Բռնաճնշումներ, ընտրություններ, բողոքի ակցիաներ․ 2023 թվականը՝ մեր տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 12:11
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
Բոլորը

Թուրքիա

Թուրքիայում 2023 թվականը սկսվեց ավերիչ երկրաշարժերով, որին զոհ դարձավ ավելի քան 50,000 մարդ։ ՀՀ-ն Թուրքիա ուղարկեց 100 տոննա մարդասիրական օգնություն, ինչպես նաև փրկարարների 27 հոգանոց խումբ։

Տարին Թուրքիայում ընտրական էր։ Մայիսի 14-ին երկրում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահի քվեարկությունը մեկ փուլով չավարտվեց՝ թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չհաղթահարեց պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված շեմը։ Մայիսի 28-ին ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց՝ հաղթելով ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հունիսի 3-ին Անկարայում մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։

Վրաստան

Մարտի 6-10-ը Վրաստանում բողոքի զանգվածային ցույցեր էին՝ պայմանավորված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքին խորհրդարանի աջակցությամբ։ Այն պահանջում էր  հասարակական կազմակերպություններին գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ», եթե եկամուտի ավելի քան 20 տոկոսի չափով ֆինանսավորվել են արտերկրից։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին ցույցերը ցրելու համար։ Խնդրահարույց օրենքը, ի վերջո, չընդունվեց։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթաց սկսեց,  երբ օգոստոսի 31-ին նա, առանց կառավարության համաձայնության, արտասահմանյան շրջագայություն սկսեց՝ հանդիպումներ ունենալով ԵՄ առաջնորդների հետ: Սահմանադրական դատարանը հաստատեց Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրության 52-րդ հոդվածի խախտումը։ Խորհրդարանում հոկտեմբերի 18-ին Զուրաբիշվիլիի իմփիչմենթի քվեարկությունը, սակայն, տապալվեց։

Դեկտեմբերի 14-ին ԵՄ խորհուրդը որոշում  կայացրեց Վրաստանին ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին։ Վրաստանը մարտին դիմել էր ԵՄ-ին՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու։

Իրան

2023 թվականի հունվարի 27-ին զինված անձը հարձակվեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով զոհվեց մեկ մարդ։ Միջադեպը կտրուկ վատթարացրեց երկու երկրների հարաբերությունները։ Պաշտոնական Բաքուն տարահանեց դեսպանատան անձնակազմին և դադարեցրեց  դրա աշխատանքը։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները երկրում սկսեցին իրանամետ կրոնական գործիչների ու ակտիվիստների ձերբակալություններ ու հակաիրանական արշավ։ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները, այնուամենայնիվ, ամիսներ անց ջերմացման են գնում։

2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց իրանցի ակտիվիստ, իրավապաշտպան Նարգիս Մոհամադիին՝ «Իրանում կանանց ճնշումների դեմ պայքարի և բոլորի համար մարդու իրավունքների և ազատության խթանման պայքարի համար»: Մոհամադին այժմ բանտում է։ Պաշտոնական Թեհրանը դատապարտել է այս որոշումը։

Ադրբեջան

2023 թվականն Ադրբեջանում կրկին նշանավորվեց  իշխանությունների կողմից քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնաճնշումներով։ Միայն վերջին ամիսներին կալանավորվել է առնվազն 8 անկախ լրագրող, ընդդիմադիր գործիչներ, կրոնական և քաղաքական ակտիվիսներ։ Ըստ «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միության վերջին զեկույցի՝ Ադրբեջանում այժմ կա 254 քաղբանտարկյալ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին երկրի քաղաքական դաշտի ու հասարակության համար անսպասելիորեն հրամանագիր ստորագրեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ 2025-ի հերթականի փոխարեն։ 2024 թվականին Ադրբեջանում սպասվում են նաև Միլլի Մեջլիսի, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ըստ տարբեր տեղեկությունների՝ նաև Սահմանադրական հանրաքվե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան