Արդյոք հայկական բեռնատարները կանցնեն Հակարիի կամրջով․ 400 տոննա բեռը հասել է Կոռնիձոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
Բոլորը

«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, այսօր Երևանից ճանապարհվեց դեպի 7 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախ։ 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 12 տոննա մանկական սնունդ, 40 տոննա կաթի փոշի, 9 տոննա դեղորայք․ այս օգնությունը հայկական կողմը փորձելու է Կոռնիձորից ռուս խաղաղապահների միջոցով հասցնել Արցախ։

Կա՞, արդյոք, պայմանավորվածություն ՌԴ խաղաղապահների հետ կամ երկխոսություն եղե՞լ է ադրբեջանական կողմի հետ, որ հումանիտար օգնությունը կհատի Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը։ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հստակ չպատասխանեց այս հարցին։

«Ռուս խաղաղապահների հետ կապի մեջ ենք միշտ, մշտական կապը պահում ենք»,- ասաց նա։

Արցախ ուղարկվող բեռնատարները բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ։ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ այս քայլն ուղղակի փորձ չէ․ հստակ պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ՝ բեռներն Արցախ հասնելու մասով։

Պաշտոնական Երևանի այս քայլը Բաքուն արդեն սադրանք է որակել, բայց ըստ հայկական կողմի՝ առաջնային նպատակն առաքելությունը տեղ հասցնելն է։ Նախքան ՀՀ Կառավարությունը կհայտներ, որ Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու որոշում է կայացրել, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդեց, թե հայկական կողմը, իբր, Լաչինի միջանցքում «տարբեր տրանսպորտային միջոցների կուտակմամբ սադրանք է նախապատրաստում»։

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից է Արցախ սննդի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել։ Արցախի 120 հազար հայությունը գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։ Անգամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է ահազանգել, որ Լեռնային Ղարաբաղում վիճակը սուր է, բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ մանկական կաթնախառնուրդի պակասի։ Այսօր արդեն հեղինակավոր Freedom House-ը կոչով դիմել է Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր Խաչին անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել։

Արցախում հուլիսի 25-ից դադարեցվել է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ բենզին ու գազ չլինելու պատճառով, օրեցօր սրվում է նաև ջրի խնդիրը: Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։

Ինչո՞ւ է ՀՀ Կառավարությունը միայն հիմա որոշել հումանիտար օգնություն ուղարկել Արցախ, ինչո՞ւ դա չի արել, օրինակ, երկու շաբաթ առաջ։

«Օրի և ժամկետի հետ կապված չեմ կարող ոչինչ ասել։ Դուք տեսել եք հաղորդագրությունը, տեքստում իրավիճակը ներկայացված է և գրված է՝ ինչու է հումանիտար բեռը գնում հիմա»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Կառավարության այդ որոշման մեջ, սակայն, չի նշվում՝ ինչու է հիմա օգնություն ուղարկվում Արցախ։ Միայն ընդգծվում է, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:

Այսօր, ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ դադարեցնում է մեկ շաբաթ առաջ սկսած նստացույցը, քանի որ համաժողովրդական շարժումը և մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում։

Նշենք, որ 400 տոննա հումանիտար բեռն արդեն հասել է Հակարիի կամուրջ, բայց դեռ պարզ չէ՝ կհաջողվի՞ այն հասցնել Արցախ, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան