Սխալ, որ կյանք է արժենում․ արդյո՞ք բժիշկների հավաստագրումը կբարձրացնի բուժսպասարկման որակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
27.04.2022 | 19:05Վիկտորյա Նուրբեկյանը մահացել է այս տարվա ապրիլի 7-ին: Վիկտորյային երկու ամսվա ընթացքում 8 անգամ վիրահատել են՝ պատմում է քույրը՝ Անի Նուրբեկյանը։
«13 տարի առաջ քույրս 6,5 ամսական հղի էր, իր մոտ սկսվեցին սուր ցավեր, հասցրեցինք հիվանդանոց՝ արդեն անգիտակից վիճակում էր, ներքին արյունահոսություն էր սկսվել, որի ընթացքում երեխան մահացել էր, ինքը կոմայի մեջ ընկավ։ Այդ ընթացքում հեռացրին արգանդը, բայց ձվարանները թողել էին և հույս չէին տալիս, որ կապրի, բայց փրկվեց, ամեն ինչ նորմալ էր։ 13 տարի անց որոշել են երեխա ունենալ, դիմել էին գինեկոլոգի, ինքն էլ ուղարկել էր «Շենգավիթ» ԲԿ՝ Ռուսուդան Վարդանյանի մոտ»,- պատմում է Անին։
Նրա խոսքով՝ զննման արդյունքում բժիշկները խորհուրդ են տվել երեխա ունենալ փոխնակ մոր միջոցով, բայց պարզել են, որ ձվարանները չեն աշխատում և կիստա ունի։
«Հույս են տվել, որ եթե ուզում եք բալիկ ունենալ փոխնակ մոր օգնությամբ, ապա պետք է հեռացնեք ձվարանների կիստան։ Հունվարի 14-ին իրեն պլանային կարգով, լապարոսկոպիկի ժամանակ, որ պիտի տևեր 20 րոպե, վնասել էին աղիները ու կատարել էին բաց վիրահատություն, այդ ժամանակ բարակ աղուց 15 սանտիմետր հեռացրել էին»,- ասում է Վիկտորյայի քույրը։
Նա պատմում է, որ վիրահատությունից մոտ 7 օր անց քրոջ վիճակը վատացել է․ երկու շաբաթ անց՝ հունվարի 30-ին, վիրահատել են երկրորդ անգամ՝ 8 ժամ տևողությամբ։ Բայց այս վիրահատության ընթացքում, Անիի խոսքով, աղիներից հեռացրել են ավելի մեծ հատված, քան անհրաժեշտ էր՝ պատճառաբանելով, թե կպումներ ունի։ Դրանից հետո Վիկտորյան ևս 6 վիրահատության է ենթարկվել, ու ամիսներ տևած տանջանքից հետո մահացել է ապրիլի 7-ին։
Մեր մյուս զրուցակցի՝ Էլիզա Ավետիսյանի քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է կեսարյան հատման ժամանակ՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում։ Հարազատները վստահ են՝ բուժանձնակազմի անուշադրության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով։ Ասում են՝ հղիության ընթացքում որևէ բարդություն և առողջական խնդիր Լուիզան չի ունեցել, դեպքից 3 օր առաջ է դիմել ծննդատուն՝ գլխացավի պատճառով։ Բժիշկը հետևյալն է ասել․ «Ճնշումն է, սեզոնափոխություն է, հնարավոր է՝ դրա հետ է կապված, գնա, պարացետամոլ խմիր, կանցնի»։
Բայց Լուիզայի գլխացավն այդպես էլ չի անցել, նույն օրը նորից դիմել են բուժհաստատություն, այս անգամ կնոջը հոսպիտալացրել են։ Քույրը պնդում է՝ այդ ընթացքում բժիշկները ոչինչ չեն արել՝ բացի ճնշումը կարգավորող հաբեր տալուց, բայց արյան զարկերակային ճնշումն այդպես էլ չի կարգավորվել։
Էլիզան քրոջը վերջին անգամ տեսել է սեպտեմբերի 1-ին՝ դեպքից մեկ օր առաջ, իսկ արդեն սեպտեմբերի 2-ին Լուիզան առավոտյան զանգահարել է քրոջը, ասել, որ իրեն վատ է զգում ու պատրաստվում են կեսարյան հատում անել։
Ընդհանուր անզգայացմամբ կեսարյան հատումից հետո Լուիզան այդպես էլ գիտակցության չի եկել։ Մինչդեռ բժիշկները վստահեցրել են, որ ամեն ինչ կարգին է, երեխան թթվածնային քաղցով է ծնվել, իսկ Լուիզայի վիճակը նորմալ է։ Հարազատներին Լուիզայի մահվան մասին միայն երեկոյան են տեղեկացրել, իսկ երեխայի կյանքը հաջողվել է փրկել։ Քույրը՝ էլիզան ասում է՝ մահվան եզրակացության մեջ նշվում է, թե պատճառն անեսթեզիայի շարաշահումն է և ոչ ճիշտ չափաբաժնով դեղեր ներարկելը, այնինչ բուժանձնակազմից որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։
Այսպիսի դեպքերից խուսափելու համար ՀՀ-ում բոլոր բուժաշխատողներն այսուհետ պետք է պարտադիր հավաստագրվեն՝ հետագայում աշխատանքը շարունակելու համար։ Պահանջը տարածվում է բոլորի վրա՝ անկախ մասնագիտացումից: Հավաստագիրը 5 տարի ժամկետով բժշկական գործունեությունը շարունակելու թույլտվություն է:
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանի խոսքով՝ այս գործընթացը միտված է նաև Հայաստանում բժշկական կրթության որակի բարելավմանը․ «Կլինի որոշակի խումբ, որ ավելի դժվար կընտելանա այս նոր գործընթացին, սակայն սա առաջադեմ ծրագիր է և նպատակ ունի ներգրավել արտերկրի մեր փորձառու գործընկերներին»։
Հայաստանում այս պահին շուրջ 40.000 բուժաշխատող կա․ բոլորը մինչև 2023 թվականի հունվարի 1-ը պետք է պարտադիր հավաստագրվեն։ Որքանով հավաստագրումը կբարձրացնի բուժսպասարկման որակը՝ հնարավոր կլինի գնահատել միայն հաջորդ տարի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան