ՓԱՍՏԱքննություն․ 60 մլն դոլարի չարաշահման մեղադրանքներից հետո՝ անսահմանափակ ֆինանսավորում «Հարավկովկասյան երկաթուղուն»․ ի՞նչ փոխվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
Բոլորը

ՀՀ Կառավարությունը մտադիր է առավել շահավետ պայմաններ ստեղծել հայկական երկաթուղու կառավարման համար՝ ի նպաստ ռուսական կողմի: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) բանակցություններ է վարում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագրի փոփոխությունների շուրջ:

Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից տեղեկացրել են, որ ռուսական կողմի հետ քննարկվել և համաձայնեցվել է կոնցեսիոն պայմանագրի հիմնական հասկացությունների զգալի մասը:

«Ներկայում շարունակվում են կոնցեսիոն պայմանագրով նախատեսված սուբսիդավորման սահմանափակումները վերացնելու և սուբսիդավորման նոր մեխանիզմներ մշակելու վերաբերյալ աշխատանքները»,- նշել են նախարարությունից:

Սա, ըստ էության, նշանակում է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ապագայում կկարողանա անսահման չափով սուբսիդիաներ պահանջել ու ստանալ Հայաստանի Կառավարությունից, և որևէ խոչընդոտ չի լինի դրա համար։

Կոնցեսիոն աքցան

Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն կառավարման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին հանձնելու գործարքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրականացրեց իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ. նախագահական ընտրություններն անցկացվեցին 2008 թվականի փետրվարի 19-ին, իսկ փետրվարի 13-ին ստորագրվեց կոնցեսիոն պայմանագիրը: Ըստ այդմ՝ ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով անցավ ռուսական կողմին՝ կողմերի համաձայնությամբ լրացուցիչ 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Կոնցեսիոները պարտավորվեց համակարգի զարգացման ու արդիականացման համար 2008-2038 թվականներին ներդնել 174.5 մլրդ դրամ (այն ժամանակ սա համարժեք էր 575 մլն ԱՄՆ դոլարի, իսկ ներկայիս փոխարժեքով կազմում է շուրջ 447 մլն ԱՄՆ դոլար):

ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2008-2022 թվականներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իրականացրել է 140.7 մլրդ դրամի ներդրումային ծախսեր: Ընդ որում, նախարարության հավաստմամբ՝ ՀԿԵ-ի փաստացի ծախսերն ընդհանուր առմամբ 14.4%-ով գերազանցել են պլանավորվածը, այդ թվում՝ ենթակառուցվածքների համար գերածախսը 5.1% է, շարժակազմերի համար՝ 42.5 %:

Կոնցեսիոն պայմանագրի խախտում է շարժակազմերի համար ծախսերը ներկայացնել որպես ներդրում: Ըստ պայմանագրի՝ շարժակազմը կոնցեսիոն ակտիվ չէ, այլ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի սեփականությունն է, իսկ 174.5 մլրդ դրամ ներդրումներով պետք է բարեկարգվեն կոնցեսիոն ակտիվները:

Պայմանագրում գրված է. «Կոնցեսիոն ակտիվներ` նշանակում է երկաթուղային տրանսպորտի օբյեկտներ, անշարժ և շարժական գույք՝ փոխանցված կոնցեսիոներին սույն պայմանագրին համապատասխան, բացառությամբ շարժակազմի»:

White & Blue Modern Line Chart Graph автор: G Khachatryan

ՀԿԵ-ն պարտավոր է ամեն տարի պետական բյուջե վճարել կոնցեսիոն փոփոխական տարեկան վճար՝ համախառն հասույթի 2%-ը: Միաժամանակ, ըստ կոնցեսիոն պայմանագրի՝ ՀՀ-ն իր հերթին սուբսիդավորում է ընկերությանը, այսինքն՝ մասնակի փոխհատուցում է Կառավարության հետ նախապես համաձայնեցված ծավալներով և ուղղություններով կատարվող ուղևորափոխադրումների տարեկան վնասը՝ 2009-2010 թվականներին՝ 10%, 2011-2012թթ․-ին` 15%, 2013թ․-ին` 20%, 2014-2015թթ․-ին` 25%, 2016- 2038թթ․-ին` 30%:

 Նույն պայմանագրով ամրագրված է, որ տարեկան սուբսիդիայի գումարը չի կարող գերազանցել կամ հավասար լինել տվյալ տարվա համար հայտարարված կոնցեսիոն փոփոխական տարեկան վճարի գումարին: Արդյունքում ստացվում է ուշագրավ պատկեր՝ ՀԿԵ-ն որքան վճարում է որպես կոնցեսիոն վճար, գրեթե նույն չափով էլ բյուջեից սուբսիդավորում է ստանում՝ որպես վնասի հատուցում:

 

Նկատենք, որ 2018 թվականից առաջ եղել են տարիներ, երբ սուբսիդիայի գումարը գերազանցել է կոնցեսիոն վճարը: ՀՀ Ֆինանսների նախարարության համաձայն՝ 2014 թվականին ՀԿԵ-ն պետբյուջե է վճարել 351.6 մլն դրամ, որպես սուբսիդիա ստացել՝ 496.5 մլն դրամ, կամ՝ 2015-ին վճարել է 344.1 մլն դրամ, ստացել՝ 534.9 մլն դրամ: Միայն այս 2 տարիների հաշվարկով ՀՀ պետական բյուջեից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին վճարվել է պայմանագրով նախատեսվածից շուրջ 335.7 մլն դրամ ավելի  գումար:

Տարբեր ժամանակաշրջաններում ՀԿԵ-ում իրականացված աուդիտների արդյունքները վկայում են, որ ընկերության ներկայացրած տվյալներն արժանահավատ չեն:

Այս 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը միայն մեկ անգամ է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում աուդիտ իրականացրել: ՏԿԵ նախարարության պատվերով ֆինան­սական և տեխնիկական աուդիտը 10 տարի առաջ կատարել է «ՍՕՍ Աուդիտ» ընկերությունը, որն իր եզրակացությունը ներկայացրել է 2015 թվականին: Այդ աուդիտի համար պետական բյուջեից ՀՀ Կառավարության 21.08.2014թ. N 861-Ն որոշմամբ Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել էր 40 մլն դրամից ավելի գումար:

Իհարկե, երկաթուղային համակարգն աուդիտի ենթարկվում է ամեն տարի, սակայն դրանք իրականացվում են հենց ՀԿԵ-ի պատվերով, կատարող ընկերություններն էլ այս կամ այն կերպ կապ են ունենում ռուսական աղբյուրների հետ: ՀԿԵ-ի համար, օրինակ, այդպիսի գործընկեր է «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ն (PWC), որը Հայաստանի պետռեգիստրում գրանցվել է կոնցեսիոն պայմանագրի կնքումից օրեր առաջ՝ 2008 թվականի փետրվարի 15-ին: Այս ընկերության գործադիր տնօրենը և  20.86% բաժնետերը ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Ռուսանովն է:

Ոլորտի քաղաքականությունը մշակող ու վերահսկող պետական մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ըստ էության, միայն ուսումնասիրում է ընկերության ներկայացրած տվյալներն ու հաշվետվությունները: Նման հայտարարություն արել էր ՀԿԵ-ում ՀՀ-ի ներկայացուցիչը՝ ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, որը, ի դեպ, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի կենսաֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս է, կենսաբանական գիտությունների թեկնածու։

Չարաշահումների մի քանի դրվագ

Պետության վարձած անկախ աուդիտն արձանագրել էր, որ սուբսիդիայի առավել մեծ թիվ ստանալու նպատակով ՀԿԵ-ի հաշվապահության կողմից ուղևորափոխադրման ծախսերի մեջ ապօրինաբար ներառվում են բեռնափոխադրման ծախսերը, ինչի հետևանքով 2009-2013թթ. ժամանակաշրջանի սուբսիդիայի հաշվարկներում փոխհատուցման գումարներն ակնհայտորեն 131 մլրդ 580 մլն դրամով ավելի են արտացոլվել (տես՝ Նկար 1,2 )Միաժամանակ, նույն տարիների համար կոնցեսիոն վճարներն ավելի են հաշվարկվել նշված գումարների 2%-ի չափով:

 

Աուդիտների արդյունքները by Factor tv

Սուբսիդավորման հաշվարկի մեջ են ներառվել նաև գովազդի, աշխատավարձի և էլեկտրաէներգիայի ծախսերը (տես՝ Նկար 3 ):

ՀԿԵ-ի տվյալներով՝ Գյումրի լոկոմոտիվային դեպոյում 2010-2013 թվականների ընթացքում վերակառուցվել և սարքավորումներով հագեցվել են անվազույգերի և էլեկտրական շարժիչների արտադրամասերը: Միայն ներդրումային ծրագրի շրջանակներում նշված արտադրամասերի շինարարական աշխատանքների համար ծախսվել է մոտ 100 մլն դրամ, իսկ ձեռք բերված սարքավորումների արժեքը կազմել է մոտ 300 մլն դրամ:

Աուդիտի ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված արտադրամասերը, ըստ էության, չեն գործում և անվազույգերի ու շարժիչների նորոգումները շարունակվում են իրականացվել արտերկրում (Վրաստանում)՝ դրա համար ծախսելով զգալի գումարներ: Այսպես՝ միայն անվազույգերի նորոգումների համար ներդրումային ծրագրի շրջանակում կատարված ծախսերը 2009-2014թթ. ժամանակաշրջանում կազմել են 4.65 մլրդ դրամ (տես՝ Նկար 4 )։

2018-ի ամռանը կրկին 40 վագոն վերանորոգվել է Վրաստանում՝ միավորը շուրջ 45 հազար դոլար արժեքով, այն դեպքում, երբ նոր վագոնի գինը 35-37 հազար դոլար է:

ՀԿԵ-ում իրականացվում են նաև ներքին աուդիտներ, որոնց արդյունքները հասանելի են նեղ շրջանակի անձանց՝ ընկերության բարձրագույն ղեկավարությանը, և նախատեսված չեն կողմնակի աչքի համար: Մեր տրամադրության տակ հայտնված նման փաստաթղթերից մեկը փաստում է, որ 2016 թվականին, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հանձնարարությամբ, ներքին վերահսկողության և աուդիտի ծառայությունը ստուգել է ՀԿԵ-ի անվտանգության ծառայության ֆինանսատնտեսական գործունեությունը:

2012-19թթ. ընկերության անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալը գեներալ-մայոր Արմեն Դարբինյանն էր՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետը, որին 2010 թվականին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել՝ «հաշվի առնելով նրա անձնական ծառայությունը ՌԴ-ին»։ ՀԿԵ-ում պաշտոնից ազատվելուց հետո Դարբինյանը նշանակվեց նույն ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի խորհրդական և, ըստ էության, շարունակում է իր գործունեությունը:

Այդ ներքին աուդիտը պարզել է, որ Արմեն Դարբինյանն իր ղեկավարած ծառայության կազմում ձևավորել է հատուկ արագ արձագանքման 17-հոգանոց զինված խումբ, որի անդամների գործառույթները որևէ կերպ գրանցված ու նկարագրված չեն եղել: Աուդիտը խորհուրդ է տվել լուծարել այդ հրաձիգների խումբը (տես՝ Նկար 5-7 )։

Բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել ավտոմեքենաների վառելիքի դուրսգրման մասով, ծառայության աշխատակիցներին համազգեստի տրամադրման հետ կապված, երբ ընդամենը 15 օր աշխատած անձի համար դուրս է գրվել և՛ ամառային, և՛ ձմեռային համազգեստ: Մինչդեռ նման համազգեստի 1 միավորի արժեքը մոտ 70 հազար դրամ է: Անհաշվելի է վերանորոգման աշխատանքների համար հատկացված, բայց նպատակին չծառայած շինանյութի ծախսը՝ ցեմենտ, հաղորդալարեր և այլն (տես՝ Նկար 8-11 ):

 

Բացահայտումների ճակատագիրը

«ՍՕՍ Աուդիտ» ընկերությունն ուսումնասիրել էր ՀԿԵ-ի 2008-2013 թվականների գործունեությունը: Հենց այս աուդիտի արդյունքում է, որ հայտնի դարձան բազմաթիվ չարաշահումների փաստերը, հետագայում հարուցվեց առվազն 8 քրեական գործ, ընկերությունում իրականացվեցին խուզարկություններ, առգրավվեցին փաստաթղթեր, 2018 թվականին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ ՀԿԵ-ում չարաշահման ծավալները հասնում են 60 մլն դոլարի: Սրան հետևեց ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կոշտ արձագանքը, ընդհուպ «սպառնալիք» հնչեց, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը վաղաժամկետ կխզի կոնցեսիոն պայմանագիրն ու կդադարեցնի «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։

Այս ամենից հետո կրքերը բավականին արագ հանդարտվեցին: Թեև քրեական գործերի նախաքննությունը 2 տարի անց՝ 2020 թվականին, դեռ շարունակվում էր ՀՀ Քննչական կոմիտեում (ՔԿ), իսկ բացահայտված չարաշահումների ծավալը, քրգործին քաջածանոթ աղբյուրների պնդմամբ, հասել էր 104 մլն դոլարի, սակայն որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել: Այդ ժամանակ գործի ավարտի մասին ՔԿ-ն հրաժարվում էր ժամկետներ ասել՝ նշելով, որ «քրեական գործը բազմադրվագ և մեծածավալ է»:

2020-ի 44-օրյա պատերազմից հետո ՀԿԵ-ի սկանդալը, բնականաբար, մղվել էր հետին պլան: Եվ ահա այսպիսի պայմաններում 2021 թվականի մարտի 25-ին այդ աղմկահարույց քրեական վարույթը կարճվել է:

««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության պատասխանատու աշխատակիցների կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու, իրենց լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակներում մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի (Արթուր Առաքելյան, 2014-2017թթ. – հեղ․) նկատմամբ որոշումներ են կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (արարքում հանցակազմի բացակայություն) քրեական հետապնդումներ չիրականացնելու մասին և 2021թ. մարտի 25-ին քրեական վարույթը նույն հիմքով կարճվել է»,- Factor TV-ին տեղեկացրել են ՔԿ-ից:

Այժմ, թերևս, մնում է միայն սպասել, թե ինչպես կավարտվեն հայ-ռուսական բանակցությունները, ինչպես կփոփոխվի կոնցեսիոն պայմանագիրն ու սուբսիդավորման սահմանափակումները վերացնելուց հետո ՀՀ պետական բյուջեից ինչքան գումարներ կհատկացվեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությանը:

Գայանե Խաչատրյան

Ինֆոգրաֆիկաները՝ հեղինակի։