Վճռաբեկ դատարանը բեկանել է պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը․ վերջինն առանց հիմնավորման զրկվել է արտահայտվելու հնարավորությունից

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Վճռաբեկ դատարանը փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու գործով որոշում է կայացրել՝ անդրադառնալով խոսքի ազատության և դատական իշխանության հեղինակությունը պահպանելու հարաբերակցության, սանկցիա կիրառելիս անձի՝ լսված լինելու իրավունքին և այլ հարցերի։ Որոշումը կայացվել է փաստաբան Ռուբեն Բալոյանի բողոքի հիման վրա։

2021 թվականի սեպտեմբերի 7-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սպանության գործի քննության շրջանակում ամբաստանյալի շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Բալոյանի նկատմամբ կիրառել է դատական սանկցիա՝ դատական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Սա դատական սանկցիայի համար նախատեսված տուգանքի առավելագույն չափն է։ Այս որոշման դեմ Բալոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դիմող Ռուբեն Բալոյանը և նրա ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանը վճռաբեկ բողոք են ներկայացրել, որն ընդունվել է վարույթ։

Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը, ի թիվս այլնի, խախտել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի պահանջը, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես, ըստ բողոք ներկայացնողի՝ դատարանը դատական սանկցիա կիրառելիս չի պատճառաբանել տուգանքի՝ օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելու անհրաժեշտությունը, Բալոյանին արտահայտվելու իրավունք չի տրամադրել և չի պատճառաբանել այդ իրավունքից զրկելը:

Առաջին ատյանի դատարանը դատական սանկցիա կիրառելու որոշման մեջ նշել է, որ դատական նիստի ընթացքում, երբ դատարանի կողմից իրականացվել է վկա Ռուզաննա Խաչատրյանի հարցաքննությունը, պաշտպան Ռուբեն Բալոյանը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ, նախագահողի կողմից պաշտպան Ռուբեն Բալոյանին հայտարարվել է նկատողություն, վերջինիս պարզաբանվել է, որ եթե շարունակի նման պահվածք դրսևորել դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ, դատարանը ստիպված կլինի նրա նկատմամբ կիրառել խիստ դատական սանկցիա, սակայն պաշտպան Ռուբեն Բալոյանը շարունակել է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և անհարգալից վերաբերմունք դատավարության կողմերի և դատարանի նկատմամբ, մասնավորապես՝ դատավարության կողմերի ներկայացրած առարկությունների և հայտարարությունների ժամանակ նստած տեղից ընդհատել է վերջիններիս, դրանով դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ։

Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումը ստուգելիս նշել է, որ  դատարանը, կայացնելով քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող անձանց նկատմամբ տուգանք կիրառելու կամ անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշում, կարող է նրանց չտրամադրել արտահայտվելու իրավունք, եթե դատական սանկցիայի ենթակա անձն այն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար։ 

Վերաքննիչ դատարանը դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչի ուսումնասիրության արդյունքում եկել է եզրահանգման, որ Ռուբեն Բալոյանը, դատարանի կողմից բազմիցս նախազգուշացվելով դատական սանկցիա կիրառելու՝ դատարանի իրավասության մասին, շարունակել է նույն վարքագիծը դրսևորել, բարձր տոնով խոսել է դատավարության մասնակիցների, այդ թվում՝ դատական նիստը նախագահող դատավոր Գեղամ Մարգարյանի հետ, ընդհատել է դատավարության մասնակիցների կողմից ներկայացվող առարկությունները և հայտարարությունները, ինչի արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից Բալոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, վերջինս նախազգուշացվել է նման վարքագիծը շարունակելու դեպքում առավել խիստ դատական սանկցիա կիրառելու՝ դատարանի իրավասության մասին, ինչին ի պատասխան՝ Ռուբեն Բալոյանն անհարգալից տոնով պատասխանել է՝ «Կիրառեք», ինչն արձանագրված է նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վիճարկվող որոշման մեջ:

Վերը նշվածը, ըստ Վերաքննիչ դատարանի գնահատականի, վկայում է այն մասին, որ փաստաբանը  չարաշահել է իր արտահայտվելու իրավունքը և շարունակել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարքագիծը, ինչի պայմաններում դատական սանկցիա կիրառելիս Ռուբեն Բալոյանի արտահայտվելու հնարավորության որոշակի սահմանափակումն իրավաչափ է:

Անդրադառնալով Ռուբեն Բալոյանի նկատմամբ կիրառված դատական սանկցիայի՝ 100.000 ՀՀ դրամ դատական տուգանքի չափի հիմնավորվածության վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված պատճառաբանություններին, Վերաքննիչ դատարանը գտել է, որ այն համարժեք է Ռուբեն Բալոյանի վարքագծի բնույթին և նրա կողմից թույլ տրված խախտմանը։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Փաստաբան Բալոյանի բողոքը քննելիս Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է եղել․ առաջին ատյանի դատարանը պաշտպան Ռուբեն Բալոյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս թույլ տվե՞լ է, արդյոք, քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտում:

Վկայակոչելով ՍԴ որոշումներից մեկը՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ արտահայտվելու ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների և ազատությունների, այլև հանրային շահերի համակարգում սկզբունքային կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջ է։

Միաժամանակ, ինչպես միջազգային իրավական փաստաթղթերով, այնպես էլ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով և օրենքով սահմանված կարգով այն ենթակա է սահմանափակման՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության (հանրային շահերի) կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով։

Վճռաբեկ դատարանը վկայակոչել է  ՄԻԵԴ որոշումներից մեկը, որում Դատարանը արտահայտվելու իրավունքի սահմանափակումը գնահատել է չհիմնավորված և ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին ոչ համարժեք՝ նշելով.

«Թեև դիմումատուի վիճարկվող արտահայտությունները կրել են բացասական երանգ և թշնամական բնույթ, դրանք հանդիսացել են գնահատողական դատողություններ և չէին կարող մեկնաբանվել իբրև անհիմն անձնական հարձակում, քանի որ չեն հետապնդել, որպես հիմնական նպատակ, փորձագետներին, դատախազին կամ դատարանին վիրավորելը, դիմումատուին հնարավորություն չի ընձեռվել արտահայտվել Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված իր իրավունքը սահմանափակելու առնչությամբ։ Մասնավորապես, կարևորվել է այն հանգամանքը, որ դիմումատուին որևէ հնարավորություն չի տրվել բացատրություն տալ կամ պաշտպանվել՝ դատարանի կողմից դատական տուգանքի կիրառման կապակցությամբ»։

Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ հանրության առաջ արդարադատության իրականացման վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքի հետ մեկտեղ՝ փաստաբանների քննադատությունը չպետք է հատի որոշակի սահմաններ։ Ավելին, փաստաբանի՝ դատարանում ազատ արտահայտվելու իրավունքն անսահմանափակ չէ, և բավականաչափ կարևորություն ունեցող որոշ շահերի պաշտպանության դեպքերում, ինչպես, օրինակ, դատարանի հեղինակությունն է, այդ իրավունքի սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել։

Այնուամենայնիվ, պաշտպանի ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումը, ըստ Եվրոպական դատարանի, միայն բացառիկ դեպքերում կարող է ընդունելի լինել ժողովրդավարական հասարակությունում։

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ փաստաբանները, իրենց հատուկ կարգավիճակով պայմանավորված, կենտրոնական դիրք են զբաղեցնում արդարադատության իրականացման գործընթացում՝ հասարակության և դատարանի միջև հանդես գալով որպես միջնորդներ: Նման կարգավիճակով է բացատրվում նրանց վարքագծի նկատմամբ որոշակի սահմանափակումների նախատեսումը։ Հաշվի առնելով փաստաբանների առանցքային դերն այս համակարգում՝ իրավաչափ է ակնկալել, որ վերջիններս պետք է նպաստեն արդարադատության պատշաճ իրականացմանը՝ այդպիսով ապահովելով հանրային վստահությունը։ Մասնավորապես, պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից։ Դատավորների և փաստաբանների մասնագիտական վարքից բխող հարաբերությունները պահանջում են միմյանց գործառույթների նկատմամբ հարգանք և դատավորների ու փաստաբանների միջև կառուցողական երկխոսություն։ Փաստաբանները պետք է հարգանք դրսևորեն դատական իշխանության նկատմամբ և իրենց լիազորություններն իրականացնեն այնպես, որ այն համապատասխանի ներպետական իրավական նորմերին և մասնագիտական չափանիշներին (ստանդարտներին)։

Այլ կերպ՝ դատավարությանը մասնակցող և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ դատական սանկցիայի կիրառումը հանդիսանում է դատական քննության բնականոն ընթացքը խոչընդոտելուն ուղղված մասնակցի գործողություններին հակազդման միջոց` նպատակաուղղված դատական նիստերի ընթացքում կարգուկանոնի պահպանմանը և դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորման ապահովմանը:

Վճռաբեկ դատարանը նշում է, որ, միևնույն ժամանակ, դատական սանկցիա կիրառելու դատարանի լիազորությունը կանոնակարգող քրեադատավարական իրավանորմերը մեկնաբանելիս և դրանցով սահմանված իրավական մեխանիզմները գործադրելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դրանք չեն կարող հանգեցնել անձի արդար դատաքննության իրավունքի չեզոքացմանը, և հանրային ու մասնավոր իրավաչափ շահերը պետք է հավասարակշռվեն այնպես, որ դատական իշխանության հեղինակության պաշտպանությունը չհանգեցնի դատավարության մասնակցի, մասնավորապես, պաշտպանության կողմի՝ Սահմանադրությամբ և միջազգային իրավանորմերով երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքի անհիմն սահմանափակման։

Ըստ Վճռաբեն դատարանի՝ դատական սանկցիայի կիրառման իրավաչափությունն ապահովելու և դրա կամայական կիրառումը բացառելու համար օրենսդիրը, ի թիվս այլնի, սահմանում է, որ անձի նկատմամբ կիրառվող սանկցիան պետք է համաչափ լինի նրա վարքագծի բնույթին և հետևանքներին, ինչպես նաև դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս, որպես կանոն, պետք է ապահովվի նրա լսված լինելու իրավունքը: 

Այստեղից հետևում է, որ դատարանը դատական սանկցիա կիրառելիս և դրա կոնկրետ տեսակն ընտրելիս պետք է հաշվի առնի ոչ միայն դատական սանկցիայի հիմք հանդիսացող գործողության բնույթն ու բովանդակությունը, այլև անձի նկատմամբ դրա ներգործության առանձնահատկությունն ու աստիճանը համադրի նրա ոչ իրավաչափ վարքագծով այլ անձանց կամ արդարադատության շահերին հասցված վնասի հետ։

«Դատական սանկցիա կիրառելուց առաջ անձին լսված լինելու հնարավորություն ընձեռելը նպատակ ունի մի կողմից՝ կանխել դատական սանկցիայի կիրառումը, քանի որ եթե դատավարության մասնակիցն ընդունում է իր արարքի հակաիրավականությունն ու հայցում դատարանի ներողամտությունը, ապա նրա նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել, մյուս կողմից՝ նպատակ է հետապնդում պարզել անձի նկատմամբ համաչափ սանկցիա կիրառելու բոլոր անհրաժեշտ հանգամանքները: Ընդ որում՝ հատկանշական է, որ քրեադատավարական օրենսդրությունը, հաշվի առնելով «դատական տուգանք» և «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիաների առավել խիստ բնույթը, նշված սանկցիաները կիրառելիս դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտող մասնակցին արտահայտվելու հնարավորություն չտրամադրելու դեպքում դատարանի համար սահմանում է նշված իրավունքի սահմանափակումը հիմնավորելու պարտադիր պահանջ»,- նշում է Վճռաբեկ դատարանը։

Անդրադառնալով «դատական տուգանք» սանկցիայի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն ունի դրամական բնույթ, և հակաիրավական կոնկրետ վարքագծի դրսևորման դեպքում, որպես պատժիչ միջոց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ կարող է կիրառվել առավելագույնը 100.000 դրամի չափով, ինչը նշանակում է, որ դատարանը, ելնելով համաչափության սկզբունքից, որոշում է, թե կոնկրետ դեպքում ի՞նչ չափով պետք է նշանակի տուգանքը, որպեսզի հնարավոր լինի հասնել դատական սանկցիայի կիրառման նպատակներին։ Ընդ որում՝ դատավարությանը մասնակցող անձի նկատմամբ դատական տուգանք կիրառելիս, ինչպես նաև դրա չափը սահմանելիս, դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է իր որոշմամբ հիմնավորի, որ հարկադրանքի հենց այդ միջոցը և կոնկրետ այդ չափն է համարժեք անձի կողմից դրսևորած ոչ իրավաչափ վարքագծին։

Դատարանն այս գործի նյութերի ուսումնասիրությամբ եկել է եզրահանգման, որ առաջին ատյանի դատարանը Ռուբեն Բալոյանի նկատմամբ տուգանք կիրառելիս վերջինիս չի տրամադրել արտահայտվելու հնարավորություն՝ առանց հիմնավորելու նման սահմանափակման անհրաժեշտությունը:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ռուբեն Բալոյանի նկատմամբ նկատողություն հայտարարելուց հետո, նույն վարքագիծը շարունակելու պայմաններում, դատարանն իրավասու էր վերջինիս նկատմամբ կիրառել առավել խիստ՝ կոնկրետ դեպքում «դատական տուգանք» սանկցիան։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական տուգանքի ձևով սանկցիա կիրառելիս առաջին ատյանի դատարանը խախտել է դրա կիրառման ընթացակարգային կանոնները, այն է՝ պաշտպան Բալոյանին արտահայտվելու հնարավորություն չի տվել, միաժամանակ, չի հիմնավորել նման սահմանափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում,  անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ դիմողը չարաշահել է իր արտահայտվելու իրավունքը և շարունակել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել, և այդ պայմաններում այդ իրավունքի սահմանափակումը եղել է իրավաչափ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական տուգանքի ձևով սանկցիա կիրառելիս արտահայտվելու հնարավորություն չտրամադրելու դեպքում, դատարանը բոլոր դեպքերում կրում է այդ իրավունքի սահմանափակումը հիմնավորելու պարտականություն։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Ռուբեն Բալոյանի նկատմամբ դատական տուգանքի՝ առանց հիմնավորման օրենքով սահմանված առավելագույն չափի կիրառումը չի հանդիսացել նրա կողմից դրսևորած վարքագծին համաչափ միջամտություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը Բալոյանի նկատմամբ դատական տուգանք կիրառելիս վերջինիս այդ կապակցությամբ արտահայտվելու հնարավորություն չտալով, միաժամանակ չհիմնավորելով նշված իրավունքը չտրամադրելը, ինչպես նաև առանց հիմնավորման դրա առավելագույն չափը կիրառելով, ինչպես նաև Վերաքննիչ քրեական դատարանը, առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտում, ուստի պետք է այս որոշումները բեկանել։

Արաքս Մամուլյան