Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի վերադառնալու իրավունքի երաշխիքը․ Human Rights Watch-ի զեկույցը՝ Արցախում էթնիկ զտման մասին

Լուրեր

12.03.2026 | 23:35
Վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.03.2026 | 23:22
Հարձակում Դեթրոյթի մոտ գտնվող սինագոգի վրա. հարձակվողը սպանվել է
12.03.2026 | 23:08
Ինչպես է Վրաստանում Գերմանիայի կողմից հովանավորվող համալսարանը նացիստական ​​գաղափարական ազդեցությամբ հետազոտական ​​կենտրոն ստեղծել. OC Media-ի անդրադարձը
12.03.2026 | 22:53
Միրզոյանը և Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում
12.03.2026 | 22:38
Թուրքիայում սկսել են ձերբակալել ու ճնշել Ալիևին քննադատողներին՝ Ադրբեջանից Էրդողանի փեսայի հասցեին մեղադրանքներից հետո
12.03.2026 | 22:21
ԱՄՆ-ն կզղջա իր «լուրջ սխալի» համար. Լարիջանի
12.03.2026 | 22:08
Թուրքիան դեմ է Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ցանկացած ծրագրի. Ֆիդան
12.03.2026 | 21:53
ՌԴ-ն Ադրբեջանով մարդասիրական օգնություն է ուղարկում Իրանին
12.03.2026 | 21:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.03.2026 | 21:30
Իրանում հակամարտությունը շարունակվելու դեպքում ՀՀ տարածքով Նախիջևան տարանցումն արդիական կդառնա․ Ռուսիֆ Հուսեյնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:16
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
12.03.2026 | 21:16
«Նոան»` Հայաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:09
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ գումար» է վաստակում, երբ նավթի գները բարձրանում են
12.03.2026 | 21:00
Վարչապետը նախապես տեղյակ չի եղել այդ քայլի մասին, պրոտոկոլից շեղում կա․ Լուսինե Բադալյանը՝ Էդիտա Գզոյանի հեռացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 20:51
Երևանի բյուջեի եկամուտները 2025-ին 148.5 մլրդ դրամ են կազմել․ ինչպե՞ս են ձևավորվել դրանք
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է ներկայացրել Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում ներգրավված կառավարությունները պետք է Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ ստանան։ Նշվում է, որ ավելի քան 100,000 էթնիկ հայեր՝ տարածքի ներկայիս գրեթե ամբողջ բնակչությունը, վերջին օրերին փախել է:

Ըստ կազմակերպության՝ տարածաշրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե ինչպես է կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Բաքուն հարգելու մարդու իրավունքները, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, և պետք է ողջունի այս պարտավորությունների համար կայուն միջազգային անկախ մոնիթորինգային առաքելությունը:

Գործընկեր կառավարությունները պետք է նաև հորդորեն Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել էական քայլեր՝ դյուրացնելու մարդկանց վերադարձի իրավունքը՝ և՛ կարճատև, և՛ երկարաժամկետ այցերի համար:

«Ադրբեջանի գործընկերները պետք է միանշանակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, որ նրանք չեն ընդունի դատարկ հռետորաբանությունը և կիսատ քայլերը։ Բոլոր կողմերի վախը և վստահության բացակայությունը կարևոր են դարձնում կայուն միջազգային ներկայությունը, որպեսզի վերադարձի իրավունքը լինի իմաստալից, ոչ թե տեսական»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։

Կազմակերպությունը Հայաստանի սահմանին հարցազրույցներ է անցկացրել Արցախից փախած 14 անձանց և 7 ընտանիքի, ինչպես նաև մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների, բժշկական անձնակազմի, հայ պաշտոնյաների և ԼՂ-ի փաստացի նախկին իշխանությունների ներկայացուցչի հետ։

Հնարավոր ապագա բանակցություններում եվրոպացի առաջնորդները պետք է ընդգծեն իրավունքների միջազգային մոնիթորինգին նվիրվածության անհրաժեշտությունը և տարածաշրջանի համար իրավունքներին համապատասխան համապարփակ տեսլականը, որը կարող է խրախուսել մարդկանց վերադառնալ:

Նշվում է, որ սեպտեմբերի 24-ից ավելի քան 100,000 մարդ է փախել Լեռնային Ղարաբաղից Հայաստան՝ փաստացի ժամանակավորապես լքելով տարածաշրջանը: Մնացածների թվում կան տարեցներ և շատ հիվանդներ, որոնք կա՛մ չեն ցանկացել, կա՛մ չեն կարողացել փախչել։ Զանգվածային փախուստը հաջորդել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակումներին։

Զեկույցում նաև ասվում է, որ Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 24-ը՝ պատճառ դառնալով մարդկանց և ապրանքների տեղաշարժի գրեթե լիակատար խաթարման։ Դա հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների, բենզինի և այլ անհրաժեշտ պարագաների սուր պակասի։ Ի վերջո, Ադրբեջանը կտրել է նաև Հայաստանից Լեռնային Ղարաբաղ կոմունալ գծերը:

Երբ սեպտեմբերի 24-ին Լաչինի ճանապարհը բացվել է, մարդիկ սկսել են փախչել։ Հարցվածներն ասել են, որ վախից և խուճապից են լքել իրենց տները: Շատերը նաև ասել են, որ իննամսյա դե ֆակտո շրջափակումը և ադրբեջանական ուժերի կողմից վայրագությունները 2020 թվականի պատերազմի ժամանակ, ներառյալ՝ քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները, մեծ վախ և անվստահություն են առաջացրել:

Հարցված մարդիկ պատմել են, որ իրենք ստիպված մի քանի օր անցկացնել են Լաչինի խցանված ճանապարհին՝ քիչ կամ առանց սննդի և ջրի, իրենց մեքենաների, բեռնատարների և այլ մեքենաների մեջ՝ իրենց ընտանիքների հետ և այն քիչ իրերով, որ կարողացել են վերցնել արագորեն փախչելիս։

Ըստ կառույցի՝ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ասել են, որ բոլորի իրավունքները պաշտպանվելու են Լեռնային Ղարաբաղում, սակայն նման պնդումները դժվար է ընդունել ամիսների ծանր դժվարությունների, տասնամյակների հակամարտությունների, ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունից հետո, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ։

Հարցվածների մեծ մասն ասել է, որ կմտածեր վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ վերցնելու ունեցվածքը, եթե կարողանան դա անել միջազգային պաշտպանության ներքո: Ստեփանակերտից մի քաղաքացի էլ ասել է, որ կքննարկի իր ընտանիքի հետ ավելի երկարաժամկետ վերադառնալու հարցը, եթե «Ադրբեջանը թույլ տա հայերին ապրել այնտեղ որպես համայնք՝ համայնքի անդամներից հավաքագրված հայկական դպրոցներով, հայկական եկեղեցով, վարչական անձնակազմով»:

Կազմակերպությունն ընդգծում է, որ Գրանադայի բանակցություններից Ադրբեջանի նախագահ Ալիևի հրաժարվելուց հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ը և միջնորդական բանակցություններում ներգրավված մյուսները պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ընդգծելու կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է ձեռնարկի վերադարձի իրավունքը հեշտացնելու համար՝ լինի դա կարճաժամկետ այցերի պարագայում՝ մնացած իրերը հավաքելու, գերեզմաններ այցելելու, թե մշտական վերադառնալ ցանկացողների համար։

Նրանք, որոնք նախընտրում են մշտապես չվերադառնալ, պետք է փոխհատուցվեն իրենց ունեցվածքի համար և պետք է կարողանան հավաքել մնացած ցանկացած ապրանք, ինչպես նաև ունենալ ցանկացած բանկային հաշվի հասանելիություն։ Ադրբեջանը նաև պետք է ապահովի, որ տարհանվածների ունեցվածքը պաշտպանված լինի թալանից կամ այլ վնասից։

Վերադարձողների համար Ադրբեջանը պետք է ապահովի հայալեզու կրթության հասանելիությունը և կոնկրետ երաշխիքներ տա՝ պաշտպանելով մարդկանց՝ առանց խտրականության քաղաքացիական, քաղաքական, կրոնական և մշակութային իրավունքներն իրացնելու հնարավորությունները։ Ապագա պայմանավորվածությունները պետք է նախատեսեն էթնիկ հավասարակշռություն ոստիկանական և տեղական կառավարման կառույցներում: Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա 1990-ականների և 2020 թվականի պատերազմների ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու համար մարդկանց հետապնդելուց։

«Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան էին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար։ Ադրբեջանի գործընկերները պետք է ապահովեն, որ Ադրբեջանի իշխանություններն այս տրավման և կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։

Էմմա Չոբանյան