ՆԱՏՕ-ի հռչակագիրը՝ հին ձևակերպումներով. հեղափոխությունը Բրյուսելից սկսելու Փաշինյանի հնարավորությունը

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Սկսելու Փաշինյանի հնարավորությունը

Հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայացավ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը:  Դաշինքի 29 անդամ պետությունների ղեկավարները գագաթաժողովի առաջին իսկ օրն  ընդունել են ամփոփիչ հռչակագիր։ 79 կետից կազմված այս փաստաթուղթը մեզ համար ուշագրավ է այնքանով, որ դրա 67-րդ կետում անդրադարձ է եղել նաև մեր տարածաշրջանի երկրներին և այստեղ առկա հակամարտություններին։ Առաջին հայացքից այս կետում տեղ գտած որոշ ձևակերպումներ հակասում են Հայաստանի և Արցախի շահերին։ Հաջորդ նախադասությունները, սակայն, ավելի հավասարակշիռ են դարձնում ՆԱՏՕ-ի մոտեցումները՝ կապված հակամարտությունների կարգավորման հետ։ Նշվում է․ «Մենք (ՆԱՏՕ-ի 29 անդամ պետությունների ղեկավարներն ու կառավարությունները) շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»։ Այս համատեքստում ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ Ակտի վրա։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հաստատված բանակցային ձևաչափերի շրջանակներում կառուցողական մոտեցումներով և ավելի մեծ քաղաքական կամքով ներգրավվել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասված է հռչակագրում։

Փաշինյանի կարևոր ուղերձը Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հուլիսի 11-ից գտնվում է Բրյուսելում, գագաթաժողովի առաջին օրվա նիստերին չի մասնակցել և ՆԱՏՕ-ի կենտրոնակայան է ժամանել միայն հաջորդ օրվա՝ հուլիսի 12-ի առավոտյան։ Նախքան կենտրոնակայան մուտք գործելը Փաշինյանը պատասխանել է լրագրողներից մեկի հարցին՝ ասելով, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ։

 

«Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բելգիայի թագավորության մայրաքաղաքում Հայաստանի վարչապետը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել: Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ինչպես նաև «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: Փաշինյանը նաև ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում և մասնակցել ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:

 

Կարևորը Վրաստանն ու Մոլդովան են

Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել ճիշտ էր:

«Գագաթաժողովին մասնակցելը, հանդիպումներ ունենալը, նոր ծանոթություններ ձեռք բերելը և շփվելը, իհարկե, կարևոր էր և պարտադիր»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հռչակագրի 67-րդ կետում տեղ գտած ձևակերպումներին, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ իրականում այստեղ ՆԱՏՕ-ի համար կարևորը Վրաստանի և Մոլդովայի խնդիրն է, շեշտադրումը Հայաստանի և Ադրբեջանի վրա չէ:

 

«Իհարկե, այստեղ տարածքային ամբողջականություն բառակապակցությունը շեշտվում է որպես ընդհանուր նորմ, բայց միևնույն ժամանակ հղում է տալիս ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկյան Եզրափակիչ Ակտին: Իհարկե, եթե այդ համատեքստում անդրադարձ է կատարվում տարածքային ամբողջականությանը, ապա տրամաբանական կլիներ, որ նույն նախադասության մեջ շարադրվեին մնացած սկզբունքները, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Բոլոր դեպքերում ՆԱՏՕ-ի այս հռչակագիրը և դրանում տեղ գտած ձևակերպումները նորություն չեն: Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի գագաթաժողովներից հետո ընդունված հռչակագրերում գրեթե նույն ձևակերպումներն են լինում հակամարտությունների կարգավորման մասին:

Իհարկե, կարող է հարց ծագել այն մասին, թե գուցե Հայաստանի վարչապետը կարող էր ազդե՞լ հռչակագրի տեքստի վրա: Բայց Սուրեն Սարգսյանն ասում է, որ  տվյալ փաստաթուղթն ընդունվում է անդամ պետությունների ղեկավարների կողմից, և համագործակցող պետությունների ղեկավարները չեն մասնակցում այդ գործընթացին: Այնպես որ, Հայաստանը ՆԱՏՕ-ի հռչակագրի տակ ստորագրելու խնդիր չուներ:

ԼՂ հիմնախնդրի լուծման այլընտրանքային տարբերակ

Մեզ հետ հետ զրույցում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի վերոնշյալ կետի մասին խոսելով՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը չհամաձայնեց այն տեսակետին, որ 67-րդ կետում տեղ գտած ձևակերպումները դեմ են Հայաստանի շահերին: Ի տարբերություն շատ այլ փորձագետների և քաղաքական գործիչների՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարն իր ուրույն տեսակետն ունի Հայաստանի ու հայության համար կարևորագույն այս խնդրի վերաբերյալ և կարծում է, որ Արցախի հարցը պիտի լուծվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգման միջոցով: Փորձագետն ունի իր հիմնավորումները:

Արա Պապյանը նկատեց, որ հռչակագրի նշված պարբերությունում հղում է արվում Հելսինկյան Եզրափակիչ Ակտին, որտեղ սկզբունքները փաթեթով են: Դրանց թվում են տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները, որոնց մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները:

«Այդ պարբերության մեջ հստակ երկու միտք է ամրագրված։ Երկրորդ մասում խոսվում է հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, որը կատարելապես բխում է մեր շահերից։ Մենք միշտ հայտարարել ենք, որ հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի միջազգային իրավունքի հիման վրա։ Առաջին մասը, երբ խոսվում է տարածքային ամբողջականության մասին, առաջին հայացքից կարող է թվալ, որ չի համապատասխանում մեր շահերին, բայց ես կարծում եմ, որ դա մեր շահերին է համապատասխանում, պարզապես մեկնաբանության հարց է։ Ես ինքս բազմիցս ասել եմ, որ Արցախի հարցը պիտի լուծվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգման ճանապարհով։ Այսինքն, ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը խախտվել է այն ժամանակ, երբ ոչ օրինական փաստաթղթով մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կավբյուրոյի որոշմամբ մեծ Արցախը և Նախիջևանը հանձնվեցին Ադրբեջանին, ավելի ճիշտ՝ դրվեցին Ադրբեջանի ենթակայության տակ։ Այո, ես կարծում եմ, որ հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության հիման վրա, բայց ամբողջականություն ասելով՝ մենք հասկանում ենք այդ միջազգային նորմը, ոչ թե կուսակցական որոշումը, որովհետև 1920 թվականին Ադրբեջանի, հետո նաև Հայաստանի օկուպացիայից հետո կատարված բոլոր գործողությունները եղել են անօրինական։ Չեն կարող անօրինականության հիման վրա ստեղծված վարչական սահմանները համարվել օրինական սահման։ Հետևաբար, երբ խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, նկատի ունենք այն ժամանակահատվածը, երբ այդ երեք հանրապետությունները ճանաչվել են միջազգային իրավունքի սուբյեկտ և ոչ թե ԽՍՀՄ վարչական մաս, և հստակեցվել են դրանց սահմանները։ Իսկ այդ պարագայում Արցախը և հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները, դեռ մի բան էլ ավելին, ՀՀ-ի մաս են»։

Նոր իշխանություն, հին մոտեցումներ

Ամբողջ խնդիրը թերևս այն է, որ սկսած 1991 թվականից՝ Հայաստանի բոլոր կառավարությունները, բոլոր երեք նախագահները իրենց ռազմավարությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կառուցել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքականության վրա: «Թավշյա հեղափոխությունից» հետո էլ նոր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է նույն քաղաքականությունը:

Բրյուսելում՝ «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների և եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանը հայտարարել է. «Արցախի ժողովրդի ինքնորոշումը այլընտրանք չունի, ուստի հակամարտության կարգավորումը պետք է կառուցված լինի փոխզիջման վրա: Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական պետություն, ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա»:

Տարածքային ամբողջականությունը և օրինականության հարցը

Ու չնայած Հայաստանի այս արդարամիտ և խաղաղասիրական ձգտմանը՝ փորձը ցույց է տվել, որ համաշխարհային քաղաքականության ազդեցիկ խաղացողները, նույնիսկ Արևմուտքի ժողովրդավարական երկրները նման հարցերում առաջնորդվում են ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, այլ առաջին հերթին իրենց պետական կամ աշխարհաքաղաքական շահերով: Արևմուտքը չէր կարող աչք փակել Վրաստանի, Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի բացահայտ ագրեսիայի վրա, և դա բնականաբար ստիպում է եվրոպական երկրներին, եվրատլանտյան կառույցներին, Միացյալ Նահանգներին պաշտպանել այս և հետխորհրդային այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որոնց սպառնում է ագրեսիվ քաղաքականություն իրականացնող Մոսկվան: Ու թեև Ղրիմի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի հակամարտությունները արմատապես տարբերվում են ղարաբաղյան հիմնահարցից, այնուամենայնիվ, Արևմուտքի քաղաքական այս դիրքորոշման պատճառով տարածքային ամբողջականության սկզբունքը, կարծես, գերակա է դառնում միջազգային իրավունքի մյուս կարևոր սկզբունքի՝ ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության նկատմամբ: Ուրեմն ինչպե՞ս վարվել այս պարագայում: Շարունակել նույն քաղաքականությունը, թե՞ փոխել մոտեցումները:

Պատասխանելով հարցին՝ Արա Պապյանը ընդգծեց, որ տարածքային ամբողջականություն ասելով՝ մենք հասկանում ենք երկրի օրինական սահմանները, մինչդեռ Արցախը Ադրբեջանին է բռնակցվել բոլշևիկյան կուսակցության անօրինական որոշմամբ:

«Թող մեկն ինձ փաստաթուղթ ցույց տա, թե ինչ միջազգային օրինական փաստաթղթով է Արցախը ճանաչվել Ադրբեջանի մաս։ Ես կարող եմ հակառակը ցույց տալ։ Ես կարող եմ ցույց տալ Ազգերի լիգայի 1920 թ․ փետրվարի 24-ի ցեկույց-առաջարկը, որի տակ դրված են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ստորագրությունները։ Գործելով այդ ժամանակ ամենաբարձր միջազգային ատյանի անունից՝ Արցախը Ազգերի լիգայի կողմից ճանաչվել է Հայաստանի մաս»։

Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի օգտագործում այս փաստարկը։ Իր հարցին Պապյանը հետևյալ կերպ է պատասխանում՝ որովհետև 1990-ական թթ․ ի վեր՝ բանակցությունների ժամանակ, անընդհատ քննարկվել է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքը, և հնարավոր չէ կտրուկ փոխել բանակցային այդ տրամաբանությունը։ Դրա համար ես միշտ առաջարկել եմ, հիմա էլ եմ առաջարկում՝ աստիճանաբար պետք է շրջանառության մեջ դնենք միջազգային իրավունքի այն հիմնադրույթը, թե այս երկրների միջև սահմանները ո՞ր միջազգային փաստաթղթով են ամրագրվել։ Այդ պարագայում տարածքային ամբողջականությունը լրիվ խոսում է մեր օգտին: Իսկ այդ սկզբունքը ամրագրված է հռչակագրում, որովհետև այո, այստեղ խոսքն այն մասին է, որ հանկարծ որևէ մեծ երկրի հարձակման պարագայում փոքրերը չտուժեն, և ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածն, ըստ էության, դրա երաշխավորն է»:

Լուրջ խնդիրներ չեն առաջացնի մեզ համար

Իսկ ընդհանրապես ի՞նչ պարտադիր է, որ ՆԱՏՕ-ն հայտարարություններ անի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մասին: Չէ՞ որ ռազմաքաղաքական այս դաշինքը չի զբաղվում նման խնդիրներով:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը պատասխանում է, որ այո, ՆԱՏՕ-ն չի զբաղվում հակամարտությունների կարգավորմամբ, բայց մեր տարածաշրջանի պետություններից մեկը՝ Վրաստանը, ակտիվորեն աշխատում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է մեր հիմնախնդրին, ապա հիշենք, որ ՆԱՏՕ-ի երկու առաջատար պետություններ՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են և միջնորդական առաքելություն են իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սակայն այս երկու պետությունները մշտապես հայտարարել են, որ Մինսկի խումբը ամենահարմար ձևաչափն է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, ուստի քաղաքագետ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ ՆԱՏՕ-ի հռչակագրի նման ձևակերպումները լուրջ խնդիր լինեն մեզ համար:

«Նման հռչակագրերը, ձևակերպումները նոր չեն, և այդ հռչակագրերը պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթղթեր չեն»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Արցախյան հարցում հեղափոխության հրամայականը

Այսպիսով, ամփոփելով թեման՝ կարող ենք արձանագրել, որ չնայած Հայաստանում բոլորովին վերջերս տեղի ունեցած ժողովրդավարական, արժեքային հեղափոխությանը, ներքին խնդիրներում շատ հարցերի վերանայմանը՝ փողոցային, խաղաղ պայքարով իշխանության եկած նոր ղեկավարները առայժմ Արցախյան հիմնախնդրի լուծման հետ կապված հարցերում աչքի չեն ընկնում հեղափոխական մոտեցումներով և նույնությամբ կրկնում են նախորդ իշխանությունների թեզերը: Չնայած շատ գործիչների և փորձագետների հորդորներին, արտաքին քաղաքականության համար պատասխանատու գործիչները չեն փորձում օգտվել պատմական փաստերից, շատ քիչ են խոսում հակառակորդի կողմից բռնազավթված Շահումյանի, Գետաշենի և Լեռնային Ղարաբաղի այլ տարածքների մասին: Փոխարենը հակառակորդն է Հայաստանին մեղադրում ագրեսոր լինելու և Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ: Մինչդեռ արդարությունը ղարաբաղյան հարցում կարելի էր հաստատել՝ գնալով դեպի հիմնախնդրի արմատները և ցույց տալով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու մասին որոշումը կայացրել է մի իշխանություն, որը հետագայում ճանաչվել է որպես մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած համամարդկային չարիք: Խոսքը ստալինյան վարչահրամայական համակարգի մասին է:

Արա Պապյանն ավելացնում է՝ բոլշևիկյան իշխանությունը ոչ միայն դատապարտված է մարդկության կողմից, այլ այդ իշխանության որևէ գործողություն օրինական չի համարվել: Օրինակ՝ Մերձբալթիկայի բռնազավթումը կամ Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի համաձայնությունը:

Իսկ լուծումներ կարելի է գտնել: Ղարաբաղի հարցում մեր օգտին փոփոխություն իրականացնելու համար պետք է պատրաստել հասարակական կարծիքը, դիվանագիտական աշխարհին ավելի ծանոթացնել հիմնախնդրին: Իսկ ներկա պայմաններում, Պապյանի կարծիքով, մեր իշխանությունները պետք է շարունակեն բանակցային գործընթացը: Դա չի լուծի Արցախի հարցը, բայց ժամանակ կշահի մեզ համար:

«Դա մեզ պետք է այնքանով, որքանով որ մենք կարողանանք խաղաղություն պահպանել մի քանի տարի, որովհետև նախկին իշխանությունները բավականին լուրջ բացթողումներ են արել նաև բանակի հարցում, և այսօր զինված ուժերը կազդուրելու, մաքրելու, ուժեղացնելու խնդիր ունենք: Բայց դրան զուգահեռ՝ հասարակական կառույցները, խորհրդարանական դիվանագիտությունը, ժողովրդական դիվանագիտությունը ավելի ու ավելի պիտի խոսի միջազգային իրավունքի մասին»:

Արամ Սարգսյան