Դուռը ծեծում ա, ասում՝ ձեր հողը սեփականաշնորհել ենք․ զինծառայողի ընտանիքին տրված տարածքը վաճառվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աջափնյակի Լուկաշին փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքում 20 տարուց ավելի է՝ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ են ապրում։ Երևանի քաղաքապետարանը լուծարված մանկապարտեզի տարածքը տարիներ առաջ տվել է 11 ընտանիքի, իսկ դրան կից հողատարածքը հավասարաչափ բաշխել նրանց միջև` խոստանալով, որ տասը տարի անց յուրաքանչյուրն իր հողակտորը սեփականաշնորհելու հնարավորություն կունենա։

1998-ին խաղաղ պայմաններում զոհված Էդգար Գրիգորյանի ընտանիքին բնակարան ու հողակտոր հատկացվել է 2000 թվականին։ Էդգարի հայրը տարածքում խնձորի ծառեր է տնկել ու երկար տարիներ խնամել դրանք։ Որոշել է խնձորենիներ տնկել, քանի որ որդին խնձոր շատ էր սիրում։

Էմմա Հունանյանը պատմում է, որ 2012 թվականին, երբ արդեն բոլոր բնակիչները տասը տարուց ավելի տիրապետելիս են եղել հողակտորներին, Երևանի քաղաքապետարանի համաձայնությամբ սկսել են սեփականաշնորհման գործընթացը, բոլոր բնակիչները միասին քարտեզագրման համար մուծումներ են կատարել, եկել են, տեղանքը չափագրել, քարտեզագրել և ասել, որ սպասեն գլխավոր հատակագծի տրամադրմանը։

«Մեկ էլ՝ մեր դուռը ծեծում է անչափահաս մի տղա, այսինքն՝ հարևան շինության տղան ու ասում, որ ձեր հողակտորը մենք սեփականաշնորհել ենք։ Մենք զարմացանք, ո՞նց թե՝ սեփականաշնորհել եք կամ այդ ո՞վ ձեզ թույլ տվեց։ Կամ այդ ո՞նց մտաք, այդ ծառերը տեսաք, առանց մեզ հարցնելու, չտեսա՞ք, որ այստեղ ծառեր են։ Ասացին՝ քաղաքապետարանից թույլտվություն ունենք»,- պատմում է Էմմա Հունանյանը։

Հետագայում պարզել են, որ 2013 թվականին քաղաքապետարանը իրենց հողատարածքն ամբողջությամբ և դրանից աջ գտնվող, սահմանակից հողակտորից մի հատված, որը պատկանել է քաղաքացի Հասմիկ Սարգսյանին, ուղղակի վաճառքով օտարել է Մարինա Պետրոսյանին։ Վերջինս Լուկաշին փողոցում՝ լուծարված մանկապարտեզին հարակից շենքերից մեկում է այժմ ապրում։

Մինչ այդ, Մարինա Պետրոսյանը ձեռք է բերել նաև Հունանյանի հողակտորի ձախ կողմում գտնվող տարածքն ու այստեղ շինություն կառուցել։

Այդ ժամանակ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է եղել։ Էմմա Հունանյանը պատմում է, որ 2014 թվականին «Եռաբլուր»-ում որդու շիրմին այցելության ժամանակ հանդիպել է Մարգարյանին ու հայտնել խնդրի մասին, վերջինս չեղարկել է հողակտորը Մարինա Պետրոսյանին օտարելու գործարքը։ Պետրոսյանը, սակայն, Վարչական դատարանում վիճարկել է Տարոն Մարգարյանի որոշումը, և այն անվավեր է ճանաչվել։ Հատկանշական է, որ մյուս բոլոր հարևանները՝ բացի Էմմա Հունանյանից և Հասմիկ Սարգսյանից, կարողացել են սեփականաշնորհել իրենց հատկացված հողակտորները։

էմմա Հունանյանի փաստաբան Գայանե Հովակիմյանը պատմում է, որ Հունանյանն իրեն 2019 թվականին է դիմել, երբ առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել։ Բայց գործն ուսումնասիրելիս ինքը մի շարք խախտումներ է արձանագրել ու հետամուտ եղել քրեական գործընթաց սկսելուն։

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որոշում է կայացվել քրեական գործ չհարուցելու մասին, այս որոշումը բողոքարկել է, քրեական գործ է հարուցվել։

Փաստաբանի խոսքով՝ քրեական գործի շրջանակում 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Զավեն Առաքելյանը ցուցմունք է տվել,  թե իրենք տեղյակ չեն եղել, որ Էմմա Հունանյանը ցանկանում է սեփականաշնորհել հողակտորը, մինչդեռ, պաշտպանի պնդմամբ, գործում առկա են բազմաթիվ փաստաթղթեր ու գրություններ, որոնք հավաստում են, որ քաղաքապետարանը տեղյակ է եղել Հունանյանի՝ հողակտորը սեփականաշնորհելու ցանկություն մասին։

Փաստաբանը հանցավոր է որակում Զավեն Առաքելյանի գործողություններն ու պնդում, որ դրանց հետևանքով տուժել են Էմմա Հունանյանն ու Հասմիկ Սարգսյանը։

Տևական ժամանակ քննությունից հետո հարուցված քրեական գործը կարճվել է։ Պաշտպանն ընդգծում է, որ գործի նկատմամբ հսկողությունն իրականացրել է նույն դատախազը, որը նաև քրեական գործ չհարուցելու օրինականությունն էր ստուգել։ Խոսքը դատախազ Սամվել Հակոբյանի մասին է, որն այժմ Գլխավոր դատախազության Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալն է։ Գայանե Հովահիմյանը դատական կարգով բողոքարկել է որոշումը, բայց այս անգամ կարճման որոշումը մնացել է անփոփոխ։

Էմմա Հունանյանը հիշում է, թե ինչպես է ամուսինը դույլերով ջրել հողամասում տնկած խնձորենիները։ Այս հանգամանքը հաստատում է նաև հարևաններից մեկը՝ Արփենիկ Մարությանը։

Ինչպե՞ս է ստացվել, որ Մարինա Պետրոսյանը կարողացել է առանց խոչընդոտների ձեռք բերել հողատարածքը։ Այս հարցի պատասխանը Էմմա Հունանյանն էլ հստակ չունի, բայց ասում է՝ շշուկներ կան, որ նա այդ տարիներին ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակոբյանի կնոջ քույրն է։

«Կա՛մ իր թիկունքում իրոք կանգնած է այդ մարդը, կա՛մ ուղղակի ծախել են հողս։ Այստեղ առաջ սառնարան է եղել, զինվոր է անցել, ասել է՝ այստեղ այնքան ապրանք ենք բերել արկղերով»,- իրենց հողամասին կից Մարինա Պետրոսյանին պատկանող շինությունը մատնացույց անելով՝ ասում է Էմմա Հունանյանը։

Մարինա Պետրոսյանը հրաժարվեց Factor TV-ին թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։ Իսկ Էմմա Հունանյանի պաշտպան Գայանե Հովակիմյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հողամասին կից շինությունը ձևակերպված է որպես բնակելի կառույց, մինչդեռ այն իրականում ավտոտնակ է, որտեղ մեքենաներ են վերանորոգում։ Նա ևս մի  հանգամանք մատնանշեց․ շինությունը սարքվել է բարձրավոլտ էլեկտրակայանի հենց պատին կպած, ինչի իրավունքը չկար։

Երբ անձը տասը տարի անընդմեջ բարեխիղճ, բացահայտ տիրապետում, օգտագործում է գույքը, կարող է դրա նկատմամբ ձեռքբեման նախապատվության իրավունք ունենալ։ Պաշտպանը 2019-ին հայցադիմում է ներկայացրել քաղաքացիական դատարան՝ ձեռքբերման վաղեմության ուժով Էմմա Հունանյանի սեփականության իրավունքի ճանաչման պահանջով, որի քննությունը դեռևս շարունակվում է։

Այսպիսով, 20 տարուց ավելի է՝ ընտանիքը չի կարողանում սեփականացնել հողակտորը, թեև մյուս հարևաններն արդեն վաղուց սեփականության վկայականներ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան