Վճռաբեկ դատարանը բեկանել է դատավոր Դավիթ Գրիգորյանին արդարացնելու վերաբերյալ դատական ակտերն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Վճռաբեկ դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին արդարացնելու վերաբերյալ դատական ակտերն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ 2019 թվականի մայիսի 18-ին Գրիգորյանը որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։

Այս որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրած եղել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հետագայում Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը։

Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումներից կարճ ժամանակ անց գլխավոր դատախազը Սերգո Փանոսյանի բողոքի հիման վրա վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։

Ըստ գործով ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ դատավոր Գրիգորյանին մակագրվել է 2018 թվականի սեպտեմբերին քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոք, և դատավորը, «պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն»:

Ըստ ՀՔԾ-ի՝ արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր:
Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն անմեղ է և արդարացվելու է, ինչպես նաև, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է սկսվել։

Գրիգորյանի և Վարդանյանի վերաբերյալ գործը 2020 թվականին ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին, վերջինս էլ գործը վարույթ է ընդունել ու որոշում կայացրել այն կարճելու՝ առանց դատաքննության նշանակելու։

Դատավոր Բալայանը դատական ակտում նշել է, որ թեև Քրեական դատավարության օրենսգրքով «քրեական հետապնդման հարուցում» եզրույթը արտահայտվում է դատավարական որոշումների ձևով, այսինքն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու կամ մինչ այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին որոշումներով, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է նաև (ոչ պաշտոնապես) սկսվել ավելի վաղ, և տվյալ դեպքում դատավոր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է ավելի վաղ՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։ Հիշեցնենք որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ ուղղակիորեն մատնանշված է եղել Դավիթ Գրիգորյանի անունը, բացի այդ՝ նախքան Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալը խուզարկություն է իրականացվել նրա աշխատասենյակում։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտը ստուգելիս Վերաքննիչ դատարանը համաձայնել է Գրիգորյանի անձեռնմխելիության հետ կապված առաջին ատյանի դատարանի հայտնած դիրքորոշումների հետ:

Վճռաբեկ դատարանը, սակայն, անհիմն է համարել ստորադաս դատարանների այն հետևությունը, որ սույն քրեական գործն ի սկզբանե, այսինքն՝ դրա հարուցման պահից, եղել է ապօրինի՝ դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հետևանքով։

Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքում այն ժամանակ գլխավոր դատախազ եղած Արթուր Դավթյանը դիրքորոշում է հայտնել, որ դատավոր Դավիթ Բալայանին ինքնաբացակի հիմք է եղել, սակայն Դատախազությունը տեղյակ չի եղել Բալայանի կողմից գործը վարույթ ընդունելու որոշման մասին և հնարավորություն չեն ունեցել ինքնաբացարկ հայտնելու։ Իսկ ինքնաբացարկի հիմքում Դատախազությունը դնում է այն հանգամանքը, որ Գոռ Վարդանյանը կատարել է Դավիթ Բալայանի նիստերի քարտուղարի պարտականությունը։

Այս հանգամանքին անդրառանալով՝ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Գոռ Վարդանյանի կողմից դատական նիստի քարտուղարի պարտականությունները կատարելը նախագահող դատավորի հետ մեղադրյալի ուղղակի կապի մեջ գտնվելը հիմնավորող բավարար փաստարկ չէ, քանի որ նրանք աստիճանակարգային հարաբերությունների մեջ չեն գտնվել․ դատական նիստերի քարտուղարը համարվում է դատարանի ծառայող, իսկ դատավորը չի հանդիսանում դատական նիստերի քարտուղարի անմիջական ղեկավարը: Վճռաբեկ դատարանը համաձայնել է այս դիրքորոշման հետ:

Բացի այդ, անդրադառնալով առաջին ատյանի դատարանի կողմից գործը դատաքննության նախապատրաստելիս քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու հետևանքով մեղադրանքի կողմին՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից դատավարության քննարկվող փուլում քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելը չի զրկել մեղադրանքի կողմին դատավորի անաչառության վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացնելու հնարավորությունից, քանի որ դատավորի բացարկի հիմքերը, հետաձգված բողոքարկման շրջանակներում, ըստ էության, ներկայացվել են Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից դարձել են քննարկման առարկա, ուստի նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի վերոհիշյալ փաստարկներն անհիմն են։

Առաջին ատյանի դատարանը նաև դատական ակտում նվազ կարևորության է գնահատել Դավիթ Գրիգորյանին և Գոռ Վարդանյանին վերագրվող արարքը, սակայն Վերաքննիչ դատարանն այս առումով անհամաձայնություն է հայտնել նշելով, որ՝ առանց գործով ձեռք բերված ապացույցների դատաքննական հետազոտման դատարանն արարքի նվազ կարևոր լինելու պատճառով հանցագործություն չհամարվելու վերաբերյալ հիմնավոր եզրահանգման չի կարող գալ։ Վճռաբեկ դատարանն այս առումով իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այս եզրահանգմանը։

Այս գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցերից մեկը հետևյալն է եղել․ դատական նիստի արձանագրությունը հանդիսանո՞ւմ է արդյոք իրավական հետևանքներ առաջացնող պաշտոնական փաստաթուղթ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու իմաստով։ Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունն իր բնույթով օժտված է իրավական հետևանքներ առաջացնելու հատկությամբ, այլ կերպ ասած՝ իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու հնարավորությամբ։

Վճռաբեկ դատարանը, այնուամենայնիվ, գտել է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին քննարկման առարկա դարձնի այս կամ այն դատական նիստի արձանագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկա հանդիսանալու հարցը՝ գնահատելով կոնկրետ դեպքում արձանագրության մեջ տեղ գտած տեղեկությունների՝ իրավաբանական նշանակության փաստեր և իրադարձություններ հավաստելու և իրավական հետևանքներ առաջացնելու (նման հնարավորությամբ օժտված լինելու) հանգամանքները։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով դատական ակտեր կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։

Վճռաբեկ դատարանը որոշմամբ արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները, դատավոր Դ․Գրիգորյանի անձեռնմխելիության խախտման, Դ․Գրիգորյանին և Գ․Վարդանյանին մեղսագրվող արարքների նվազ կարևորության, վերջիններիս առաջադրված մեղադրանքներում առկա ձևակերպումների, գործով ձեռք բերված ապացույցների թույլատրելիության, ինչպես նաև դատական նիստի արձանագրությունների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկա հանդիսանալու հարցերը քննարկելով իր որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից՝ դատարանը որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 5-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
Գործով նախագահողը եղել է դատավոր Ելիզավետա Դանիելյանը, կազմում են եղել դատավորներ Արտակ Կրկյաշարյանը և Կարեն Բիշարյանը։ Վերջինս, ի դեպ, եղել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը։

Արաքս Մամուլյան