Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության որևէ խոշորացման գործընթաց ՀՀ-ում չանել. Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարն օրվա առաջին կեսին հանդիպումներ է ունեցել Սիսիանի և Գորիսի բնակիչների, ինչպես նաև Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը լսել է սյունեցիների խնդիրներն ու պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ իրեն մեղավոր է զգում, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չի ներառվել իր երթուղում, բայց դա ունի իր օբյեկտիվ հիմքերը․ «Մեր այցի նպատակը ձեր առջև արձանագրելն, է որ ձեռք բերված հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրինն է։ Մեր խնդիրն է, որ հաղթանակածի զգացողությունը պահպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ լինի մշտական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ներկաներին շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով և հավելել, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է։ «Սահմանադրությունում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես բոլորիդ շնորհավորում եմ դրա կապակցությամբ։ Հայաստանում տեղական իշխանների և իշխանիկների ժամանակն անցել է, ՀՀ քաղաքացին ազատ է ու հպարտ։ Նա պատասխանատու է իր երկրի համար։ Սա է մեր հիմնական ուղերձը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս Հայաստանի փոփոխությունն այն է, որ բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին, իսկ ժողովուրդը տերն է։ «Գորիսի տերը Գորիսի բնակիչն է, մյուս պաշտոնյաները ծառայում են Գորիսի ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության տերը ՀՀ քաղաքացին է, բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին։ Սա է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել։ Սա ձեր հաղթանակն է, այն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, ծառայում է թալանին ու կոռուպցիային», – նշել է երկրի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում արդար դատական համակարգ ունենալու համար գործադիր իշխանությունը պետք է զերծ մնա դատարանների վրա ճնշում գործադրելուց։ «Ես հասկանում եմ, որ դատարանների վճռի նկատմամբ վստահություն չկա, բայց պետք է ամեն ինչ անենք, որ այդ վստահությունը մեծանա։ Այն դատավորները, որոնք կաշառքով, ինչ-որ ապօրինի միջոցներով վճիռ կիրականցնեն, մենք նրանց կհայտնաբերենք ու կհեռացնենք համակարգից, բայց գործադիր իշխանությունը դատարանի նկատմամբ ճնշումներ չպետք է գործադրի ու հարկադրի»,- ասել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ այլևս չկան ու չեն լինելու, իրավախախտում և հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Վարչապետը հույս է հայտնել, որ այդ հարցում ժողովուրդը կսատարի իրեն ու կառավարությանը։ «Ես ակնկալում եմ, որ ժողովուրդն ամուր կկանգնի իմ ու կառավարության կողքին, որ Հայաստանում «բեսպրեդելի» վերջը տանք ու արմատախիլ անենք: Քրեական դատավարության մեջ կա այսպիսի սկզբունք, որ մարդն ինքը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, դատախազությունը, իրավապահ մարմինները պետք է ապացուցեն անձի մեղավորությունը։ Ես չեմ ասում այսինչ անձը հանցագործ է, ես ոչ քննիչ եմ, ոչ դատախազ։ Ես ասում եմ, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից՝ վերջացրած մյուսներից»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավաստիացրել է, որ ինքը որևէ մեկից կախվածություն չունի, բացի ժողովրդից։ «Որքան դուք կանգնած լինեք կառավարության ու իմ կողքին, Հայաստանում կառուցման, զարգացման, օրինականության հաստատման գործընթացները շարունակվելու են։ Որ պահին զգամ, որ չունեմ ձեր աջակցությունը, մեկ րոպե ավել չեմ մնա վարչապետի աշխատասենյակում ու կարգավիճակում։ Իմ խնդիրը ձեզ ծառայելն է, ձեր խնդիրը, որ իմ ծառայությունը լինի մաքսիմալ արդյունավետ»,– ասել է վարչապետը։
Անդրադառնալով քաղաքացիների բարձրացրած տարաբնույթ խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ դրանք ընդունելու է ի գիտություն, դրանք ուսումնասիրվելու են ու, եթե լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ, դրանք շուտափույթ լուծում կստանան։

Խոսելով համայնքների խոշորացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ համայնքների խոշորացման գործընթացն իրոք վիճահարույց է, բայց ինքը ճիշտ չի համարում «նախկին որոշումները հետ ողորմեա անելը»։ «Ըստ էության մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Մենք պետք է մի պահ դադար առնենք ու տեսնենք ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվու՞մ են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության որևէ խոշորացման գործընթաց ՀՀ-ում չանել»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ ինն ամիսը բավարար ժամանակ չէ հարցի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու համար, անհրաժեշտ է սպասել մեկ-երկու տարի։ Նրա խոսքով՝ հնարավոր է լինեն նաև համայնքներ, որոնք կցանկանան խոշորանալ և այդ դեպքում պետությունն ընդառաջ կգնա այդ ցանկությանը։

 
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արտերկրում ապրող սիսիանցիներին ու գորիսեցիներին գալ ու ներդրումներ կատարել հայրենի քաղաքներում՝ շեշտելով, որ խոսքն օգնության մասին չէ։ Նա վստահեցրել է, որ ինքն անձամբ երաշխավորում է այդ ներդրումների պաշտպանությունը։ «Մենք հիմա աշխատում ենք մաքսիմալ նվազեցնելու հիպոթեքային վարկերի տոկոսները, որպեսզի մարզերում սկսեն սոցիալական նշանակության բնակարանաշինություն»,- տեղեկացրել է վարչապետը։

Համայնքների ղեկավարի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը համայնքների հետ տրամադրված է կառուցողական աշխատանքի: «Գիտեմ, որ այս փոփոխությունների ընթացքում համայնքների ղեկավարների շրջանում ապագայի հետ կապված կան անորոշություններ: Ասեմ, որ մենք տրամադրված ենք կառուցողական աշխատանքի, պատրաստ ենք մեկտեղել մեր ուժերը և իրական փոփոխություններ բերել: Այդ պրոցեսն արդեն զգացվում է, այսօր խնդիր ենք դրել այդ փոփոխությունները տարածել հանրապետությունով մեկ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կան փաստեր, ըստ որոնց, որոշ համայնքներում գոյություն չունեցող աշխատողներ են գրանցվում, ինչն, ըստ վարչապետի, շատ վատ երևույթ է: Նա կոչ է արել, որ դրանք շատ արագ վերացվեն, բանը չհասնի իրավապահ մարմինների միջամտությանը: «Ես չեմ կարծում, որ արդյունավետության խնդիրը պետք է լուծենք միայն իրավապահ մարմինների միջոցով: Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա խնդիրը պետք է լինի պետական միջոցներն արդյունավետ ծախսելը: Ես, վարչապետ ընտրվելուց հետո, հանդիպեցի գործարարներին ու պաշտոնապես հայտարարեցի, որ ազատված են կոռուպցիոն պարտավորություններից: Այսօր էլ ասում եմ, և խոսքս ուղղում ձեզ՝ ազատված եք կոռուպցիոն պարտավորություններից: Պետք չէ թողնել ամեն ինչ հասնի իրավապահներին, ֆիքսենք մի բան, ինքներդ գնացեք ձեր գործունեությանը նայեք այլ աչքերով: Մենք այլ տարբերակ չունենք, մարդիկ շատ արագ պետք է զգան փոփոխությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծել է՝ ով ազնվորեն կծառայի այս նպատակին, կառավարությունը պատրաստ է նրա հետ աշխատել, աջակցել, համախմբել ներուժն ընդհանուր խնդրի շուրջ:

Խոսելով սուբվենցիաների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ նպատակին 2018 թվականին նախատեսված միջոցներ չեն եղել և հավելել, որ որոշում է կայացվել չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարից շուրջ 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին, այսինքն՝ համայնքների կողմից ներկայացրած այն ծրագրերին, որոնք 40 տոկոսով ֆինանսավորվում են համայնքների, 60 տոկոսով կառավարության կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքներում առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր: 
Վարչապետի այցը Սյունիքի մարզ շարունակվում է: