Մենք տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում․ արցախցի պատգամավորը՝ Բայրամովի առաջարկների մասին
Վերջին օրերին լարված իրավիճակ է Արցախի սահմանամերձ համայնքներում։ Ադրբեջանը տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետներից, ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։
Այս սրման ֆոնին Հայաստանի արտգործնախարությունը տարածում է հայտարարություն, ըստ որի, առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Դրան էլ հաջորդոմ է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հարցազրույցը, որով հայտնում է, թե Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին։
Factor.am-ը Արցախի շուրջ վերջին զարգացումների մասին զրուցել է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ։
-Պարո՛ն Բալայան, երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում, «թերևս, կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով»։ Ինչպե՞ս եք գնահատոմ այդ քայլը, ի՞նչ է փոխելու այն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում։
-Կարծում եմ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է գործուն մասնակցություն ունենա։ Ի վերջո, Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, միջազգային հանրութան կողմից ճանաչված է, մի քանի տասնամյակ հիմնախնդրի կարգավորման գործընթացում կողմերից մեկն է եղել։ Այո՛, պետք է հիմնախնդրի կարգավորման գործընթացը շարունակվի և փորձ արվի հարցը կարգավորել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների շրջանակում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երևի փորձ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնել։ Երկարատև, կայուն խաղաղության հասնել հնարավոր չի լինի՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման։ Հայաստանի Հանրապետության անվտանգության, խաղաղության և հարևան երկրների հետ կանոնավոր հարաբերություններ ունենալու հարցերն էլ կլուծվեն Արցախյան հիմնախնդրի կարգավորման դեպքում։
– Ստացվում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իր այս հայտարարությամբ ընդունում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի աշխատում, դիմում ենք, որ զբաղվի հիմնախնդրով։
-Այո՛, ակնհայտ է, որ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որևէ քայլ չի արվում։ Մենք Արցախի Ազգային ժողովի կողմից բազմաթիվ հայտարարություններ ենք արել և դրանցից յուրաքանչյուրի մեջ շեշտել ենք, որ Մինսկի խումբը համանախագահող երկրները պետք է «գործուն» կամ «տեսանելի» քայլեր կատարեն, որ իսկապես այս հարցի կարգավորումն ապահովեն։
-Այս հայտարարությունը տեղի է ունենում այն իրավիճակում, երբ Արցախում սահմանամերձ բնակավայրերը կրակի տակ են, երբ Արցախը զրկված է գազից, քանի որ վնասված է գազատարի ադրբեջանական վերահսկողության տակ ընկած հատվածը։ Արդյոք ստեղված իրավիճա՞կն է նաև դարձել պատճառը, որ Հայաստանը ցանկանա միջազգային հանրության ուշադրությունը նորից հրավիրել խնդրի վրա։ Արտաքին աշխարհը կարո՞ղ է մեզ հիմա օգնել։
-Ցավոք սրտի, ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, միջազգային հանրության կողմից մենք տեսնում ենք անտարբերություն։ Կարծես խորթ զավակ լինենք։ Տեսեք Ուկրաինային վերաբերող իրադարձությունների ժամանակ իրենց պատռում են։ Ցավոք սրտի, երկակի ստանդարտներ են գործում։ Այդ սրտացավ վերաբերմունքը չկա իր ազատության, իր հայրենիքը պահելու համար պայքարող մեր ժողովրդի նկատմամբ։ Աջակցություն չկա։
Կարծում եմ, որ այս հարցում միջազգային հանրությունը սխալում է․ ի վերջո, Կովկասը շիկացած մի օղակ է և համաշխարհային անվտանգության մի մաս։ Եվ եթե չկարգավորվի արցախյան հիմնախնդիրը, դրա հետ կապված խնդիրների շորշոփը կտարածվի նաև իրենց վրա։ Միայն հայերին չի վերաբերում այս խնդիրը․ միջազգային հանրությունն էլ է հետաքրքրված այս տարածաշրջանով, այստեղով են անցնում արևելքը արևմուտքի հետ, հյուսիսը հարավի հետ կապող ճանապարհները, այն գերտերությունների շահերի կիզակետում է գտնվում։ Եթե այստեղ հանգիստ լինի, նրանց համար ավելի հեշտ կլինի ընդհանուր համաշխարհային խաղաղությունը պահպանելը։
-Այսօր տարածվեց Ադրբեջանի նախագահ Բայրամովի հայտարարությունը, որ իրենք Հայաստանին խաղաղության նոր առաջարկներ են ուղարկել։ Ըստ նրա՝ մեկ էջանոց 5 առաջարկների վերաբերյալ Հայաստանի կարծիքը շուտով հայտնի կլինի։ Հայաստանը Արցախին այդ առաջարկները ներկայացրե՞լ է։ Եթե ոչ, ապա ենթադրո՞ւմ եք, թե ինչի մասին դրանք կարող են լինել։
-Կոնկրետ այդ առաջարկներից ես տեղյակ չեմ, բայց երեկ լսում էի ադրբեջանական տեղեկատվությունն իրենց լեզվով՝ ռադիոյով։ Ըստ դրա՝ Ալիևն ու Էրդողանը նմանատիպ հարցեր են քննարկել՝ կապված «Մեղրիի միջանցքի հետ»։ Կարծում եմ՝ նրանք փորձում են այս հարցը կապել հաղորդակցությունների բացման հետ։ Մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում։ Փորձում ենք տարբեր լրատվամիջոցներից ինչ-որ բաներ քաղել և դրանցից ինչ-որ եզրակացություններ անել։
Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ինչ-որ բաներ ստանալ Հայաստանից։ Հիմա էլ անընդհատ խնդիրներ ստեղծելով՝ փորձում են ճնշում գործադրել։ Այս ցուրտ եղանակին մարդիկ գազից են զրկված, խաղաղ բնակավայրերը ականանետերով է հարվածում։ Էլ պատերազմն ինչպե՞ս է լինում։ Հասկանալի չէ՞, թե ինչ նպատակ են հետապնդում։
-Ասացիք՝ տեղյակ չեք առաջարկներից։ Դուք Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն եք։ Արդյոք ՀՀ իշխանությունները նաև Ձեզ հետ չպե՞տք է քննարկեն հարցի կարգավորման առաջարկները։ Դուք այս թեման ՀՀ իշխանությունների հետ քննարկե՞լ եք։
-Պատկերացրեք, բազմիցս այդ հարցերը քննարկել ենք տարբեր մակարդակներում՝ և՛ նախկինում, և՛ հիմա, բայց, ցավոք սրտի, ցանկալի արդյունքի չենք հասել։
-Հայկական կողմը կկարողանա՞ ադրբեջանական սադրանքներին, ճնշումների՞ն դիմադրել։ Հնարավո՞ր է, որ ցավոտ զիջումները մեզ համար հենց այս ընթացքում լինեն, երբ նաև աշխարհն է այս պահին այլ խնդրով՝ Ուկրաինայով զբաղված։
-Հիմա շատ են խոսում, որ հայկական բանակը ջախջախված է և այլն։ Բայց իրականության մեջ, եթե փաստերը վերցնում ենք, հասկանում ենք, որ այնքան էլ այդպես չէ։ Մենք ունենք ռեսուրս, հնարավորություն։ Պարզապես երկիրը կազմակերպել է պետք, հայկական երեք թևերը՝ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մի բռունցք անել է պետք։ Մինչև մենք մեզնից ինչ-որ բան չներկայացնենք, մեզ հետ ոչ ոք չի խոսի։ Նույնիսկ մեր բարեկամները մեզ բանի տեղ չեն դնի։ Մենք պետք է մեր սուբյեկտայնությունը, դիմադրողականությունը, մեր ռեսուրսները մեկտեղելու պատրաստակամությունը բարձրացնենք։ Սա մի աշխատանք է, որ պետք է արվի։ Հներ, նորեր, սևեր, սպիտակներ բաժանումները պետք է մի կողմ թողնել և երկիրը զարգացնել։ Այդ դեպքում կկարողանանք դիմադրել խնդիրներին։
Հռիփսիմե Հովհաննիսյան