Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալները նոր բացահայտումներ են անում
Քաղաքականություն
29.03.2024 | 21:552007 թվականին պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մեղադրյալներից Վեյսել Շահինը նոր դատարավարության ժամանակ դատարանին ասել է, որ սպանությունից վեց ամիս առաջ ստացված որոշ հետախուզական տվյալներ փաստագրվել են որպես հաջորդ օրը ստացված, գրում է Bianet-ը։
Շահինն ասել է, որ կեղծիքն իրականացվել է գործով մեկ այլ մեղադրյալի՝ ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզի հրամանով։
«Ալի Օզը մեզ հրամայեց թաքցնել տեղեկատվությունը։ Ես չէի կարող նրա հետ վիճել»,- ասել է Շահինը։
Նրա հայտարարությունը հաստատել է ժանդարմերիայի հետախուզության նախկին աշխատակից Օքան Շիմշեքը, որը դատարանի առջև է կանգնել որպես մեղադրյալ։
«Մենք տեղեկությունը փոխանցել ենք մեր վարչության պետին։ Սա նույնպես քննարկվել է հետախուզության գնահատման հանդիպման ժամանակ։ Սակայն մեր հրամանատար Ալի Օզը մեզ ձեռքով արեց՝ ասելով, որ այդ մասին ավելի ուշ խոսենք»,- ասել է Շիմշեքը։
Դատարանը նաև որոշում է կայացրել Շահինին և Շիմշեքին նախնական կալանքի տակ պահել, իսկ Օզին՝ տնային կալանքի։
Ընդհանուր առմամբ, 15 հոգի է անցնում գործով, որը հարուցվել է այն բանից հետո, երբ Գերագույն վերաքննիչ դատարանի կողմից նրանց նախկին դատավճիռները չեղարկվել են՝ չափազանց թեթև լինելու հիմնավորմամբ։
Նշենք, որ նախորդ նիստին Դինքին սպանած Օգյուն Սամասթը, որն ազատ է արձակվել 16 տարի 10 ամիս բանտարկությունից հետո, իսկ անցնում է այս գործով, դատավարության ընթացքում իր առաջին պաշտպանական հայտարարությունն է արել: Այս գործով Սամասթը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անունից հանցագործություններ կատարելու մեջ՝ առանց զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու»։ Մյուս ամբաստանյալները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու փորձի, դիտավորյալ սպանության, զինված ահաբեկչական կազմակերպությանն (FETÖ) անդամակցության և անզգուշությամբ սպանության համար։
Նիստում խոսելով սպանության օրվա մասին՝ Սամասթն ասել է, որ Յասին Հայալն իրեն ասել է, թե իր հետևում կլինի կառավարության աջակցությունը, և որ իրեն ոչինչ չի պատահի: Նա նշել է, որ Հայալը չի հայտնել կառավարության այն պաշտոնյաների անունները, որոնք հոգ կտանեն իր մասին «գործն անելուց հետո»։
«Էրհանն ու Յասինն ինձ ասում էին՝ դու ապահով ես, մի անհանգստացիր, քեզ ոչինչ չի պատահի: Անուններ չնշեցին, բայց Յասինն ասաց՝ «մեր թիկունքին պետությունն է, մեր թիկունքին ոստիկանությունն է»։ Դեպքի վայրում ինձ հետևողներ կային։ Նրանք իմ շուրջն էին այն պահից, երբ ես մեքենայից իջա Շիշլիում։ 7-8 անգամ տատանվել եմ։ Ես ասացի, որ կվերադառնամ։ Ես զանգահարեցի Յասինին։ Նա ասաց՝ «մի՛ անհանգստացիր, մեզ հետ են, շարունակիր։ Դու դա կանես, եթե դուրս գաս, գինը կվճարես»։ Ես վախեցա, 16 տարեկան էի»,- պատմել է Սամասթը։
Նա նաև նշել է, որ սպանության համար բերման ենթարկվելուց հետո Սամսուն նահանգում ոստիկանությունում ցուցմունք տալու ժամանակ ոստիկաններն իրեն ասել են՝ հանգստանալ և խիզախ լինել՝ վստահեցնելով, որ իրեն ոչ ոք չի կարող դիպչել։
Սամասթը նաև խոսել է գործով երկու մեղադրյալների և նախկին ոստիկանապետերի՝ Ռամազան Աքյուրեքի և Ալի Ֆուաթ Յըլմազերի մասին, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման Դինքի սպանության հետ կապված «կանխամտածված սպանության» համար։ Նա ասել է, որ չգիտի և ուղղակի ցուցումներ չի ստացել նախկին ոստիկանապետերից, լսել է միայն նրանց անունները, որոնք նշել են մյուսները։
Նոյեմբերին Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել բանտից՝ «լավ վարքի» համար։ Նշվում էր, որ 16 տարի 10 ամիս բանտում գտնվող Սամասթը բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները՝ «անձնական զարգացման համար կատարված դիտարկումների ժամանակ լավ վարք դրսևորելով»։ Բանտից ազատ արձակվելուց հետո Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է 7,5-ից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։ Նա այժմ մեղադրվում է ահաբեկչության և Գյուլենի կրոնական շարժման հետ ենթադրյալ կապերի մեջ։ Դատարանը Սամասթի նկատմամբ երկրից հեռանալու արգելք է սահմանել։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարին՝ Ստամբուլում ԱԿՈՍ պարբերականի խմբագրության շենքի դիմաց: Մարդասպան Սամասթն այդ ժամանակ 17 տարեկան էր․ նա անչափահասների դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն տարիքի պատճառով պատժաչափը կրճատվել է մեկ երրորդով: Ի վերջո, նա, ընդհանուր առմամբ, դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման։ Պատիժների կատարման մասին օրենքի համաձայն՝ Սամասթը պետք է կրեր այս պատժից 15 տարի 2 ամիսը, որից վերջին 1,5 տարին՝ պայմանական վաղաժամկետ ազատման պայմաններում։
Էմմա Չոբանյան