28 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի  բնակչությունը հանրաքվեի միջոցով անկախության մասին հռչակագիր ընդունեց

Լուրեր

01.04.2026 | 15:00
Լրտեսող ծրագրեր, ֆիշինգ և DDoS հարձակումներ․ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցը
01.04.2026 | 14:51
Կատարը պնդում է՝ իրանական հրթիռն իր տարածքում լցանավի է հարվածել․ Ծոցի երկրները շարունակում են հարձակումների ենթարկվել
01.04.2026 | 14:42
Ապրիլին ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր մինչև 1 աստիճան
01.04.2026 | 14:33
Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը՝ արդեն իսկ բարձրացված չափերով․ ԱՍՀՆ
01.04.2026 | 14:25
Ընկերությունը թաքցրել է շրջանառությունը․ պետությանը վերադարձվել է 200 մլն դրամ
01.04.2026 | 14:16
Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ-ի տարածք. Emirates Airlines-ի հայտարարությունը
01.04.2026 | 14:13
Հայ պատանի ըմբիշները 16 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
01.04.2026 | 14:09
Բեյրութի շրջանում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել
01.04.2026 | 14:04
Բանակցություններից հետո Պուտինն ու Փաշինյանը կշարունակեն շփումը աշխատանքային նախաճաշի շուրջ
01.04.2026 | 13:59
Transfermarkt-ը տրանսֆերային գին է սահմանել Ֆինն Գերագուսյանի համար
01.04.2026 | 13:51
Մանուկ Սուքիասյանը թիվ 94 մանկապարտեզի տնօրենի հետ զրույցից մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
01.04.2026 | 13:40
Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ զրոյական․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:34
Մեկնարկել է 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացը
01.04.2026 | 13:25
Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում
Բոլորը

28 տարի առաջ այս օրը՝ 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի  բնակչությունը հանրաքվեի միջոցով անկախության մասին հռչակագիր ընդունեց:

 

ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Ընդունվել է 23.08.1990

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`

արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը,

գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում,

ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից,

կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, 

զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները,

խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, 

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան:

Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ,

անկախությամբ, լիիրավությամբ:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորոն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների հիման վրա:

Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության եւ աջակցության ներքո: 

Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից եւ դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ:

Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը:

Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները եւ շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:

Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի եւ վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձեւության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սկզբունքները եւ կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային եւ մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է` խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատում. բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակման համար: 

Հայաստանի Հանրապետության 
Գերագույն խորհրդի նախագահ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հայաստանի Հանրապետության 
Գերագույն խորհրդի քարտուղար` Ա. ՍԱՀԱԿՅԱՆ 

23 օգոստոսի 1990 թվականի, 
ք. Երեւան