2024-ը կլինի կայուն և տևական խաղաղության մեր առաջին տարին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2024 | 23:28
PKK-ի բարձրաստիճան ղեկավարն Անկարայի հետ խաղաղության նոր գործընթացը կապում է Օջալանի «ֆիզիկական ազատության» հետ
31.10.2024 | 23:13
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Մարոկկոյում ռազմական ցուցահանդեսի է մասնակցել
31.10.2024 | 22:59
ԵՄ-ն տուգանքների ընթացակարգ է սկսել Temu առցանց խանութի նկատմամբ
31.10.2024 | 22:44
Մերժում ենք Եվրահանձնաժողովի զեկույցում ԵՄ-ի անարդար գնահատականները․ Թուրքիայի ԱԳՆ
31.10.2024 | 22:28
Դիլիջանի բնակչի ավտոտնակը պայթեցվել է. մեղադրանք է ներկայացվել հարևանին. ՔԿ
31.10.2024 | 22:14
Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
31.10.2024 | 21:58
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.10.2024 | 21:43
Բորելը Թուրքիան «կարևոր ու էական» երկիր է անվանել՝ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում
31.10.2024 | 21:30
Նախարարը Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցած պիտի լիներ․ Սրբուհի Գալյանի նվիրված լինելու մեջ համոզված են. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2024 | 21:14
Վրաստանի դատախազությունը ընտրությունների ընթացքում հանցագործության 47 դեպքի հետաքննություն է սկսել
31.10.2024 | 20:59
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
31.10.2024 | 20:44
Վրաստանում ընտրությունների ձայների մասնակի վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները
31.10.2024 | 20:30
Ինչպես «ջրվեց» 10 մլն ծառ տնկելու խոստումը. Փա՞ստ, թե փուստ
31.10.2024 | 20:14
Ռուբեն Խարազյանը նշանակվել է Սիրիայում Հայաստանի դեսպան
31.10.2024 | 20:00
Սպանել էին, լողացրել դին՝ փորձելով կոծկել գործը. ուր են կորչում և ովքեր են փչացնում իրեղեն ապացույցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում՝ 2024թ. բյուջեի նախագծի քննարկմանը

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Սիրելի ժողովուրդ,

Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի նախագիծը, և պիտի միանգամից ասեմ, որ սա, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է: Ինչո՞ւ է բյուջեն պատմական, շատ կոնկրետ պատճառով՝ բյուջեի եկամտային մասը 2018թ. համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով, կամ շուրջ 3 մլրդ դոլարով: Ավելի քան կրկնապատկվում է նաև բյուջեի ծախսային մասը:

Առողջապահության ծախսերն, օրինակ, ավելի քան կրկնապատկվում են, ինչը նշանակում է մենք կրկնապատկում ենք առողջապահության հասանելիությունը մեր քաղաքացիների համար: Ու սա մեր կարևորագույն հանձնառություններից, խոստումներից է: 2018թ. երկրի կառավարումը ստանձնելով՝ առաջ քաշեցինք թեզ, որ քաղաքացին չպետք է մնա հիվանդանոցների դռներին, և այսօր արդեն քաղաքացին չի մնում հիվանդանոցների դռներին: Վերջին տվյալներով՝ պետպատվերով առողջապահական պլանային ծառայությունների կարիք ունեցող անձինք հերթագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ստանում են այդ ծառայությունները: Սա չի վերաբերվում անհետաձգելի ծառայություններին, որոնք մատուցվում են՝ ըստ անհրաժեշտության: Եվ դրա արդյունքը մենք տեսնում ենք այսօր: 2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին վեց տարում և բնական առավելագույն աճը:

2024թ. բյուջեով 2018թ. համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ՝ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է: Ես վստահ եմ՝ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք: Եվ այդ առումով մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստություններն անկեղծ չեմ համարում երկու պատճառով՝ նախ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքն, այլև պարտականությունն է՝ բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք, և երկրորդը՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավել են եղել և, ըստ էության, շարունակում են այդպիսին մնալ:

Մենք կապիտալ ծախսերն ենք եռապատկել 2018թ. համեմատ, որ շարունակենք կառուցել ջրագծեր, ճանապարհներ, էլեկտրագծեր, մանկապարտեզներ, դպրոցներ, և սա խաղաղության օրակարգի ֆինանսատնտեսական արտահայտությունն է: Մենք ավելի քան կրկնապատկում ենք կրթության ծախսերը: Համեմատությունը բոլոր դեպքերում 2018թ. նկատմամբ է, որովհետև համոզված ենք՝ կրթության ոլորտն է, որ մեզ պիտի օժտի՝ մեր բոլոր հարցերին պատասխանելու գիտելիքով, կարողությամբ ու կամքով: Մենք հստակ ձևակերպել ենք, թե ինչ ենք ուզում մեր կրթական համակարգից, մեր դպրոցից: Մենք ուզում ենք, որ երեխան այնտեղից դուրս գա մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Մենք ուզում ենք, որ երեխայի մտքում և հոգում բյուրեղանան շատ կարևոր և շատ կոնկրետ արժեքներ և այդ արժեքների արժեքը պետք է լինի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:

Իսկ ինչո՞ւ են ժամանակները պատմական, որովհետև մենք կանգնած ենք մեր պետության և պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ, և այդ ֆունկցիոնալ վերագնահատման արդյունքը, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալը՝ Հայաստանը ոչ թե պլացդարմ կամ ֆորպոստ է իր սահմաններից դուրս մշակված և իր սահմաններից դուրս պլաններ իրագործելու համար, այլ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու միջոց: Պետությունը պետք է առաջնորդվի բացառապես այս նպատակներն իրագործելու տրամաբանությամբ:

Այս համատեքստում, պետք է արձանագրեմ, որ տնտեսական զարգացումն է Հայաստանի Հանրապետության պետական շահը և բոլոր քաղաքականություններն ու հայեցակարգերը պետք է գնահատվեն ըստ այդմ, թե ինչքանով են համապատասխանում Հայաստանի զարգացման շահերին: Կրթության ոլորտի բարեփոխումներն, օրինակ, այդ համատեքստում են: Վերջին հինգ տարում մենք Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել: Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը: Բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհրաժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Այստեղ պետք է ձևավորվի այն կադրային մարդկային ռեսուրսը, որը պետք է իրացնի, այսինքն՝ օգտագործի տնտեսական գոյացած պոտենցիալը և այն վերածի տնտեսական շարունակական զարգացման:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Սիրելի ժողովուրդ,

Այսօրվա իմ ելույթի հիմնական ուղերձը հետևյալն է՝ մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է, մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է: Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը: Այս առումով, առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, և սրա համար անհարժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը: Իսկ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին: Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ, և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել մեր բանակցությունների ընթացքում, մասնավորապես, սույն թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ:

Առաջին սկզբունքը հետևյալն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86,600 քառակուսի կիլոմետր: Հենց սա ապահովելու համար է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաջորդ կարևոր սկզբունքն արձանագրվել: 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքն է: Ըստ էության, ըմբռնում կա նաև այն մասին, որ դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն Խորհրդային միության զինված ուժերի գլխավոր շտաբի 1974-1990 թվականի քարտեզները: Կարևոր եմ համարում ընդգծել, որ համաձայնեցված է նաև հետևյալը՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաջորդ սկզբունքը հետևյալն է՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության հիման վրա:

Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Տեղյակ եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման վերջին տարիներին ամենաշատ քննարկված, շահարկված թեմաներից է, որի շրջանակներում Հայաստանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, անձամբ ինձ վերագրվել են խոստումներ, պարտավորություններ, նույնիսկ դավադրություններ: Մեր բոլոր խոստումներն ու պարտավորություններն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, և մենք պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել այդ նախագծի իրագործումը և ակնկալում ենք տարածարջանային երկրների և միջազգային հանրության աջակցությունը: Հիմա նաև ուզում եմ արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արտահայտված են նաև մեզ տրված խոստումները և մեր առաջ ստանձնած պարտավորությունները:

Հիմա ուզում եմ անդրադառնալ իմ ասածից ակնհայտորեն բխող մի հարցի: Եթե Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքները համաձայնեցված է, ինչո՞ւմն է ուրեմն խնդիրը, ինչո՞ւ առաջ չենք գնում, ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը: Մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի Ադրբեջանը՝ մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա: Մինչդեռ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է:

Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար՝ պետք է շատ հստակ մեխանիզմ ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպե՞ս ենք դա հաղթահարելու: Մյուսը՝ անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի:

Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Հարկ եմ համարում ընդգծել, որ կառավարությունը և անձամբ ես մտադիր եմ ակտիվացնել այս հարցերի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական և քաղաքական աշխատանքը, և ընթացքի մասին հանրությանը կզեկուցենք պարբերաբար:

Իսկ բյուջետային քննարկումների համար հին և ընդունված մտավարժանք է բյուջեին այս կամ այն անունը տալ, և քննարկման ընթացքում մի քանի այդպիսի անվանումներ հնչեցին: Ես իմ հերթին հույս եմ հայտնում, որ 2024 թվականի բյուջեն կլինի խաղաղության բյուջե և 2024-ը կլինի կայուն և տևական խաղաղության մեր առաջին տարին:

Հարգելի ներկաներ,

Բյուջեի քննարկման արդյունքում անդրադարձ եղավ այն հարցին, այդ թվում՝ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, թե արդյոք հիմա Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ավելի լավ են ապրում, թե ավելի վատ: Ես ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ այդ խոսակցության մեջ միշտ անորոշություն կա, որովհետև ցանկացած երկրից ցանկացած ժամանակահատվածում կլինեն մարդիկ, ովքեր ապրում են ավելի վատ և կլինեն մարդիկ, ովքեր ապրում են ավելի լավ: Այս հարցի օբյեկտիվ պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է հենվել օբյեկտիվ ցուցանիշների վրա, մակրո ցուցանիշների վրա:

Ես բերեմ մի քանի օրինակ՝ օրինակ, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2018 թվականից ի վեր ավելացել է 1 170 000 դրամով կամ 57.9 տոկոսով: Իրական աշխատավարձը Հայաստանում աճել է 33 տոկոսով: Աշխատավարձի իրական աճն այն է, երբ ինֆլյացիան հանում ենք և ֆիքսում ենք, թե…, այսինքն՝ գների աճ, հանած տակը ինչ մնաց:
Նաև ուզում եմ արձանագրել, որ լավ ու վատ ապրելու հարցի համատեքստում պետք է անդրադառնանք մեկ այլ խնդրի, կամ հարցը փորձենք հասկանալ մեկ այլ տրամաբանության ներքո:

Իսկ Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացե՞լ են, թե քչացել: Միանշանակ՝ շատացել են, որովհետև օրինակ ասեմ, որ այս տարվա ընթացքում, ինչքան հասկացա մեր պատմության մեջ առաջին անգամ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցել է 2 մլն մարդը, և դա հոկտեմբերի տվյալներով:

Ուզում եմ արձանագրել, որ սա հնարավորություն է մեր քաղաքացիների համար, որովհետև զբոսաշրջիկները իրենց հետ բնականաբար բերում են գումարներ և ծախսում մեր շուկայում: Սա հնարավորություն է փոքր բիզնեսի, միջին բիզնեսի, խոշոր բիզնեսի համար ավելի լավ ապրելու: Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ 2018 թվականի համեմատ այս տարի՝ 2023 թվականին զբոսաշրջության ֆինանսավորումն ավելացել է 20 անգամ, իսկ 2024 թվականին աճը կլինի 35 անգամ: Սա մենք զբոսաշրջիկների համար չենք անում, չնայած՝ նաև զբոսաշրջիկների համար: Սա առաջին հերթին անում ենք մեր քաղաքացիների լավ ապրելու հնարավորությունը մեծացնելու համար:

Ուզում եմ ուրիշ թիվ էլ ասել այս համատեքստում: 2023-ին՝ այս տարի արդեն, 2018-ի համեմատ մեր երկրում հուշարձանների ամրակայում և նորոգում տողով ֆինանսավորումը կրկնապատկվել է, իսկ 2024-ին 2018-ի նկատմամբ կաճի 5.5 անգամ: Այստեղ երկակի շատ կարևոր հարց կա, և ես ուզում եմ ընդգծել մեզ ուղղված մեղադրանքները, թե մեր արժեքներին ինչպես ենք վերաբերվում: Մենք մեր արժեքներին վերաբերվում ենք այսպես՝ ոչ թե սեղանների շուրջ հոտնկայս խմում ենք նրանց կենացը՝ անտարբեր նայելով, թե ինչպես են դրանք ավերվում, ինչքան շատ ավերվեն, այնքան ավելի շատ կենաց խմենք, այլ մենք կոնկրետ զբաղված ենք այդ հուշարձանների պահպանմամբ և վերականգմամբ:

Ուզում եմ հատուկ ընդգծել՝ մենք ուզում ենք այստեղ փոխել նաև տասնամյակների քաղաքականությունը և հատուկ շեշտ դնել այն հուշարձանների վրա, որոնք խորհրդանշում են Հայաստանի պետականությունը, որոնք խորհրդանշում են Հայաստանի ինքնիշխանությունը, որոնք խորհրդանշում են Հայաստանի զարգացման կարողությունները: Սա չափազանց կարևոր փոփոխություն եմ համարում:

Հաշվի առնենք, որ սա նաև զբոսաշրջության աճ է բերելու, բայց ուզում եմ արձանագրել, որ մեր ընկալմամբ՝ լավ ապրել հնարավոր է միայն աշխատանքով: Մեր քաղաքականությունն է՝ նորանոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում մարդկանց աշխատանքի համար:

Բազմիցս եմ ասել, որ 2018-ից ի վեր 170 000-ից ավելի աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում: Դա աշխատատեղերի աճ է ավելի քան 30 տոկոսով:
Ուզում եմ արձանագրել նաև, որ 2021-ի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26.5 տոկոսից դառնալով 24.8 տոկոս: Ծայրահեղ աղքատությունը 1.5 տոկոսից դարձել է 1.2 տոկոս: Բայց էլի եմ ասում, մենք չենք կարծում, որ գոյացող միլիարդները պետք է բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատությունը հաղթահարեն: Ո՛չ, մենք պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք: Յուրաքանչյուրը պիտի իմանա, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է, որովհետև մարդուն կարելի է մի օր հաց տալ, երկու օր հաց տալ, երեք օր հաց տալ, մի շաբաթ հաց տալ, մեկ ամիս հաց տալ, մեկ տարի հաց տալ, հինգ տարի կարելի է հաց տալ, բայց մարդուն պատրաստել նրան, որ դու չես աշխատելու, և կառավարությունը կամ հանրությունը քեզ ամբողջ կյանքը կերակրելու է՝ դա մարդու նկատմամբ ամենամեծ նվաստացումն ու վիրավորումն է:

Ավելի մեծ վիրավորանք մարդու նկատմամբ չի կարելի ուղղակի պատկերացնել: Եվ սա մեր քաղաքացու նկատմամբ մեր հարգանքի արտահայտություն է: Աղքատությունը հաղթահարում են աշխատանքի միջոցով: Այսօր հազարավոր մարդիկ օտար երկրներից գալիս են Հայաստանի Հանրապետությունում աշխատելու: Ընդ որում, ասեմ, խոսքն աշխատունակ մարդկանց մասին է, որովհետև ոչ աշխատունակ մարդկանց նկատմամբ վարվող քաղաքականությունը բոլորովին ուրիշ խնդիր է: Ես ընդգծում եմ աշխատունակ, որովհետև վերջին շրջանում շատ է քննարկվում նաև, ես չեմ ուզում հաշմանդամությունը և աշխատունակությունը խառնենք իրար հետ, որովհետև դրանք տարբեր բաներ են: Բազմիցս եմ կրկնել, էլի ուզում եմ կրկնել, որ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն իր կյանքի մեծ մասն անց է կացրել սայլակի վրա՝ չկարողանալով խոսել, չկարողանալով շարժվել, և իր գիտական գործունեության մեծ մասը ստեղծել է սայլակի վրա նստած՝ չկարողանալով խոսել, չկարողանալով շարժվել: Այս առումով, կրթության ներառականությունը չափազանց կարևոր մի ուղղություն է, որը մենք անընդհատ պետք է զարգացնենք:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգարժան անդամներ,
Սիրելի ժողովուրդ,

Պիտի արձանագրեմ, որ մեր մի շարք ընդդիմադիր գործընկերների ելույթներով կարմիր թելով էր անցնում հետևյալ միտքը. «լավ, ո՞ւմ են պետք այդ ցուցանիշները, թվերը, եթե նույնիսկ հավատանք դրանց, եթե կորցրել ենք Ղարաբաղը: Ավելի լավ չէի՞ն այն ժամանակները, երբ թվերն այսքան չէին, բայց ունեինք Ղարաբաղ, իսկ հիմա այս իշխանությունների պատճառով այլևս չունենք»:

Չնայած վերջին տարիներին այս թեմայով տասնյակ անգամներ խոսել ենք, բայց կարծում եմ՝ նման հայտարարությունները լավ հնարավորություն են Երրորդ հանրապետության պատմությանը կրկին անդրադառնալու, այդ պատմությունը վերագնահատելու համար: Իսկ այդ պատմության ազնիվ վերագնահատումը մեզ պիտի ասի հետևյալը՝ այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո: Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին, մինուս մեկն, ընդ որում Հայաստանն էր, միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա:

Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի Հանրապետության հարցն այնպես, որ դե ֆակտո և դե յուրե Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն:

Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց, և 1998 թվականի, 1999 թվականի, մասնավորապես հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում: Իսկ չէի՞նք կարող ավելի վաղ հասկանալ այս ամենն առանց այս աղետների, ողբերգությունների միջով անցնելու: Միայն մի պարագայում կարող էինք՝ մտածողության փոփոխության, իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, որովհետև դեռևս կոմունիստական ժամանակներում ձևավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ թույլ չպիտի տար դա անել:

Հենց հիմա Հայաստանում դա է տեղի ունենում՝ մտածողության փոփոխություն, հայրենասիրական ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը, որը փորձեցի արտահայտել 2024 թվականի պետական բյուջեի քննարկումներում բարձրաձայնած մի քանի թեզերով, մասնավորապես, «hայրենիքը պետությունն է, սիրում ե՞ս hայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ, հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ եղիր օրինապահ, հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ վճարիր հարկերդ»:

Եվ ես ուզում ևս մեկ անգամ, և ինչպես այս ամբիոնից վարվեց պատգամավոր Արսենյանը, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում ստեղծարար աշխատանքով ավելացված արժեք ստեղծող բոլոր քաղաքացիներին ու սուբյեկտներին, բոլոր օրինապահ հարկ վճարողներին. դուք եք պետության հենարանն ու ապավենը, ձեր գործելակերպն է հայրենասիրության նոր մոդելի էությունը:

Բյուջետային հավաքագրումների և 28 տոկոս տնտեսական աճի առումով, ուզում եմ անդրադառնալ նաև հետևյալին՝ մեզ շատ են քննադատում այն բանի համար, որ պատշաճ հետևողականությամբ երկրից թալանված միջոցները ետ չենք բերում։ Այս քննադատությունը հասկանալի է, բայց մյուս կողմից պետք է նկատեմ, որ թալանված միջոցները, հայտնի թալանչիների տների դարակներում բարեբախտաբար թե դժբախտաբար դասավորած չեն, որ մտնենք՝ վերցնենք, դուրս գանք։ Այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ հաճախ Հայաստանից դուրս։ Եվ բացի դա, թալանողները սկուտեղով չեն մատուցում, այլ ընդհակառակը, բոլոր հնարավոր ձևերով դիմադրում են, այդ թվում՝ քաղաքական ձևերով, թաքնվելով Ղարաբաղի, դասագրքերի, անվտանգային սպառնալիքների և ամենատարբեր հարցերի հետևում։ Այդ թվում՝ ներքաղաքական անկայունությունների հրահրման փորձերով, միլիոններ ծախսելով փաստաբանական ծառայությունների, իշխանության ու պաշտոնյաների դեմ հակաքարոզչության վրա։

Մյուս կողմից, թալանվածը վերադարձնելը չի կարող լինել պետության, իրավակարգի, օրինականության հաշվին և սա միշտ եղել է մեր դիրքորոշումը։ Այս է պատճառը, որ մենք օրինական իրավական մեխանիզմներ ենք ստեղծել, ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը, որը նոր-նոր սկսել է աշխատել և մենք արդեն ունենք աղմկոտ վերադարձներ։ «Գոլդեն Փելըս» հյուրանոց, որը ավելի վաղ է եղել, «ԱՈԿՍ»-ի շենք, Իսակովի պողոտայի հազարավոր հեկտարներով հողեր, հազարավոր հեկտարների հողեր Ծաղկաձորում։

Այս պահին ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով անցնում են շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, բաժնետոմսեր 270 կազմակերպություններում, որոնք արգելանքի տակ են և չեն կարող օտարվել։ Այս շարքը դեռ կշարունակվի և մեր քաղաքական կամքն այս առումով երբեք և ոչ մի վայրկյան չի սասանվել, այն գիտակցումով, որ մենք հասկանում ենք, որ սա ընդհամենը մի փոքր մասն է։

Ուզում եմ անդրադառնալ հետևյալին, տեսեք, մենք ասում ենք, որ 3 մլրդ դոլարով ավելացնում ենք պետական բյուջեի եկամտային մասը և 2022-2023թթ. արդյունքներով միլիարդ դոլարով և ավել ավելացել է բյուջետային եկամուտը։ Բա այդ փողերն օդի՞ց են ընկել, առնվազն դրանց մի մասն այն փողերն են, որ նախկինում չեն վճարվել որպես հարկ, մնացել են դարակներում, կամ տարբեր պաշտոնյաների գրպաներ են մտել։ Եվ հետևաբար, հասկանալով և ընդունելով քննադատությունը, ուզում եմ արձանագրել ևս մեկ անգամ, որ մեր քաղաքական կամքը ոչ մի վայրկյան չի սասանվել և սկսված պրոցեսն իհարկե հանգեցնելու է կոնկրետ արդյունքների։

Այս համատեքստում, ուզում եմ նաև անդրադառնալ նրան, ինչի մասին խոսեց պատգամավոր Ալեքսանյանը՝ Հայաստանում կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին։ Մենք՝ կառավարության ներկայացուցիչներս, երբեմն հայտնվում ենք հետևյալ վիճակում․ մարդիկ մեզ պաշտոնապես դիմում են, խնդրելով լուծել այս կամ այն հարցը։ Մենք դիմումները վերցնում ենք, մակագրում, կաբինետներով շրջանառում, քննարկում ու վերջում պարզում, որ այդ հարցը չենք կարող լուծել, որովհետև հարցն օրինական լուծում չունի։ Հետո պատահական պարզում ենք, որ դիմումատուն, ով մեզ դիմել էր և մերժում ստացել, լուծել է իր հարցը, որովհետև, ասենք ոչ թե վարչապետին է դիմել, այլ շատ ավելի ցածր մի պաշտոնյայի կամ «իմացող» մարդու, և գործել է բոլորովին այլ մեթոդներով։

Սա, հարգելի գործընկերներ, եկեք ընդունենք, որ խայտառակություն է ու մենք պետք է այս հարցով լրջորեն զբաղվենք։ Զբաղվել ասելը, ընդ որում, տարբեր կարող է լինել, մի դեպքում կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելը, մյուս դեպքում օրենքները պարզեցնելը, որ մարդիկ, նաև կառավարությունը, բյուրոկրատական սարդոստայնների մեջ չընկնեն, որ տնտեսության զարգացմանը խանգարող օրենքները վերացվեն։ Մարդկանց թվում է, թե միայն իրենք են այդ բյուրոկրատական սարդոստայնի մեջ ընկնում, որ ես պատմեմ օրական քանի անգամ եմ տենց սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա։

Սրանում է հենց բարդությունը, եթե կառավարությունը զբաղվեր միայն մի հարցով, այսինքն մի հարց ունենար, այդ հարցը վստահաբար բավականին արագ կլուծվեր։ Բայց կառավարությունը ստիպված է զբաղվել հազար հարցով միաժամանակ, որոնց կառավարումը ոչ մի րոպե չի կարելի հետաձգել և այդ հարցերը կամ ավելի ճիշտ դրանց լուծումները երբեմն իրար բացառող են, երբեմն իրար հակոտնյա։ Ընդ որում, այդ հարցերը բոլորն էլ կարևոր են, փոխկապակցված և երբեմն դժվար է ասել՝ ո՞րն է առաջնահերթ։ Նաև այս հանգույցը պարզեցնելու համար եմ ձեր ուշադրությունը, հարգելի խորհրդարան, հարգելի Կառավարություն, սիրելի ժողովուրդ կենտրոնացնում երկու հիմնական առաջնահերթության վրա՝ պետականության ամրապնդում և տնտեսության զարգացում։ Այս երկու խնդիրները պետք է լինեն մեր բոլոր գործողությունների ուղենիշը։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ: