Դատախազություն-Փորձաքննությունների ազգային բյուրո հեռակա բանավեճը շարունակվում է․ դատախազի տեղակալի ամուսինը՝ «բյուրոյի»  տնօրենի թեկնածու

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Փորձաքննությունների ազգային  բյուրո ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համալրման  մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել Գարիկ Աղաբեկյանը,Հայկ Ծատուրյանը, Արգամ Հովսեփյանը և  Գևորգ Մարգարյանը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են  Գիտությունների ազգային ակադեմիայից, որի կազմում գործում է Փորձաքննությունների ազգային բյուրոն։

Աննա Վարդապետյանի տեղակալի ամուսինը՝ տնօրենի թեկնածու

Թեկնածուներից Հայկ Ծատուրյանը փաստաբան է, Գարիկ Աղաբեկյանը՝ դատաբժշկական փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Վերջինիս մասնակցել է նաև Բյուրոյի տնօրենի նախորդ մրցույթին։

Նրա վերաբերյալ 2018 թվականին քրեական գործ է ուղարկվել դատարան՝ կապված մեկ այլ՝ «Առողջապահության  նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնի ընտրության հետ։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝  Գարիկ  Աղաբեկյանը, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն` մտադրություն է ունեցել կաշառք տալու միջոցով ստանձնել ՀՀ առողջապահության  նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Այդ կապակցությամբ, տեղյակ լինելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի եղբոր որդին` Աշոտ Ղազարյանը, հանդիսանում է իր ընկերոջ որդու` Վահրամ Ասլանյանի ընկերը, կաշառք տալու կապակցությամբ Աշոտ Ղազարյանի հետ ձեռք է բերել համապատասխան հանցավոր պայմանավորվածություն: Այնուհետև, պայմանավորված կաշառքի գումարը տալու նպատակով 2016 թ. փետրվարի 29-ին գրավադրել է իրեն պատկանող բնակարանը և ստացել 103.000 ԱՄՆ դոլար վարկ և նույն օրը, ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասցեի մոտակայքում Արթուր Սարոյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 49.134.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար` վերջինիս միջոցով տվյալ գումարը վերը նշված պաշտոնատար անձին որպես կաշառք փոխանցելու նպատակով:

2019 թվականին Աղաբեկյանի նկատմամբ համաներում է կիրառվել։

Արգամ Հովսեփյանը Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայիս տնօրենն է։

Գևորգ Մարգարյանը նախկինում եղել է զինդատախազ,  ներկայում չի աշխատում։ Նա Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն է։ Մամուլում արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Մարգարյանը ՊՈԱԿ-ի տնօրենի՝ Դատախազության նախընտրելի թեկնածուն է։

Մարգարյանը մինչև վերջերս աշխատելիս է եղել «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու։ Այս ընկերությանը կապվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ և ներկայում անցնում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերից մեկով, որով Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պահանջում է Երևանի  Արամի 32 հասցեում գրանցված այս  ընկերությանը պատկանող  հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնել և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել։ Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում նաև քրեական վարույթ է նախաձեռվել։

Ըստ  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության՝ 2023-ի օգոստոսին Գևորգ Մարգարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի՝ պահանջելով իրեն վճարել հարկադիր պարապուրդի դիմաց և վերականգնել նախկին աշխատանքին, սակայն 2024-ի փետրվարին հայցից հրաժարվել է, ինչը նշանակում է, որ այլևս չի հավակնում վերադառնալ Արա Աբրահամյանին պատկանող  ընկերություն։

Այժմ Մարգարյանը, փաստորեն, հավակնում է դառնալ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի տնօրեն։

Դատախազությունն ու Փորձաքննությունների ազգային բյուրոն հերքում են միմյանց

Factor TV-ն ավելի վաղ գրել էր, որ Փորձաքննությունների ազգային  բյուրոյի նախագահի ընտրությունից առաջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում այս կառույցի շուրջ։ Մասնավորապես՝  2023-ի օգոստոսին ՊՈԱԿ-ի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել Դատախազությունը․ կառույցից գրավոր դիմում էր ուղարկվել Բյուրո՝ հայցելով  Խորհրդի 5 անդամի վերաբերյալ տեղեկություններ, որին հաջորդել էին խորհրդի անդամների՝ ժամկետից շուտ փոփոխության գործընթացներ։

Նշենք, որ խորհուրդն է ընտրում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին։  Այժմ  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի  տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսնու թեկնածության ֆոնին առավել ուշագրավ է դառնում Դատախազության հետաքրքրվածությունն այս կառույցի նկատմամբ։

Ստացվում է, որ նախ Դատախազությունը խորհրդի անդամների վերաբերյալ տեղեկություններ է ստացել, ապա՝ ժամկետից շուտ փոխվել  են խորհրդի անդամներ, որից հետո էլ դատախազի տեղակալի ամուսինն առաջադրվել է որպես ՊՈԱԿ-ի տնօրենի թեկնածու։

Եթե Մարգարյանն ընտրվի որպես Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, ապա կստացվի, որ նա կլինի քրեական և այլ վարույթներով նշանակված փորձաքննություններ իրականացնող ՊՈԱԿ-ի տնօրենը, իսկ նրա կինը՝ այդ վարույթներով հսկողություն իրականացնող, քրեական, պետական շահերի պաշտպանության, ապօրինի գույքի բռնագանձման և այլ վարույթների վերաբերյալ գործերը դատարանում պաշտպանող կառույցի՝ Դատախազության ղեկավար կազմի անդամ։ Ի դեպ, Լիլիթ Գրիգորյանից բացի դատախազներ են նաև վերջինիս և Գևորգ Մարգարյանի երկու դուստրերը։

Նշենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն ստեղծվել է 2004 թվականին հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում և ամերիկյան կողմի պահանջով այն ընդգրկվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում, որպեսզի չլինի որևէ ուժային կառուցի կամ իրավապահ մարմնի ենթակայության ներքո, և այսպիսով՝  ապահովվի Բյուրոյի գործունեության լիարժեք անկախությունը: Բյուրոյի գործունեության անկախության երաշխիքներից մեկն էլ տնօրենի ընտրության գործընթացը կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին վերապահելն է, որի նպատակը տնօրենի ընտրության գործընթացի վրա որևէ արտաքին միջամտություն բացառելն է։

Դեռ մարտի 12-ին  Փորձաքննությունների Ազգային բյուրոյից մեկնաբանություն էինք խնդրել Դատախազության կողմից խորհրդի անդամների նկատմամբ հետաքրքրվածության և նրանցից ոմանց՝ ժամկետից շուտ փոփոխության վերաբերյալ, սակայն կառույցից հրաժարվել էին որևէ մեկնաբանություն տրամադրել, ուստի  և՛ Դատախազության, և՛  Փորձաքննությունների ազգային բյուրո  գրավոր հարցումներ ենք ուղարկել՝ հայցելով հետևյալ տեղեկությունները․

1.Արդյո՞ք ՀՀ գլխավոր Դատախազությունը 2023, 2024 թվականների ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրոն» գրություններ ուղարկել է՝ տեղեկություններ պահանջելով այս կառույցի խորհրդի անդամների վերաբերյալ։

2․Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե կոնկրետ ի՞նչ տեղեկություններ են պահանջվել, ի՞նչ պատճառով և արդյո՞ք Դատախազությանը տրամադրվել են տեղեկություններ։

3․Արդյո՞ք Դատախազությունը օրենքով լիազորված է վերահսկելու «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» կառավարման մարմինների ձևավորման, դրա անդամների, տնօրենի նշանակման, փոփոխման ընտրության գործընթացներին։

4․Արդյո՞ք առկա է Փորձաքննությունների Ազգային բյուրոյի կառավարման մարմինների անդամների վերաբերյալ որևէ քրեական գործ, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Փորձաքննությունների Ազգային բյուրոյից տեղեկություններ ստանալ խորհրդի անդամների վերաբերյալ։

Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ  խորհրդի անդամների վերաբերյալ նշված բովանդակությամբ տեղեկություններ չեն պահանջել: Մինչդեռ Փորձաքննությունների Ազգային բյուրոյի կողմից ստացված պատասխանը հակառակի մասին է։ Բյուրոյից հայտնում են, որ 2023 թվականի օգոստոսին ստացել են ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնակատարի գրությունը, որով վերջինս ծառայողական անհրաժեշտությունից ելնելով խնդրել է, ի թիվս այլնի, տրամադրել Խորհրդի 5 անդամների վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն)։

Ինչ վերաբերում է  խորհրդի անդամների փոփոխություննեին՝ ՊՈԱԿ-ից հայտնել են, որ փոփոխությունները տեղի են ունեցել 2024 թվականին։

Մասնավորապես՝ պաշտոնավարման սահմանված ժամկետից շուտ, 24.01.2024 թվականից Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արմեն Նազարյանի փոխարեն (ընդգրկվել էր 18.05.2022 թվականին առաջին անգամ 2 տարի ժամկետով) Խորհրդի կազմում ընդգրկվել է Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, իսկ 25.01.2024 թվականից  ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Ասատրյանին (ընդգրկվել էր 11.11.2020 թվականին երկրորդ անգամ 4 տարի ժամկետով) փոխարինել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը։

Կառույցից հայտնում են, որ խորհրդի վերոնշյալ անդամների փոփոխությունների պատճառների մասին տեղեկատվությանը  չեն տիրապետում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Խորհրդի անդամների վերաբերյալ առկա է որևէ քրեական գործ, ՊՈԱԿ-ից հայտնում են, որ իրենք չեն տիրապետություն որևէ տեղեկության, որ  Խորհրդի անդամներից որևէ մեկն անցնում է քրեական գործով, ինչը, գուցե առիթ կհանդիսանար ժամկետից շուտ նրանց փոփոխման համար։ Բյուրո ուղարկված հարցմամբ խնդրել էին հայտնել նաև՝ արդյոք այլ իրավապահ կառույցներից ևս Խորհրդի անդամների վերաբերյալ տեղեկություններ ստացվել են,  ինչին ի պատասխան հայտնել են, որ այլ իրավապահ մարմիններից տեղեկություններ չեն պահանջել։

Այն հարցադրմանը, թե արդյո՞ք ՀՀ դատախազությանը օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ վերապահված է որևէ լիազորություն՝ կապված Խորդրդի ձևավորման, մասնավորապես՝ անդամների նշանակման (փոփոխման) կամ տնօրենի ընտրության նշանակման գործընթացի վերահսկման կապակցությամբ, Բյուրոյից հայտնում են, որ ո՛չ օրենքով, և ո՛չ կազմակերպության կանոնադրությամբ ՀՀ դատախազությանը Խորհրդի անդամների նշանակման (փոփոխման) կամ տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացի նկատմամբ վերահսկողության կամ որևէ այլ լիազորություն վերապահված չէ։

Ինչո՞ւ  են ձգձգվում  գործերով նշանակված փորձաքննությունների  եզրակացությունները

Թեև Դատախազությունը մեր կողմից ուղարկված հարցերին չի պատասխանել՝  հարցմամբ անդրադարձել է մեկ այլ խնդրի՝ դատական գործերի ձգձգումներին։ Ըստ Դատախազության՝ ուսումնասիրություն է  իրականացվել գործերի քննության ժամկետների  ձգձգումների պատճառների վերաբերյալ, և  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձգձգումներն, ի թիվս այլնի, պայմանավորված են նաև քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգումներով:

Դատախազությունը նշում է, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենն իրենց  2023-ի հոկտեմբերի գրությամբ հայտնել է, որ մի շարք փորձաքննություններ սահմանված ժամկետներում չեն ավարտվել փորձագետների կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ ելակետային տվյալներ պահանջելու՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունների կապակցությամբ տևական ժամանակ միջոցներ չձեռնարկելու հետևանքով:

Հիշեցնենք, որ Factor TV-ն այս խնդրին անդրադարձել էր «Ինչու առգրավեցին դատարանների սերվերի բանալիները. դատական համակարգի աշխատանքը խաթարած փորձաքննության հետքերով» հետաքննության մեջ և պարզել, որ 2021 թվականին դատարանների մակագրման համակարգն առգրավելուց հետո վարույթն իրականանցող մարմինը փորձաքննության նշանակումից 7 ամիս անց է ելակետային տվյալներ տրամադրել փորձագետներին։ Բացի այդ՝ Բյուրոն դիմել է գործը քննող ԱԱԾ-ին՝ խնդրելով համապատասխան բնագավառում խորացված գիտելիք ունեցող մասնագետ ներգրավվել փորձաքննության կատարմանը, և շուրջ 1 տարի մասնագետ չի տրամադրվել։

Դատախազությունից հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից  ելակետային տվյալներն ուշ տրամադրելու վերաբերյալ  Բյուրոյի տնօրենի կողմից  գրությամբ ներկայացված յուրաքանչյուր դեպք իրենց կողմից դարձել է ստուգման առարկա, ուսումնասիրվել են միջնորդությունների պահանջների տևական ժամանակով չկատարման պատճառները, սակայն, թե, ի վերջո, ինչ են պարզել, չեն հայտնել։

Նշենք, որ Դատախազությունը փորձաքննությունների պատճառով գործերի ձգձգման խնդրին անդրադարձել է նաև իր տարեկան հաղորդման մեջ։ Հատկանշական է այն հանգամանքը, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն գործերով փորձաքննություն իրականացնող միակ կառույցը  չէ, փորձաքննություններ են  իրականացվում նաև Առողջապահության նախարարության դատաբժշկական  գիտագործնական կենտրոնը և Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը,  սակայն Դատախազությունը միայն Փորձաքննությունների ազգային բյուրոյի գործունեությանն է անդրադառնում և այն էլ՝ տնօրենի ընտրությունից առաջ, երբ թեկնածուների շարքում է նաև Գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը։

Արաքս Մամուլյան