Մեղադրյալները. ՀՀ գրեթե բոլոր նախկին ՊՆ նախարարներն անցնում են քրգործերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Դավիթ Տոնոյան, Վիգեն Սարգսյան, Սեյրան Օհանյան, Միքայել Հարությունյան։ Ի՞նչն է միավորում այս նախկին պաշտոնյաներին։ Տարբեր ժամանակներում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած այս գործիչները որպես մեղադրյալ անցնում են մի շարք քրեական գործերով։ Factor TV-ն ուսումնասիրել է, թե նախկինում պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձինք ի՞նչ քրգործերում են ներգրավված։

Միքայել Հարությունյան․ հետախուզվում է։ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը Հարությունյանը զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ՝ 2007- 2008 թվականներին, իսկ մինչև այդ՝ 13 տարի եղել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Միքայել Հարությունյանին Հայաստանի իրավապահները մեղադրում էին 2008 թվականի մարտի 1-ին նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու համար։

Նշենք, որ իրավապահները նրան վերագրում են այդ ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած հետընտրական խմորումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ցուցումով հույժ գաղտնի 0038 հրամանի ստորագրումը, որով Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կենտրոնացվեցին Երևանում։

Միքայել Հարությունյանն այժմ ապաստանել է Ռուսաստանի Դաշնությունում՝ ինչպես Հայաստանի արդարադատությունից խուսափող նախկին իշխանության շատ այլ կարկառուն ներկայացուցիչները։ 2020 թվականին պարզվեց, որ Հայաստանի Զինված ուժերի ԳՇ պետի և պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրած Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից։ Թե ինչպե՞ս է պատերազմող Հայաստանի պաշտպանական ոլորտը վստահվել նաև օտար պետության քաղաքացիություն ունեցող անձի, ՀՀ քաղաքացիներին մինչ օրս որևէ բացատրություն չի տրվել։

Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինած և ռազմական գերատեսչությունը 8 տարի՝ 2008-2016 թվականներին ղեկավարած Սեյրան Օհանյանն առաջատարն է քրեական գործերում ներգրավվածությամբ։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո նա ևս մեղադրվում էր 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար։ Օհանյանն այդ ժամանակահատվածում զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ 2021 թվականին Սեյրան Օհանյանը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի հետ արդարացվեց։

Այս շաբաթ ՀՀ Գլխավոր դատախազությունն Օհանյանին միանգամից երեք մեղադրանք առաջադրեց։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է զորամաս և ռազմական նշանակության այլ շինություններ ներառող հատուկ նշանակության «Երասխ-1» տարածքն անհամեմատ էժան՝ 4 մլն դրամով գեներալ Գրիգորի Խաչատուրովին վաճառելու, իսկ «Երասխ-2» տարածքը՝ ՊՆ պաշտոնյայի հետ բարեկամական կապեր ունեցող անձին վաճառելու համար։

Սերժ Սարգսյանի կողմից պաշտպանության նախարար նշանակված Օհանյանին է վերագրվում նաև նախկինում ՊՆ-ի սեփականություն հանդիսացող այս շենքի և հարևանությամբ գտնվող տարածքի վաճառքը սփյուռքահայ գործարար, «Գլենդել Հիլզ» շինարարական ընկերության սեփականատեր Վահե Յագուբյանին՝ պետությանը, ըստ գլխավոր դատախազի, պատճառելով 5,1 մլրդ դրամի վնաս։

Օհանյանն անցնում է նաև հանրությանը հայտնի «անպիտան հրթիռների» քրգործով, որոնք 2011 թվականին զենքերի վաճառքի բիզնեսով զբաղվող «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանը վաճառել է ՊՆ-ին։ Օհանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՊՆ-ն, արձանագրելով անսարքությունը, հրթիռները չի գնել, սակայն պահեստավորել է։

Սեյրան Օհանյանը ներգրավված է նաև ՊՆ-ին պատկանող «Ձորագետ» հիդրոէլեկտրակայանի սեփականաշնորհման քրգործում։ Այդ ՀԷԿ-ն օտարվել է 2010 թվականին: Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր՝ ավելի քան 3 միլիոն դոլար արժողությամբ գույքի վատնում թույլ տալու մեջ։ 2019 թվականի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ակնարկել էր, թե ՀԷԿ-ի սեփականատերերը փոխկապակցված էին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։

Պաշտպանական գերատեսչության երբեմնի ղեկավարն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Սեյրան Օհանյանն իրեն առաջադրած որևէ մեղադրանք չի ընդունում։ Հակառակը՝ ինքն է մեղադրում իշխանություններին, իր գնահատմամբ՝ կեղծ գործեր հարուցելու համար։

ՀՀԿ-ի իշխանության շրջանում պաշտպանության վերջին նախարարին՝ Վիգեն Սարգսյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությունն ընդամենը մեկ օր առաջ հայտարարություն տարածեց։ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է  2016-2018 թվականներին։

Սարգսյանը, ըստ իրավապահ կառույցի, 2018 թվականի հունվարին նախարարության հաշվեկշռում գտնվող Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Ըստ Դատախազության՝ Վիգեն Սարգսյանի որոշմամբ՝ 26 բնակարան տրվել է այն զինծառայողներին, որոնք կա՛մ հերթացուցակում ուշ են հայտնվել, կա՛մ ընդհանրապես ցուցակ չպետք է ընդգրկվեին։

Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ 2019 թվականից Միացյալ Նահանգներ տեղափոխված Վիգեն Սարգսյանը Գլխավոր դատախազությանն արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Նշենք, որ Վիգեն Սարգսյանն իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել հեղափոխությունից հետո։ Ուսումնասիրվում էր Հյուսիսային պողոտայում գտնվող նրա բնակարանների գնման գործընթացը։ Ի դեպ, անցյալ տարի «Սիվիլնեթը» հայտնեց, որ Վիգեն Սարգսյանը, չնայած քրգործին, իր տունը 2,5 մլն դոլարով վաճառել է «Վիվառո» ընկերության սեփականատերերին։ Ուշագրավ է, որ ինչպես Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ Վիգեն Սարգսյանի տների վաճառքի դեպքում քրգործը խոչընդոտ չէր հանդիսացել։

Քրեական գործերը չեն շրջանցել նաև Դավիթ Տոնոյանին, որը որպես նախարար աշխատել է հեղափոխական իշխանության օրոք։ Մինչ այդ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնող Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո, բայց պաշտոնանկ արվեց 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց։ Պաշտոնանկությունից շուրջ մեկ տարի անց ԱԱԾ-ն նրան մեղադրանք առաջադրեց ու կալանավորեց։

Տոնոյանը մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման համար, նրան վերագրվում է կոռուպցիոն հանցագործություն․ խոսքը ռազմամթերքի ձեռքբերման մասին է։ Սա նույն, այսպես կոչված, «անպիտան հրթիռների» քրգործն է, որով անցնում է նաև Սեյրան Օհանյանը։ Դավիթ Տոնոյանը կալանավայրից պարբերաբար հայտարարություններ է տարածում առ այն, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հետպատերազմական Հայաստանում պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը․ նա յոթ ամիս պաշտոնավորելուց հետո ազատվեց աշխատանքից, իսկ այժմ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է։ Նա որևէ քրգործով չի անցնում։  Հարությունյանին չորս ամսով փոխարինեց Արշակ Կարապետյանը, որը մինչ այդ եղել էր Նիկոլ Փաշինյանի խորհրդականն ու ԳՇ պետի առաջին տեղակալը։

Արշակ Կարապետյանը ևս, չնայած չի անցնում քրգործերով, սակայն նրա անունը ներառված է նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գաղտնի զեկույցում։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Կարապետյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր, և հանձնաժողովը նրա հետ կապված բացահայտումներ էր արել, ինչի մասին հայտարարել էր ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորիգիսյանը։

2021 թվականի նոյեմբերի 15-ից ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Սուրեն Պապիկյանը։ Նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ամենաաղմկահարույց դեպքը 15 զինվորի մահվան պատճառ դարձած զինվորական կացարանի հրդեհն է, որից հետո շատերը սկսեցին խոսել Պապիկյանի հրաժարականի պահանջից։ Այս ողբերգական պատահարի փաստով ԶՈՒ-ում պաշտոնանկություններ եղան, նաև քրեական գործեր հարուցվեցին, բայց Պապիկյանը հրաժարական չներկայացրեց, նաև չի անցնում որևէ քրեական գործով։

Այսպիսով, ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ պատերազմական իրավիճակներում գտնվող Հայաստանում պաշտպանության նախարարի պաշտոններ զբաղեցնող անձանցից չորսն անցնում են տարբեր քրեական գործերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան