Սուրեն Մնոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու. ինչո՞ւ են ծանուցվել միայն մարզերի դատավորները

Լուրեր

12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
Բոլորը

Վաղը՝ հուլիսի 19-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել դատավոր Մեսրոպ Մակյանի հրաժարականից հետո։ Մակյանն այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնակատարն է, բայց դատավոր է ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ որպես քրեական մասնագիտացմամբ դատավոր։

Չնայած այս հանգամանքին՝ Երևանի քրեական դատարանից ընտրված դատավորի թափուր տեղն այժմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, պատրաստվում է լրացնել մարզային դատավորով։

ԲԴԽ կայքում առկա տվյալների համաձայն՝ «Դատավորների ընդհանուր ժողովին Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունը կազմակերպելու համար Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարողի կողմից 2023 թվականի հունիսի 19-ին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 1-5-րդ մասերի կարգավորումների հաշվառմամբ, ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված պահանջները բավարարող ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների 22 դատավորի։

Մարզերի առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 19 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին, ինչպես նաև 3 դատավորի՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ»։

Այսինքն՝ մարզային 22 դատավորից երեքը՝ Սուրեն Մնոյանը, Էդգար Հովհաննիսյանը և Վարդուհի Հովնանյանը, համաձայնություն են տվել իրենց անունները քվեաթերթիկում ներառելու վերաբերյալ և բարեվարքության ստուգում անցել։

Նշենք, որ միայն մարզային դատավորներին ծանուցագրեր ուղարկելու հանգամանքը դժգոհություն է առաջացրել դատական համակարգում։

Այսօր Դատավորների միությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել։

«Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է: Թեկնածուների ընտրությունը, օրենքի պահանջներին հակառակ, սահմափակվել է, մասնավորապես, ոչ անկախ մարմին հանդիսացող Դատական դեպարտամենտը ծանուցել է բացառապես ՀՀ մարզերի դատարանների դատավորներին՝ կրկին անտեսելով Խորհրդի անդամի չափանիշներին համապատասխանող Երևան քաղաքի քրեական դատարանի դատավորների՝ ընտրվելու, իսկ դատավորներին՝ իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձևավորելու իրավունքը: Նշված շարունակական և անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով: Ավելի վաղ՝ 2022 թվականի մարտի 22-ին ևս հայտարարվել էր Սահմանադրության համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը Դեպարտամենտի կողմից խախտելու մասին»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ նույնպես Երևանի քրեական դատարանի, ինչպես նաև մարզային առաջին ատյանի դատարանի դատավորները ծանուցագրեր չէին ստացել, ծանուցվել էին միայն Սնանկության դատարանի դատավորները, և այդ ժամանակ թեկնածություն առաջադրած միակ դատավորը՝ Արթուր Աթաբեկյանն ընտրվեց ԲԴԽ անդամ։ Ծանուցվել էին նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները։

Դատական դեպարտամենտն իր նման գործելաոճը բացատրում է ԲԴԽ-ում հավասարության սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ։ Ըստ Դեպարտամենտի՝ նախորդ անգամ ԲԴԽ-ում անհրաժեշտ էր ապահովել Սնանկության դատարանի, իսկ այժմ՝ մարզային դատավորի ներկայացվածություն։ Այս բացատրությունը, սակայն, ընդունելի չէ դատավորների մի մասի համար։

Դատավոր Դավիթ Բալայանը, օրինակ, դատական հայց է ներկայացել Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի դեմ՝ պահանջելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։

Հայցադիմումում դատավորը նշել է, որ նախորդ անդամ  միայն Սնանկության դատարանի դատավորներին ծանուցում ուղարկելու հանգամանքը հիմնավորվել է նրանով, որ Սնանկության դատարանը սպասարկում է ՀՀ ամբողջ տարածքը, այսինքն՝ այդ դատարանի դատավորի ընտրությամբ ԲԴԽ-ում ապահովվում է նաև մարզերի դատարանների ներկայացվածությունը։

«Դատական դեպարտամենտի ղեկավարը, շրջանցելով այն հանգամանքը, որ ԲԴԽ կազմում արդեն իսկ ապահովված է առաջին ատյանի մարզերի դատարանների ներկայացվածությունը՝ ի դեմս Սնանկության դատարանից ընտրված դատավորի, այս անգամ ևս ծանուցումներ ուղարկել է միայն մարզային դատարանների դատավորներին՝ ծանուցումներ չուղարկելով Երևան քաղաքի և մասնագիտացված դատարանների դատավորներին»,- հայցադիմումում նշել է Բալայանը։

Դատավորը նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով Դատավորների ընդհանուր ժողովին արգելել հուլիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել։ Դատավոր Դանիել Դանիելյանը գործը վարույթ է ընդունել, սակայն հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժել է։

Նշենք, որ Factor.am-ը հուլիսի 11-ին հարցում է ուղարկել Դատական դեպարտամենտ՝ նշելով, որ ԲԴԽ դատավոր անդամի նախորդ՝ ապրիլի 7-ի ընտրության ժամանակ ԲԴԽ-ում ապահովված չէր ինչպես Սնանկության, այնպես էլ մարզերից դատարանների դատավորի ներկայացվածությունը և փորձելով պարզել, թե Դատական դեպարտամենտն այդ ժամանակ ԲԴԽ դատավոր անդամի ընտրության համար ինչո՞ւ էր ծանուցել միայն Սնանկության դատարանի դատավորներին, այլ ոչ թե նաև մարզերի դատավորնեին։ Հարցրել էինք նաև, թե ո՞վ է կայացրել այդ որոշումը։

Մեր հարցմանն այսօր Դատական դեպարտամենտից ստացել ենք ծավալուն պատասխան։

«2023 թվականի ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը կազմակերպելու նկատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Նաիրի Գալստյանի կողմից Խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի համար ծանուցագրերը Սնանկության դատարանի դատավորներին ուղարկվել են հետևյալ հիմնավորումներով․ 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 76-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝

«1․ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրում է  Ընդհանուր ժողովը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից՝ հետևյալ համամասնությամբ՝

  • Վճռաբեկ դատարանից՝ մեկ անդամ,
  • Վերաքննիչ դատարաններից՝ մեկ անդամ,
  • առաջին ատյանի դատարաններից՝ երեք անդամ, ընդ որում՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից՝ առնվազն մեկ անդամ:  

2. Բարձրագույն դատական խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր մասնագիտացումների դատավորները։

3. Բարձրագույն դատական խորհրդում դատավոր անդամների սեռերի ներկայացվածության նպատակով միևնույն սեռի ներկարացուցիչների թվակազմը հնարավորին չափ պետք է սահմանափակվի առավելագույնը երեք անդամով՝ բացառությամբ սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված դեպքերի»:

Օրենսգրքի նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարն Ընդհանուր ժողովի նիստից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրվելն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե առաջին ատյանի, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում, համապատասխանաբար, չկան նման թեկնածուներ, ապա քվեաթերթիկում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրությունն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված պահանջները»:

Ղեկավարվելով Օրենսգրքի վերը նշված իրավադրույթների պահանջներով, հաշվի առնելով, որ Անի Սխիթարյանը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Խորհրդի անդամ է ընտրվել 2018 թվականը մարտի 1-ին, երբ զբաղեցրել է Երևան քաղաքի առաջին աստանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հետևաբար, Խորհրդի դատավոր անդամի թափուր տեղը կարող էր համալրվել առաջին ատյանի դատարաններից:

Այս տեսանկյունից, Օրենագրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ են՝ 1) ընդհանուր իրավասության դատարանները, 2) մասնագիտացված դատարանները։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մասնագիտացված դատարաններն են՝ 1) Վարչական դատարանը, 2) Սնանկության դատարանը, 3) Հակակոռուպցիոն դատարանը։

2023 թվականի մարտի 10-ի դրությամբ՝ Խորհրդի կազմում, բացի Անի Մխիթարյանից և Սերգեյ Չիչոյանից, ում լիազորությունները ևս դադարել են ապրիլի 9-ին, շարունակել են պաշտոնավարել Խորհրդի դատավոր անդամներ Քրիստինե Մկոյանը (Խորհրդի կազմը համալրել է՝ ապահովելով Խորհրդում Վճռաբեկ դատարանի վարչական մասնագիտացմամբ դատավոր անդամի ներկայացվածությունը), Նաիրա Հովսեփյանը (Խորհրդի կազմը համալրել է՝ ապահովելով Խորհրդում առաջին ատյանի դատարաններից քաղաքացիական մասնագիտացմամբ դատավոր անդամի ներկայացվածությունը), Մեսրոպ Մակյանը (Խորհրդի կազմը համալրել է՝ ապահովելով Խորհրդում առաջին ատյանի դատարաններից քրեական մասնագիտացմամբ դատավոր անդամի ներկայացվածությունը, սակայն 2023 թվականի հունվարի 20-ից ուժի մեջ մտած Խորհրդի 2023 թվականի հունվարի 19-ի թիվ ԲԴԽ-6-Ո-17 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ուժով՝ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների, այդ թվում՝ Մեսրոպ Մակյանի համար նախատեսվել է բաշխվելիք այլ քրեական գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ՝ 100%: 

Այսինքն, 2023 թվականի մարտի 10-ի դրությամբ՝ Խորհրդի կազմում ապահովված է եղել վարչական, քաղաքացիական և հակակոռուպցիոն մասնագիտացումներով դատավոր անդամների ներկայացվածությունը։ Հաշվի առնելով, որ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր մասնագիտացումների, տվյալ դեպքում՝ նաև սնանկության մասնագիտացմամբ դատավորներ, իսկ սնանկության մասնագիտացմամբ դատավոր անդամի ներկայացվածությունը հնարավոր էր ապահովել միայն առաջին ատյանի՝ Սնանկության դարարանի դարավորներից Խորհրդի անդամի ընտրության միջոցով, անհրաժեշտություն առաջացավ Խորհրդի կազմը համալրել առաջին ատյանի Սնանկության մասնագիտացված դատարանի դարավորներից: Հետևաբար, 2023 թվականի ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին Խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունը կազմակերպելու նպատակով Սնանկության դատարանի դատավորներից բացի՝ այլ առաջին ատյանի դատարանների դատավորների ծանուցագրեր չեն ուղարկվել։

Հարկ է նշել, որ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանի լիազորությունների դադարումից հետո (Խորհրդի կազմը համալրել է՝ ապահովելով Խորհրդում վերաքննիչ դատարանների դատավորի ներկայացվածությունը) Խորհրդի կազմում 2023 թվականի մարտի 10-ի դրությամբ վերաքննիչ դատարանների (տվյալ դեպքում՝ քրեական մասնագիտացմամբ) դատավորի ներկայացվածությունն ապահովելու պահանջից ելնելով՝ ծանուցագրեր են ուղարկվել Վերաքննիչ քրեական դատարանի՝ Խորհրդի դատավոր անդամի թեկնածուին Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ներկայացվող պահանջները բավարարող դատավորներին։

Ինչ վերաբերում է Factor.am-ի հարցադրմանը, թե ով էր որոշել ապրիլի 7-ի ժողովից առաջ ծանուցագրեր ուղարկել միայն Սնանկության դատարանի դատավորներին, Դեպարտամենտից հայտնել են, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  76-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտի ղեկավարն է դատավորի թեկնածությունը քվեաթերթիկում ներառելու մասին անհապաղ ծանուցում համապատասխան թեկնածուին:

«Այսինքն՝ օրենսգիրքը տվյալ դեպքում որոշակի գործառույթներ իրականացնելը, այն է՝ «ուսումնասիրել ի դեմս Խորհրդի դատավոր անդամների՝ օրենքով սահմանված հատկանիշների՝ պարտադիր ներկայացվածության լրիվությունը և այդ ուսումնասիրության հիման վրա անհապաղ ծանուցում ուղարկել համապատասխան թեկնածուին», պատվիրակել է Դատական դեպարտամենտի ղեկավարին։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ փաստում ենք, որ 2023 թվականի ապրիլի 7-ին հրավիրված՝ Դատավորների ընդանուր ժողովին խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունը կազմակերպելու նպատակով համապատասխան դատարանների դատավորներին ծանուցագրերն ուղարկելու իրավասությունը վերապահված էր Դատական դեպարտամենտի ղեկավարին, ինչը տվյալ դեպքում իրականացվել է բացառապես Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարողի կողմից»,- նշված է Դատական դեպարտամենտի պատասխանում։

Արաքս Մամուլյան