Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում․ Արարատ Միրզոյան

Լուրեր

28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ ամփոփել է արդյունքները։ ԱԳՆ հաղորդմամբ՝ Միրզոյանն ասել է․

«Հարգելի՛ պարոն նախարար,

Ուրախ եմ հյուրընկալել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին Հայաստանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, գործընկերոջս մանրամասներ ներկայացրի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ, քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակի հետ կապված խնդիրները: Մենք երկխոսություն ունեցանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերթությունների և հեռանկարների շուրջ: Գործընկերոջս ներկայացրի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

Հարգելի՛ պարոն Ռաու,

Դուք այսօր Հայաստան եք այցելում որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել ևս մեկ անգամ և արդյունավետ գործունեություն մաղթել Ձեզ այս պատասխանատու առաքելությունում: Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը և այս կարևոր կազմակերպության ղեկավարումը համընկավ եվրոպական անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ։ Հասկանալի է, որ այս պահին այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու համար։

Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ, և այս իրավիճակը շարունակվում է մինչ այսօր: Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը։ Ադրբեջանը խափանել էր Լեռնային Ղարաբաղի` կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ ցրտաշունչ եղանակային պայմաններում, և այս ներխուժումն Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:

Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Եվ մենք գոհունակությամբ ենք փաստում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

Հարգելի՛ գործընկերներ,

Չեմ կարող չնշել, որ 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկուկես տարի անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև իր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ պատանդառության մեջ պահելով հայ ռազմագերիներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին. նույնը և այսօր։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, և մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ նրանք, այնուամենայնիվ, ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը։ Մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն առաջիկայում, այնուամենայնիվ, կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով: Մենք, համենայն դեպս, հետևողական ենք այս հարցում, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին և նախանշված ուղենիշներին:

Ուզում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը` սահմանագոտում ձեռնարկելու կայունության բարձրացման քայլեր, և այնուհետև ձեռնամուխ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Ուզում եմ նշել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես գիտեք, ընթանում են խորհրդակցություններ` տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, և այստեղ մենք ևս հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատում ենք, որ ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցում, այնպես էլ, ավելի լայն առումով` համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ և նաև, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում կկարողանանք ունենալ շոշափելի արդյունքներ։

Մենք նաև անդրադարձել ենք մեր երկկողմ օրակարգին։ Այս տարի, ինչպես բազմաթիվ այլ երկրների հետ, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է։ Ուզում եմ ավարտել այս ուրախ նոտայով, շնորհավորել բոլորիս այս առթիվ»։