տարածքում, ավելին՝ ռուսական ՊՆ-ին ենթարկվող զորամիավորման վարժարանում մարզում է անցնում մարզվում է խումբ, որը ըստ իրավապահների՝ պետք է հեղաշրջում աներ ՀՀ-ում, շենքեր գրավեր և այլն։ Ի՞նչ կարող եք ասել այս թեմայով։

-Հետաքննությունը պետք է պարզի, և բոլոր այդ հարցերին նախաքննությունը պետք է պարզաբանումը տա։ Սպասենք հետաքննությանը, և կարծում եմ՝ ավելի հստակ իրավապահ մարմինները կխոսեն խնդիրներից, բացահայտումների մասին։

-Հայաստանում հեռուն գնացող հարցն այն է, որ այստեղ ամեն դեպքում՝ ռուսական պետական ներգրավվածություն, համակարգում կամ ուղղորդում գոյություն ունի։

-Գոյություն ունեցող բոլոր հանրային հարցերին հետաքննությունը պետք է պատասխան տա։

-Դուք զգո՞ւմ եք վտանգ, որ կկորցնեք իշխանությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած ընդդիմադիր շարժման արդյունքում։

Ես 2018-ից սկսած խորը համոզմունք ունեմ, որ Հայաստանում միայն ընտրությունների միջոցով է հնարավոր իշխանափոխություն։ Ընդհանրապես, իշխանափոխությունը չեմ համարում իշխանություն կորցնելը։ Հանրությունն է որոշում, թե որն է լինելու այն քաղաքական թիմը կամ կուսակցությունը, որը պետք է հաջորդ հնգամյակում պատասխանատվություն վերցնի իշխանության համար։ Կասկած չունեմ՝ ՀՀ-ում որևէ իշխանափոխություն լինելու է ընտրությունների միջոցով։

-Հեղափոխություն, հեղաշրջում բացառո՞ւմ եք։

-Ժողովրդավարության մեջ ես բացառում են հեղափոխություն։ Հեղաշրջման վտանգ կարող է լինել ժողովրդավարությունում, բայց հեղափոխություն բացառվում է, որովհետև կա հնարավորություն՝ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու։ Հեղափոխություն ինչո՞ւ է տեղի ունենում, դրա պատճառն այն է, որ ընտրական գործընթացներով հնարավոր չէ իշխանափոխություն կատարել։ Դրա համար մարդիկ դիմում են այլ գործիքների։ Իսկ ժողովրդավարությունում երբեք հեղափոխության անհրաժեշտություն չկա, իսկ հեղաշրջման փորձ կարող է միշտ էլ լինել, և ՀՀ-ի վերջին փորձը դա է ցույց տալիս։ Իհարկե, ժողովրդավարական ինստիտուտները լավագույն միջոցն են՝ հեղաշրջումից պաշտպանվելու համար։ Բայց դրա փորձը միշտ էլ կարող է լինել, ցանկացած ժողովրդավարական երկրում՝ մահափորձից սկսած՝ ամեն գործիք կարող են օգտագործել՝ հեղաշրջում կատարելու համար։ Հետ գալով կոնկրետ հարցին․ ՀՀ-ում այլևս ընտրություններն են որոշելու իշխանության հարցը։ Հեղափոխության անհրաժեշտություն հանրությունն այլևս չի զգում։

-Կան աշխարհաքաղաքական կենտրոններ և ուժեր, որոնք չեն էլ թաքցնում իրենց անհանդուրժողականությունը Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարական զարգացման հեռանկարի նկատմամբ, ինչի մասին վկայում են նրանց հրապարակային հայտարարությունները։ Ըստ այդմ, կարելի է նաև ՀՀ-ում նկատել քննարկումներ ահաբեկչությունների, հեղաշրջումների վտանգների մասին, այսինքն՝ ոչ սպասելի սցենարներ իրագործել Հայաստանի իշխանություններին հարկադրելու այս կամ այն պրոցեսներից հետ կանգնել կամ այս կամ այն պրոցեսներին զարկ տալ, որոնք կարող են պարտադրվել դրսից։ Նման սցենարները հաշվարկվե՞լ են, ինչքանո՞վ են կառավարելի։

Բնականաբար, Հայաստանի իրավապահ համակարգը և անվտանգության ուժերը պարբերաբար ունեն այդ հարցն իրենց մտքում և փորձում են այդ հարցի պատասխանը գտնել։ Եվ կարծում եմ, որ բազմաթիվ գործընթացներ՝ իրավապահ համակարգի կողմից նաև հուշում են, որ այդպիսի վտանգ տեսնում են և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ Ես հուսով եմ՝ ապագայում ևս մեր իրավապահ համակարգը կարող է լինելու կանխել նման գործընթացները, բայց երբեք չպետք է հանգստանալ և պետք է միշտ այս հարցը տալ, և այս հարցին փորձել պատասխան գտնել՝ սպառնալիքի տեսանկյունից, թե ինչպիսի սպառնալիք կարող են ստեղծել այլ երկրները Հայաստանում ահաբեկչության, այլ գործիքների, այսինքն՝ օրինական դաշտից դուրս փորձեն Հայաստանում խառնաշփոթ ստեղծելու։ Մինչև այս պահը մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ է աշխատել, շատ բարձր ենք գնահատում նրանց աշխատանքը և կարծում եմ՝ կշարունակեն այդ ուղղությամբ իրենք արդյունքներ ցույց տալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան