Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը:

Ոստիկանության զորքերի 30-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Փաշինյանը տնկել է եղևնի, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի զոհված Ոստիկանության զորքերի բոլոր ներկայացուցիչների:

Վարչապետը ծանոթացել է ՈԶ տեխնիկական միջոցներին, հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով:

«Ոստիկանության զորքերը, ըստ էության, ձևավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում: Այդ ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց նպաստն են բերել Հայրենիքի անվտանգության և սահմանների պաշտպանության գործին: Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության զորքերի նահատակված ծառայողների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների, զավակների և ծնողների առաջ: Պիտի արձանագրենք, որ մեր նահատակների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտքը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայկական պետականությունը պահպանելն է, պաշտպանելն է, զարգացնելն է և հետագա սերունդներին փոխանցելը:

Ուզում եմ ընդգծել հենց Ոստիկանության զորքերի, ընդհանուր առմամբ, իրավակարգի և հանրային անվտանգության ապահովման գործառույթը: Ես դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, սա հատուկ եմ շեշտում, երբ Ոստիկանության հետ ուղիղ առնչվող ճգնաժամային իրավիճակ կար, ամբիոնից հայտարարել եմ, որ Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է: Եվ պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, հենց Ոստիկանության ողնաշարն է: Շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, և Ոստիկանության զորքերը՝ մասնավորապես, անընդհատ և հետևողականորեն ցույց են տալիս իրենց ամրությունը, իրենց վճռականությունը, հաստատակամությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգին, Սահմանադրությանը և ժողովրդին: Սա գնահատանքի արժանի ծառայություն է, որովհետև հանրային անվտանգության և կայունության ապահովումը ոչ պակաս կարևոր գործառույթ է, քան արտաքին սահմանների պահպանությունը և պաշտպանությունը: Չնայած, ինչպես նշվեց, այս գործառույթում նույնպես Ոստիկանության զորքերն իրենց ներդրումն են ունեցել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը բոլոր ծառայողներին շնորհակալություն է հայտնել կատարած ծառայության, նվիրվածության, վճռականության և հետևողականության համար:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլորի ընտանիքների անդամներին, որոնք կարելի է պատկերացնել, թե ամեն անգամ ինչպիսի ապրումներ են ունենում, երբ դուք դուրս եք գալիս ծառայության: Բայց համոզված եմ նաև, որ նրանք կասկած անգամ չունեն, որ Հայրենիքին, պետությանը, ժողովրդին ձեր ծառայությունը կիրականացնեք պատվով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ: Այդ ծառայությունն արժանի է գնահատանքի:

Այժմ մենք գտնվում ենք կարևոր մի փուլում, երբ Ոստիկանությունը, նաև Ոստիկանության զորքերը բարեփոխումների շատ կարևոր ճանապարհ պիտի անցնեն: Բայց այդ բարեփոխումների կարևորագույն և անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի, ընդհանուր առմամբ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը, որովհետև բոլորս ունենք համոզմունք, որ այդքան գնահատելի ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքները պիտի ունենան սոցիալական որոշակի, վստահելի երաշխիքների համակարգով ապահովվածություն: Ընդ որում, այս քաղաքականությունը վերաբերում է բոլոր ուղղություններին: Այսօր Ոստիկանության զորքերի օրն է, Ոստիկանության մասին ենք խոսում, բայց նույնը վերաբերում է մեր իրավակարգին, պետական կարգի, անվտանգության ապահովման բոլոր ծառայություններին: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով:

Ընդհանրապես, այն գործառույթը, որն իրականացնում են իրավակարգի ապահովման ուժերը, այդ գործառույթի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետև ձեր գործառույթն է՝ երկիրը, ժողովրդին պաշտպանել ապօրինի ոտնձգություններից: Պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, իրենց այս գործառույթը կատարել են բարձր մակարդակով և ճշգրտորեն:

Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնում ձեր նվիրական ծառայության համար»,- եզրափակել է վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա անբասիր ծառայության համար Ոստիկանության զորքերի հրամանատրի տեղակալ, գնդապետ Գարիկ Միրզոյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով»,- ասված է հաղորդագրությունում։