Պատժամիջոցի փոխարեն Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է գնում․ Ֆրանսիայի սենատորները խոստացան բարձրաձայնել Հայաստանի խնդիրը

Լուրեր

12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
Բոլորը

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը միջազգային հանրությանը կներկայացնի Հայաստանի բարդ իրավիճակը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ըստ Ֆրանսիայի սենատորների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը զգալի ազդեցություն ունի այս տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա, սակայն այդ պատերազմի հետևանքով չպետք է տուժի Հայաստանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ներկայացրին, թե ինչով կարող է Սենատը օգնել Հայաստանին, ինչ դիրքորոշում ունեն հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի հետ կապված և ինչ տեսակի աջակցություն կարող է ակնկալել Հայաստանը Ֆրանսիայից։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը հայտնեց, որ իրենք Երևան են ժամանել իրենց համերաշխությունը հայտնելու Հայաստանին։ Ժիլբեր-Լյուկ Դըվինազից բացի, Հայաստանում են Բուշ-դյու-Ռոն-ի սենատոր Բրիջիտ Դևեզան, Օ դը Սենի սենատոր (Իլ-դը-Ֆրանս) Պիեռ Ուզուլիան և Ռոն նահանգի սենատոր Էտիեն Բլանը։

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ի սկզբանե Հայաստան պետք է գար ծանոթանալու ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆրանսիական ասոցիացիաների և հիմնադրամների գործունեությանը Հայաստանում: Ժիլբեր-Լյուկ Դըվինազի խոսքով՝ երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, իրենց այցը հարցականի տակ էր, սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ խորհրդակցելուց հետո որոշեցին այն չչեղարկել՝ որոշակի փոփոխության ենթարկելով ծրագիրը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտից հանդիպումներ ենք ունեցել ՀՀ իշխանությունների հետ՝ հանդիպել ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ (խմբ. հարցազրույցն անցկացվել է ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի և Երևանի քաղաքապետի հտ հանդիպումներից առաջ)»,- ասաց Դըվինազը:

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարել, տարածքային նկրտումներ ունենալ ու, կարծես թե, միջազգային հանրության որևէ հայտարարություն չի կանգնեցնում Ադրբեջանի վարչակազմին: Հարցին, թե ստեղծված իրավիճակում ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշում և ին՞չ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպելու համար, և ի՞նչ տեսակի աջակցություն կարող է ցուցաբերել Ֆրանսիան Հայաստանին, Դըվինազը պատասխանեց, որ սեպտեմբերի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Ֆրանսիայի դիրքորոշումը հրադադարի և սահմանների պահպանման հարցում՝ նշելով, որ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված ելման դիրքեր: Ֆրանսիայի նախագահը հստակորեն նշել է ագրեսորի անունը, որն Ադրբեջանն է։

«Նախագահ Մակրոնն իր ելույթում անվանեց ագրեսորին, ինչը մինչ այդ չէր արվել: Իսկ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ սահմաններ ասելով հասկանում ենք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միջազգայնորեն ճանաչված սահմանները: Իսկ ինչպես գիտեք, միջազգային հարթակում Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն են գործում: Մայիսին մեր այցի ժամանակ ՀՀ իշխանությունները խոսում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ նշելով, որ պետք է վերագործարկել այն: Այսօր Ռուսաստանը հետ է կանգնել, և մնում է, որ Ֆրանսիան, ԱՄՆ և միգուցե Գերմանիան կրկին խաղաղության եզրեր փնտրեն այդ կառույցում: Սահմանային մեկ այլ խնդիր կա, այն է՝ Ադրբեջանից պահանջվում է հետ վերադառնալ 2022 թվականի նոյեմբերի 9-ին սահմանված ելման դիրքեր, ինչը չի արվում: Ֆրանսիայի նախագահն առաջարկում է, որ սահմանին խաղաղապահ ուժ տեղակայվի ՄԱԿ-ի կամ այլ կառույցի կողմից, ինչն առայժմ մերժվում է Ռուսաստանի կողմից»,- ասաց Դըվինազը։

Նրա խոսքով՝ իրենք որպես սենատորներ մտահոգ են Հայաստանի համար։ Սենատորն ընդգծում է, որ Հայաստանը և Արցախի ինքնիշխան Հանրապետությունը ժողովրդավարության երկու օրինակներ են, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ավտորիտար ռեժիմներ են, որոնք վնասում են երկու ժողովրդավարություններ։ «Եվ եթե այսօր մենք թույլ տանք դա, վաղը Արևելյան Եվրոպայի ժողովրդավարական մյուս ռեժիմները դժվարություններ կունենան»,- շեշտեց Դըվինազը։

Ռոն նահանգի սենատոր Էտիեն Բլանը երեք դիտարկում արեց նշված հարցի վերաբերյալ։

«Առաջինն այն է, որ մեր այցի շրջանակում հասցրել ենք ծանոթանալ տարածաշրջանում եզակի ժողովրդավարության ուժին՝ Հայաստանի ժողովրդավարությանը, որը գոյատևում է այս դժվարին դիվանագիտական, ռազմական և քաղաքական պայմաններում։ Եվ մենք՝ որպես հիմնարար ազատությունների պաշտպանության շատ հին ավանդույթի կրող, իսկապես հիացած ենք այն ամենով, ինչ այսօր անում է Հայաստանը այն դժվարին պայմաններում, որի միջով նա անցնում է։

Երկրորդ՝ մի քանի շաբաթ առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ֆոն Դեր Լեյենը հայտարարեց Ադրբեջանի և Եվրոպայի միջև hամաձայնագրի մասին։ Մեծ թվով սենատորներ դատապարտել են այդ համաձայնագիրը՝ համարելով, որ գազի կամ նավթի մատակարարումը կարող է թուլացնել Եվրոպայի, Ֆրանսիայի դիրքորոշումը Հայաստանին պաշտպանելու հարցում։

Եվ երրորդ՝ մենք հատկապես ուկրաինական պատերազմի ազդեցության տակ վերգտնում ենք այն անուղղակի հետևանքները, որոնք կարող է ունենալ այս պատերազմը Հայաստանի պաշտպանության հարցում։ Եվ եթե այստեղ ենք, նշանակում է, որ մենք չենք ուզում, որ Հայաստանը լինի ռուս-թուրքական դիվանագիտության համար գործիք, որը կարող է համաձայնագրեր կնքել Հայաստանի թիկունքի ետևում։ Իսկ մեզ համար դա մի շատ կարևոր բան է։ Ուկրաինայի պատերազմը զգալի ազդեցություն ունի այս տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա, և մեզ համար այստեղ գտնվելը նաև նշանակում է, որ այս պատերազմի հետևանքով չպետք է տուժի Հայաստանը»,- ընդգծեց Բլանը։

Օ դը Սենի (Իլ-դը-Ֆրանս) սենատոր Պիեռ Ուզուլիան իր հերթին Եվրոպային կեղծավոր է համարում, քանի որ, ըստ սենատորի, նա շարունակում է ռուսական գազ գնել Ադրբեջանի միջոցով։

«Ադրբեջանը լրացուցիչ նավթ է մատակարարում Եվրոպային դեպի Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստ ձգվող գազատարով, և գիտենք, որ այս նավթի մի մասը գալիս է Ռուսաստանից։ Եվս մեկ անգամ Եվրոպան մոռանում է իր բարոյական սկզբունքների մասին նավթի իր կարիքները հոգալու համար։ Եվ այսօր Եվրոպան վերջապես ընդունել է այն փաստը, որ Հայաստանը զիջում է իր տարածքային ինքնիշխանության մի մասը։ Եվ Հայաստանին պարտադրվում է բանակցել Ադրբեջանի հետ Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի շուրջ։ Եվ մեր դերն է ներկայացնել այս ամենը Եվրոպայի հանրությանը»,- ընդգծեց Պիեռ Ուզուլիան։

Խոսելով Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու մասին՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նկատեց, որ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է գնում, որը գալիս է Ռուսաստանից։
«Այսօր սանկցիաներ չկան, ընդհակառակը՝ Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է առնում, որը գալիս է Ռուսաստանից։ Ֆրանսիայի համար կարծում եմ երկու խնդիր կա․ այն ԵՄ անդամ է, որտեղ Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումը ոչ բոլոր երկրներն են կիսում։ Իտալիան այժմ կառավարվում է պուտինամետ ծայրահեղ աջակողմյանների կողմից։ ԱՄՆ-ում նույնպես սպասվում են միջանկյալ ընտրություններ։ Եվ հնարավոր կլինի չափել ուժերի հարաբերակցությունը Միացյալ Նահանգների ներկայիս և նախկին նախագահների միջև։ Այսպիսով, կարևոր է, թե պետություններն ում կողմից են կառավարվում»,- նշեց Դըվինազը։

Սենատորը խիստ կարևորեց նաև Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական համագործակցությունը։

«Մենք միշտ կապի մեջ ենք Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հայաստանյան նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Այդ փոխանակումները կարևորվում են նրանով, որ օրինակ Ֆրանսիայում շատ են խոսում Ուկրաինայի մասին, և մենք անհանգստանում ենք, որ Հայաստանի խնդիրը ստվերում է մնում։ Եվ ինչպես Էթիեն Բլանը նշեց, նա Ֆրանսիա վերադառնալուն պես տեղեկություններով կկիսվի իր կուսակցական ընկերների հետ։ Եվ մենք բոլորս էլ նույնն ենք անելու

Այսպիսով, շատ կարևոր է խոսել նրա մասին, ինչ է կատարվում Հայաստանում։ Եվ չպետք է մոռանալ հայկական Սփյուռքի մասին Ֆրանսիայում։ Պետք է կապը պահել նաև սփյուռքի հետ, քանի որ այն կապված է Հայաստանի հետ՝ որպես իր հայրենիք, որի համար Հայաստանը պետություն է՝ իր աշխարհաքաղաքական դժվարություններով հանդերձ։ Այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում կրթական բնագավառում համագործակցությանը, որովհետև մեզ համար կարևոր է, որ Հայաստանի երիտասարդությունը կրթություն ստանա, մասնագիտություն ձեռք բերի և մնա Հայաստանում։ Կարևորում ենք Ֆրանսիական համալսարանի ներկայությունը Հայաստանում, որը ֆրանսախոս նոր կադրեր է պատրաստում»,- եզրափակեց Դըվինազը։

Վերադառնալով այն հարցին, թե ինչով կարող է Սենատը օգնել Հայաստանին, Բուշ-դյու-Ռոն-ի սենատոր Բրիջիտ Դևեզան նշեց, որ իրենց դերը նաև կայանում է նրանում, որ հետևողական լինեն ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի իրականացմանը, որը խթանում է մարզերի զարգացումը։

«Ես իմ նահանգում կներկայացնեմ ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը, քանի որ հենց այսպիսի գործունեությամբ կարող ենք օժանդակել Հայաստանին։ Մենք լիովին մոբիլիզացված ենք Հայաստանի իրավիճակի հարցում, և ամեն պարագայում կարող եք ապավինել մեր աջակցությանը»,- ընդգծեց Դևազան։