«Եթե բոլոր նախարարներին դիմել եք, ինչո՞ւ եք կարծում, որ հենց Հրայր Թովմասյանի գործողություններից եք տուժել»․ պաշտպանի հարցը՝ նոտար Նունե Սարգսյանին

Լուրեր

18.03.2026 | 23:19
1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվեց
18.03.2026 | 23:11
34,576 տեղահանված անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, մերժման զրո դեպք ունենք․ ՆԳ նախարար
18.03.2026 | 22:50
Ադրբեջանում մեկ անձ է ձերբակալվել, որը, ըստ ՊԱԾ-ի, շանտաժի է ենթարկել Ալիևների ընտանիքին հարսի մասի նյութերով
18.03.2026 | 22:37
Ուղևորափոխադրումների ոլորտում գործող ապահովագրական պահանջների մասով նախատեսվում են նոր կարգավորումներ
18.03.2026 | 22:06
Թրամփը կարծում է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը նպատակահարմար է թողնել «այն օգտագործող երկրներին»
18.03.2026 | 21:54
Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին․ Մերց
18.03.2026 | 21:30
Առաջարկում եմ ժողովրդավարական ընդդիմությանը սկսել բանակցություն համախմբման նպատակով. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 21:16
Իսրայելը հայտնել է Բեն-Գուրիոն օդանավակայանում ինքնաթիռների վնասման մասին
18.03.2026 | 21:00
«Ունենք 2 հայ վիրավոր, մեկը փոքրիկ երեխա է»․ ինչ է կատարվում Իրանի ու Իսրայելի հայաշատ քաղաքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:52
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.03.2026 | 20:42
Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ
18.03.2026 | 20:30
ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:21
Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել
18.03.2026 | 20:05
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը
18.03.2026 | 19:52
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով այսօր դատարանում շարունակվեց «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի հարցաքննությունը։ Վերջինիս հարցաքննությունը մարտի 30-ին ընդհատվել էր, որից հետո նշանակված նիստերը չէին կայացել՝ Սարգսյանի՝ երկրից բացակայելու, Հրայր Թովմասյանի՝ խորհրդակցական սենյակում լինելու կամ այլ աշխատանքային զբաղվածության պատճառներով:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այդ ժամանակ գործող, իսկ այժմ ուժը կորցրած Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ Թովմասյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինը, ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ Արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Թովմասյանն այն ձեռք է բերել։ Այնուհետև, շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով նոտարների կախյալ վիճակը, 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն:

Նախորդ դատական նիստի ընթացում Նունե Սարգսյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը իր, ինչպես նաև երկու այլ նոտարի Բաղրամյան 1 փակուղու տարածքից վտարելու պահանջով դատական հայց է ներկայացրել։ Երեք նոտարները՝ Նունե Սարգսյանը, Էմմա Շաբոյանը և Ալվարդ Մելքոնյանը հակընդդեմ հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով տարածքն իրենց անհատույց օգտագործման համար տրամադրել։ Հետագայում Նունե Սարգսյանն ու Էմմա Շաբոյանը հրաժարվել են հակընդդեմ հայցից, իսկ Ալվարդ Մելքոնյանը շարունակել է դատական գործընթացը։

Դատարանն Ալվարդ Մելքոնյանի հայցադիմումը մերժել է, քաղաքապետարանի հայցը՝ երեք նոտարներին վտարելու վերաբերյալ, բավարարել։ Այդ վճռի դեմ երեք նոտարները վերաքննիչ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Դատարանում ցուցմունք տալիս Նունե Սարգսյանը հայտնել է, որ այն ժամանակ, երբ վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարան, Նորայր Փանոսյանը, որը եղել է Արդարադատության նախարարության պաշտոնատար անձ, զանգահարել է իրեն ու սպառնացել, որ հետ վերցնի բողոքը։

«Ալվարդի օրը կընկնես»,- ըստ տուժողի՝ իրեն ասել է Նորայր Փանոսյանը:

Այսօրվա դատական նիստին Հրայր Թովմասյանն ասաց, որ շուրջ 200 հարց ունի Նունե Սարգսյանին: Ի թիվս այլնի՝ Թովմասյանը Նունե Սարգսյանին Ալվարդ Մելքոնյանի մասին հարցեր ուղղեց:

Թովմասյանը հարցրեց՝ իրեն ծանո՞թ է «ամենայն հայոց թալանչի նոտար» արտահայտությունը, այն ո՞ւմ մասին է, ինչին ի պատասխան՝ Սարգսյանն ասաց․ «Երևի՝ Մելքոնյանի»:

Հետո Թովմասյանը հարցեր ուղղեց Սարգսյանին, թե հնարավո՞ր է, արդյոք, մեկ աշխատանքային օրվա ընթացքում 300 բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր վավերացնել: Նունե Սարգսյանը պատասխանեց, որ ինքը չի կարող, այլ նոտարի փոխարեն ասել չի կարող: Թովմասյանի խոսքից պարզ դարձավ, որ օրվա ընթացքում 300 բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր վավերացրած նոտարն Ալվարդ Մելքոնյանն է եղել:

Հետո Թովմասյանը հարցրեց՝ Ալվարդ Մելքոնյանը Նունե Սարգսյանի ներկայությամբ չի՞ ասել՝ 5-6 նախարար եմ ճամփել, տեսեք՝ սրան ոնց եմ ճամփում: Այս հարցին ի պատասխան՝ Նունե Սարգսյանն ասաց, որ Ալվարդ Մելքոնյանն իր ներկայությամբ նման բան չի ասել:

Թովմասյանի հարցադրումներից կարելի էր ենթադրել, որ նա որոշ հանգամանքների է տիրապետում, որոնց մասին, իր խոսքով, չի ցանկանում ասել, բայց ակնկալում է, որ Սարգսյանը դրանց մասին կխոսի:

Շարունակելով հարցերը՝ Թովմասյանը հետաքրքրվեց․ «Դուք երբևէ ինչ-որ մեկին ասե՞լ եք, որ Ձեզ սպառնացել են»: Մելքոնյանը պատասխանեց, որ նման բան չի ասել:

«Դուք Ձեզ վախկոտ մարդ համարո՞ւմ եք կամ վախի ազդեցության տակ ցուցմունք տվե՞լ եք»,- Սարգսյանին հարցրեց Թովմասյանը, ինչին իպատասխան՝ նոտարն ասաց, որ ինչ-որ մեկի ազդեցության ներքո ցուցմունք չի տվել:

Նախորդ դատական նիստի ընթացքում Նորայր Փանոսյանը խոսել էր այն մասին, որ Ալվարդ Մելքոնյանը մի բնակարանը 10 անձի է վաճառել: Սրա համար Մելքոնյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել, նրա լիազորությունները դադարեցվել են, բացի այդ՝ նաև քրեական գործ է հարուցված եղել:

Այսօր պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ Ալվարդ Մելքոնյանի վերաբերյալ կարգապահական վարույթի որոշման տակ հենց ինքը՝ Մելքոնյանն է ստորագրել՝ որպես նոտարական պալատի նախագահ, այսինքն՝ Մելքոնյանն էլ ընդունել է, որ կարգապահական խախտում է թույլ տվել:

Նախորդ դատական նիստին պատասխանելով հարցին, թե «Ալվարդի օրը կընկնես» արտահայտությունն ինչպե՞ս է ընկալել Նունե Սարգսյանը, վերջինը պատասխանել էր, որ Ալվարդ Մելքոնյանն աշխատանքից ազատվել է:

Պաշտպանական կողմն այսօր հարց ուղղեց Սարգսյանին, թե նոտարի լիազորությունների դադարեցման հարց ե՞րբ կարող է բարձրացվել, ինչին ի պատասխան վերջինն ասաց՝ եթե տարվա մեջ երկու տույժ ունենա:

Պաշտպանները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Նունե Սարգսյանը որևէ տույժ ունեցել է, երբ Նորայր Փանոսյանը, իր պնդմամբ, զանգել ու իրեն ասել է՝ Ալվարդի օրը կընկնես: Սարգսյանը պատասխանեց, որ կարգապահական տույժ չի ունեցել: Պաշտպանները փաստեցին, որ տույժ չունեցող Նունե Սարգսյանը չէր կարող «Ալվարդի օրն ընկնել»:

Սարգյանն ընդունեց, որ ինքը քննարկման առարկա հանդիսացող նոտարական տարածքն անհատույց օգտագործելու իրավունք չի ունեցել: Հարցին՝ այնուամենայիվ, տարածքն անհատույց օգտագործելու հարցով դիմե՞լ է արդարադատության նախարարներին, Սարգսյանը պատասխանեց, որ բոլոր նախարարներին են դիմել:

«Եթե բոլոր նախարարներին դիմել եք, ինչո՞ւ եք կարծում, որ հենց Հրայր Թովմասյանի գործողություններից եք տուժել»,- պաշտպան Օրբելյանը հարցրեց Նունե Սարգսյանին, ինչին ի պատասխան՝ նոտարը պատասխանեց, որ Թովմասյանի պաշտոնավարման շրջանում են դատական գործընթացների մեջ եղել:

Նունե Սարգսյանի հարցաքննությունը դարձյալ չի ավարտվել, այն կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Արաքս Մամուլյան