Հրապարակի շենքերին ամրացված խոշոր լույսերը չեն հանվելու․ ճարտարապետները պահանջում են ապամոնտաժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:40
ԱԱ․ Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է
07.12.2025 | 11:26
Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը
07.12.2025 | 10:38
Հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2025 | 10:30
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 10:11
Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամանորյա տոներն անցան, բայց Հանրապետության հրապարակի շենքերի վրա բացված հազարավոր անցքերը, ինչպես խոստացել էին քաղաքային իշխանությունները, դեռ չեն փակվել։ Ըստ պայմանագրի՝ աշխատանքներն արդեն պիտի ավարտված լինեին՝ եղանակային պայմաններն են խանգարել, Factor TV-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։

Բացի այն, որ անցքերը չեն լցվել, նաև տոնական լուսավորությունն ամբողջությամբ չի ապամոնտաժվել, շենքերի վրա դեռ մնացել են խոշոր լույսերը․ պարզվում է՝ քաղաքային իշխանությունները մտադիր են դրանք թողնել, որպեսզի միացվեն տոնական մյուս միջոցառումների ժամանակ:

Դեկտեմբերին, երբ անցկացվում էր մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, ճարտարապետական համայնքը հարց էր բարձրացնում՝ ով և ինչու է թույլատրել հանրապետական նշանակության հուշարձան-շենքերի վրա նման անցքեր բացել։ Պատասխանատու գերատեսչությունները՝ նախարարությունն ու քաղաքապետարանը, սլաքներն ուղղում էին միմյանց վրա։ Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ նախքան նախագծի իրականացումը ԿԳՄՍՆ գործընկերների հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել, հետո էլ պարզվեց, որ անգամ նախագիծ չի ներկայացվել, նախարարության գիտամեթոդական նիստում հարցը չի էլ քննարկվել։

«Ամբողջ Հայաստանում հուշարձան-շենքերի հետ կապված փոփոխություններ են կատարվում, բայց դրանց համար պետք են նախագծային լուծումներ, դրանք պետք է վավերացվեն ԿԳՄՍՆ հատուկ հանձնաժողովի կողմից, և միայն թույլտվության դեպքում կատարվեն փոփոխություններ»,- մանրամասնում է ճարտարապետ-վերականգնող Դավիթ Նահատակյանը։

Մոտ երկու շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարությունում թեմայի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ճարտարապետական համայնքի հետ: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը մասնակցել է այդ քննարկմանը, ասում է, որ շատ հարցեր մնացին օդում կախված։

«Մեր հարցադրումներից մեկն այն էր, թե ո՞վ է նախաձեռնել, որտե՞ղ են քննարկել, ո՞ւմ հետ, ինչպե՞ս են որոշումը կայացրել՝ որտեղ ծակել, որտեղ՝ ոչ։ Բայց հարցերին պատասխան չկա»,- ասում է Քլաշյանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր՝ շենքերի նկատմամբ վերաբերմունքը եղել է առավելագույնս նուրբ ու նվազագույն միջամտությամբ, իսկ  քաղաքը դրանից վնաս չի կրել։ Այնինչ՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը բացատրում է՝ երբ ասում են պատմամշակութային հուշարձան, նշանակում է, որ շինությունն անձեռնմխելի է՝ անգամ պատուհան կամ դուռ փոխել չի կարելի,  ուր մնաց՝ շաղափիչով ծակել հուշարձան-շենքի պատը։ Շատ երկրներում կան հուշարձանների պահպանական պայմանագրեր, որոնցով շենքերի վրա  փոփոխություն անել չես կարող, եթե չկա մասնագիտական խորհրդատվություն և թույլտվություն։ Հիմա էլ ճարտարապետները խնդրահարույց են համարում այն, որ քաղաքային իշխանությունը մտադիր է խոշոր լույսերը թողնել հուշարձան-շենքերի վրա։

«Մենք պահանջեցինք, որ բոլորն է պետք քանդել»,- ասում է Սաշուր Քալաշյանը։

Ճարտարապետը, մինչդեռ, համոզված է՝ հանձնաժողովի բացասական եզրակացությունն էլ հաշվի չեն առնի, կանեն այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում։

«Դա անհատների կարծիք է, մասնագետներ են, 100 հոգի ճարտարապետ կա, 100 տարբեր կարծիք կարող է լինել»,- ի պատասխան բացասական եզրակացության՝ ասում է Լևոն Սարդարյանը։

Նա հավելեց, որ ԿԳՄՍՆ-ն նորմալ է վերաբերում որոշմանը, իսկ նախարարությունից մեր հարցերին չպատասխանեցին՝ հորդորելով դիմել գրավոր։ Սաշուր Քալաշյանի խոսքով՝ պատճառված վնասը հնարավոր է վերացնել, բայց հարցն այն է, թե ինչպե՞ս։

«Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, և դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել»,- ավելի վաղ ասել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Այդպես է՝ հաստատում է ճարտարապետ-վերականգնող Դավիթ Նահատակյանը, բայց նաև շեշտում՝ դա չի նշանակում, որ կարելի էր շարունակել կատարված հանցագործությունը։ Հիմա մեր հուշարձան-շենքերի վրա ամեն ինչ կարող ենք տեսնել՝ մեխերից մինչև օդորակիչներ՝ նկատում է ճարտարապետը։

Այդպիսի մի միջամտություն էլ վերջերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի վրա է արվել։ Արդյո՞ք ներկայացումների և այլ միջոցառումների վերաբերյալ հայտարարությունների ցուցատախտակը պատին փակցվել է համապատասխան թույլտվությամբ և առանց շենքը վնասելու։ Փորձեցինք թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանում ստանալ, բայց մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ԱԺ-ում ասել էր, թե Հանրապետությունում 24,000 հուշարձան կա, չեն կարող գնալ, տեսնել՝ որի վրա ինչ անցք կա, բայց, ըստ առաջնահերթության, անդրադառնում են բոլոր հուշարձաններին։

Բայց ինչպես են վերացվում միջամտությունները․ Սաշուր Քալաշյանն ասում է՝ օրինակ անցքերը լցնելու համար էլ է գիտական ուսումնասիրություն պետք, ոչ թե պարզապես հրահանգ՝ արագ վերանորոգելու։

Դավիթ Նահատակյանն էլ ասում է՝ խնդիրն այստեղ միայն անցքերը լցնելը կամ վնասները հաշվելը չէ․ «Այդ անցքերը փակելուց հետո էլ դրանք կարող են բացվել, բացի այդ՝ արդեն վնասել են, հուշարձանն աղավաղել են․ բարոյական վնասը ո՞վ պիտի հատուցի»։

Մայրաքաղաքի տոնական ձևավորման համար քաղաքային իշխանությունները 2 միլիոն դոլար են ծախսել։ Միայն լուսավորության նախագիծն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի, 191 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել «Սիմեմարտ» ՍՊԸ-ի հետ, որից շուրջ 52 միլիոնը՝ տոնական լուսավորության սարքավորումների ապամոնտաժման և պահեստավորման աշխատանքների համար։ Ընկերությունից ավելի վաղ Factor TV-ին հայտնել էին, որ հաշվարկված և պայմանագրով նախատեսված է նաև նվազագույն միջամտության հետևանքների վերացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան