Վերադարձ ծանրաբեռնված դատարաննե՞ր. մեկ տարի առաջ նշանակված դատավորները կդառնան ռեզերվային

Լուրեր

12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում միայն քրեական գործեր էին քննում, ամենայն հավանականությամբ նորից կսկսեն քննել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական միջոցառումներ (ՕՀՄ) իրականացնելու թույլտվության վերաբերյալ գործեր, իսկ այդպիսի գործեր քննած դատավորների գերակշիռ մեծամասնությունը կդառնա ռեզերվային դատավոր։

Կառավարությունն առաջարկում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարել էական փոփոխություններ, որոնք Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է։ Այս պահին գործող օրենքով՝ ընդհանուր իրավասության դատարան բուն քննության ուղարկված գործերը քննում են քրեական մասնագիտացմամբ դատավորները, իսկ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները (նախկինում՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն)՝ ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ առանձին դատավորները։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ առանձին դատավորերը քննում են նաևՀՀ ամբողջ տարածում ՕՀՄ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունները։

Այժմ առաջարկվում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանել, որ քրեական մասնագիտացմամբ դատավորներին քրեական վարույթներից, այսինքն՝ բուն գործերի քննությունից բացի վերապահվի նաև մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների քննությունը, իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորներին՝ ՀՀ ողջ տարածքում՝ ՕՀՄ-իրականացնելու վերաբերյալ միջնորդությունները։

Նշենք, որ «մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթ» ասելով՝ օրենսդիրը նկատի ունի, օրինակ, անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները, նախաքննության ընթացքում քննիչի որոշման դեմ բողոքները։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և ՕՀՄ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննում էին նաև մեկ տարի առաջ, սակայն Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին ու գործերի բուն քննությունը մինչդատական վարույթի շրջանակներում ներկայացվող միջնորդությունների ու բողոքների քննությունից առանձնացվեցին։ Այդ ժամանակ օրենքի փոփոխությունների հիմնավորումներում նշվում էր, որ եթե քրեական գործեր քննող դատավորները մինչդատական վարույթի գործեր ու ՕՀՄ իրականացնելու միջնորդություններ չքննեն, նրանց ծանաբեռնվածությունը կթոթափվի, որը կնպաստի գործերի՝ ողջամիտ ժամկետներում քննություն իրականացնելուն։
Այդ ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների նստավայրը վերանվանվեց «Աջափնյակ 1», և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և ՕՀՄ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող բոլոր դատավորները տեղափոխվեցին այս նստավայր։ Մարզերում ևս առանձնացվեցին այսպիսի գործեր քննող դատավորներ։

Այժմ շրջանառվող օրենքի նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է, որ քրեական մասնագիտացմամբ առանձին դատավորներին, որոնք մեկ տարի առաջ տեղի ունեցած փոփոխություններից հետո առաջին անգամ են դատավորի պաշտոնում նշանակվել, այլևս նոր գործեր չհանձնվեն, իսկ նրանց վարույթում առկա գործերը ավարտելուց հետո այդ դատավորները ձեռք բերեն ռեզերվային դատավորի կարգավիճակ։

Հատկանշական է, որ այս առանձին դատավորների գերակշիռ մեծամասնությունը՝ բացառության մեկ կամ երկու անձի, առաջին անգամ դատավոր է նշանակվել 2021-ին տեղի ունեցած օրենքի փոփոխությունից հետո։ Ստացվում է, որ նրանք կդառնան ռեզերվային, և մինչդատական վարույթի և ՕՀՄ իրականացնելու քննության ողջ բեռը կրկին կմնա քրեական գործեր քննող դատավորների վրա։

Փոփոխություններով նախատեսվում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամետում Բարձրագույն դատական խորհուրդը առանձին դատավորների համար պետք է կազմակերպի որակավորման հատուկ ստուգում:

Որակավորման հատուկ ստուգմանը չմասնակցած և որակավորման հատուկ ստուգումը չհաղթահարած դատավորների համար Արդարադատության ակադեմիայում օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է լրացուցիչ վերապատրաստում` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած առարկայական կուրսերի վերաբերյալ: Լրացուցիչ վերապատրաստումը համարվում է անցած դրական գնահատման դեպքում, և եթե առանձին դատավորները մասնակցել են լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրանց բացակայությունը ճանաչվել է հարգելի:

Գործող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանվում է, որ եթե դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները, կամ ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը, ապա դատարանում համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը շարունակում է պաշտոնավարել՝ որպես դատավոր և դադարում է համարվել ռեզերվային, սակայն օրենքի նոր նախագծի համաձայն՝ առանձին դատավորները, որոնք դարձել են ռեզերվային չեն կարող պաշտոնավարել․ նախագծում նշվում է, որ մինչև սահմանված կարգով որակավորման հատուկ ստուգում կամ լրացուցիչ վերապատրաստում անցնելը քրեական մասնագիտացմամբ ռեզերվային դատավորները չեն կարող պաշտոնավարել որպես ռեզերվային դատավոր։

Ինչ վերաբերում է նախկինում դատավորի փորձ ունեցող անձանց, նրանց համար ևս փոփոխություններ են նախատեսվում․ օրենքի նախագծում նշվում է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորները, որոնք մինչև առանձին դատավորի պաշտոնում ընտրվելը եղել են քրեական մասնագիտացման գործող դատավորներ, շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում:

Այսինքն՝ այս դեպքում էլ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և ՕՀՄ միջնորդություններ քննելու համար ընտրված առանձին դատավորները պետք է սկսեն քննել բուն քրեական գործեր։

Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում մինչև առանձին դատավոր նշանակվելը որպես դատավոր պաշտոնավարած անձ չկա․ այստեղ աշխատող բոլոր 8 դատավորները առաջին անգամ նշանակված են, այսինքն՝ բոլորը պետք է անցնեն հատուկ որակավորում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում բուն քրեական գործեր քննող 25 դատավոր է աշխատում, այսինքն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընդհանուր առմամբ աշխատում է 33 դատավոր, որոնցից 25-ը քննում են բուն քրեական գործեր, 8-ը՝ դատական երաշխիքների վարույթներ ու ՕՀՄ միջնորդություններ։ Այժմ առնվազն նախնական փուլում 33 դատավորի աշխատանքը պետք է կատարի 25 դատավոր։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ առաջարկվող փոփոխություններով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պետք է գործի առնվազն 30 քրեական մասնագիտացմամբ դատավորի թվակազմով՝ չնայած այն հանգամանքին, որ այս պահին, փաստացի, բոլոր դատավորների թիվն ավելի մեծ է՝ 33։

Արաքս Մամուլյան