Դատավորին առաջխաղացման ցուցակից հանելը, ըստ էության, նույնանում է կարգապահական տույժի հետ. Արման Հովհաննիսյանի հայցադիմումը ԲԴԽ-ի դեմ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը բողոքարկել է  Վարչական դատարանի որոշումը՝ Բարձրագույն դատական խորհրդի դեմ իր հայցադիմումը վարույթ չընդունելու վերաբերյալ: Դատավորի փաստաբան Հարություն Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայցադիմումի հիմքերին, ինչպես նաև Վերաքննիչ վարչական դատարան ներկայացված բողոքի հիմնավորումներին:

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Արման  Հովհաննիսյանին ընդգրկել է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում, իսկ 2023 թվականի  մայիսի 2-ին որոշել  Հովհաննիսյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից։ Արման Հովհաննիսյանն այժմ պնդում է, որ այս որոշումը հիմնավորված չէ:

Վարչական դատարան ներկայացված հայցադիմումում մի շարք իրավանորմերի ու որոշումների հղում կատարելով՝  դատավորի ներկայացուցիչը պնդել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն, վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը։

Օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ․ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ակտի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով՝ գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ, վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ այն քննող դատարանին պարզել այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է որոշման հիմքում։

Տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտը, ըստ դատավորի ներկայացուցչի, որևէ կերպ հիմնավորված չէ, այն չի պարունակում որևէ փաստական հիմնավորում այն մասին, թե ինչն է հիմք հանդիսացել Արման Հովհաննիսյանին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից հանելու համար։

Այսպես՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշման նախաբանից հետևում, է, որ Բարձրագույն դատական խորհուրդը վիճարկվող վարչական ակտն ընդունելիս ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ:

Նույն օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը համարում է, որ առկա է սույն հոդվածով նախատեսված հիմքերից մեկը, ապա այդ անձը հանվում է համապատասխան ցուցակից:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր: Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից սույն օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ըստ Հարությունյանի՝ վիճարկվող վարչական ակտի նախաբանում վկայակոչված հիշյալ իրավանորմերի համադրված վերլուծությունից անգամ որևէ կերպ չի հետևում, թե, ի վերջո, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված ո՞ր հիմքն է դրվել դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին ցուցակից հանելու մասին որոշում կայացնելու հիմքում։ 

Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու հիմքերը սահմանվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը ցուցակից հանվում է միայն նույն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Ընդ որում, նշված օրենքի 113-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին ցուցակից հանելու որևէ հիմք ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետում Դատական դեպարտամենտն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին, ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքներով համարելով, որ առկա է սույն հոդվածով նախատեսված հիմքերից մեկը, այդ անձին հանում է համապատասխան ցուցակից։ Այս դեպքում որոշման բովանդակությունից որևէ կերպ չի հետևում, որ Դատական դեպարտամենտն օրենքով նախատեսված որևէ հիմքի առկայության մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդին։

Հայցվորը ներկայացված հայցով պնդել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ խախտում է դատավորի  սուբյեկտիվ իրավունքներն ու ազատությունները, որ ԲԴԽ-ն դրսևորել է բացարձակ կամայական մոտեցում։

Հարություն Հարությունյանը եզրակացնում է, որ առանց պատճառաբանելու որոշման շարժառիթները՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ցանկացած դատավորի ընդգրկել ցուցակում և հանել դրանից՝ առանց որևէ սահմանափակման և հիմնավորման։

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածը, սահմանելով Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելու կարգը, նախատեսում է, որ Դատական դեպարտամենտը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թեկնածուին առաջարկություն չի ներկայացնում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան թեկնածուի մասով որոշում է կայացրել տվյալ թեկնածուին առաջարկություն չներկայացնելու մասին։ Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելը հանգեցնում է համապատասխան թեկնածուին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն։ 

Ըստ դատավորի ներկայացուցչի՝ դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից դատավորին հանելու մասին որոշման կայացմանը, ըստ էության, պետք է նախորդի տվյալ թեկնածուին առաջարկություն չներկայացնելու մասին որոշման կայացումը, ինչը տվյալ դեպքում նույնպես առկա չէ։

Դատավորի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 3․1 կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերից, ի թիվս այլնի, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով։

Նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը նրանց նկատմամբ, ի թիվս այլնի, կարող է կիրառել կարգապահական տույժ՝ համապատասխան ցուցակից հանել անձին:

Նշված հոդվածներից հետևում է, որ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ որպես կարգապահական տույժ պատժի տեսակ կարող է կիրառվել նաև համապատասխան ցուցակից հանելու տույժի տեսակը։

Նմանատիպ կարգավորում գործում է նաև գործող դատավորի մասով, որն իր բնույթով ավելի մեղմ է, քան ցուցակից հանելը։ Մասնավորապես, թեկնածուների ցուցակի համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով։

«Նշված երկու կարգավորումներից առավել քան ակնհայտ է, որ դատավորին ցուցակից հանելը, ըստ էության, իր բովանդակությամբ նույնանում է կարգապահական տույժի հետ»,- ասում է Հարություն Հարությունյանը։

Այսպիսով՝ դատարան ներկայացված հայցով դատավորի ներկայացուցիչը պահանջել է վերացնել Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 2-ի որոշումը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից իրեն հանելու մասով, և որպես հետևանք՝ Արման Հովհաննիսյանին վերականգնել ցուցակում, պարտավորեցնել Բարձրագույն դատական խորհրդին Արման Հովհաննիսանին ներկայացնել առաջարկություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելու վերաբերյալ, վերջինիս կողմից համաձայնություն տրվելու դեպքում՝ ՀՀ նախագահին ներկայացնելու առաջարկություն՝ Արման Հովհաննիսյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ։

Ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն, այն է՝ արգելել պատասխանող Բարձրագույն դատական խորհրդին մինչև սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում ընդգրկել այլ դատավորների, ներկայացնել առաջարկություն ՀՀ նախագահին այլ անձանց վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու վերաբերյալ։

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Արթուր Ծատուրյանին, վերջինը, սակայն, հայցադիմումը վարույթ չի ընդունել, որի դեմ դատավորի վերաքննիչ բողոքն ընդունվել է դատավոր Էդվարդ Նահապետյանի վարույթ։

Վերաքննիչ բողոքում դատավորի ներկայացուցիչը նշել է, որ oրենսդիրն անձին իրավունք է վերապահել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտով խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները։ Այսինքն՝ դատարան վիճարկման հայց ներկայացնելու համար պարտադիր պայման է հանդիսանում վարչական ակտի առկայությունը, որն այն վիճարկող անձի համար պետք է ունենա միջամտող ազդեցություն։ Այլ կերպ ասած՝ գործող վարչադատավարական կանոնների համաձայն՝ վիճարկման հայցի առարկա կարող է հանդիսանալ բացառապես միջամտող վարչական ակտը:

Ըստ բողոքաբերի՝ «Վարչարարության հիմունքների կամ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ միջամտող վարչական ակտն այն ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։

«Ակնհայտ է, որ Բարձրագույն դատական խորհրդի նշված որոշումը «Վարչարարության հիմունքների կամ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է միջամտող վարչական ակտ, քանի որ մերժում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու՝ հայցվորի իրավունքը՝ զրկելով վերջինիս նույն դատարանում դատավոր նշանակվելու օրինական ակնկալիքից»,- ասում է Հարություն Հարությունյանը և պնդում, որ ԲԴԽ-ի որոշումը պետք է դառնա Վարչական դատարանի կողմից դատական ստուգման առարկա։

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Տվյալ դեպքում «հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման հիմքում Վարչական դատարանը դրել է այն պատճառաբանությունը, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածուին հանելու վերաբերյալ որոշման վերանայման բացառիկ լիազորությունը վերապահված է միայն Բարձրագույն դատական խորհրդին, և գտել, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը չի կարող քննության առարկա դառնալ դատարանում՝ այդպիսի իրավակարգավորման բացակայության, ինչպես նաև Դատական օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդին այդպիսի որոշումների վերանայման բացառիկ լիազորության ամրագրման պայմաններում։

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2023 թվականի մայիսի 16-ի որոշումը՝ բողոքաբերը նշել է, որ սահմանադիրն ու օրենսդիրը հստակ սահմանել են այն հարցերի շրջանակը, որոնք քննելիս և լուծելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ  դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից դատավորին հանելու՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորություն իրականացնելիս ԲԴԽ-ն հանդես չի գալիս որպես դատարան, ուստի նրա որոշումը չի կարող դիտարկվել որպես դատական ակտ:

Բողոքում դատավորի ներկայացուցիչը նշել է նաև, որ դատարանը դատավորի միայն մեկ հայցապահանջին է անդրադարձել, մինչդեռ բացի վարչական ակտի վիճարկման պահանջից՝ Արման Հովհաննիսյանը ներկայացրել է նաև պարտավորեցման պահանջ, այն է՝ պարտավորեցնել Բարձրագույն դատական խորհրդին՝ Արման Հովհաննիսյանին ներկայացնել առաջարկություն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելու վերաբերյալ, վերջինիս կողմից համաձայնության դեպքում՝ ՀՀ նախագահին ներկայացնել առաջարկություն՝ Արման Հովհաննիսյանին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ, որին, փաստորեն, դատարանը որևէ կերպ չի անդրադարձել։

Բողոքաբեր կողմն ընդգծել է նաև, որ նույնանման հայցապահանջներով ՀՀ Վարչական դատարան ներկայացված մի շարք հայցադիմումներ արդեն իսկ վարույթ են ընդունվել։

Այսպիսով՝ դատավորի ներկայացուցիչը խնդրել է վերացնել ՀՀ Վարչական դատարանի «հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

Արաքս Մամուլյան