ՀՀ իշխանությունը խիզախ քայլերի պիտի գնա՝ իրավախախտումների զոհերի խնդիրը լուծելու․ Աննա Միրիամ Ռոկատելո
Քաղաքականություն
02.12.2022 | 18:00Factor TV–ի հարցազրույցը Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի ղեկավար Աննա Միրիամ Ռոկատելոյի հետ
-Տիկի՛ն Ռոկատելո, Ձեր ղեկավարած կենտրոնը երկու տասնամյակից ավելի շուրջ 50 երկրում ներգրավվել է անցումային արդարադատություն իրականացնելու աշխատանքներում։ ՀՀ-ում 2018-ին հեղափոխության խոստումներից մեկն անցումային արդարադատությունն էր։ 4.5 տարի է անցել, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործնական որևէ քայլ չի արել անցումային արդարադատության պրոցես սկսելու նպատակով։ Սա՝ չնայած նրան, որ ռազմավարություններ են ընդունվել, և վստահ եմ՝ ՀՀ Ձեր այցի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները Ձեզ հավաստիացրած կլինեն, որ հարցն իրենց օրակարգում է։ Ի՞նչ շանս է կորցնում ՀՀ-ն՝ չանելով անցումային արդարադատություն։
-Նախ՝ շնորհակալություն հրավերի համար։ Ուրախ եմ, որ քովիդի համաճարակի պատճառով երկար ժամանակվա այս ընդմիջումից հետո վերջապես կարողացա վերադառնալ Հայաստան՝ երկիր, որը ես շատ եմ սիրում և հարգում։ Նաև ուզում եմ ընդգծել իմ մեծ հարգանքը հասարակության նկատմամբ՝ կապված նրանց ընտրած ուղու հետ այս փոխակերպման ճանապարհին։ Անցումային արդարադատության հետ կապված մի մեկնաբանությամբ սկսեմ․ այո՛, դա եղել է հեղափոխության և հեղափոխությունից հետո քննարկված թեմաներից մեկը։ Ուզում եմ նշել, որ անցումային արդարադատությունն ընդգրկում է շատ տարբեր գործընթացներ, որոնք հասարակությունը որոշում է ներառել իր իրավական շրջանակի մեջ՝ շտկելու և անդրադառնալու այն կոպտագույն խախտումներին՝ հիմնականում մարդու իրավունքների խախտումներին, որոնք գրանցվել են անցյալում։ Սակայն նշեմ, որ անցումային արդարադատությունն իրականում այն է, ինչը հասարակությունը որոշում է փոխել։ Անցումային արդարադատության իրականացման շատ տարբեր գործիքներ կան, և դրանցից մեկի մասին, վստահ եմ, լսել եք՝ դա ճշմարտության հանձնաժողովն է։ Այդ շրջանակը կարող է տարբեր լինել։ Իրականում պետք է տարբեր լինի, որովհետև այստեղ այդ գործիքների միջոցով ընդամենը պետք է կարողանալ արձագանքել տվյալ պարագայում առկա խնդիրներին և այն հարցերին, որոնք հասարակությունը կարծում է, որ պետք է ենթարկվեն փոփոխությունների։ Եվ այս եզրույթի մեջ՝ անցումային արդարադատություն, հենց արդարադատություն բառն է կիրառվում, որովհետև հասարակության մեջ կան տարբեր խմբեր, որոնց կարծիքով՝ նրանց նկատմամբ հավասար վերաբերմունք չի դրսևորվել, և հենց այստեղ է, որ որոշակի հարցերի փոփոխության միջոցով նրանք պետք է շտկեն այդ իրավիճակը։ Անցումային արդարադատությունը շատ լայն հասկացություն է, մեծ կոնցեպտ է և չի ներառում միայն դատական գործոնը։ Այստեղ կա նաև հարգանքը, արժանապատվությունը քաղաքացիների նկատմամբ, նաև քաղաքացիների, մարդկանց տարբեր խմբերի արժանապատվության կամ իրավունքների ոտնահարման դեպքում պետության կողմից միջամտության առկայությունը։ Ես չէի ասի, թե այս կառավարությունը ոչինչ չի արել, բայց համաձայն եմ այն մտքի հետ, որ կային որոշակի թվով նախաձեռնություններ կամ այլ քայլեր, որոնք կարող էին արվել՝ ի լրումն արդեն կատարվածի, ինչը հնարավորություն կտար, որ հասարակությունը ստանար այդ ազդանշանը, այդ ազդակը, որ իրականում շոշափելի փոփոխություններ են տեղի ունենում։
-ՀՀ ներկա իշխանությունները խոսում էին անցումային արդարադատության իրականացման մասին մինչև 2020 թվականը։ Օրինակ՝ ուղիղ 3 տարի առաջ՝ 2019թ․ նոյեմբերի 28-ին, ՀՀ առաջին փոխվարչապետ, այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս թեմայով համաժողովում ասում էր, որ Հայաստանում տարիներ շարունակ զանգվածաբար խախտվել են մարդկանց իրավունքները, նույնիսկ արյունոտ էջեր են եղել, և այսօր հնարավորություն է ստեղծված ճշմարտությունը բացահայտելու. «Պիտի լինեն քրեական գործեր, արձանագրվի մեղքը, հանցագործությունը, խախտողների անունները, որ այլևս չկրկնվեն նման բաներ, և ներում շնորհվի հասարակության անունից՝ հաշտեցման ճանապարհով գնալով»։ Ըստ Ձեզ՝ անցումային արդարադատության ձգձգումն արդյո՞ք չի բերում դրա վերջնական չեղարկման։ Քանի որ, օրինակ, 2020 թվականի պատերազմից, ներքաղաքական ճգնաժամերից հետո հնարավոր է՝ ՀՀ գործող իշխանությունը պետք է կանգնի անցումային արդարադատության հանձնաժողովի առաջ։ Ինչո՞ւ պետք է նրանք սկսեն այդ պրոցեսը։
-Եթե կարճ պատասխան տամ, կլինի՝ այո։ Սակայն նշեմ, որ այս դատական գործողությունները կամ դատական պրոցեսները բավարար չեն լինի արդարադատության տարբեր ասպեկտներով իրականացման համար, պետք է լինեն տարբեր շրջանակներ, այդ թվում՝ մշակութային, ինստիտուցիոնալ և իրավական փոփոխություններ, որոնք հնարավոր կդարձնեն դա։ Եվ Հայաստանի պարագայում մենք մշտապես առաջարկում ենք իրականացնել մի շարք բարեփոխումներ այս նպատակին հասնելու համար, որոնք ներառում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք, իրենց հերթին, կնպաստեն օրենքի տարբեր մեկնաբանությունների հնարավորությանը, ինչը թույլ կտա ունենալ հաշվետվողականություն, թափանցիկություն և այլ անհրաժեշտ գործոններ։ Այս գործընթացները, իհարկե, պարունակում են բազմաթիվ ռիսկեր և պատասխանատվություններ, և զարմանալի չէ, որ կառավարությունը, մասնավորապես՝ հեղափոխական իշխանությունը, այսպես ասած, իրեն գտել է այս բարդ իրավիճակում, հատկապես՝ հաշվի առնելով այն ահռելի արտաքին սպառնալիքները, որոնք գալիս են պատերազմից։ Հասկանալի է, որ կա որոշակի իրավիճակ, որտեղ անվտանգ չեն զգում այս գործընթացների իրականացման հարցում։ Կարևոր է, որ այս կառավարությունը հիշի, որ կա եզակի հնարավորություն՝ արձագանքելու, անդրադառնալու տարիներ տևած ոտնահարումներին և իրավախախտումներին։ Մյուս կողմից՝ անհրաժեշտ են շատ խիզախ քայլեր, որոնք ուշադրություն կհրավիրեն հենց նշված իրավախախտումների զոհերի վրա։ Եվ մեր առաջարկությունն է՝ գնալ այդ ռիսկերին և ստանձնել քաղաքական հաշվետվողականություն։ Բայց ես ունեմ նաև առաջարկություններ՝ ուղղված քաղաքացիական հասարակությանը, քանի որ վերջինը հիմա արդեն ունի հնարավորություն հարաբերվելու և աշխատելու ժողովրդավարական կառավարության հետ։ Հասարակության պարտականությունն է՝ հասկանալ, որ գործ ունի նոր իշխանության հետ, որն օգնության կարիք ունի։ Քաղհասարակությունը նաև պետք է հասկանա, որ պատասխանատվություն ունի շարունակ մատնանշելու այն ամենը, ինչը դեռ իրականացման կարիք ունի և պետք է կատարվի։ Կարծում եմ՝ նախ պետք է վերանայենք մեր ակնկալիքները, ինչպես նաև կառավարության հետ մեր աշխատելաոճը, որպեսզի կարողանանք միասին հասնել այն արդյունքներին, որոնք ունեն էական նշանակություն։
-Օրերս ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ում իրավապաշտպան համայնքը, ժամանակի ընդդիմությունը քննադատում էին նախկին իշխանությունների քաղաքական պատվերը կատարելու մեջ։ Այդ դատավորը քննել է 2008-ի մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո կալանավորված ընդդիմադիրների՝ «Յոթի գործը»։ Ընդդիմադիրների փաստաբանները Մնացական Մարտիրոսյանին մեղադրում քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Մնացական Մարտիրոսյանը զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղավոր է ճանաչել և 7 տարվա ազատազրկման դատապարտել ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տարիներ անց ՄԻԵԴ-ն այդ գործով ճանաչել է Փաշինյանի իրավունքների խախտումները։ Բացի այդ՝ ԲԴԽ նախագահ, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը 2015 թվականին, երբ օմբուդսմեն էր, դիմել էր Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով: Անդրեասյանի դիմումը, իհարկե, մերժվել էր։ ԲԴԽ ներկա նախագահը՝ որպես ՄԻՊ գտնում էր, որ Մնացական Մարտիրոսյանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և թույլ տվել ՀՀ քրեական դատավարության դրույթների ակնհայտ և կոպիտ խախտումներ Արթուր Այվազյանի գործով։ Հիմա Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանին ընտրում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ չնայած, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել։ Այս դեպքն արդյո՞ք հուշում է այն մասին, որ ՀՀ իշխանությունը գնում է հակավեթինգի ճանապարհով։ Ի՞նչ գնահատական ունեք։
-Իհարկե՝ Ձեր նշածը շատ խնդրահարույց է։ Ընդհանրապես բարեփոխումներ ինչո՞ւ ենք անում։ Բարեփոխումները կատարվում են հիմնականում մեկ նպատակով՝ այս իրավիճակում ունենալ համակարգի լեգիտիմություն։ Եվ եթե կատարվում է մի անձի նշանակում, որը չունի լեգիտիմություն, հասարակության աչքում վստահություն, ապա դա մեծ խնդիր է դառնում, նաև ստեղծում է կասկածներ ջանքերի ուղղվածության վերաբերյալ։ Հայաստանի հետ կապված իմ հիմնական մտահոգությունը հենց դատական համակարգն է։ Այստեղ պարզապես անհրաժեշտ է նպատակադրված և խիզախ քայլերով կատարել դատական համակարգի անձնակազմի փոփոխություններ։ Դրանց նպատակն այն է, որ հասարակությունը վստահի այդ համակարգին, ձևավորվի այդ լեգիտիմությունը համակարգի նկատմամբ, հակառակ դեպքում՝ ինչ բարեփոխում էլ իրականացվի՝ լինի դա սահմանադրական ոլորտում, թե մշակութային կամ, թեկուզ, Հակակոռուպցիոն դատարանի հիմնադրումը, որը շատ լավ գաղափար է, դրանք չեն ստանա այն լեգիտիմությունը, այն լեգիտիմ ընկալումը, որի նպատակով էլ հենց դրանք ստեղծվում են։ Դատական համակարգը պետք է անկախություն ունենա, պետք է միջամտություններից զերծ լինի։ Եվ եթե դիտարկում ենք մինչ այժմ կատարված քայլերը, ապա քայլերն այդ ուղղությամբ են իրականացվում, այդ ուղղությամբ են գնում գործընթացները։ Սակայն չենք կարող նշել, որ այդ պրոցեսն այնպիսին է, որ հարաբերականորեն կարճ ժամանակում կձևավորվի մի համակարգ, որը կունենա լեգիտիմություն և հասարակական վստահություն։
–Անցումային արդարադատությանն ընդդիմացող քաղաքական խմբերը հաճախ են խտացնում գույները, որ դա նշանակում է՝ գնդակահարության պատի տակ շարել, ասենք, ընտրակեղծարարությունների կամ զինծառայողների իրավունքների շարունակական խախտումների մեղավորներին։ Այսինքն՝ անցումային արդարադատությանը տալիս են վրիժառության բնորոշում։ Կա նաև գնահատական այն մասին, որ անցումային արդարադատությունը կբերի հասարակության է՛լ ավելի պառակտման, արմատական խմբերի ակտիվացման, ուժեղ հակազդեցության, քաղաքական անկայունության։ ՀՀ-ի պարագայում արդյո՞ք այս ռիսկերն առկա են։
-Ես չեմ կարծում, որ այդ ռիսկերն առկա են։ Անցումային արդարադատությունը բնավ էլ վրեժի կամ վրիժառու արդարադատություն չէ, այլ միանգամայն հակառակը՝ այն վերականգնող արդարադատություն է, որը պետք է իրականացվի միասին, համատեղ և ստեղծի միմյանց հետ գոյակցող հասարակություն, բայց այս անգամ՝ արդեն մարդու իրավունքների վրա հիմնված գործող հասարակություն։ Անցումային արդարադատության գործիքներից ընդամենը մեկն է քրեական հետապնդումներ իրականացնելը կամ քրեական գործեր հարուցելը։ Շատ դեպքերում, երբ խախտումները եղել են զանգվածային և տևական ժամանակ, հնարավոր չէ պարզապես այդպիսի գործեր հարուցել և շատ հաճախ պետք էլ չէ դա անել։ Որպես օրինակ բերեմ անցումային արդարադատության մեկ այլ գործիք՝ ճշմարտության հանձնաժողովը, որը զոհին և անարդարությունը թույլ տվող անձին դնում է մեկ հարթակի վրա, փորձում են միասին հասկանալ՝ ինչպես է դա տեղի ունեցել, և ինչպիսի լուծում կարելի է գտնել ոտնահարված իրավունքի վերականգնման ուղղությամբ, որը կհամապատասխանի Հայաստանի իրավիճակին, Հայաստանի կոնտեքստին։ Նշված դեպքում ճշմարտության հանձնաժողովներում շատ գործեր պարտադիր էլ չէ, որ ունենան քրեական գործով վարվող ինչ-որ վերջաբաններ։ Այստեղ շեշտը դրվում է հետագայում նաև այս անձանց՝ իրավախախտների և անարդարությունների զոհերի հետ միասին ինտեգրվող հասարակություն հիմնելու, ստեղծելու վրա, որոնք միասին արդեն կգոյատևեն մարդու իրավունքների վրա հիմնվող այդ իրավիճակում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան