Մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Վեհափառ Տեր, 
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, 
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, 
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այս հնարավորության համար և ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ Երևան մայրաքաղաքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությանը: Մեր անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր: Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես շատ մեծ էր, որովհետև, կարծում եմ՝ «Հայաստան» համահայկական հիմադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս և այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել: Քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, և մենք ամեն ինչ պետք է անենք և վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար: ՀՀ կառավարության առաջնահերթությունները մենք արդեն հայտարարել ենք: Այդ առաջնահերթություններից կարևորագույնը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է և նրան մշտական բնույթ տալը: 

Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանություն ձևավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, որովհետև, կարծում եմ, որ մեր երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին և ամեն անգամ ընտրությունների արդյունքներով իրեն խաբված է զգացել: Եվ հետևաբար, մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որևէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարևոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ, սկսած ընտրական կոռուպցիայից և շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով: Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ունի հաջողություններ: Այդ գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս համոզվենք, որ կոռուպցիան որպես համակարգային երևույթ արմատախիլ ենք արել Հայաստանի Հանրապետությունում: Եվ ի վերջո, մեր ամենակարևոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը Հայաստանի Հանրապետության, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձևակերպումն է: 1991 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը և թվում էր, թե ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ՝ մենք թույլ տվեցինք մի կարևոր հայեցակարգային բացթողում: Մենք հստակ չձևակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը Սահմանադրության բոլոր փոփոխությունների արդյունքում որևէ փոփոխություն չի կրել: Այսինքն, Սահմանադրության նախաբանը մնացել է նույնը, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության շահառուն հայ ժողովուրդն է, և մենք պետք է պատասխանենք մի կարևոր հարցի՝ ինչի համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետևյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգևոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Մենք հենց այս հայեցակարգային հենքի վրա ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը և այս հայեցակարգային հենքն է, որ մեզ պետք է առաջնորդի դեպի ազատ և երջանիկ Հայաստան: Կարծում ենք, որ այս գործընթացի միջնաժամկետ արդյունքը պետք է լինի հետևյալը. հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի և ետ պտտվի, ու հայությունն ի վերջո պետք է սկսի մեծ գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենտրոնանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որպես ինստիտուտ ունենալու և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, հայ ժողովուրդը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և բնականոն զարգացումը: Եվ ուրեմն, մենք շարժվում ենք այդ ճանապարհով, մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և մենք համոզված ենք, որ արդեն իսկ կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին: 

Մենք համոզված ենք, որ այս գործընթացն անշրջելի է և որ այս նպատակի ճանապարհին հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթել է: Այդ հաղթանակն անշրջելի է և այն դառնալու է շարունակական: Շնորհակալ եմ»: