1000 տոննա թունաքիմիկատ՝ հեշտ հասանելի վայրում. գլխացավ, գանգատներ մոտակայքում ապրողների շրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Գրեթե 1000 տոննա․ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում են թաղված 1990-ականներից հավաքված բոլոր պեստիցիդները։ Տարիների ընթացքում դրանք խառնվել են իրար, ռեակցիայի մեջ մտել և ավելի վտանգավոր դարձել։ 2025 թվականին, ըստ Ստոկհոլմյան կոնվենցիայի, որին միացել է նաև Հայաստանը, երկրի երեսից պետք է վերացվեն ժամկետանց թունաքիմիկատները։ Ժամանակը գնում է՝ Հայաստանին մնացել է 16 ամիս։

1970-ականների սկզբում Հայաստանում արգելվել է քլորօրգանական վտանգավոր թունաքիմիկատների օգտագործումը, ինչը հանգեցրել է հանրապետության տարածքում ժամկետանց պեստիցիդների պաշարների կուտակմանը։ 1970-ականների վերջին դրանց թաղման հարցը դարձել է հրատապ: 1980-ականների սկզբներին առանձնացվել է թաղման հատուկ տարածք Բարձրաշեն գյուղի մոտակայքում, և մոտ 500 տոննա թունաքիմիկատ թաղվել է այնտեղ։

2010 թվականին գերեզմանոցում իրականացվել են ապօրինի փորման աշխատանքներ՝ ահազանգ դառնալով ՀՀ Կառավարության համար՝ զբաղվելու գերեզմանի լիկվիդացիայի աշխատանքներով։

2015 թվականից Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկած ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների կարգավորումը Հայաստանում» նախագիծը, սակայն, խնդիրը չի կարողացել լուծել։

Վրաստանն ու Իրանը թույլ չեն տվել թունաքիմիկատների թափոններն իրենց տարածքով տանել ոչնչացման պայմաններ ունեցող երկրներ, Հայաստանում անհնար էր դրանց համար պահեստ կառուցել, իսկ քիմիական թափոնի՝ այրումով ոչնչացման տեխնոլոգիան Հայաստանի համար դեռևս մատչելի չէր: Թունաքիմիկատների գերեզմանոցը, փաստորեն, մնացել է՝ ինչպես կար։

Կենսաբան Մարիամ Ավագյանը նշում է՝ արգելված թունաքիմիկատների այս գերեզմանոցը մեծ սպառնալիք է։

«Գերեզմանոցը բավական սխալ է կառուցված, թունաքիմիկատների պահպանման որևէ չափանիշ պահպանված չէ, և այս սողացող տարածքում, Ողջաբերդի հարակից այս սողանքային գոտում դարձել է յուրատեսակ աղետի բույն»,- Factor TV-ին ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու Մարիամ Ավագյանը։

Ըստ կենսաբանի՝ գերեզմանոցում թաղված ԴԴՏ քիմիական նյութը, փոշու միջոցով տարածվելով, բացասական՝ ուռուցքածին ազդեցություն է ունենում օրգանիզմների վրա, իսկ տեղումների միջոցով շրջանառությունն ավելի է մեծանում ու արագանում։ Ավելին՝ տարածքը հասանելի է քաղաքացիների համար՝ չնայած վերջրես կառուցված ցանկապատին։

«Հիմա մենք կարող ենք հանգիստ այս ցանկապատը կտրել, բահով բացել գերեզմանոցը, մեզ անհրաժեշտ քանակով ԴԴՏ-ն տանել, ոչխարներին լողացնել, հողամասը մշակել, ինչ ուզես՝ կարող ենք անել, և պետությունը սրան տիրություն չի անում։ Այսինքն, այստեղ խնդիրները շատ են, պետական լուծում, պետական քաղաքականություն այս գերեզմանոցի համար ես չեմ տեսնում։ Ես հատկապես չեմ տեսնում այն առումով, որ չկա քննարկում՝ ի՞նչ անել սրա հետ»,- հավելում է Ավագյանը:

Երկրաբան Էդուարդ Դանիելյանը շատ մոտ է ապրում թունաքիմիկատների գերեզմանոցին՝ Մուշավան գյուղում։ Նշում է՝ գերեզմանոցը գտնվում է սողանքային ու ջրերի հոսքի տարածքում, ինչը վտանգներ է առաջացնում։

«Տեսեք, Ողջաբերդը ձեզ օրինակ՝ տուն չի մնացել։ Եթե այստեղ էլ սահք ու շարժ լինի, կարող է սահքը բացի ու քշի ներքև»,- Factor TV-ի հետ զրույցում իր անհանգստությունն է հայտնում երկրաբան Էդուարդ Դանիելյանը:

Գերեզմանոցի լիկվիդացման խնդրով որոշ ժամանակ զբաղվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, սակայն Կառավարության կողմից լիաժեք աջակցություն չստանալով՝ դադարեցրել են աշխատանքները։

«Վտանգավոր քիմիական միացություններն արտանետվում էին և մարդկանց մոտ առաջացնում էին գլխացավ, որոշ գանգատներ ունեին, որի համար մենք այդ տարածքում հետազոտություններ կատարել ենք, ինքներս էլ բժիշկներ ենք և լավ հասկանում ենք, թե սուր թունավորման դեպքերում, թեկուզ մթնոլորտով, երբ ախտոտումը տարածվում է, ինչ գանգատներ կարող են լինել, որից հետո բազմիցս դիմել ենք Կառավարությանը», – Factor TV-ին ասում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը:

«Հայ կանայք հանուն առողջության ու առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետազոտությունը պարզել է, որ 1980-ականներին թունաքիմիկատները սխալ են թաղվել։ Ըստ Գրիգորյանի՝ քանի որ դրանք չեն թաղվել ցեմենտ-բետոնե կամ կավե խորշերում, քայքայվել են հողում, և 600 տոննայի փոխարեն հիմա թումաքիմիկատների ծավալը 1000 տոննայից ավելի է։

«Մեր կազմակերպությունն ակտիվ մասնակցություն է ունեցել մեր փորձագետների միջոցով, այսինքն՝ այդ աշխատանքների գումարը միաժամանակ ոչ մեկ չի տալիս, իսկ Կառավարությունն ասում է՝ ես ունեմ բազմաթիվ խնդիրներ, որոնք ավելի հրատապ են, և այս հարցն առայժմ կախված է օդում»,- հավելում է Գրիգորյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը Factor TV-ի հարցման պատասխանում չի տեղեկացրել Նուբարաշենի գերեզմանոցում խնդիրը լուծելու տարբերակների կամ նախատեսվող աշխատանքների մասին։ Մեր հարցումն անպատասխան են թողել նաև Էկոնոմիկայի և Ներքին գործերի նախարարությունները, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրել են, որ իրենք իրավասու չեն պատասխանել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցին առնչվող հարցադրումներին։

Արդյունքում այդպես էլ պարզ չէ՝ Հայաստանը, որ 2003 թվականին միացել է Ստոկհոլմյան կոնվեցիային, ի՞նչ է անելու 2024 թվականի ավարտին, ա՞րդյոք խնդիրը կլուծվի տեղում, թափոնները կտեղափոխվեն այլ երկի՞ր, թե՞ խնդիրը չլուծելու արդյունքում Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ Ստոկհոլմյան կոնվենցիայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարինե Դվոյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: