«Ուշադրությունն ուղղված է պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձաններին». Ալֆրեդ Քոչարյան
Հասարակություն
04.02.2023 | 14:45Ազգային ժողովի նախաձեռնությամբ փետրվարի 3-4-ին անցկացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Ռազմավարության գլխավոր նպատակն է մշակութային ժառանգության պահպանությունն ու փոխանցումը սերունդներին «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ արտադպրոցական դաստիարակության հետ կապակցված կարգավորումները ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նա մատնանշել է ոլորտում նախատեսվող բարեփոխումներն ու խոսել դրանց նպատակներից:
«Ռազմավարության գլխավոր նպատակն է մշակութային ժառանգության պահպանությունն ու փոխանցումը սերունդներին, և այդ հիմնաքարի շուրջ էլ կառուցվել է ռազմավարությունը: Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թ. նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 30 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թ. հատկացված է 660 մլն, որը նախատեսվում է հասցնել 1 մլրդ ՀՀ դրամի: 2027 թ. պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսում ենք հասցնել մինչև 2 մլրդ ՀՀ դրամի: Այս գումարների հիմնական մասը ծախսվում է գիտանախագծային աշխատանքների և բուն վերականգնումների համար: 2023 թվականին նախատեսում ենք իրականացնել 12 հուշարձանի վերականգնում»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը և հավելել, որ վերականգնվող հուշարձանների թիվն այս տարի աննախադեպ է:
Պատմական հուշարձանները վերաբերմունք են ձևավորում երկրի նկատմամբ Նախարարի տեղակալի խոսքով՝ ոլորտի քաղաքականության մեջ ուշադրությունն ուղղված է պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձաններին՝ բերդերին և ամրոցներին. «Համոզված ենք, որ սա կրթության կարևոր մի բաղադրիչ է, այսինքն անձը մանկուց պետք է ճանապարհորդի Հայաստանով և տեսնի այն բերդերը, ամրոցները, խորհրդանիշները, որոնք պատմական նշանակություն ունեն երկրի և պետականության համար, ինչն էլ անձի մոտ վերաբերմունք է ձևավորում իր երկրի նկատմամբ»: Անդրադառնալով պետություն-մասնավոր հատված համագործակցությանը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս համագործակցության շրջանակում շարունակական վերականգնման փուլում են գլխավորապես պաշտամունքային նշանակության ավելի քան 10 հուշարձաններ:
Մինչև 2027 թ. դրանց թիվը նախատեսվում է կրկնապատկել: Բարեփոխումներ են նախատեսված թանգարանների ոլորտում Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ հիմնական բարեփոխումները նախատեսված են թանգարանների ոլորտում. «Այս փոփոխությունները կապված են այն հանգամանքի հետ, որ կան թանգարաններ, որոնք չեն ունենում այնքան այցելու, որը կհամապատասխանի իրենց փաստացի ներուժի հետ:
Այս խնդրի լուծման նպատակով նախատեսվում է ստեղծել պետական կառույց (հիմնադրամ), որը կաջակցի թանգարաններին՝ վերցնելով որոշ գործառույթներ իր վրա, տալով թանգարաններին ավելի շատ ազատություն, հնարավորություն՝ ավելի շատ զբաղվելու գիտական գործունեությամբ»: Նոր մոդելով առաջարկվում է ստեղծել «Թանգարանների կառավարման հիմնադրամ», որը կիրականացնի թանգարանների կառավարման և առաջխաղացման, մասնավորապես կազմակերպատնտեսական, անձնակազմի կառավարման, ֆինանսական և հանրահռչակման գործառույթները:
Ընդ որում՝ ծառայությունների զգալի մասը նախատեսվում է մրցութային ընթացակարգով արտապատվիրակել մասնավոր ընկերություններին: Նշվել է, որ կառավարման նոր մոդելը հնարավորություն կտա իրականացնելու թանգարանների կառավարչատնտեսական համակարգված կառավարում մեկ կենտրոնից, վարել ֆինանսական և անձնակազմի ներգրավման ճկուն քաղաքականություն՝ միաժամանակ նպաստելով տնօրենների և մասնագիտական ներուժի գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացմանը և թանգարանների գիտակրթական գործունեության զարգացմանը։ Էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում Շարունակելով ներկայացնել թանգարանների ոլորտում նախատեսվող բարեփոխումները՝ Ալֆրեդ Քոչարյանը մատնանշել է էլեկտրոնային տոմսային միասնական համակարգի ներդրումը, որը, որպես պիլոտային ծրագիր, սկզբնական շրջանում կներդրվի ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններում:
Այն հնարավորություն կտա ապահովելու թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպում, տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմի ներդրում: «Այս ծրագիրը միտված է ոլորտում թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև ներառում է հարմարավետության բաղադրիչը: Թանգարանի այցելուները հնարավորություն կստանան ձեռք բերելու էլեկտրոնային տոմս, գնային ճկուն համակարգ՝ ստանալ զեղչ մի քանի թանգարանի տոմս ձեռք բերելու պարագայում:
Այս համակարգի ներդրումը ժամանակի հրամայական է. մրցույթի առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, երկրորդը կհայտարարվի առաջիկայում»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը: Խոսելով ոլորտում առկա բացի մասին՝ Ալֆրեդ Քոչարյանը մատնանշել է թանգարանների օրենքի բացակայությունը, որն այս տարի կլրացվի: Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրել է, որ 1998 թվականից ի վեր չէր արդիականացվել հուշարձաններին վերաբերող օրենքը: Այժմ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը և շուտով այն կներկայացվի երկրորդ ընթերցման:
Կապիտալ ծրագրերն աճել են Կապիտալ վերանորոգման ծախսերի մասով նախարարի տեղակալն արձանագրել է, որ արդեն իսկ շուրջ մեկ միլիարդ դրամ է ծախսվել Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխման համակարգի արդիականացման համար. «Այս տարի կավարտվի պատկերասրահի բոլոր հարկերի վերանորոգման, վերելակների փոխման աշխատանքները: Կապիտալ նորորգման ծախսերը շարունակվելու են նաև այս տարի, կվերանորոգվի Թումանյանի թանգարանը»: Նախարարության ռազմավարական առաջնահերթություններից է նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտը. այս գործընթացներում կարևորվում է ՀՀ համայնքների, ժառանգությունը կրող խմբերի, անհատների, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներգրավածության ընդլայնումը: Արհեստներ սովորելու համար կտրվեն դրամաշնորհներ։
«Այս ոլորտում կրթական ծրագրերի համար տրվում են դրամաշնորհներ, և նախապատվություն ստանում են այն նախագծերը, որոնց միջոցով մարդիկ հնարավորություն են ունենում սովորելու արհեստներ: Շահառուները ոչ միայն երիտասարդներն են, այլև տարեց մարդիկ: Նմանատիպ կրթական ծրագրեր իրականացնում են նաև մեր թանգարանները. շուրջ 40 հազար շահառու այս կրթական ծրագրերի միջոցով սովորում են տարբեր արհեստներ»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ միևնույն ժամանակ ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տարվում են աշխատանքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտեր գրանցելու ուղղությամբ: